fbpx

Բոլոր ծնողներն ուզում են, որ նրանց երեխան լինի լավագույնը, ամենահաջողակը, ամենախելացին, լավ սովորի դպրոցում և ունենա շատ ընկերներ։ Այս նպատակներին հասնելու համար կարևորագույն դեր ունի խոսքի զարգացումը։ Խոսքային խնդիրներ ունեցող երեխաները դառնում են փակ, քիչ են շփվում հասակակիցների հետ, որպես հետևանք՝ սկսում են հետ մնալ նաև մտավոր զարգացման մեջ։ Արդյո՞ք ավելի լավ չէ ժամանակին հաղթահարել խնդիրները և օգնել երեխային հարմարվել հասարակության մեջ։

Բոլորին է հայտնի, որ խնդիրն ավելի հեշտ է կանխարգելել, քան շտկել։ Եթե խոսքային խանգարումները չշտենք վաղ տարիքում, դրանք միայն ավելի կխորանան՝ ստեղծելով բարձրագույն հոգեկան գորունեության ձևավորման հապաղում։

Լոգոպեդն այն մարդն է, ով ուսումնասիրում է խոսքի զարգացման օրինաչափությունները, հետազոտում է անձանց խոսքը, բացահայտում խոսքային խանգարումները, գնահատում դրանք և հատուկ մանկավարժական մեթոդների միջոցով շտկում, զարգացնում և կանխարգելում այդ խնդիրները։

Լոգոպեդն առաջնային հանդիպման ժամանակ իրականացնում է հետազոտություն, գնահատում է խոսքի զարգացվածության աստիճանը՝ հաշվի առնելով այցելուի տարիքը։ Լոգոպեդը հետազոտում է՝

  1. Արտաբերական ապարատի կառուցվածքը և շարժողունակությունը,
  2. Հնչարտաբերումը,
  3. Հնչյունային համակարգը,
  4. Բառաշարը,
  5. Խոսքի քերականական կառույցը,
  6. Աշակերտների գրելու և կարդալու կարողությունը և այլն։

Հետազոտության արդյունքներից ելնելով լոգոպեդը կազմում է խոսքի ախտորոշումը և տալիս է խոսքային խանգարումների հաղթահարմանն ուղղված խորհրդատվություն ծնողներին։

Բացի խոսքի զարգացումից, լոգոպեդն իր աշխատանքով շտկում է հոգեկան գործունեության առանձին կողմերը (տեսողական ընկալում, լսողական ուշադրություն և հիշողություն), կատարելագործում է զգայաշարժողական զարգացումը (արտաբերական շարժողականություն, դաստակների և մատների շարժողականություն), զարգացնում է մտածողության տարբեր տեսակները (տեսողական- պատկերայի, բառատրամաբանական)։ Լոգոպեդի խնդիրն է նաև երեխաների բառապաշարի ընդլայնումը և հարստացումը, կապակցված խոսքի զարգացումը և գրաճանաչության ուսուցում, քերականական սխալների շտկում։

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: