Հարց՝
Բարև Ձեզ հարգելի բժիշկ։ Իմ անունն է X, ապրում եմ Y քաղաքում, 23 տարեկան եմ։ Ուզում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում իմ հետ։ Ապրում եմ իմ քաղաքացիական ամուսնու և նրա ծնողների հետ։ Արտաքինից ես օպտիմիստ եմ, ուրախ, երբեմն կոպիտ և մի քիչ էգոիստ։ Ներքուստ ես անհանգիստ եմ և վիրավորվող։ Երբեմն ինձ թվում է, որ ես ինձ չափից շատ եմ սիրում։ Ինձ շրջապատող մարդիք ձգտում են ընկերանալ ինձ հետ, երբ վատ են զգում, զանգում են ինձ, որ բարձրացնեն իրենց տրամադրությունը։
Ես շատ նյարդային եմ, ինձ շատ հեշտ է հունից հանելը, երբ ես ինձ վատ եմ զգում, ես մեղադրում եմ դրանում բոլորին։ Ինձ թվում է, որ ես բոլորի համար ամեն ինչ անում եմ, հոգում եմ, իսկ ոչ մի շնորհակալություն, կամ փոխադարձ համապատասխան վերաբերմունք չեմ տեսնում։ Ես ինձ չեմ կարողանում տիրապետել և ղեկավարել իմ զգացողությունները։ Մի հասարակ օրինակ բերեմ՝ ամուսինս կանչում է ինձ աստիճանավանդակ ծխելու, ես գնում եմ, իսկ նա այդ ժամանակ զուգարան է գնում, կամ ջուր խմելու։ Ես միանգամից սկսում եմ բարկանալ։ Ինչու՞ է կանչում ինձ, եթե բոլոր գործերը չի վերջացրել։ Կամ էլ ասենք շաքարամանը ընկնում է ձեռքիցս, ես միանգամից շուռ եմ գալիս ամուսնուս կողմը և հայացքով մեղադրում նրան։ Կարծես թե ասեմ, թե «Այդ դու ծուռ նայեցիր, դրա համար էլ ընկավ»։ Ես սկսում եմ բարկանալ և գոռգոռալ։ Իսկ երբեմն ես բարկանում եմ, երբ հիշում եմ մի պատմություն, որը տեղի է ունեցել շատ ժամանակ առաջ։ Նորից սկսում եմ վերապրել, և բարկությունս թափում նրա վրա, ով այդ ժամանակ կողքիս է։
Մայրս ասում է, որ ես հորս բնավորությունն ունեմ, իսկ նա մահացել է 10 տարի առաջ։ Մեկ էլ 18 տարեկանում ես շատ ծանր եմ տարել ընկերոջս հետ բաժանումը։ Ջանացել եմ զսպել ինձ։
Երբ ես երաժշտություն եմ լսում, կամ ուղղակի երազում եմ, գլխումս միայն տրագիկ մտքեր են։ Այն մասին, թե ինչպես եմ բաժանվում սիրածս մարդուց, կամ ինչ-որ մեկը հիվանդացել է։ Ինչպե՞ս ղեկավարեմ էմոցիաներս։ Ինչպե՞ս դառնամ ավելի բարի և հասկացող։
Պատասխան՝
Հարգելի X՝
Մարդկանց հետ Դուք հարաբերվում եք ինչպես երեխա։ Մի կողմից Դուք շարժվում եք ցանկություններով, իսկ մյուս կողմից ենթարկվում խնդիրը լուծելու վախին։ Խաղալով մեծերի խաղեր, լինելով երեխա, Դուք ի սկզբանե դատապարտված եք պարտության։
Այո, ի սկզբանե վեճերի հեղինակը Դուք եք, և քանի որ Դուք Ձեզ շատ եք սիրում և գնահատում, միշտ մեղադրում եք Ձեր ամուսնուն։
Հիշեք՝ կապրիզը, չհիմնավորված և չբացատրված ցանկություններ ունենալը՝ մանկական գծեր են։
Փորձեք անկեղծ պատասխանել հետևյալ հարցին՝
Դուք նրան սիրու՞մ եք։
Մի շտապեք, խորը մտածեք պատասխանելուց առաջ։
Ես կարծում եմ, որ Դուք անհրաժեշտություն ունեք լուրջ վերանայել Ձեր վերաբերմունքը կյանքին և մարդկանց։ Փորձեք Ձեր դիմաց կանգնած մարդու մեջ տեսնել անձ, մարդու՝ իր ներքնաշխարհով, զգացողություններով և էմոցիաներով, իլյուզիաներով և երազանքներով, որոնց մասին Դուք նույնիսկ գլխի չեք ընկնում, այլ ոչ թե տեսնել մի խաղալիք, ով պիտի շարժվի Ձեր ցանկություններով, և ստեղծված է հատուկ Ձեր համար։ Եվ հիշեք՝ աշխարհը Ձեր շուրջը չի պտտվում։ Ձեր ամուսնու մայրը նրան չի ծնել նրա համար, որ նա ծառայի Ձեզ, և կատարի Ձեր ցանկությունները և բավարարի Ձեր կապրիզները։ Ես չեմ կարծում, որ Ձեր ամուսինը մեղավոր է 18 տարեկան հասակում, Ձեր և ձեր ընկերոջ հարաբերությունների խզման մեջ։ Չեմ հասկանում, թե ինչու եք որոշել, որ նա պետք է պատասխան տա դրա համար։
Եղեք անկեղծ։ Մի վիճեք, հարգեք և խնայեք Ձեր ամուսնուն։
Մեկընդմիշտ հիշեք՝ իրավիճակից հաղթող դուրս գալով, դուք ավելի ու ավելի եք պարտվում։
Ելնելով այս ամենից, ես հուսով եմ, որ կլուծեք Ձեր խնդիրը պատվով և ի օգուտ Ձեզ։
Եթե դուք համոզված եք, որ Ձեզ ոչ ադեկվատ եք պահում և չեք կարողանում տիրապետել Ձեզ, ապա իմ կարծիքով անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը և պարզել, թե որտեղից է գալիս Ձեր այդ լարվածությունը։ Միգուցե դա գալիս է սեռական անբավարարվածությունից, իսկ միգուցե՝ մանկակությունից։
Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: