Հին ժամանակներում, երբ լապտերները դեռևս կրակով էին վառում, փողոցներով ամեն երեկո անցնում էին լապտերագործները և լուսավորում էին բոլոր փողոցները: Այդ ժամանակներում ապրում էր մի փոքրահասակ ծեր լապտերագործ: Ամեն երեկո նա անցնում էր մութ նրբանցքներով և քսելով լուցկին իր կոշիկի ներբանին վառում էր լապտերները: Նրանից հետո, ամեն մութ նրբանցք սովորականից ավելի լուսավոր էր դառնում:
Նա ընտանիք չուներ, մի լուռ, աննկատ մարդ էր, նրա կողքին ապրող մարդիկ նրա մասին ոչինչ չգիտեին՝
...երեխաները ծաղրում էին նրան, իսկ մեծահասակները նրան ալարկոտ էին անվանում, որովհետև նա փողոց էր դուրս գալիս երեկոյան, երբ արդեն մութ էր, որպեսզի վառի լապտերները, այնուհետև նա զմայլվում էր գիշերային երկնքով: Ամեն անգամ, երբ նա լուցկին քսում էր կոշիկի ներբանին, որ վառի, նրա հասակը ավելի էր փոքրանում: Մի անգամ նրան մի ուրիշ լապտերագործ մոտեցավ, ու ասաց՝ «Ի՞նչ ես անում: Ախր կգա ժամանակ, և Դու բոլորովին կփոքրանաս և կանհետանաս: Դու քո կյանքը չես խնայում մարդկանց համար, իսկ նրանք փոխարենը ծաղրում են Քեզ և վիրավորում: Դա ազնիվ չէ, ճիշտ չէ»: Փոքրահասակ լապտերագործը պատասխանեց՝ «Եթե ես չվառեմ լապտերները, ապա մարդիկ կմնան առանց լույսի: Իսկ ի՞նչ պիտի նրանք անեն առանց լույսի: Երբ ինչ-որ մեկը մութ փողոցներով անցնի, արդյո՞ք կհասնի նա իր տուն: Նա ամբողջ գիշեր կթափառի փնտրելով իր տան ճանապարհը: Մի՞թե դա արդար է: Իսկ երբ լուսավոր է, մարդը արագ կգտնի իր տունը և հոգու խորքում շնորհակալություն կհայտնի, ես էլ հանգիստ կլինեմ»:
Այդպես այնքան շարունակվեց, որ վերջ ի վերջո նրա հասակն այնքան փոքրացավ, որ նա վերացավ ու անհայտացավ: Ոչ ոք չնկատեց, որ իրենց շարքերից մեկ մարդ պակասեց, միայն մի պրոբլեմ առաջացավ՝ փողոցում այժմ մութ էր:
Հ.Գ. Յուրաքանչյուր մարդ այս կյանքում, իրենից մեծ արժեք է ներկայացնում: Յուրաքանչյուրը՝ նույնիսկ եթե նա ինքը այդ բանը չի նկատում, ուրիշների կյանքին լույս է բերում, և եթե մեկը չլինի, հնարավոր է որ ուրիշների կյանքին որոշակի մթություն կիջնի:
ԱՆՀԱՅՏ ՀԵՂԻՆԱԿ