Հայտնի է, որ կուլտուրայի, արվեստի, գրականության և երաժշտության մեջ հայտնի մարդիկ, այս կամ այն չափով տառապել են նյարդային խանգարումներով, իսկ որոշները նույնիսկ ունեցել են որոշակի հոգեկան շեղումներ: Հաճախ այդ շեղումները լինում էին դեպրեսիայի ("սև լեղի" ինչպես անվանում էր Հիպոկրատը իր աշխատություններում) կամ մելանքոլիայի տեսքով, ինչպես հնում անվանում էին այս վիճակը:
Այսպես, ժամանակակիցների հիշողություններից իմանում ենք, որ իրենց մելանքոլիկ վիճակներից շատ են բողոքել Մոլյերը, Մենդելսոնը, Չայկովսկին: Տրամադրության կտրուկ փոփոխություններ էին նկատվում Եսենինի, Մայակովսկու, Գարշինի, Վրուբելի մոտ: Ահա այսպես է նկարագրում իր հերոսի դեպրեսիվ վիճակը, որը շատ նման էր իր զգացած վիճակին, Վ.Գարշինը իր "Գիշերը" պատմվածքում՝. "Նա մտածում էր, որ տեսել է իր կյանքը, նա հիշեց մի շարք աննկարագրելի մռայլ պատկերներ, որոնց գործող անձը հենց ինքն էր, հիշեց իր կյանքի ողջ կեղտը ու չգտավ այնտեղ ոչ մի մաքուր և լուսավոր մասնիկ, ու համոզվեց, որ կեղտից բացի իր հոգում ոչինչ չի մնացել": Այստեղ գրողի տաղանդավոր ձեռքով պատկերված են Ծանր դեպրեսսիվ վիճակներին բնորոշ յուրահատկությունները, երբ "...շրջակա ամեն ինչը երևում է մռայլ, սև լույսի տակ": Անցյալի մանր, ոչինչ չնշանակող սխալները և արարքները թվում են անուղղելի և ճակատագրական:
Դեպրեսիվ վիճակների մեջ անձը հաճախ ասում է, որ չի հասկանում, թե ինչպես կարող են մարդիկ ուրախանալ: Իրենց կյանքում եղած և անցած ուրախություններին նրանք վերաբերվում են այնպես, կարծես դրանք տխուր և թախծալի մոլորություններ են եղել: Տրամադրության այսպիսի փոփոխության աստիճանները բավականին տարբեր են: Երբեմն դա լինում է որոշակի թախծոտության տեսքով, ուրիշ դեպքերում, ինչպես ասում է անցյալի հայտնի հոգեբույժ-կլինիցիստ Ա.Ս.Կորսակովը՝. "...տրամադրության փոփոխությունը հասնում է բարձրագույն հուսահատության, մինչ իսկական հոգու ցավը..., որը հիվանդը ի վիճակի չէ տանել և որպեսզի ազատվի դրանից նա որոշում է գնալ ինքնասպանության":
Կարդալով Ա.Չեխովի "Մոլուցք" պատմվածքի տողերը, ակամա ուշադրություն ես դարձնում այնտեղ գրված տողերի և Ա.Ս.Կորսակովի տված բնութագրի համանմանության վրա՝. "Վասիլյեվը անշարժ պառկած էր բազմոցին և ուշադիր նայում էր մի կետի վրա: Նա այլևս չեր մտածում ոչ կանանց և ոչ էլ տղամարդկանց մասին...: Իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր իր հոգեկան ցավի վրա, որն տանջում էր իրեն: Դա շատ բութ, անորոշ, վերացական ցավ էր, նման և թախծի, և վշտի, և բարձրագույն աստիճանի վախի, և հուսահատության: Ցույց տալ թե որտեղ է այդ ցավը նա չեր կարող՝ կրծքում, սրտի տակ, ուղղակի այդ ցավը ոչ մի բանի հետ համեմատել չեր կարելի": Նա դուրս է գալիս փողոց՝."..., որպեսզի շեղի իր հոգեկան ցավը մի ինչ-որ նոր զգացողությամբ, կամ ուրիշ ցավով, չիմանալով թե ինչ անել: Լալով և դողալով, Վասիլյեվը արձակեց վերարկուի և սյուրտուկի կոճակները և դեմ արեց իր մերկ կուրծքը խոնավ ձյանը և քամուն: Բայց դա էլ ցավը չթուլացրեց: Այդ ժամանակ նա կռացավ կամուրջի ճաղաշարքի վրայով և նայեց ներքև սև և փոթորկալի Յաուզային, և նրա մեջ առաջացավ մի մեծ ցանկություն՝ գլխիվայր նետվել ներքև, ոչ այնքան կյանքի նկատմամբ նողկանքից, ոչ թե ինքնասպանության նպատակով, այլ որպեսզի վնասի, ցավեցնի իրեն և այդ նոր ցավով շեղվելով, բթացնի այն հոգեկան ցավը, որը նրան խելահան էր անում":