ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱԴԵԼԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ

Հյուգոյի Ադելի Համախտանիշ կամ Ադելի Համախտանիշ (ֆր. syndrome d’Adèle) — երկարատև սիրային մոլագարություն, հոգեկան խանգարում, որը կայանում է անպատասխան սիրային կախվածության մեջ, որն իր ծանրությամբ նմանվում է թմրանյութային կախվածությանը։ Ադելի Համախտանիշով անվանում են ամեն բան կլանող, երկարատև սիրային մոլագարությունը, ցավագին կիրքը, որը մնում է անպատասխան։ Իր անվանումով, համաշտանիշը պարտական է Հյուգոյի Ադելին՝ հայտնի ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի դստերը, ով մինչ ի մահ տառապում էր, անգլիացի սպա Ալբերտ Փինսոնի նկատմամբ անպատասխան սիրուց։

ՊԱՏՄՈւԹՅՈւՆ

Ադելի Համախտանիշի առաջին գրանցված դեպքը իհարկե Հյուգոյի Ադելի մոտ էր։ Այս պաթոլոգիայի կլինիկական նախանշանները առաջ են եկել, Ադելի՝ Ալբերտ Փինսոնի հետ ծանոթանալուց անմիջապես հետո, որին աղջիկը սիրահարվեց։ Հետագայում արդեն այդ սիրահարվածությունը վերաճեց կախվածության և մոլագարության։ Հյուգոյի Ադելը հետապնդում էր Փինսոնին, բոլորին պատմում էր իրենց թվացյալ նշանդրեքի և հարսանիքի մասին, ներխուժում էր նրա անձնական կյանք և փչացնում նրա բոլոր անձնական հարաբերությունները։ Վերջ ի վերջո, Ալբերտ Փինսոնը սկսեց խուսափել Ադելի հետ որևէ շփումից, սակայն նրա դա չէր կանգնեցնում։ Նա իրեն համարում էր Փինսոնի կինը, ամբողջովին հավատալով իր ցնորքներին, ինչն էլ բերեց նրան, որ Հյուգոյի Ադելը, հետզհետե սկսեց գժվել։

Վիկտոր Հյուգոն, հասկանալով, որ դուստրը դառնում է ծայրահեղ անադեկվատ, նրան տեղավորեց հոգեբուժական կլինիկայում։ Այնտեղ Ադելը գտնվեց մինչև իր մահը՝ նրան բուժելն անհնար էր, իսկ հիվանդությունը գնալով ծանրանում էր։ Վերջ ի վերջո Ադելը լիովին կորցրեց իր անձը, կենտրոնանալով իր կախվածության օբյեկտի վրա։ Նա ամեն օր հիշում էր իր սիրեցյալ Փինսոնին և պարբերաբար նրան խոստովանական նամակներ էր ուղարկում։ Նույնիսկ անմիջապես մահից առաջ, Ադելը զառանցանքի մեջ կրկնում էր նրա անունը։

Այս դեպքը շատ արագ հայտնի դարձավ նրա շնորհիվ, որ դա տեղի ունեցավ հայտնի գրողի դստեր հետ և նրա շնորհիվ էլ ստացավ իր անվանումը։ Հետագայում այդ անվանումը կրճատվեց մինչև «Ադելի Համախտանիշ»։

Ադելի Համախտանիշը պաշտոնապես չի ներառված հոգեկան հիվանդությունների միջազգային ցանկում։ Հոգեբույժները նրան դիֆերենցում են, որպես էրոտոմանիայի շատ բարդ և ծայրահեղ աստիճան։

ՊԱՏՃԱՌՆԵՐ

Հոգեբույժների Ամերիկյան Ասոցիացիայի կողմից առանձնացվել են մի շարք նախադրյալներ, որոնք բերում են Ադելի Համախտանիշի զարգացման։ Համարվում է, որ այդպիսի նախադրյալները սկսում են զարգանալ դեռևս մանկությունում։ Առանձնացվում են պաթոլոգիայի զարգացման երեք պատճառներ՝

  • Ադելի Համախտանիշը զարգանում է մարդկանց մոտ, ովքեր մանկությունում թերի են ստացել ծնողական ուշադրություն։ Հաճախ դա, խիստ և զուսպ մոր պատասխան հակազդումն է։
  • Ժառանգական նախատրամադրվածությունը և հոգեկան հիվանդությունների նկատմամբ հակվածությունը։
  • Բարձր աստիճանի անինքնավստահությունը, որը բերում է նրան, որ մարդը փակվում է ինքն իր հորինած աշխարհում։ Ինտրովերսիան և սոցիոֆոբիան կարող են բազային դառնալ Ադելի Համախտանիշի զարգացման համար։ Նաև մարդիկ, ովքեր վերապրել են սիրած մարդու տրագիկ կորուստ, փնտրում են նրան արտաքնապես նման մարդու և սկսում են հետապնդել նրան, փորձելով փոխադրել և վերածնել մահացածի հետ ունեցած հարաբերությունները՝ տվյալ մարդու վրա, նույնիսկ եթե այդ հարաբերությունները ակնհայտորեն անհեռանկար են։

ԱԽՏԱՆԻՇՆԵՐ

Ադելի համախտանիշն ախտորոշելը բավականին բարդ է, քանի որ այդ համախտանիշով հիվանդները հաճախ իրենց հիվանդ չեն համարում, իսկ շրջապատի մարդիկ, սկզբնական շրջանում չեն տեսնում մոլագարության և անձի դեգրադացիայի նախանշաններ։ Սակայն միայն սկզբնական շրջանում է հնարավոր այս համախտանիշը բուժել առանց հետևանքների և լիարժեքորեն։ Ժամանակի ընթացքում, հիվանդները սկզբից պարփակվում են իրենք իրենց մեջ, իսկ հետո էլ արդեն լիարժեքորեն հրաժարվում են իրականությունից և շրջակա աշխարհից, ինչը չափազանց դժվարացնում է կամ էլ նույնիսկ անհնար է դարձնում նրանց հետ կամայական հոգեբանական զրույցներն ու հոգեբուժական ճշգրտումները։ Հենց այս պատճառով էլ կարևոր է բաց չթողնել պաթոլոգիայի ամենասկզբնական նախանշանները։

Զարգացման աստիճանից կախված տարբերակում են նրա երեք զարգացման փուլեր՝

  • Առաջին փուլում տեղի է ունենում իդեալի ձևավորում և զարգանում է ուժեղ հետաքրքրվածություն, ոգևորվածություն։ Սիրահարված անձը (ավելի հաճախ կինը, չնայած որ այս պաթոլոգիան երբեմն նկատվում է նաև տղամարդկանց մոտ) փորձում է ծանոթանալ և հարաբերություններ կառուցել իր ընտրած մարդու հետ, և մերժում ստանալով սկսում է ձգտել փոխադարձություն ստանալ, շրջապատելով այդ մարդուն գերհոգատարությամբ և չափազանց մեծ ուշադրությամբ։ Ժամանակին նկատված հետապնդման փորձերը, հնարավորություն են տալիս բուժել հիվանդին։ Այս փուլում դեռևս հնարավոր է հոգեբանի օգնությամբ ձերբազատվել կախվածությունից։
  • Երկրորդ փուլը բնութագրվում է անձի լիարժեք կենտրոնացածությամբ՝ իր կրքի առարկայի վրա, այդ մարդու հետ չկապված կամայական այլ շփումից և ժամանցից հրաժարվելով։ Ադելի Համախտանիշով տառապող մարդը, որը գտնվում է համախտանիշի զարգացման երկրորդ փուլում, սկսում է հաճախ ցանկալին ընդունել որպես իրականություն, համոզում է իրեն և շրջապատին, որ իր կախվածության օբյեկտի կողմից կան փոխադարձ զգացմունքներ իր նկատմամբ և փորձում է գրավել նրա ուշադրությունը կայական միջոցներով։ Մերժման դեպքում, նա նույնիսկ գնում է հոգեբանական շանտաժի, ասենք սպառնալով թե ինքնասպան կլինի։ Այս փուլում, բուժումը լավ արդյունքներ է տալիս միայն այն դեպքում, երբ հոգեբանի հետ ինտենսիվ թերապիան զուգակցվում է որոշ դեղորայքի ընդունման հետ։
  • Երրորդ փուլը իրենից ներկայացնում է հոգեկանի լիարժեք խաթարում։ Այս փուլում, տեղի են ունենում անձի լուրջ փոփոխություններ, որի արդյունքում տեղի է ունենում մինչև անձի լիարժեք դեգրադացիա։ Այս փուլում արդեն բուժումը որևէ արդյունքի չի բերում։ Հնարավոր է լինում ուղղակի մասնակի թեթևացնել հիվանդի վիճակը որոշալի դեղորայքային միջամտությամբ։

Ադելի Համախտանիշի ախտորոշումը իրականացվում է հաշվի առնելով այնպիսի կլինիկական նախանշաններ, ինչպիսիք են՝

  • Մարդուն հետապնդելը։
  • Իրեն շրջապատող ամեն բանի նկատմամբ ունեցած անտարբերությունը, բացի սիրահարվածության օբյեկտից։
  • Իր սիրած անձի նկատմամբ ուժեղ կպչունությունը։
  • Ինքնափլուզման նկատմամբ հակում, ախորժակի կորուստ, անքնություն։
  • Փնթի և անխնամ արտաքին տեսք։
  • Ինքնասպանության մասին մտքեր, շանտաժի փորձեր, կախվածության օբյեկտի նկատմամբ ֆետիշիզմ։

Չնայած նրան, որ Ադելի Համախտանիշի զարգացման հետ նրա կլինիկական նախանշանները ավելի ու ացելի վառ են արտահայտվում, շատերը չեն հասկանում, որ հիվանդ են և չեն ընդունում իրենց պրոբլեմը, նույնիսկ արտահայտված ախտանիշների առկայության դեպքում։

ԲՈւԺՈւՄ

Ադելի Համախտանիշի բուժական գործընթացների արդյունավետությունը ուղղակիորեն կապված է այն ժամկետի հետ, թե որքան է տևում արդեն այդ հիվանդությունը և համախտանիշի զարգացման փուլի հետ։ Սկզբնական փուլում հնարավոր է լինում այն կարգավորել կլինիկական հոգեբանի հետ։ Այս կախվածությունից ձերբազատմանը տանող հիմնական գործողություններն են՝

  • Ամբողջովին բացառել կախվածության օբյեկտի հետ շփումը։
  • Տեսադաշտից հեռացնել բոլոր իրերը, որոնք հիշեցնում են կախվածության օբյեկտի մասին։
  • Անցում կատարել նոր հետաքրքրության, տարվել ուրիշ բանով, հոբբի գտնել։
  • Ավելի հաճախ շփվել հարազատ և մտերիմ մարդկանց հետ։
  • Փոխել միջավայրը, մեկնել հանգստանալու կամ ուղղակի մեկնել այլ երկիր։
  • Վերաբերվել սեփական զգացմունքին որպես հիվանդություն, որը բուժման կարիք ունի։

Բարդ դեպքերում, Ադելի Համախտանիշի բուժման ժամանակ նշանակվում են հակադեպրեսանտներ, ախորժակը լավացնող դեղորայք։ Բուժման ընթացքը իհարկե որոշվում է բուժող բժշկի կողմից, սակայն չի կարող լինել ավելի կարճ քան մեկ ամիսը։

Բուժում չիրականացնելու դեպքում, Ադելի Համախտանիշը կզարգանա, ինչն էլ կբերի անձի լիարժեք դեգրադացիայի։

ՔՆՆԱԴԱՏՈւԹՅՈւՆ

Հոգեբույժ-բժիշկները, բոլորովին վերջերս ընդունեցին այս համախտանիշը որպես հոգեկան խանգարում, որը լրջորեն սպառնում է առողջությանը և կյանքին, հավասարեցնելով նրան խաղամոլությանը, ալկոհոլիզմին և կլեպտոմանիային։ Սակայն Ադելի Համախտանիշը առ այսօր դեռ ներառված չէ հոգեկան հիվանդությունների միջազգային ցանկում։ Այսօր արդեն, հոգեբույժներից շատերը առանձնացնում են այս համախտանիշը որպես առանձին հիվանդություն, որը նման է էրոտոմանիային։ Սակայն պաշտոնական ախտորոշումը, որն այսօր դրվում է, հնչում է այսպես՝ «Էրոտոմանիական զառանցանք» կամ «էրոտոմանիա»։