Անտարբերություն: Երբեմն ինձ թվում է, որ անտարբերությունը դա զգացմունք է: Այն ամենը, ինչ հուզում էր և կոչում պատասխան բաբախյուն, թվում է անիմաստ և ևս մի անգամ էլ անիմաստ: Ոչ, ավելի ճիշտ դրսում ոչինչ էլ չի փոխվել և աշխարհը առաջվա պես կենդանի է և ուրախ:
Իսկ ներքուստ ամեն ինչ ամորձատված է և մահացած՝ ես նայում եմ աշխարհին, նայում ինձ շրջապատող մարդկանց և զգում եմ...
Ոչ, չեմ զգում, ավելի ճիշտ նրանց նկատմամբ բացարձակ անտարբերության զգացողություն ունեմ: Առավոտյան արևն է ծագում, իսկ ինձ համար բոլորովին մեկ է: Ինչ-որ մեկը ուրախ լուր հայտնեց, բայց դա ինձ չի վերաբերվում: Ինչ-որ տեղ ինքնաթիռ է վթարի ենթարկվել և զոհեր կան, ինձ համար դա էլ իմաստ չունի: Ներսումս ամեն ինչ ժանգոտել ու կանգ է առել:
Ժամանակին ես շատ բաներ էի ուզում: Երազում էի երջանկության մասին և երջանիկ էի: Ապագայի պլաններ էի գծում և շփվում մարդկանց հետ: Շարժվում էի առաջ: Միթ՞ե դա ես եմ եղել: Այն ժամանակ ես ուզում էի ապրել, բայց դա շատ վաղուց էր: Փորձելով հիշել, թե որ ամիսն է հիմա, հասկանում եմ, որ շատ ժամանակ չի անցել: Տարօրինակ է՝ թվում է, որ տարիներ են անցել: Տարիներ, որոնք զինվորների պես անցել են իմ միջով և նրանց կեղտոտ ճտքակոշիկները կոխկրտելով կեղտոտել են իմ ներսում եղած ամեն ինչ: Երազանքներս: Հույսերս: Սպասումներս:
Վերջ, հերիք է: Պետք է խելքս գլուխս հավաքեմ: Չե որ ես ինձ համարել եմ կամային անձնավորություն: Այսպես: Պետք է: Ես դա կրկնում եմ նորից ու նորից: Բայց ինչ հավաքեմ: Եվ որտեղ: Որտեղ է այն «ԵՍ»-ը, ում այս ամենը պետք է: Երբեմն, օրերից մի օր, համարյա ամեն ժամ փորձում ես նոր կյանք սկսել: Բայց րոպե անց արդեն ամեն ինչ կորցնում է իր իմաստը և ուղղակի շարունակում ես գլորվել: Թվում է թե հասել եմ ամենահատակին, որ դրանից ներքև ընկնելը անհնար է: Բայց ինչ-որ ժամանակ է անցնում և ես զարմացած պարզում եմ, որ կատարելագործմանը չկա սահման և ևս մի աստիճան գլորվում եմ ներքև:
Երբեմն լուսավոր հատվածներ են լինում: Եռօրյա սովից և անքնությունից հետո, կամ էլ ուղղակի, ոչ մի բանի հետ չկապված: Հանկարծ, մութ սառույցը մի կերպ կոտրելով ներքին աշխարհ է ներխուժում կյանքի ուժեղ մի հոսանք: Այդ ժամանակ զարմանքով սկսում ես շնչել քաղցրահամ քաղաքի օդը, ագահությամբ նայելով տնտղում ես մարդկանց դեմքերը, նկատում ես, որ ձյունը կարող է փայլել: Կարծես անկյանք անապատում երկարատև թափառելուց հետո հանկարծակի զգում ես թարմ երիտասարդ ուժով մի ալիք, և այդպես, մութ շաբաթներից հետո հորդող այդ կյանքի հոսանքը թվում է զարմանալի վառ և կուրացնող: Ահա նա՝ ԿՅԱՆՔԸ: Որն ուղղակի կա, որն ինքն իրենով զարմանալի է, որն իրոք գոյություն ունի: Եվ թվում է, որ վերջ: Ամեն ինչ վերջացավ, բայց... Առավոտյան արթնանալով նորից զգում ես մթության առկայությունը: Ինչ-որ տեղ կողքիդ: