Հարց՝
Բարև Ձեզ։ Իմ անունն է X։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Y քաղաքում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…
Ես էմոցիոնալ եմ, երբեմն իմպուլսիվ և բռնկուն, երբեմն... բնույթս է այդպիսին։ Ինձ դրական էմոցիաների մշտական դուրս մղում է պետք։ Որպեսզի բացասական չդառնամ։ Բացասական Էմոցիաներս հասարակության մեջ չեմ ցուցաբերում։ Ընկերուհիս, ով իմ ամենամոտ մարդն է և ում ամեն ինչ վստահում էի, այնպես ինչպես ինքը ինձ, մեկնել է ուրիշ քաղաք, և նույնիսկ համացանցում հազվադեպ է լինում, իսկ մենք իրար միշտ շատ օգնում էինք։ Հիմա փորձում եմ ինքս։ Նրանից, որ ձեռքերս իջնում են, հասկանում եմ, որ ոչինչ չեմ կարողանում անել, որից էլ սկսում են իսթերիկաներս։ Արցունքներս։ Երբ տանը ոչ-ոք չկա։ Չեմ սիրում արցունքներս և թուլությունս ի ցույց դնել։ Ես ինձ սիրում եմ, բայց երբեմն քննադատում եմ։ Դեռ ոչ-ոք ինձանից չի բողոքել։ Բոլոր հավաքույթներին և ծնունդներին հրավիրում են։ Վստահում են, խորհուրդ են հարցնում՝ այդպես էլ է լինում (ես ոչ մեկի ոչ մի գաղտնիք, ուրիշին չեմ պատմում)։
Հիմա իմ մոտ տուպիկային իրավիճակ է։ Անհասկանալի հարաբերություններ։ Հերթական խնդրի լուծում, որը սկսեց 2008 թվականի հոկտեմբերին, բուհ-ի դասերը սկսելու հետ։ Ուրիշ շրջապատ։
Հիմա ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, բացի ընկերոջս հետ ունեցած հարաբերություններից: Վերջին 9-10 ամիսների ընթացքում, մենք ամեն օր վիճում ենք, պատահում է նույնիսկ օրական մի քանի անգամ (միասին ենք արդեն 3 տարի): Նա քննադատություն և «ոչ» բառը չի ընդունում:
Ես, թեկուզ և փորձում եմ ինձ զսպել, սակայն երբեմն ափերից դուրս եմ գալիս, որի համար հետո փոշմանում եմ:
Նա դադարել է ներողություն խնդրել: Առաջին երկու տարին մենք հոյակապ էինք ապրում՝ առանց վեճերի և վիրավորանքների: Ամեն ինչ չափից դուրս լավ էր: Նա կոմպրոմիսներ էր փնտրում, հանգստացնում էր ինձ: Ի զարմանս ինձ, նրա մոտ դա ստացվում էր: Հիմա դա չկա: Նա չի մոտենա, ներողություն չի խնդրի (միգուցե մեղավորը ես եմ՝ առաջ առաջինը ես էի ներողություն խնդրում, որովհետև գիտեմ, որ բարդ բնավորություն ունեմ, և շատ համբերատար է պետք լինել ինձ հետ ապրելու համար): Հիմնականում վիճում ենք ինտերնետում կամ հեռախոսով՝ ես սկսում եմ ամեն ինչ երեսին ասել, ինչին նա պատասխանում է «մոռացիր», կամ ուղղակի փախչում է խնդրից:
Բերեմ օրինակ՝ ես ստատուսում մի նախադասություն էի գրել՝. «երիտասարդությունն արդեն խորտակվում է ինտերնետում», որը կարդալով և ճիշտ չհասկանալով, թե ինչ էի ուզում ասել, նա սկսեց իմ վրա գոռալ և վիրավորել, ասելով՝. «քեզ համար ամեն ինչ խաղալիք է, քեզ ոչինչ պետք չի, դու ոչինչ չես անում մեր հարաբերությունները լավացնելու համար, դու մեղավոր ես»:
Իմ գործողությունները հետևյալն են՝ սկզբից ես դիմանում եմ՝ փորձելով հասկանալ թե ինչ է կատարվել, և ինչը նրան դուր չեկավ… իսկ հետո պաշտպանվում եմ. մանկուց սովոր եմ պաշտպանվել, խոսել կարողանում եմ, և սուր լեզու ունեմ:
Հետո փոշմանում եմ… սկսում ենք այդ նույն խնդիրը նորից ու նորից քննարկել, ուղղակի այս անգամ նրա կողմից հնչում են՝. «մոռացիր», «մոռացանք», «ես այս ամենից հոգնել եմ» և այլն:
Ես ասում եմ, որ այսպես չի կարելի, խնդիրը մնում է և ինչ-որ ժամանակ հետո նորից ու ավելի ընդգծված կկանգնի մեր առաջ… Նա այս ամենը հասկանալով պնդում է իրենը: Նա սկսում է նեղանալ, և «տղամարդիք չեն նեղանում՝ տղամարդիկ բարկանում են» նախադասությամբ սկսում է պաշտպանվել հարցերից:
Ինչպես ասեցի, բոլոր վեճերը փորձում եմ լուծել միանգամից, սակայն երբեմն չեմ դիմանում, և սկսում են կոնֆլիկտները: Խնդրի լուծման պրոցեսում ես փորձել եմ հանգիստ խոսել, բարկանալ, կատակել, փափկեցնել իրավիճակը, զիջումների գնալ: Սակայն կարծես պատի հետ խոսես: Ի՞նչ անեմ: Ի՞նչպես հակազդեմ նրա վարքագծին: Ի՞նչ ասեմ, իսկ ի՞նչ չասեմ:
Լրացուցիչ ուզում եմ հայտնել, որ նա ունի ընկեր, որի հետ շփվում են 11-րդ դասարանի կեսերից: Այդ տղան, աղջիկներին արհամարհում է: Նրա համար աղջիկները միայն սեռական օբյեկտներ են: Իմ ընկերը միշտ շատ հարգանքով էր վերաբերվում հակառակ սեռին:
Իմ առողջական վիճակի մասին ուզում եմ հայտնել, որ ինձ նյարդայնանալ չի կարելի՝ իմ ենթաստամոքսային գեղձը հիվանդ է, և բժիշկները արգելել են: Սակայն հաճախ ուժերս չեն ներում ինձ զսպել: Փաստացի բուժում չկա, վալերիանայի կաթիլներ եմ օգտագործում, որը իմ վրա ազդում է այնպես, ինչպես կատուների վրա:
P.S. Նախապես շատ շնորհակալ եմ…
Պատասխան՝
Հարգելի X:
Ձեր նկարագրածից թվում է, որ Ձեր հարաբերությունները ճգնաժամ են ապրում, և լավ կլիներ կարճ դադար վերցնեիք: Հին կարծրատիպերով հարաբերությունները շարունակելը կբերի շարունակական կոնֆլիկտների: Եթե նախկինում Ձեր ընկերը՝ վախենալով կորցնել Ձեզ, մատների արանքով է նայել Ձեր որոշ վարքագծերին, ապա հիմա՝ զգալով ավելի կայուն, նա փորձում է կանխել այն: Նախ փորձեք Ձեր կոնտրաստ հարաբերությունները վերածել ավելի ստաբիլի: Մի կողմից դուք չափազանց քնքշություն և սեր եք տալիս, իսկ մյուս կողմից՝ սուր կոնֆլիկտ և այլ բացասական բաներ: Փորձեք լիարժեք ընկալել կնոջ դերը և փորձել դրանով տալ Ձեր ընկերոջը լիարժեք տղամարդու դեր: Ինչ-որ բան անելուց առաջ, նախապես մտածեք՝ դա դուր կգար Ձեր ընկերոջը, թե ոչ: Հաճախ կան կոնֆլիկտներ, որոնք քննարկման կարիք չունեն, և եթե տղամարդը փակում է այդ թեման, ասելով՝ «մոռացանք», նշանակում է նա զգում է իր մեղավորությունը, և չի ցանկանում այն շարունակել, որը կբերի տրամաբանական ներողության (նվաստացման): Պնդելով և շարունակելով քննարկել այդ միջադեպը՝ Դուք պահանջում եք այդ ներողությունը, որը բերելու է Ձեր ընկերոջ բուռն հակազդման և բարկության: Շարունակելով այս կերպ, Դուք նրան կվանեք ձեզանից հեռու, և հետզհետե կկորցնեք նրան: Փորձեք փոխել Ձեր քաղաքականությունը և դերը այդ կոնֆլիկտների մեջ, ոչ թե պաշտպանվելով, այլ ենթարկվելով ձգելով դեպի Ձեզ նրան: Պարզաբանումներ մտցնելու և պահանջելու փոխարեն ասված հետևյալ կախարդական խոսքերը՝. «միգուցե դու ճիշտ ես, ես իրոք սխալվել եմ, այլևս չի կրկնվի...», առիթ կտան նրան մտածելու իր մեղադրանքների արժեքի մասին և փոխելու իր դիրքը այդ հարցի նկատմամբ: Հարձակումը, որ դուք անում եք անվանելով այն «պաշտպանություն», բերում է հակահարձակման, որը իր մեջ ոչ մի կոնստրուկտիվ մաս չունի: Այն դեստրուկտիվ է, քանդող, փլուզող և բաժանող: Ձեր ներկայիս վարած քաղաքականության մեջ, Ձեր կարծեցյալ պահի հաղթանակը, բերում է գլոբալ պարտության:
Փորձեք մտածել իմ ասածների մասին:
Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: