Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Դավաճանությունից ուշքի չեմ գալիս...

Հարց՝

Բարի օր Միհրդատ Ռոստոմովիչ։

Ես 37 տարեկան եմ, իմ անունն է X, ապրում եմ Y քաղաքում՝ երեխաներիս հետ։ համարում եմ, որ հոգեբանի վիրտուալ խորհրդատվությունը գաղտնիություն է ապահովում։ 14 տարի ամուսնացած եմ եղել, բայց արդեն 2 տարի է բաժանված եմ։ Ես էմոցիոնալ եմ, անհամբեր, ուրախ։ Ինքս ինձ սիրում եմ։ Շրջապատում ինձ սիրում են, հարգում, որոշները նախանձում են, իսկ որոշներն էլ տանել չեն կարողանում։

Կարծում եմ, որ խնդիրը միայն իմ մեջ է։ Ուզում եմ

անձնական կյանք կառուցել։ Իմ մոտ հիաստափություն ու սկեպտիցիզմ է տղամարդկանց նկատմամբ։ Հավանաբար կարելի է այսպես ձևակերպել՝ բաժանումս շատ ցավոտ էր։ Խնդիրը առաջացավ միանգամից բաժանումից հետո։ Որոշեցի, որ ժամանակը կօգնի, ամենատարբեր գրականություն կարդացի։ Եթե հնարավոր է, օգնեք ինձ լուծեմ խնդիրս, որպեսզի շարունակեմ ապրել։

P.S. Բժիշկ, ես փորձել եմ թղթի վրա դուրս թափել այն ամենը, ինչ կուտակվել էր իմ մեջ։ Կանխավ շնորհակալ եմ։

Հանկարծ ժամանակը կանգնեց... Սիրտս ընկավ ինչ-որ տեղ ներքև... Կրծքիս մեջ սառը կտրող զգացողություն էր և ես մաշկիս վրա զգացի՝ "Աչքերիս չեմ հավատում" արտահայտության լիարժեք իմաստը։ Նա՝ իմ ամուսինը, լուսանկարի վրա գրկել էր ուրիշ կնոջ և բավական երջանիկ տեսք ուներ։ Ես չէի ուզում հավատալ, սակայն ստիպված եղա։ Ասում են նոր բանի ընկալումը մարդու մոտ տեղի է ունենում երեք փուլով՝ իմացություն, հասկացում և գործողություն՝ հակազդում։ Այդ օրը իմ մոտ տեղի ունեցավ միայն առաջինը՝ իմացությունը։ Հասկացումը տեղի ունեցավ տանջալի երկար՝ սիրտս չէր ուզում հավատալ... Զգացողություն այնպիսին էր, կարծես ավելի ու ավելի խորն ընկղմվում եմ ջրի մեջ, ավելի շուտ ճահճի... Ականջներիս մեջ աղմուկ էր, կրծքիս մեջ ցավ, իսկ աչքերումս մութ էր... Բայց դուրս լողալու ոչ ուժ կար, ոչ էլ ցանկություն... Ամեն անգամ ինձ թվում էր, որ ավելի ցավոտ չի կարող լինել, բայց ճակատագիրը կարծես թե ծաղրում էր ինձ։ Նա ամեն անգամ նոր հաշիվ էր ներկայացնում։ Լաց լինելով համարյա թե արյունոտ արցունքներով, ես մազոխիստաբար սկսեցի հասկանալ, որ դավաճանությունը և խաբեությունը սկսվել էր վաղուց, որ բոլոր ընդհանուր ծանոթները գիտեն և որ բոլոր ըտանեկան գումարները ծախսված են... Սակայն պարզվում է, որ դա ամենասարսափելին չէր։ Ամենասարսափելին՝ դա նրա սառնությունն ու կոպտությունն էր իմ նկատմամբ... Նա ոչ միայն դանակահարել էր ինձ մեջքից, այլ ժամանակ առ ժամանակ պտտում էր այդ դանակը դեմքի անմեղ արտահայտությամբ և իբրև թե բարի նպատակներով։

Արցունքի ծով թափեցի, և պարփակվեցի... Կարեկցանք չէի ուզում, խղճահարություն չէի ուզում, գթություն չէի ուզում... Սակայն ապրել էր պետք։

Երեխաները։ Կամայական մոր կյանքի իմաստը։ Նրանք իհարկե փոքր են, սակայն զգում են քո ցավը։ Ամենաքիչը կյանքում ես վախենում էի նրանից, որ նրանք կմեծանան առանց հոր։ բաժանության մասին միտքն անգամ ինձ սարսափեցնում էր։ Սակայն Աստված որոշեց ինձ կոփել նաև դրանով։

Իսկ նա՞ - կհարցնեք Դուք։ Իսկ նա իրեն պատեպատ էր խփում պարտականությունների և սեփական ցանկությունների արանքում։ Ես ընդունում էի նրան՝ երբեք չէի կանչում, հավատում էի նրա խոստումներին, որ ես և երեխաները ամենակարևորն ենք իր կյանքում, բայց ամենափոքր կասկածի դեպքում, որ նրանց կապը վերականգնվել է՝ ցույց էի տալիս դռան տեղը։ Երբ նա ինձ հետ էր՝ մտածում էր նրա մասին, իսկ երբ նրա հետ էր՝ նրան խիղճն էր տանջում... Դա ձգվեց երկար ու ձիգ 4 տարիներ։ Ինչ երկա՛ր - կասեք Դուք։ Համաձայն եմ։ Բայց ինձ ժամանակ էր պետք, որ դադարեմ նրան սիրելուց։ Նա ոչ խիզախություն, ոչ էլ կամքի ուժ ունեցավ հարաբերություններից որևե մեկի վերջակետը դնելու համար։ Նույնիսկ պաշտոնական բաժանությունը քիչ բան փոխեց այդ "Արջամկան օրվա" մեջ։ Սակայն այդ տարիները ինձ կոփեցին, ինձ ավելի ու ավելի դժվար էր զարմացնել տհաճ լուրերով։ Ես բռնցքամարտիկի պես ներքուստ միշտ պատրաստ վիճակում էի՝ մարտական կեցվածքի մեջ։ Ես հասունանում էի։

Այդ տարիներին մահացավ իմ հայրը։ Այդ պահերին մենք միասին էինք, եթե դա կարելի է այդպես անվանել։ Ես նրանից ոչ մի աջակցություն և կարեկցանք չստացա։ Ես ուղղակի ուզում էի, որ նա ինձ գրկի, կիսի իմ ցավը, իսկ նա իմ արցունքներից փախչում էր այնպես, ինչպես փախչում են վարակիչ հիվանդից։ Ինձ օդանավի տոմս գնեցին, թաղման գումարը տվեցին և վերջ։ Վերջ։

Վերջին անգամ մենք միացանք երկարատև ընդմիջումից հետո... Կարծես թե ամեն ինչ նորմալ էր, սակայն... Ես այլևս չէի կարողանում վստահել, հոգնել էի ապրումներից և տանջանքներից... Ես սառել էի։ Ինձ դուր չէր գալիս նրա վերաբերմունքը իմ նկատմամբ... Եվ ամենագլխավորը՝ ես արդեն չէի վախենում մենակ մնալուց։ Ես չէի ուզում, որ որդիս տեսնի, որ այսպես կարելի է վերաբերվել կնոջը, և չէի ուզում, որ դուստրս տեսնի, որ կինը կարող է թույլ տալ, որ իր հետ այդպես վարվեն։ Ես բաժանվելու որոշում ընդունեցի։ Ընդմիշտ։

Նա այն ժամանակ չհասկացավ թե ինչու, քանի որ արդեն հավատարիմ էր։ Մեր շրջապատը նույնպես թյուրիմածության մեջ էր։ Բայց ես ներքուստ զգում էի, որ պետք է անեմ դա։ Ես արդեն ծնողներ չունեի, և ոչ մեկի առաջ պատասխանատու չէի, միայն ինքս իմ առաջ։

Փոշմանե՞լ եմ։ Ոչ։

Չեմ սիրում մենակ քնել։ Ամուսնության երկար տարիների ընթացքում սովորել եմ, որ կողքս մի հարազատ ու տաք մարդ լինի, որ եթե ինչ որ սարսափելի երազ տեսնեմ կարողանամ քիթս մտցնել նրա մոտ։ Առաջին շրջանում ձեռքս, քնած-քնած փնտրում էր, սակայն հանդիպում էր միայն սառը սավանի, և այդ ժամանակ հիշում էի...

Բայց ես որոշում էի ընդունել, ինձ երեխաներն էին նայում, և ես թուլության իրավունք չունեի։ Ես չէի կարող պառկել ու տանջվել, գլխիս մոխիր լցնելով... Անհրաժեշտ էր գործել։

Այո, ես շատ եմ աշխատում, ինձ համար շատ դժվար է, բայց ես ինքնուրույն եմ։ Կողքից ես մարդկանց թվում եմ շատ ուժեղ, հաջողակ և անկախ... Ես երկրպագուներ ունեմ... Սակայն հոգուս մեջ ես ինձ փոքրիկ աղջիկ եմ զգում, որին կարևոր մեծի դեր են տվել։ Նրան հանդիսատես է նայում, և նա իրավունք չունի խայտառակ լինելու։ Բայց նա այնքան է ուզում հավատալ, որ այս ներկայացումը կվերջանա, կգա մի ուժեղ և բարի տղամարդ, կվերցնի նրա փոքրիկ թաթիկը իր ձեռքի մեջ և կտանի նրան այստեղից։

Լիարժեք բաժանումից հետո ինձ շատ դժվար էր նոր հարաբերություններ սկսելը՝ ես դեռ երկար ժամանակ ինձ ամուսնացած էի զգում, չնայած որ ծիծաղալի էր, ում էի հավատարիմ մնում։

Անցել է արդեն երկու տարուց ավելի... Հարաբերություններ եղել են։ Որոշները եզրափակվել են մեկ հանդիպումով, ուրիշները ավելի երկար են ձգվել։ Հավակնորդները բացարձակ տարբեր էին, բայց ոչ մեկին չի հաջողվում լցնել իմ հոգու վակումը։ Ամենաշատը՝ բացարձակ ֆիզիկական ձգտումներ և նորության էֆեկտներ, սակայն այդ էլ շատ շուտ էր անցնում... Եթե հարաբերությունների թնդությունը ընկնում էր, ես արագ կարճում էի հարաբերությունները, իմ տղամարդկանց ցավեցնելով... Հիմա ես մենակ եմ՝ գիտակցված։ Չեմ ուզում այլևս մանրանալ։ Կիսատոներ չեմ ուզում։ Կես-սեր չեմ ուզում։ բայց միևնույն է, մեկ-մեկ ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ կորած երեխայի նման ուշադիր նայում եմ տղամարդկանց դեմքերին՝ հույսով, որ կգտնեմ իմին...

Պատասխան՝

Հարգելի X։

Շատ գեղեցիկ էիք շարադրել, ու եթե իմ կայքը մրցույթ ունենար ամենալավ ստեղծագործությունը կլիներ Ձերը։ Ես մեծ հետաքրքրությամբ կարդացի Ձեր նամակը, և հասկացա, որ Ձեր ամուսնու հետ բաժանությունից հետո Դուք բավարարված չեք, և վրեժ եք լուծում բոլոր տղամարդկանցից։ Մյուս կողմից Ձեզ չի թողել անվստահությունը և վախը, որը Դուք նույնպես տարածում եք բոլոր տղամարդկանց վրա։ Չնայած նրան, որ վերջում Դուք ինքներդ եք թողել Ձեր ամուսնուն, երբ նա վերադարձել էր ընտանիք և հավատարիմ ապրում էր Ձեզ հետ, դա նույնպես լիարժեք չի բավարարել Ձեր նեղացածությունը։ Եկեք նայենք կողքերս և կտեսնենք բազում տղամարդկանց, ովքեր ազնվորեն և սիրելով ապրում են իրենց ընտանիքներում, և առանց խաբեության ապրում են մինչև կյանքի վերջը։ Ձեր օրինակը ավելի շուտ յուրահատկություն է կան օրինաչափություն, և նորից ցավացնելով այդ տղամարդկանց Դուք վարվում եք նույն կերպ ինչպես Ձեր ամուսինը՝ Ձեր հետ, այսինքն ձեր արարքով խրախուսում եք նրա արարքը։ Ես չեմ կարծում, որ նրա արարքը խրախուսանքի է արժանի, և Ձեզ այնքան է դուր եկել, որ Դուք հիմա այդ կերպ վարվում եք մնացած բոլոր տղամարդկանց հետ։ Կյանքը Ձեզ բավական կոփել է, և իմ կարծիքով, Դուք այնքան խելոք կին եք, որպեսզի զանազանեք սուտը - ճշտից։ Նման պահելաձևը վայել է վախկոտ մարդուն, ով իր երաշխիքները պահելու համար, վատ վարքագիծը տարածում է բոլորի վրա։ Դուք դեռ 37 տարեկան եք, և դեռ կարող եք երջանիկ լինել։ Սակայն Ձեր վարքագծով Դուք շուտով բոլոր տղամարդկանց կվանեք Ձեզանից հեռու։ Չեմ կարծում, որ դա է Ձեր կյանքի նպատակը։ Մտածեք և վերանայեք այս փաստը։ Բոլորս էլ կյանքի տարբեր պահերին ունենում ենք դառը փորձ, սակայն թույլ չենք տալիս, որ այդ փորձը թելադրի մեր կյանքի ուղին, և մենք գերի դառնանք դրան։ Ավելի շուտ մենք դաս ենք առնում այդ կյանքի փորձից, ինչպես ևս մի տարբերակ նման իրավիճակում, չբացառելով մնացած 1 000 000 տարբերակները, որոնցից մեկը միանշանակ մեր երջանիկ տարբերակն է։ Դարձնելով Ձեր, իհարկե դառը փորձը որպես կյանքի օրենք և կանոն, որով պիտի ապրեք, Դուք ի սկզբանե Ձեզ դատապարտում եք միայնության և դժբախտության։ Մտածեք այս մասին և վերանայեք Ձեր կյանքի մոտեցումը։ Դուք իմ վրա շատ խելոք և լավ մարդու տպավորություն թողեցիք, և ես համոզված եմ, որ Ձեր մոտ կստացվի։

Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты