ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՋԵԿ ԼՈՆԴՈՆ (1876-1916)

Հայտնի ամերիկացի գրողը իր կյանքին վերջ է տվել կյանքի 40-երորդ տարում: Նրա մահը թվում է անբնական ու անմիտ: Լոնդոնի ստեղծագործությունների մեջ վառ և ցայտուն հնչում են կյանքի հիմնի հնչյունները: Նրա պատմվածքների հերոսները կամային և ուժեղ մարդիկ են, որոնք հաղթահարում են անասելի դժվարություններ: Նրանք նպատակներ են դնում, նպատակասլաց գնում դեպի դրանք և միշտ հաղթում, անկախ հանգամանքներից: Նրա գրվածքները կարդալուց հետո ապրելու մեծ ցանկություն է առաջանում: Իր գրվածքների համար, նյութերը, գրողը գտնում էր իր սեփական կյանքից՝ նրա կենսագրությունը կարելի է կարդալ մի շնչով, կարծես արկածային վեպ:

Նրա կյանքը շատ դժվար է եղել՝ երիտասարդ ժամանակ նա շատ մասնագիտություններ է փոխել, շրջելով ողջ երկրով: Նա եղել է ոստրեների ծովահեն, ծովային, թափառաշրջիկ, փոստատար, մյուս երջանկություն փնտրողների հետ նետվել է Ալյասկա ոսկի գտնելու: Նա բազում անգամներ է հանդիպել մահի հետ, բայց բարձր ծիծաղելով թքել է նրա դեմքին: Մինչև նրա առաջին պատմվածքի տպագրությունը, նա այնքան ուժեր էր ծախսել, որ բավարար էր մի քանի կյանք ապրելու համար: Մի անգամ, բացարձակ հուսահատության պահին, նա սկսեց հրաժեշտի նամակներ գրել մտածելով ինքնասպանություն գործելու մասին: Երջանիկ պատահականությամբ, այդ պահին հյուր է գալիս նրա ընկերը, որը նույնպես հոգնել էր ապագա չունեցող կյանքից: Ջեկին, որն հոյակապ տիրապետում էր խոսքին, հաջողվեց հետ համոզել ընկերոջը և ըստ երևույթի իրեն նույնպես, և աշխարհը չկորցրեց մեծ գրողին:

Ջեկը դեպրեսսիայի նոպաներ էր ունենում դեռ մանկուց, սակայն նրա բազմաթիվ ընկերներից և ոչ մեկը այդ մասին գլխի չէր ընկնում: Նա միշտ լի էր եռանդով և կյանքով: Նույնիսկ կյանքի ամենադժվար պահերին նա ժպտում էր և խրախուսում իր ընկերներին: Միայն ուժեղ կամքն էր օգնում գրողին պայքարել տրտմության նոպաների դեմ: Նա թույլ չէր տալիս տրտմությանը մտնել հոգի առաջին հերթին այն պատճառով, որ երբեք ձեռքերը ծալած չէր նստում: Ջեկի աշխատասիրությունը զարմացնում էր բոլորին՝ նա հաճախ աշխատում էր օրական 17-19 ժամ: 15 տարիների ընթացքում նա այնքան է ստեղծագործել, որքան չեն գրել ուրիշ գրողներ իրենց ողջ կյանքի ընթացքում: Նրա երկերի ժողովածուն ամբողջությամբ կազմում է 40 հատոր:

Այն ինչ նա անում էր, անում էր լիարժեք, նվիրվելով ամբողջ ուժերով՝ եթե աշխատում էր, ապա մինչև յոթերորդ քրտինքը, ստեղծագործում էր մեծ վրձնախազերով, հաղթում էր, զվարճանում, ծիծաղում էր բարձր, մինչև ուժասպառ լինելը, վարակելով շրջապատին: Նա ապրում էր Կալիֆորնիայի ազատ և առատաձեռն բնության մեջ և ինքն էլ ազատ էր և անսահման առատաձեռն շրջապատի նկատմամբ: Նա կրքոտ սիրում էր չորսբոլորը սփռված գեղեցիկը: Նա իսկապես և անկեղծ սիրում էր մարդկանց և անկեղծորեն հավատում էր նրանց բարությանը ու ազնվությանը: Իր անվախությամբ, համբերատարությամբ և կենսունակությամբ նա հիշեցնում էր իր նահանգի գերբի վրա պատկերված գրիզլի արջին:

1913 թ-ի գարնանը նա դառավ ամենաճանաչված և ամենաբարձր վարձատրվող գրողը, զբաղեցնելով Կիպլինգի տեղը: Հենց այդ ժամանակ էլ սկսվեց գրողի կյանքում եղած ամենամեծ ոչ գրական նախագիծը: Ջեկը գնեց մի մեծ հողատարածք, որտեղ նա պատրաստվում էր անց կացնել իր կյանքի երկրորդ կեսը: Այստեղ սկսվեց կառուցվել մի մեծ տուն, որն անվանվեց Գայլի տուն և տնկվեց 140 հազար էվկալիպտ:

Գայլի տունը նրա ամբողջ կյանքի երազանքն էր: Նրա շինարարության համար ծախսվեց այն ժամանակների համար ֆանտաստիկ գումար՝ 80000 ԱՄՆ դոլլար: Բայց այնտեղ տեղափոխվելու նախօրեի գիշերը տեղի ունեցավ անուղղելին՝ մի խումբ չարամիտ անձիք տունը վառեցին մի քանի կողմից: Ջեկին մնում էր միայն ականատես լինել, թե կրակն ինչպես է լափում այն, ինչի մեջ այդքան ջանք ու հոգի է դրված: Լուսաբացին, երբ այն ինչ հնարավոր էր այրվել էր նա հանգիստ ասաց՝. «Վաղը սկսում ենք նորից կառուցել»: Բայց տանը վիճակված չէր կանգնել մոխրի վրա՝ այն գիշեր ինչ-որ բան այրվեց նաև նրա հոգում: Ընդմիշտ:

Բայց և այնպես, այդ տարին ամենաարգասաբերն էր իր ստեղծագործական կյանքում: Այդ ժամանակ գրվեցին նրա վեպերից լավագույնները՝ «Գարեջրահատիկ Ջոն» և «Լուսնահովիտը»: Տրտմությունն ավելի ու ավելի էր լցնում գրողի հոգին: Աշխատանքը ինչպես միշտ օգնում էր նրան: Այդ ժամանակ Լոնդոնը գրեց իր վեպերից հավանաբար ամենատարօրինակը՝ «Միջաստղային թափառաշրջիկը», որը լցված էր մարդու նկատմամբ խորը կարեկցանքով, նրբությամբ և երաժշտականությամբ, որն էլ ստիպում էր ապրել չնայելով ոչնչի: Պայքարել և միշտ դուրս գալ հաղթող:

Անելանելիության նոպաները հաճախանում են, երբ նրա հոյակապ կամքը և կյանքի նկատմամբ սերը լիովին լքում են նրան: Նա սկսում է խմել: Դեռևս մեկ տարի առաջ, երբ նա վերադառնում էր ջերմանավով արևելքից՝ Հորնի հրվանդանից իր հետ վերցնելով հազարավոր գրքեր և բրոշյուրներ, նա վերցրել էր նաև 40 գալլոն վիսկի, ասելով՝. «...երբ մենք կհասնենք Սիեթլ կամ այս հազար գիրքը կարդացված կլինեն, կամ կանհետանան այս 40 գալլոնները»: Ճանապարհորդության վերջում այդ հազարավոր հատորները կարդացված էին իսկ վիսկին մնացել էր ձեռք չտված: Հիմա ամեն ինչը փոխվել էր՝ վիսկին անհրաժեշտ էր ժամանակ սպանելու համար: Կարծես թե ամեն ինչը վերջացել էր՝ երիտասարդությունը, առողջությունը, մտքի պարզությունը: Հիվանդությունը ստիպում էր նրան հարբել՝ մոռացության մատնվելու համար, սակայն առավոտյան արթնանալով ամեն ինչ սկսում էր նորից:

Ջեկը ավելի ու ավելի էր հիասթափվում իրեն շրջապատող մարդկանցից: Անհաջողությունները կրնկակոխ հետևում էին նրան: Հանկարծ անպիտան դարձան 140 հազար էվկալիպտի ծառերը, որոնք 20 տարի հետո մի ամբողջ կարողություն պետք է բերեին նրան, կորավ Չերկեսյան ընկույզի նկատմամբ եղած հետաքրքրությունը: Փլուզվում էին նաև մնացած նախաձեռնությունները կապված գյուղատնտեսության հետ: Դստեր հետ հարաբերությունները սրվել էին: Նա հոգնել էր կյանքից:

Ռանչոն պահելու համար պահանջվում էին մեծ գումարներ: Այդ պատճառով էլ նա պետք է գրեր, ամեն օր քամելով իրենից 1000 բառ: Առաջ նա գրում էր, որովհետև չէր կարող չգրել, հիմա նա դա անում էր ստիպված: «Անհրաժեշտությունը, ահա ինչն է ինձ ստիպում գրել: Անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում ես ոչ մի տող չէի գրի: Ահա այսպես»: Նա թաքնվել էր իր աշխատասենյակի պատերի հետևում: Նրա վերջին վեպից՝ «Փոքրիկ տնային տնտեսուհին», դժգոհ էին և քննադատները և հավատարիմ ընթերցողները: Հայտնվեց խելքը թռցնելու վախը: Ուղեղը տկարել էր և չէր դիմանում հոգնեցնող աշխատանքին, բայց նա ստիպված էր գրել ամեն օր: Նա վախենում էր, որ ուղեղը չի դիմանա և աղաչում էր իր խորթ հոր աղջկան՝ Էլոիզային՝. «Եթե ես կորցնեմ բանականությունս, խոսք տուր, որ հիվանդանոց չես ուղարկի»:

Լոնդոնը հասկանում էր, որ ինքն իրեն փակուղի է գցել և փորձում էր ետ վերադարձնել կյանքի նկատմամբ այն անսպառ կամքը, որը միշտ կանգնում էր իր աչքի առջև: Հուսով, որ արևը կբուժի իր սև դեպրեսսիան, 1916 թ-ի հուլիսին Ջեկը իր կնոջ հետ ուղևորվեց Հավայան կղզիներ: Բայց ամեն ինչը իզուր էր, ոչինչ չէր օգնում: Մնում էր միայն խմել, խմել ու խմել: Երբ նա վերադարձավ, ընկերները նրան չճանաչեցին՝ նա ճարպակալել էր, դեմքը ուռած էր, աչքերը հանգած: Նա, որ միշտ երիտասարդ տեսք ուներ, հիմա իր տարիքից շատ մեծ էր երևում:

Կյանքից հեռանալուց առաջ նա գրեց երկու հոյակապ պատմվածքներ՝ «Ինչպես արգոնավորդները հնում»՝ Ալյասկայի մասին, և «Արքայադուստրը»՝ ճանապարհի մասին, այն ճանապարհի, որին նա միշտ հավատում էր, որն իրեն վերադարձնում էր դեպի այն տարիները, երբ ամեն ինչ դեռ առջևում էր:

1916 թ-ի նոյեմբերի լույս 22-ի գիշերը, Ջեկ Լոնդոնը ինքնասպան եղավ: Առավոտյան նրան գտան ծածկած պատշգամբում: Նա անգիտակից վիճակում էր: Նրա կողքին գցած էր մորֆիի և ատրոպինի երկու դատարկ սրվակներ և նոթատետր, որն ամբողջովին գրոտված էր թվերով՝ ըստ երևույթի հաշվարկվել էր թույնի մահացու դոզան: Բժիշկները եռանդուն պայքարում էին նրա կյանքի համար, սակայն երեկոյան 19.00 – ի մոտ նա մահացավ:

Նրա մարմինը ենթարկեցին կրեմացիայի իսկ մոխրով լի կճուճը հանձնեցին հողին, այն տեղում, որտեղ նա պատրաստվում էր անց կացնել իր կյանքի երկրորդ մասը՝ բարձր և գեղատեսիլ բլուրի վրա գտնվող «Գեղեցկության Ռանչոյում»: