Քայլ 5: Այստեղ և հիմա

Ես չգիտեմ թե որ ժամանակի մեջ ապրեմ: Ինչքան երկար եմ ես սովորել ապրել այստեղ և հիմա: Բայց այս պահին այդ իմացությունն աշխատում է իմ դեմ: Փորձում եմ փրկությունս գտնել անցյալի մեջ, սակայն այնտեղ միայն հիշողություններ են, որոնք հալեցնում են մեղքի սառույցը:

Բոլոր լավ բաները անվերադարձ մոռացվել են: Ապագայու՞մ... Ին՞չ ապագայի մասին է խոսքը: Ես ապագա չունեմ: Իսկ ներկան: Որտեղ է այդ անտեր այստեղն ու հիման: Այնտեղ, որտեղ ամեն բջիջով հենց այստեղ և հենց հիմա զգում ես բութ և տնքացող ցավ, որտեղ ամեն ակնթարթ գիտակցության մեջ անտարբեր անտարբերություն է, որտեղ ժամանակի և տարածության ամեն մի սանտիմետր հագեցած է ընկճվածությամբ և մահով:

Այո, կան դեռ հակադեպրեսանտներ: Ասեմ ձեզ, որ բավականին լավ բան է: Չի կարելի ասել, որ չեն օգնում՝ իրոք, հետզհետե նրանք վերացնում են ցավը, վախը, կրցքիդ ճնշող զգացողությունը, բայց փոխարենը ոչինչ չեն տալիս: Դրանց տեղը մնում է մի մեծ անցք՝ գալիս է դատարկությունը: Այո շատ տհաճ է տագնապ և վախ զգալը, բայց այդ դատարկությունը նույնպես խլում է կյանքդ: Տհաճ է: Վախը և տագնապը շատ վատ զգացումներ են, բայց նրանք տպավորություն են ստեղծում, որ ինչ-որ բան դեռ կատարվում է, փոխվում է: Դատարկությունը մահվան նախաշեմն է: Երբ ոչինչ չի կատարվում: Դա ամենասարսափելին է և ես չգիտեմ, թե որն է լավ՝ ընդունել հակադեպրեսանտներ թե ոչ: Բայց հաշվի չառնելով այս ամենը ես ամեն օր սերտած շարժումով դեպի բերանս եմ ուղղում մի փոքր պարկուճ, ինչպես անում են միլիոնավոր իմ բախտակիցներ ամբողջ աշխարհով մեկ: Աշխարհ, որտեղ սարսափելի համաճարակի պես մոլեգնում է դեպրեսիան:

Ես չեմ կարող ինձ Մարդ անվանել: Ես ինձ մարդ չեմ զգում: Ոչ մեծատառով, ոչ էլ փոքրատառով: Ներսումս մեզ մարդ դարձնող ինչ-որ շատ կարևոր բան է պակասում: Ես և աշխարհի բոլոր մնացած մարդիկ տարբեր աշխարհների արարածներ ենք: Աշխարհների, որոնք ոչ մի տեղ չեն հատվում: Ներսումս ինչ-որ մի շատ կարևոր բան է բացակայում: Այն ինչ ստիպում է ապրել:

Ես խուսափում եմ որևէ մի շփումից, բայց երբեմն պատահաբար հանդիպում եմ որևէ մի ծանոթի և ստիպված եմ լինում կոմունիկացիայի ակտ կատարել: Սովորական ողջյուններ, տրվում է մի շատ սովորական հարց՝. "Ոնց ե՞ս", սպասվելով, որ կլսվի նույնքան սովորական պատասխաններից մեկը: Ես իհարկե նրան աշխատում եմ հուսախափ չանել, չնայած որ ներքուստ մեծ ցանկություն է առաջանում տարօրինակ աղաչանքով գոչել՝. "Օգնիր ինձ: Օգնիր: Ես զոհվում եմ: Ես այլևս չեմ կարող": Ամեն դեպքում նա նկատում է իմ վիճակը և հարցնում՝. "Ինչ՞ու ես այդպես տխուր": Պատասխանում եմ՝. "Ոչինչ: Ուղղակի լավ չեմ քնել": Ախ եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ:

Մտածելակերպս խիստ խեղաթյուրված է: Ճիշտ է դա հասկանում ես միայն այն ժամանակ երբ դուրս ես գալիս դեպրեսիայից: Մտքեր անլիարժեքության մասին, մեղքի զգացում, ողորմելիություն՝ ահա այն մաստակը, որը ծամում է գիտակցությունս առավոտից երեկո:

 

 

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты