Ավիցենան մի նորաթուխ և շատ ջանասեր աշակերտ ուներ: Մի անգամ մեծ բժշկի մոտ մի կույր բերեցին:
Ուսուցիչն ասաց, թե ինչ բաղադրիչներ է պետք իրար խառնել, որ երկու բլիթ ստացվի: Աշակերտն արեց նույնությամբ, ինչպես ասվել էր: Այդ բլիթները դրեցին հիվանդի աչքերին, և մյուս օրը հիվանդը սկսեց տեսնել:
Աշակերտի հարևանը նույնպես կույր էր:
Ոգևորված այդ հաջողությունից, աշակերտը նույնությամբ ևս երկու բլիթ պատրաստեց և դրեց իր հարևանի աչքերին: Հաջորդ օրը կույր հարևանի աչքերը փոխանակ տեսնեին, ավելի ուռեցին:
Այդ պարտաճանաչ հիմարը, լացակումած եկավ իր Ուսուցչի մոտ՝
— Այդ ինչպե՞ս է լինում, Ուսուցիչ, ես ամեն ինչ արեցի նույնությամբ, ինչպես Դուք ասել էիք նախորդ դեպքի համար: Ինչու՞ այդպես ստացվեց:
Խոր տրտմությամբ Իմաստունը պատասխանեց՝
— Կուրությունը կարող է լինել տարբեր պատճառներից՝ օրգանիզմի չորությունից, խոնավությունից, շոգից, ցրտից և այլն: Հազար կույրերի մոտ կարող են լինել ամենատարբեր հազար պատճառներ իրենց կուրության: Գնա, որդիս: Դու կարող ես միայն հացթուխ լինել:
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՌԱԿ