ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆԸ ԵՎ ԻՆՔՆԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ինքն իրեն հետ խոսելն այնքան էլ վատ սովորույթ չէ, հատկապես, եթե բանը ինքնահսկողությանն է վերաբերվում:

Տորոնտոյի Սկարբորո համալսարանում կատարված նոր հետազոտությունը, որի արդյունքները հրատարակվել են «Acta Psychologica» ամսագրի վերջին համարում, ցույց է տալիս, որ ներքին ձայնի օգտագործումը կարևոր դեր է կատարում իմպուլսիվ վարքագծի ղեկավարման մեջ:

«Մենք միշտ, ինքներս մեզ հաղորդագրություններ ենք ուղարկում, փորձելով վերահսկել մեր վարքագիծը - մենք կարող ենք իքներս մեզ խնդրել, որ վազենք՝ երբ արդեն հոգնած ենք, դադարեցնենք ուտելը՝ երբ դեռ մեծ ցանկություն ունենք ևս մի կտոր խմորեղեն փորձել, կամ էլ զսպել մեզ՝ երբ վեճի ժամանակ մեծ ցանկություն ունենք ինչ-որ մեկի վրա թափել մեր բարկությունը»,- ասում է հետազոտության առաջին հեղինակ, փիլիսոփայության դոկտոր Ալեքս Թալլետտը: «Մենք ուզում էինք իմանալ, թե իրոք օգնում է մեզ «ներքին ձայնի» հետ մեր ունեցած այդ անմիջական զրույցը»:

Թալլետը և հոգեբանության դոցենտ Մայքլ Ինզլիխտը՝ երկուսն էլ Տորոնտոյի համալսարանից, կամավորների հետ անց են կացրել մի շարք ինքնահսկողության թեստեր: Փորձերից մեկի ժամանակ, մասնակիցները առաջադրանքը կատարում էին համակարգչի վրա: Համակարգչի էկրանին մի հատուկ սիմվոլի դեպքում նրանք պետք է սեղմեին ստեղնաշարի վրայի կոճակը, իսկ մի ուրիշ սիմվոլի դեպքում՝ ոչ: Այս թեստը չափում է ինքնահսկողությունը, որովհետև այն առաջադրանքները, որտեղ պետք էր սեղմել կոճակը զգալիորեն գերակշռում էին այն առաջադրանքներին որտեղ պետք էր չսեղմել, ինչը վեր էր ածում կոճակի սեղմումը - իմպուլսիվ հակազդման:

Հետո հետազոտողները միջոցներ ձեռնարկեցին, որպեսզի թեստի ընթացքում, մասնակիցները չօգտվեն «ներքին դիալոգի» հնարավորությունից, որպեսզի կարողանան գնահատել թե ինչքանով է դա ազդել նրանց առաջադրանքը կատարելու ունակության վրա: «Ներքին ձայնի» արգելափակման համար, մասնակիցներին խնդրվեց թեստի ընթացքում անընդհատ կրկնել միևնույն բառը: Դա խոչընդոտեց թեստի անց կացման ընթացքում «ներքին դիալոգի» իրականացմանը:

«Մի շարք թեստերի արդյունքում մենք նկատեցինք, որ մարդիք ավելի իմպուլսիվ վարքագիծ էին դրսևորում, երբ չէին կարողանում օգտվել իրենց ներքին ձայնից և «ներքին դիալոգի» հնարավորությունից առաջադրանքի կատարման ընթացքում»,- ասում է Ինզլիխտը: «Ի վիճակի չլինելով, բառերով արտահայտել իրենք իրենց ուղղված հաղորդագրությունները, նրանք չէին կարողանում այն չափի հսկողություն իրականացնել, քան երբ նրանց թույլ էր տրվում իրենց հետ խոսել՝ առաջադրանքի կատարման պահին»:

«Միշտ էլ հայտնի է եղել, որ մարդն իրնքն իր հետ ներքին դիալոգ է վարում, սակայն մինչ այսօր մենք չգիտեինք թե ինչքան կարևոր է այդ դիալոգի դերը»,- ասում է Թալլետը: «Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ ինքն իր հետ ունեցած խոսակցությունը՝ «ներքին ձայնի» միջոցով, իրականում մեզ օգնում է վերահսկել մեզ և խոչընդոտում իմպուլսիվ որոշումներ ընդունելուն»: