fbpx
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Երեք պատանի եկան Մեծ Ուսուցչի մոտ:

— Ուսուցիչ, — ասացին նրանք, — ուզում ենք կյանքը ճիշտ ապրել: Ի՞նչ պետք է դրա համար անենք:

Ժպտաց ի պատասխան Ուսուցիչը: Արկղից նա երեք չոր տերև հանեց: Դրեց այդ տերևները երեք պատանիների առջև:

— Երեք չոր տերև է ձեր առջև դրված: Այս երեք տերևների մեջ մեծ ուժ է թաքնված: Առաջին տերևը՝ գիտությունն է: Երկրորդ տերևը՝ երջանկությունը: Երրորդ տերևը՝ հավերժությունը: Որ տերևը որ մեկիդ էլ կհասնի, այդ գաղափարի հետ էլ կապրեք Ձեր ճիշտ կյանքը:

Կանչեց Ուսուցիչը իր մոտ առաջին պատանուն:

— Ընտրիր, — ասաց նա, — տերևը: Բայց նախկան դա ինձ ասա թե որ տերևն ես ուզում, որ քեզ հասնի:

— Ուզում եմ երջանկությունը ստանալ: Երջանիկ կյանք եմ ուզում ապրել:

Ընտրեց առաջին պատանին տերևը: Ուսուցիչը ձեռքի մեջ պտտացրեց այդ տերևն ու ասաց՝

— Քեզ գիտությունը բաժին ընկավ: Քո ճանապարհը՝ գիտությունն է:

Առաջին պատանին վշտացած հոգոց քաշեց, բայց ինչ կարող էր անել, եթե նման կյանք էր նրան բաժին ընկել:

Սեղանին մոտեցավ երկրորդ պատանին:

— Ուզում էի գիտությունը ստանալ, բայց դե տրված չէր դա ինձ, — վշտացած ասաց նա:

Ընտրեց երկրորդ պատանին մնացած երկու տերևից մեկը: Ուսուցիչը նորից պտտացրեց այդ ընտրած տերևը ձեռքում և ասաց՝

— Քեզ երջանկությունն է բաժին ընկել: Դու երջանիկ կյանք կապրես:

Հասավ երրորդ պատանու սեղանին մոտենալու հերթը: Սակայն նրան արդեն ընտրություն չէր մնացել:

— Ուզեցել եմ ես միշտ ամեն ինչում հավերժության հասնել ամեն ինչում, — ասաց երրորդ պատանին: — Այնպես որ իմ ցանկությունը իմ ճակատագրի հետ միացան:

Անցան շատ տարիներ: Նորից Ուսուցչի մոտ եկան երեք արդեն ոչ պատանիներ, այլ ծերունիներ: Ուսուցիչը նրանց առջև պատանի էր թվում:

— Դե, ինչպե՞ս ապրեցիք Ձեր կյանքը, — հարցրեց նրանց Ուսուցիչը:

— Ապրեցինք, — պատասխանեցին ծերունիները: — Ուղղակի ափսոս, որ այնպես չապրեցինք, ինչպես կցանկանայինք:

Մոտեցավ առաջին ծերունին Ուսուցչին:

— Ինձ գիտությունը բաժին ընկավ, չնայած որ երջանկություն էի ուզում:

— Եվ շա՞տ գիտելիքներ դու ձեռք բերեցիր, — հարցրեց նրան Ուսուցիչը:

— Շատ: Ինչի չդիպչեի, որտեղ, որ չլինեի, ինչի վրա որ չնայեյի, ինչով, որ չզբաղվեի՝ ամեն ինչի մեջ գիտություն էի փնտրում և գտնում էի այն:

— Իսկ երբ ձեռք էիր բերում այդ գիտելիքները, երջանկ չէ՞իր:

— Այն էլ ինչպես, — բացականչեց առաջին ծերունին: — Ինձանից երջանիկ մարդ չկար այս աշխարհում:

— Ուրեմն ապրել ես այնպիսի կյանք, ինչպիսին ուզում էիր, — ամփոփեց Ուսուցիչը:

Մտորեց առաջին ծերունին, որ իրականում էլ, երջանկությունն իր հետ կողք կողքի է քայլել իր ամբողջ կյանքի ընթացքում: Երախտագիտությամբ խոնարհվեց նա Ուսուցչի առջև:

Մոտեցավ Ուսուցչին երկրորդ ծերունին:

— Ես երջանիկ կյանք եմ ապրել, — ասաց նա, — բայց կուզեի գիտելիքներ ունենալ:

— Եվ շա՞տ երջանկություն ես Դու տեսել և զգացել, — հարցրեց երկրորդ ծերունուն Ուսուցիչը:

— Շատ: Այդքան երջանկություն մի մարդուն հազվադեպ է բաժին ընկնում: Ամեն բան ինձ համար ուրախություն էր, ամեն բան գեղեցկությամբ և լույսով էր փայլում: Ամեն բանի ես նայում էի երջանիկ աչքերով:

— Իսկ երջանկությունը քեզ գիտելիքներ չշնորհե՞ց, — հարցրեց Ուսուցիչը:

— Իհարկե, — բացականչեց ծերունին: — Երջանկությունը ինձ շնորհեց գեղեցիկ աշխարհի, պայծառ արևի, կապույտ երկնքի, անսահման ազատության մասին մեծ գիտելիքներ: Երջանիկ աչքերով աշխարհին նայելուց ես շատ բան իմացա:

— Նշանակում է, որ Դու էլ այնպիսի կյանք ես ապրել, ինչպիսին երազում էիր, — ամփոփեց Ուսուցիչը:

Մտորեց երկրորդ ծերունին, որ Ուսուցիչը ճիշտ է ասում: Երախտագիտությամբ խոնարհվեց նա Ուսուցչի առջև:

Ուսուցչին մոտեցավ երրորդ ծերունին:

— Պատահականության կամոք ինձ հավերժությունն էր բաժին ընկել, — ասաց ծերունին Ուսուցչին: — Դրա հետ էլ ես ապրեցի իմ ամբողջ կյանքը: Ամեն ինչին նայում էի այնպես, կարծես դա ինձ հետ հավերժ մնալու է: Այժմ նույնիսկ մահը չի կարող ինձանից խլել այն ամենը, ինչ գիտեմ, զգացել եմ և լցված է եղել երջանկությամբ:

— Նշանակում է Դու նույնպես ապրել ես այն կյանքը որի մասին երազել ես, — գոհունակությամբ ասաց Ուսուցիչը: — Երեքդ էլ ինձ մոտ մի նպատակով էիք եկել՝ որպեսզի ճիշտ կյանք ապրեք: Յուրաքանչյուրիդ կյանքը իրենն էր, սակայն ապրեցիք Դուք այն միանման: Արդյունքում Ձեզ հավերժություն է տրվել:

Մտորեցին ծերունիները և առաջին անգամ հասկացան, որ իրականում էլ նրանց կյանքերն իրար նման էին ստացվել:

Իսկ Ուսուցիչը նորից արկղից հանեց երեք չոր տերև, դրեց սեղանին և ասաց՝

— Գիտություն — Երջանկություն — Հավերժություն — սա էլ հենց կոչվում է ճիշտ կյանք:

Ավա Արդո

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: