ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
Վերադարձ

Դա հեռու է մեկ օրվա գործընթաց լինելուց: Պատահում են անկումներ և երբեմն նույնիսկ մինչև ամենահատակը: Ուղղակի դրանք վերապրվում են, որովհետև մութ թունելի ծայրում ամեն դեպքում լույս է երևացել՝ առաջացել է հույս: Իսկ հույսը՝ ամեն ինչ է:

Ես չեմ պատկերացնում թե ինչպես եմ ապրել առանց հույսի ու կենդանի մնացել: Աշխարհը կարծես երևակվող ֆոտոնկար լինի, որն սկսում է առաջանալ անէությունից: Առաջանում են գույներ ու ես սկսում եմ տեսնել ու զգալ նրանց, որովհետև ԿԵՆԴԱՆԻ ԵՄ: Դրա մասին են խոսում բազում բաներ: Անձրևի կաթիլն է կաթում՝ փայլուն և սառը: Այո, ես ԿԵՆԴԱՆԻ ԵՄ: Ծագեց արևը և սկսեց շարել առաստաղին առավոտյան մոզաիկան: Ես ԿԵՆԴԱՆԻ ԵՄ: ԵՍ այն եսը չեմ, որը կար դեպրեսիայից առաջ: Ես փոխվել եմ:

Չգիտեմ թե ինչու, բայց հոգին թափառելով անհայտ աշխարհներում, միշտ վերադառնում է նորացած: Այնպիսի զգացոություն է, որ այն ժամանակ, որ ես եփվում էի այն դժոխքում, նա թռչելով ինչ-որ անհայտ աշխարներում իր թևի վրա բերել է նոր գիտելիքներ, նոր իմաստություն, հասկացություն, որն առաջ ինձ հասանելի չէր: Ես տեսնում եմ, որ երկինքը գույն ունի, իսկ արևը վառ դեղին է: Եվ նորից այս աշխարհում կատարվում են հազարավոր բաներ: Եվ նորից այս ամենը կարծես թե առաջին անգամ է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ չարեցի այն քայլը տանիքում՝ հավերժությանն ընդառաջ: Շնորհակալություն, որ ես ԿԵՆԴԱՆԻ ԵՄ: Բայց ու՞մ:

Եվ նորից ամեն ինչ լավ է: Ես վերադառնում եմ աշխատանքից քայլելով փափուկ և անհարթ ասֆալտի վրայով: Ես շատ եմ սիրում այս ժամանակը, որի մեջ ինչ-որ անորոշություն ու դեռևս չկայացած բան կա: Դա արդեն ցերեկ չէ, բայց դեռ երեկո էլ չէ: Օդում սավառնում են բարդու բմբուլները և արևի շողերը խավարասերների պես թափառում են փողոցներում, բեղավոր տրոլեյբուսները բաժանում են աշխատանքային օրից հոգնած մարդկանց՝ տներով: Հանդիպում են նրանք, ովքեր, ինչպես ես, չեն շտապում թողնել առատորեն սառչող արևով լցված փողոցը: Կանայք հովանում են պաղպաղակով, ամուր տղամարդկային ձեռքերը զարդարված են ավանդական գարեջրի շշերով:

Ամեն ինչ լավ է: Ես վերադառնում եմ աշխատանքից և ճանապարհին ինձ հանդիպում են թեթև կիսաթափանցիկ հագուստով աղջիկներ, որոնց հագուստի քանակը ակնհայտ խոսում է այն մասին, որ հիմա հուլիսի ամենաթեժ պահն է: Իմ հայացքը սահում է նրանց դեմքերի վրայով: Նրանք քայլում են: Քաղաքը պատրաստվում է դանդաղ քայլել դեպի երեկո:

Ամեն ինչ լավ է: Այնպես լավ, որ ես նույնիսկ լսեցի, թե ինչպես քաղաքը սկսեց երգել: Երգում էին շվարած և փոշոտ ճնճղուկները, երգում էին հաղորդալարերի պիրկ աղեղները, երգում էին բարդիները: Դմփդմփում էր կոյուղու հորի մեծ թմբուկը: Մուգ ասֆալտը, որը փափկել էր շոգից, կորանում էր և սարսռում պատասխանելով քայլող մարդկանց ոտքերի արձագանքին: Երգում էր օդը, որը լցված էր քաղաքի ձայներով: Ես էլ կերգեի, բայց վախենում եմ իմ ձայնով փչացնել այդ երաժշտությունը: Ահա թե ինչու ես լսում եմ: Ես տուն եմ վերադառնում, որպեսզի ընթրեմ, ցնցուղ ընդունեմ և պառկեմ քնելու, որպեսզի...

Առավոտյան ինձ արթնացրեց արևը...

 

  Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: