ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ ԿԱՄ ԴԵՂՈՐԱՅՔ

Չնայած, որ գոյություն ունեն բազում ոչ ավանդական մեթոդներ, որոնք օգնում են թեթևացնել դեպրեսիայի մեջ գտնվող մարդու վիճակը, հիմնական մեթոդները երկուսն են: Դա հակադեպրեսանտներն են և հոգեթերապիան: Ինչ՞ն է ավելի արդյունավետ՝ հոգեթերապիան, թ՞ե դեղորայքային բուժումը:

Այս հարցի պատասխանի համար շատ կարևոր է, թե ով է պատասխանում: Օրինակ պրակտիկորեն բոլոր հոգեբույժները դեղորայքային բուժման կողմնակիցներ են, իսկ հոգեբանները պաշտպանում են հոգեթերապիան:

Սակայն այստեղ սահմանը շատ անորոշ է՝ հաճախ հոգեբաններն իրենց այցելուներին ուղարկում են հոգեբույժի մոտ դեղորայքային բուժում նշանակելու համար, իսկ շատ հոգեբույժներ՝ իրենց հերթին առաջարկում են հոգեթերապիա: Սակայն հիմնականում կարծիքները բաժանվում են՝ ինչպես նկատեցինք վերևում:

Վերջին տարիների ընթացքում բազում համեմատական հետազոտություններ են կատարվել, պարզելու համար դեղորայքային բուժման և հոգեթերապիայի տված արդյունքների արդյունավետությունը՝ ընդհանրապես: Այսպես՝ համաձայն այդպիսի հետազոտություններից մեկի արդյունքների, 16-րդ շաբաթվա վերջում, բոլոր երեք (ինսայթ թերապիա, կոգնիտիվ թերապիա և դեղորայք) միջամտությունների ենթարկված հիվանդներից 50%-ից ավելիի մոտ հնարավոր է եղել վերացնել դեպրեսիայի լուրջ նախանշանները: Թեթև դեպրեսիաներ ունեցող այցելուների մոտ, միջամտության բոլոր չորս ձևերն էլ (վերը նշված երեքը և պլացեբոն), հավասար արդյունավետություն են ունեցել, իսկ ծանր դեպրեսիայով տառապող հիվանդների համար՝ դեղորայքային բուժման ավելի հարմար լինելը կապված էր բուժման ժամկետի կարճության, արդյունավետության աստիճանի և էժանության հետ: Չնայած վերը շարադրվածի, հաճելի է նկատել, որ վերջին ժամանակներում ավելի լայն տարածում է գտել հոգեթերապիա + դեղորայք համակցված միջամտության ձևը: