+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26

Իմ դեպրեսիան - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

Կյանքը քո կախված կլինի քո առջև

և կդողդողաս դու գիշերը և ցերեկը

և համոզված չես լինի քո կյանքում:

/Երկրորդումն օրինաց 28:66/

Այնտեղ՝ ինչ-որ տեղ խորը ներսում մի զգացողություն է ապրում, որ սա եղել է իմ կյանքում միշտ: Ես ուզում եմ հետ նայել, բայց ժամանակի չոր և կնճռոտ ձեռքերը փակում են իմ աչքերը: Չգիտեմ թե ինչքան ժամանակ է արդեն նա ապրում իմ մեջ, սակայն դա հավանաբար 10 տարուց պակաս չէ: Ինչպե՞ս ես կարծում, դա շատ է: նորմալ ժամանակային շրջանակները այստեղ կորցնում են իրենց իմաստը և կոտրվում: Այդ օրերին (ավելի ճիշտ կլինի ասել ամիսներին) ժամանակը սառչում է և ցցի նման խրվում կրցքի մեջ ու կանգ առնում: Թվում է թե անվերջ:

Փնտրելով գրականության մեջ ես իմացա, որ դեպրեսիաները լինում են տարբեր: Իմը կրում է "էնդոգեն" անունը (չնայած, որ ես նրան անվանում եմ ավելի հասարակ ու քնքուշ՝ ՔԱԾ): Թարգմանելով հասկանալի հայերենի (ես ի նկատի ունեմ էնդոգեն բառը) դա կնշանակի ոչ մի արտաքին պատճառից չկախված դեպրեսիա, որն պարզվում է, որ հանդիպում է երկրի բնակչության 2-3%-ի մոտ: Մեծամասամբ, մարդկանց մոտ դեպրեսիան առաջանում է, որպես որևէ մի արտաքին իրադրության պատասխան հակազդում և մարդուն բավականին դժվար է հասկանալը, որ դա կարող է կախված չլինել և ոչ մի բանից, առաջանալ դատարկ տեղում, ոչնչից: Բայց իմ դեպքում իհարկե դա այդպես է:

Այնտեղ դրսում միգուցե շատ գեղեցիկ է, արևոտ ու հանգիստ և կարծես թե ոչ մի բան անկում չի կանխատեսում: Բայց ժամանակ է անցնում և ներքին ժամացույցի մեջ խափանում է տեղի ունենում՝ անխռովության թեթև պաստառի վրա հայտնվում են սև թելեր, որոնք օրեցօր ավելի ու ավելի են խտանում և կպչում սարդոստայնի նման խճճվելով: Եվ վերջապես ներսումդ ոչինչ չի մնում:

Սկզբից չես ուզում, իսկ հետո ուղղակի չես կարողանում: Չես կարողանում խոսել՝ ներսդ բառեր չկան, ծիծաղել և լաց լինել՝ զգացմունքներդ համարյա թե բացակայում են: Չկա անցյալ՝ այնտեղ բացարձակ մթություն է: Չկա ապագա՝ նրան ուղղակի չես հավատում: Չկա նաև ներկա՝ նրանում դու ուղղակի չես ապրում:

Դեպրեսիան, հատկապես իր ամենացածր կետում, շատ նման է "հոգու կորստի վիճակի" (loss of soul), որը նկարագրել է Կ.Գ.Յունգը: Ի՞նչ է դա: Գործնականորեն բացատրելը դժվար է: Սակայն ով եղել է այնտեղ՝ նա գիտի: Դա քո կյանքի իմաստի կորստի, արժեքների և դրույթների փլուզման մի վիճակ է, որոնց վրա է հիմնվում ցանկացած մարդու կյանքը: Այնպիսի զգացողություն է, կարծես թե ներսումդ ոչինչ չկա, նույնիսկ դատարկություն: Կարծես թե հոգիդ քերել հանել են ժանգոտ գոգաթիակով, իսկ նրա տեղը մնացել է... Ի՞նչ է մնացել հոգու տեղը: Ոչինչ: Որտե՞ղ է թռչում նա այդ ժամանակ: Միգուցե ոչ թե թռչում է այլ սողում: Ով գիտե:

Բայց արտաքին կյանքը ի տարբերություն ներքինի շարունակվում է, ստիպված ենք ապրել (ավելի ճիշտ գոյատևել), ինչ-որ բանով զբաղվել, մարդկանց հետ կատարել հաղորդակցման ակտեր (լեզուս չի պտտում անվանել այն շփում): Բայց... Այդ ամենը կատարվում է կարծես իմ կյանքից անկախ, կարծես ռոբոտի պես: Ինչո՞վ ենք մենք տարբերվում մեքենաներից: Նրանք չունեն հոգի և չեն կարող զգալ: Առանց հոգու ԿՅԱՆՔՆ անհնար է, սակայն հնարավոր է կյանք: Հավանաբար այս վիճակում երկար գտնվել չի կարելի, քանի որ հոգու կորստից հետևում է կամ դեգրադացիա կամ ֆիզիկական մահ: Բայց մահանալ կարելի է մեն մի անգամ իսկ loss of soul վիճակում գտնվել շատ-շատ անգամներ: Ի՞նչն է լավ: Ի՞նչ տարբերություն կա: Ես ընտրություն չունեմ: Իմ վիճակում ընդհանրապես չեն ընտրում:

Կյանքիս մոտավորապես կեսը անցնում է խորը դեպրեսիայի վիճակում: Կենալով մեծ ՈՉԻՆՉԻ մեջ: Այդ ժամանակ հասարակ գործողությունը, որը կատարելու համար սովորաբար նույնիսկ չէիր էլ մտածում, դառնում է անանցանելի խոչընդոտ: Սկզբից պայքարում ես, ավելի ճիշտ փորձում ես պայքարել, իսկ հետո գլորվում ներքև: Այս հարցում, ինձ թվում է, որ ամենամեծ պրոբլեմներից մեկը այն է, որ կառուցես քո ժամանակը, քանի որ այն ինչով զբաղվում էիր սովորաբար՝ ուղղակի անհասանելի է և վերջապես լիովին իմաստազրկված: Գիտես, ցանկացած, նույնիսկ ամենահասարակ գործողության մեջ սովորաբար ներդնում ես հոգուդ մի մասնիկը և նույնիսկ չես էլ գիտակցում: Իսկ եթե ներդնելու ոչինչ չկա ապա արարքներդ դառնում են անհոգի, անիմաստ և դատարկ:

Ամենաբարդը դա այն փաստի ընդունումն է, որ դա կա և հնարավոր է, որ դառնա կյանքիդ անբաժան բաղադրիչը, քանի որ այս ախտորոշման դեպքում առողջացումը հրաշք են համարում:

Խոր դեպրեսիայի ազդեցության տակ հաճախ ցանկություն է առաջանում ազատել և ինձ և իմ մըտերիմներին այն անհաջողություններից, որոնք այս շրջանում հատում են իմ սև իրականությունը: Սա ամենահեշտ ելքն է, և թույլ է տալիս լուծել պրոբլեմը հիմնովի, միանգամից և ընդմիշտ: Չնայած ... Արդյո՞ք ընդմիշտ:

Ըստ Բուդդիզմի, ինքնասպանությունը համարվում է ոչ այնքան մեղք, որքան անիմաստ, քանի որ եթե ընդունենք, որ "մահանալով չենք մահանում ընդմիշտ" ապա ինքնասպանությունը չի ազատում մարդուն ծնունդների և մահերի անվերջանալի շրջանից, այլ բերում է միայն ավելի ցածր կերպարանքով ծնունդի: Եվ իրոք, ուր պետք է փախչես ինքդ քեզանից, ինչպես կարելի է փախչել սեփական ճակատագրից:

Քրիստոնեությունը կատեգորիկ դատապարտում է ինքնասպանությունը, ինքնակամ կյանքից հրաժարվելը համարելով ամենածանր մահացու մեղքերից մեկը, բացատրելով այսպես՝ կյանքն ու տանջանքները, որը հասցնում է դեպրեսիան, դա այն խաչն է, որ պետք է կրենք մեզ վրա: Մարդը միշտ ունի ընտրելու իրավունք կամ քարշ տալ դրան, կամ էլ վայրկյանական լուծել այն, օրինակ՝ պարանի և մի կտոր օճառի օգնությամբ: Բազմաթիվ ուրիշ ինչպես կրոնական, այնպես էլ ռացիոնալ տեսություններ ասում են այն մասին, որ ինքնասպանությունը դժվար թե լուծի այդ պրոբլեմը:

Ես գիտեմ, որ հազարավոր մարդիկ ապրում են այդ պրոբլեմով: Եթե մտածենք սառը գլխով, ապա ամեն ինչ պարզ է՝ նորմալ փուլում կարելի է զբաղվել աշխատանքով, ինքնակատարելագործումով, ուսումով, մեծացնել երեխաներ, գումար վաստակել, շփվել և ապրել: Դեպրեսիվ փուլում՝ երևի պետք է սպասելով անց կացնել այդ վիճակը:

Ցավալին այն է, որ կյանքում նույնիսկ այդպես չի ստացվում: Ցանկացած դեպրեսիա խորը ճգնաժամ է, ամեն ինչի վերջը, գիտակցության վթար: Դժվար է մնալ նորմալ, դժվար է խելքը չթռցնել, դըժվար է ապրել, նույնիսկ գոյատևել, վերապրել միայնությունը, չնայած, որ արտաքինից ես բոլորովին էլ միայնակ չեմ: Իմ մտերիմները բառացիորեն իրենց ձեռքերի վրա են ինձ անց կացնում դեպրեսիայի անդունդի վրայով: Չափազանց դժվար է ապրել բացարձակ դատարկության մեջ մոտ կես տարի: Երբ պահը հավերժություն է թվում: Իսկ այդպիսի հավերժությունները կրկնվում են 180 անգամ և մեկը մյուսից սև:

Այո, հիմա երբ գրում եմ այս տողերը, ամեն ինչ լավ է և ես չեմ մտածում այն մասին, որ ապագայում դա նորից կվերադառնա: Բայց նա նորից վերադառնում է: Մշտապես:

 

 

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Կարդացեք Նաեվ