Հին ժամանակներում աշխարհի երեսին ապրում էր մի սովորական պատանի Դամիր անունով: Ինքը սովորական էր սակայն մի անսովոր դեպք պատահեց նրա հետ: Բանը նրանում է, որ պատանին կորցրեց իր հոգին: Իսկ մեղավորն այդ ամենում, նրա սարսափելի բնավորությունն էր, նրա անգթությունն ու անտանելի դաժանությունը: Իսկ ինչ սարսափելի արարքներ էր նա կատարում: Երկուշաբթի, օրինակ, Դամիրը մի կաղ ծերունուց խլեց նրա ձեռնափայտը և նա չկարողանալով պահել հավասարակշռությունը երսնիվայր ընկավ ուղիղ ցեխի մեջ: Չորեքշաբթի օրը պատանին անպատվեց և ստորացցրեց մի անմեղ աղջկա, հասցնելով նրան արցունքների, իսկ ուրբաթ օրը Դամիրը շան ծեծ տվեց հարևանի շանը:
— Անգութ հոգի ունես, դաժան, — ասում էին պատանուն մարդիկ: — Օրերից մի օր այն կլքի քեզ և դու վեր կածվես անհոգի մարդու:
Այդպես էլ պատահեց: Հոգին լքեց իր անտարբեր տիրոջը հենց այն պահին, երբ Դամիրի կողմից արցունքների հասցված տեղի վաճառականը, չդիմացավ և մահացավ: Հենց այդ պահին էլ պատանին իր ներսում մի սարսափելի ու անտանելի դատարկություն զգաց: Դամիրը չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ սարսափելի է մնալ առանց հոգու: Խեղճը հուսահատությունից նույնիսկ կյանքում առաջին անգամ լաց լինել, սակայն ցավոք, առանց հոգու նա ի վիճակի չէր դա անել:
Հենց այդպես էլ, առանց հոգու, Դամիրն ապրեց մի տարի, երկուս, երեք, հույսը չկորցնելով, որ մի օր հոգին կվերադառնա իր մոտ: Սակայն ինչպե՞ս կարող է վերադառնալ մի բան որը անվերադարձ կորցված է: Տխրեց Դամիրը, թախծեց և որոշեց գնալ իր հոգին փնտրելու, սակայն որտեղ փնտրել ցավոք նա չգիտեր: Այդ ժամանակ նա օգնություն խնդրեց տեղի իմաստունից՝ Թարֆից:
— Թարֆ, ասա խնդրում եմ թե որտեղ փնտրեմ իմ հոգին:
— Հոգի՞ն, — մտազբաղ քմծիծաղ տվեց իմաստունը: — Իսկ դա քեզ մի՞թե անհրաժեշտ է: Մի՞թե քեզ դուր չի գալիս անհոգի մարդ լինելը:
— Առանց հոգու ես բոլորովին էլ մարդ չեմ, — մռայլ պատասխանեց Դամիրը: — Այն ամենը, ինչ ունեի մարդուց կորցրեցի հոգու հետ միասին:
— Կորուստդ մեծ չի եղել, — քմծիծաղ տվեց Թարֆը: — Դե ինչ, ես անհոգի չեմ, հենց այդ պատճառով էլ կհուշեմ քեզ թե որտեղ փնտրես քո կորցրած հոգին: Քո հոգին կորել է Դամրիկոն սարսափելի քաղաքում:, որը գտնվում է մեր երկրի ցուրտ հյուսիսում: Ճանապարհ ընկիր և շտապիր՝ ուղիղ յոթ օրից քաղաքի հինգ պահապանները քո հոգին կպատռեն մասերի:
— Բայց ինչպե՞ս ես գտնեմ ինձ համար անհայտ այդ քաղաքը:
— Ճանապարհը ինքը կտանի քեզ այնտեղ: Քո սեփական ճանապարհը: Գնա: Այդ մասին մի էլ մտածիր: հենց դուրս գաս մեր քաղաքի դարպասներից, դու կհայտնվես քեզ անրաժեշտ ճանապարհի վրա: Դու դա անմիջապես կհասկանաս:
Եվ Դամիրը բռնեց իր դժվար ճամփան դեպի Դամիրիկոն անհայտ քաղաքը: Դուրս գալով իր հայրենի քաղաքի դարպասներից, Դամիրը անմիջապես հանդիպեց մի չքնաղ աղջկա: Աղջկա աչքերից մի կախարդական լույս էր ճառագում իսկ նրա ժպիտից, նույնիսկ ինքը՝ անհոգի լինելով, իրեն ավելի թեթև և հանգիստ էր զգում: Նա ուզում էր աղջկան մի ինչ-որ բարի ու հաճելի բան ասել, սակայն առանց հոգու չկարողացավ դա անել: Իսկ աղջիկը իր հեքիաթթային հայացքը գցելով Դամիրի վրա դանդաղ հեռացավ, իր հետ տանելով թանկարծեք թեթևությունն ու հանգիստը: Նախկինում երբեք Դամիրը այդպես չէր ուզել լաց լինել, ինչպես այդ վայրկյանին, սակայն այդպես էլ չկարողացավ: «Ախր նա իմ ճակատագիրն էր, — մտածեց թախծալի հայացքով նայելով հեռացող աղջկա ետևից Դամիրը: — Այս աղջկան ես փնտրել էի իմ ողջ կյանքի ընթացքում… Երևի թե դա նշանակում է, որ ես իսկապես իմ ճանապարհով եմ գնում»:
Երկար գնաց Դամիրը՝ մի ամբողջ օր քայլեց, ողջ գիշեր աչք չկպցնելով: Քայլեց նույնիսկ մի վայրկյան չկանգնելով և չհանգստանալով, իսկ Դամիրիկոն քաղաքը այդպես էլ չէր երևում: «Երկու օր է մնացել, որ քաղաքի պահապանները իմ հոգին մասերի պատռեն, — ինքն իր մեջ մտածում էր խողճը: — Իսկ քաղաքը չկա ու չկա»:
Եվ այդ պահին Դամիրի հետ մի դժբախտություն պատահեց: Նա սայթաքեց հեղեղից հետո սայթաքուն ու կեղտոտ ճանապարհի վրա, ընկավ և ոլորեց ոտքը: Քայլելը շատ դժվար էր Դամիրի համար: Սակայն պատանին չէր հանձձնվում: Մի տեղից մի մեծ փայտ ճարելով և նրա վրա հենվելով, Դամիրը շարունակեց իր ճանապարհը: Սակայն ճանապարհի կեսին փայտը կոտրվեց: Պատանին չկարողանալով պահել հավասարակշռությունը կրկին ընկավ ցեխոտ ճանապարհի վրա: Մոտակայքում, հակառակի պես ոչ ծառ կար, ոչ էլ թուփ: Դամիրն արդեն պատրաստվում էր չորեքթթաթ շարունակել իր ճանապարհը, սակայն ինչ-որ տեղ հեռվից, ցուրտ հյուսիսային քամու հետ նրա ականջին հասավ տագնապալի մի ոռնոց: Վայրկյան էլ չէր անցել, որ խեղճի առջև, գռմռալով և ատամները ցույց տալով կանգնեց մի ահռելի մեծության շուն որի աչքերը չարությունից վառվում էին:
— Հեռացիր, — հուսահատ գոռաց Դամիրը շանը: — Կորիր այստեղից:
Սակայն շունը կարծես թե կանգնած սպասում էր այդ բառերին: Մի մեծ թռիչք կատարելով նա վրա հասավ պատանու վրա և սկսեց կծոտել նրա ձեռքերն ու ոտքերը, ճանկռել նրա մեջքն ու երեսը: Դամիրը դեմքը պահում էր ձեռքերով և միայն լուռ տնքում, հասկանալով, որ այն ամենը, ինչ կատարվում է նրա հետ այս ճանապարհին բոլորովին էլ պատահականություն չէ: «Ես նեղացրեցի աղջկան, ծերունուց խլեցի նրա ձեռնափայտը, տանջեցի հարևանի շանը, — ինքն իրեն չորացած ու սպիտակած շրթունքներով շշնջում էր Դամիրը: — Այնպես որ ես ոչ ոքի վրա իրավունք չունեմ նեղանալ: Սա իրոք իմ ճանապարհն է»:
Բավարարելով իր վրեժի զգացումը, շունը լքեց թշվառին:
Դեռ չհավատալով, որ փրկվել է, Դամիրը տագնապած հեռացրեց ձեռքերը դեմքից և իր համար անսպասելիորեն իր առջև տեսավ հինգ երկաթե դարպասներ որոնք շրջափակում էին մի սև սարսափելի ամրոց: Բոլոր հինգ դարպասների դիմաց էլ կանգնած էին պահապանները: Հավաքելով իր վերջին ուժերը Դամիրը ոտքի կանգնեց և դանդաղ քայլեց դեպի առաջին, իրեն ամենամոտը տեղակայված դարպասը:
— Ներս չեմ թողնի, — ահասառսուռ ձայնով գոռաց առաջին դարպասի պահապանը:
— Այս դարպասները տանում են դեպի Դամրիկոն քաղա՞ք, — հարցրեց պատանին:
— Այո: Սա սև և սարսափազդու Դամրիկոն քաղաքն է:
— Ներս թող ինձ խնդրում եմ, — աղաչեց պատանին: — Ես պետք է որքան հնարավոր է շուտ ընկնեմ այդ քաղաք: Ես պետք է փրկեմ իմ հոգին, քանի նրան չեն պատառոտել:
— Ինչ ասեմ, — ուրախ ասաց պահապան, — ինչ լինելու է՝ լինելու է: Դրանից չես կարող խուսափել:
— Բայց ես պետք է փրկեմ իմ հոգին, — անօգնական գոռաց Դամիրը: — Ախր դա իմ հոգին է, հասկանու՞մ ես: Ներս թող ինձ, աղաչում եմ:
— Ոչ մի դեպքում:
— Բայց ինչու՞:
— Որովհետև ես այն հինգ պահապաններից մեկն եմ: Իմ անունը Խիղճ է, և ես ամենաշատն եմ ուզում քո հոգին պատռել մասերի: Այնպես որ կորիր այստեղից: Անձամբ իմ դարպասով դու չես անցնի այ անհոգի մարդ:
— Բա հիմա ես ի՞նչ անեմ, — ծնկի իջնելով տնքաց Դամիրը:
— Գնա մյուս պահապանների մոտ: Ո՞վ գիտե, միգուցե նրանցից մեկը խղճա քեզ:
Եվ Դամիրը ոտքերը քարշ տալով քայլեց դեպի երկրորդ դարպասները:
— Ներս չեմ թողնի, — առաջինի նման գոռաց պատանուն երմրորդ պահապանը:
— Խղճա ինձ խնդրում եմ, — աղաչեց Դամիրը: — Ներս թող ինձ: Թույլ տուր փրկեմ իմ հոգին:
— Ոչ, — աներեր պատասխանեց պահապանը, — ներս չեմ թողնի:
— Իսկ դու՞ ինչի համար ես այսպես անողոք:
— Որովհետև ես՝ Մեղքն եմ, և այն ամենը ինչի մասին հիմա երազում եմ, դա քո հոգին մի ժամ շուտ պատառոտելն է: հեռացիր այստեղից: Կվերադառնաս այն ժամանակ, երբ քո հոգուցց միայն փոքր պատառիկներ մնացած կլինեն:
Եվ Դամիրը գնաց դեպի երրորդ դարպասները՝ երրորդ պահապանի մոտ:
— Ներս թող ինձ, — երրորդ պահապանի առջև ծնկի իջավ պատանին:
— Չեմ կարող: Իմ անունը Ցավ է և ես մոծ ցանկություն ունեմ քո հոգին պատառոտելու: այնպես որ հեռացիր այստեղից: Այս դարպասներով Դու ներս չես մտնի:
Չորրորդ պահապանն արդեն հեռվից գոռաց Դամիրին՝
— Կորիր այստեղից: Իմ դարպասով Դու ներս չես մտնի: Ես Վախն եմ և ես շատ եմ սիրում հոգի ծվատել:
Մոտենալով վերջին, հինգերորդ պահապանին, Դամիրը միայն լուռ ու հուսահատ նայեց նրա աչքերի մեջ և հասկացավ, որ հինգերորդ պահապանն էլ է իրեն մերժելու:
— Ճիշտ հասկացար, — գոհունակությամբ քմծիծաղ տվեց հինգերորդ պահապանը: — Ես՝ Հուսահատությունն եմ, և հաճույքով քո հոգին կպատառոտեմ մանր կտորների: Չգիտեմ թե մնացածը ինչպես կվարվեն, բայց իմ դարպասներով դու հաստատ մուտք չես գործի: Ես վերջին և ամենաանխիղճ պահապանն եմ: Ինձ հնարավոր չէ հասցնել խղճահարության:
Եվ սև ու սարսափելի Դամիրիկոն քաղաքի հինգ պահապանները պատառոտեցին պատանու հոգին հինգ հավասար մասերի: Հենց այդ պահին էլ քաղաքի բոլոր հինգ դարպասները միաժամանակ բացվեցին Դամիրի առջև և դժբախտը ներս մտավ Դամիրիկոնի մութ տարածք իր հոգու բոլոր հինգ մասերը փնտրելու: Գտավ թե ոչ նա իր հոգու այդ փոքրիկ մասերը՝ անսահման ցավի, հուսահատության, մեղքի և վախի մեջ, անհայտ է: Շատերը կարծում են, որ անհոգի մարդը մինչ այսօր այդպես էլ թափառում է սարսափելի Դամիրիկոն քաղաքի մութ և անվերջ լաբիրինթոսներում, որպեսզի գտնի իր դժբախտ հոգու հինգ ծվատված մասերը…
ԱՎԱ ԱՐԴՈ