ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Գարնանային արևն ու մաքուր օդը թուլացրեցին ոտքերս և ես նստեցի այգու նստարանի վրա:

Քաղցր գարնանային իրականությունից ինձ հանեց նստարանի ետևից եկող խշխշոցը: Ես շրջվեցի և տեսա մոտ վես տարեկան մի տղայի, ով ուշադիր զննում էր նստարանի տակ: Տղան առանց շտապելու պտտվեց նստարանի շուրջը, շարունակելով ինչ-որ բան փնտրել:

Տղայիս ծնունդից հետո ես ավելի ջերմ էի սկսել վերաբերվել երեխաներին:

Զննում եմ փոքրիկին:

Հագնված է շատ վատ, բայց մաքուր: Քթի վրա մի կեղտաբիծ կա: Հայացքը...

այ հայացքը ինձ զարմացրեց: Հայացքի մեջ մի շատ հասուն, ինքնուրույն բան կար: Մտածեցի, թե թվաց՝ չէր կարող վեց տարեկան երեխան նման հայացք ունենալ: Սակայն փոքրիկը նստարանի տակ էր նայում հենց այդ հայացքով:

Ես գրպանիցս մի տուփ մաստակ հանեցի և մի բարձիկ դրեցի բերանս: Փոքրիկը մեկ ակնթարթ հայացքը նետեց իմ ձեռքերին և նույն պահին իջեցրեց գետին:

- Քեռի, ոտքերդ կբարցրացնե՞ս, խնդրում եմ,- նայելով ինձ ասաց փոքրիկը:

Ես ավելի շատ զարմանքից, քան թե գիտակցաբար բարձրացրեցի ոտքերս գետնից: Փոքրիկը պպզեց և ուշադիր շարունակեց ինչ-որ բան փնտրել իմ ոտքերի տակ:

- Այստեղ էլ չկա, - հոգոց քաշեց նա:

- Մաստակ կուզե՞ս, - հարցրեցի ես, նայելով այդ փոքրիկ տղամարդուն:

- Իսկ քոնն ինչո՞վ է, ես մրգային եմ սիրում,- պատասխանեց նա:

- Անանուխով, - ես գրպանիցս հանեցի մաստակը և մեկնեցի նրան:

Նա մի փոքր հապաղելուց հետո մի հատ վերցրեց և գցեց բերանը:

Տեսնելով նրա ձեռքերը ես ժպտացի: Դրանք փոքրիկ տղայի սովորական ձեռքեր էին՝ սարսափելի կեղտոտ:

Մենք նայում էինք իրար և մաստակ ծամում:

- Լավ տաք է այսօր, - ասացի ես:

- Ձյուն չկա՝ դա շատ լավ է, - մտահոգված ասաց նա:

- Իսկ ինչո՞վ էր Քեզ ձյունը խանգարում:

- Այ քեզ բան, ձյան տակ ոչինչ չի երևում, - նկատեց տղան:

Փոքրիկը ձեռքերւ մտցրեց գրպաններն ու ասաց՝

- Ես գնացի, շուտով մութը կընկնի, իսկ ես դեռ ոչինչ չեմ գտել: Շնորհակալ եմ մաստակի համար, - նա շրջվեց և ուշադիր նայելով գետնին հեռացավ այգու արահետով:

Ես չեմ էլ կարող ասել, թե ինչը ինձ ստիպեց նրան ձայն տալ, հավանաբար մի ինչ որ հասուն հարգանք դեպի այդ աղջամիտ տղան:

- Իսկ ի՞նչ ես փնտրում, - հարցրեցի ես:

Փոքրիկը կանգնեց ու մի փոքր մտածելուց հետո հարցրեց՝

- Ոչ ոքի չե՞ս ասի:

- Հմ, ոչ ոքի, իսկ դա ի՞նչ գաղտնիք է, - զարմացա ես:

- Դա իմ գաղտնիքն է,- պատասխանեց տղան:

- Լավ, համոզեցիր, ազնիվ խոսք, ոչ ոքի չեմ ասի, - ժպտացի ես:

- Ես մանրադրամ եմ փնտրում: Այս արահետի վրա երբեմն կարող ես գտնել, եթե գիտես թե որտեղ փնտրես: Սովորաբար պետք է փնտրել նստարանների տակ: Ես անցյալ տարի այս նստարանի տակ շատ եմ գտել:

- Մանրադրա՞մ, - զարմացա ես:

- Այո, մանրադրամ:

- Եվ ինչ, անցյալ ամառ նույնպե՞ս Դու այստեղ փնտրել ես:

- Այո, փնտրել եմ, - տղայի դեմքը լրջացավ:

- Իսկ այսօր գտե՞լ ես, - հետաքրքրասիրությունից դրդված հարցրեցի ես:

- Հիմա, - ասաց նա և ձեռքը մտցրեց անդրավարտիքի գրպանը:

Փոքրիկ ձեռքը գրպանից հանեց մի ճմրթած թղթի կտոր: Փոքրիկը պպզեց, ուղղեց թուղթը և դրեց ասֆալտի վրա: Թերթի մեջ փայլփլում էին մի քանի մանրադրամներ: Ջանասիրաբար նա վերցնում էր այդ մանրադրամները և դնում իր կեղտոտ ափի մեջ: Այդ ընթացքում նրա շուրթերը շարժվում էին, երևում էր, որ նա ուշադիր հաշվում է իր գտածոն: Մի քանի րոպե ես ժպտալով նայում էի նրան:

- Քառասուն ութ կոպեկ,- ասաց նա, ետ լցնելով մանրադրամը թերթի մեջ:

- Օհօ, հարուստ ես, - ավելի լայն ժպտալով ասացի ես:

- Չէ, քիչ է, դեռ շատ քիչ է, բայց ամառվա ընթացքում ես այստեղ դեռ շատ կգտնեմ:

Ես հիշեցի որդուս, հետո ինձ: Իսկ ո՞վ իր մանկությունում գումար չի հավաքել կոնֆետների կամ խաղալիքների համար:

- Կոնֆետ գնելու համա՞ր ես հավաքում:

Փոքրիկը լռեց:

- Հա, երևի ատրճանա՞կ ես ուզում գնել, - հարցրեցի ես:

Տղան ավելի խոժոռվեց և շարունակեց լռել:

Ես հասկացա, որ իմ հարցով ես մի ինչ որ անթույլատրելի սահման անցա և դիպա մի ինչ-որ կարևոր կետի, կամ միգուցե մի ինչ-որ բանի նրա հոգում:

- Լավ, մի բարկացիր, հաջողություններ Քեզ և շատ մանրադրամներ: վաղն այստեղ կլինե՞ս, - ասացի ես և ծխեցի:

Փոքրիկը շատ տխուր նայեց իմ վրա և ասաց՝

- Ես ամեն օր էլ այստեղ եմ, եթե իհարկե անձրև չգա:

Այ այսպես սկսվեց իմ ծանոթությունը, իսկ հետո նաև ընկերությունը Իլյուշայի հետ (նա ինքն էր իրեն այդպես անվանում): Ամեն օր ես գալիս էի նույն վայրը: Իլյան գալիս էր համարյա միշտ նույն ժամին: Ես միշտ հարցնում էի թե ինչպիսին է որսը: Նա պպզում էր, բացում թերթը և հաշվում իր մանրադրամները: Եվ ոչ մի անգամ այնտեղ մեկ ռուբլուց ավել չկար:

Մեր ծանոթությունից մի քանի օր ես նրան առաջարկեցի՝

- Իլյուշա, գրպանումս կարծես մի քանի մանրադրամ կա: Կվերցնե՞ս, ավելացնես Քո հավաքածուին:

Փոքրիկը երկար մածեց և ասաց՝

- Ոչ, հենց այնպես չի կարելի: Մայրս ասել է, որ գումարի դիմաց պետք է ինչ-որ մի բան տալ: Ինչքա՞ն է:

Ես հաշվեցի՝

- Ուղիղ 45 կոպեկ, - ժպտալով ասացի ես:

- Ես հիմա, - փոքրիկը մտավ մոտակա թփերի մեջ:

Մի երկու րոպեից նա վերադարձավ:

- Վերցրու, ես սա քեզ մանրադրամի դիմաց եմ տալիս,- ասաց փոքրիկը և ինձ մեկնեց իր ափը:

Մանկական ձեռքի ափի վրա էին դրված կարմիր մատիտի մի կրծուկ, կոնֆետի թուղթ և շշի կանաչ ապակու մի բեկոր:

Այսպես տեղի ունեցավ մեր առաջին գործարքը:

Ամեն օր ես նրան մանրադրամներ էի բերում և հեռանում էի մի ամբողջ գրպան նրա գանձերով՝ գարեջրի խցաններ, ամրակներ, կոտրված կրակայրիչներ, մատիտներ, փոքրիկ խաղալիք մեքենաներ և զինվորներ: Երեկ ես հեքիաթային հարստությամբ հեռացա: 50 կոպեկ մանրադրամի դիմաց ես ստացա մի պլաստմասսայե զինվորի՝ առանց մի ձեռքի: Ես փորձեցի հրաժարվել նման անազնիվ փոխանակությունից, սակայն փոքրիկը ամուր էր իր որոշման մեջ:

Սակայն մի օր փոքրիկը հրաժարվեց գործարքից ինչքան էլ որ ես նրան չհամոզեցի:

Նա մյուս օրը նույնպես հրաժարվեց:

Մի քանի օր ես փորձում էի հասկանալ, թե ինչու: Շուտով ես հասկացա, որ նա ինձ արդեն վաճառել է իր ողջ հարստությունը և այլևս ոչինչ չուներ ինձ տալու մանրադրամների դիմաց:

Ես խորամանկեցի: Ես գալիս էի մի քիչ ավելի շուտ և նստարանի տակ մանրադրամներ էի գցում: Փոքրիկը գալիս էր և գտնում այն: Հավաքում էր, պպզում ոտքերիս մոտ և լուրջ դեմքով հաշվում:

Ես սովորեցի նրան և սիրեցի: Ես սիրահարվել էի նրա համառությանն ու ողջամտությանը: Սակայն օր օրի ինձ տանջում էր այն հարցը, թե ինչի համար է նա արդեն երկու տարի մանրադրամներ հավաքել:

Համարյա ամեն օր ես նրան կոնֆետներ և մաստակներ էի բերում: Իլյուշան հաճույքով ուտում էր:

Մեկ էլ նկատել էի, որ նա հազվադեպ է ժպտում:

Մեկ շաբաթ անց փոքրիկը չեկավ... մյուս օրը նույնպես... մի ամբողջ շաբաթ նա չեկավ այգի: Երբեք չէի մտածել, որ այդպես կանհանգստանամ և կսպասեմ նրան:

Երեկ ես եկա մեր հանդիպման վայրը և տեսա Իլյուշային: Նա նստած տխուր նայում էր ասֆալտին:

- Բարև Իլյուշա, - ասացի ես ժպալով, - ինչու՞ չէիր գալիս, անձրև էլ չէր գալիս: Երևի նստարանի տակ բավականին մանրադրամներ է հավաքվել...

- Ես չհասցրեցի: Ինձ այլևս մանրադրամ պետք չի, - ցածրաձայն ասաց նա:

- Եղբայրս, ինչու՞ ես տխրել, և ի՞նչը չհասցրեցիր: Ի՞նչ է նշանակում, որ այլևս պետք չէ: Հապա մի պատմիր տեսնեմ: Տես թե ինչ եմ Քեզ բերել, - եվ նրան մեկնեցի մանրադրամներով լի ափս:

Փոքրիկը նայեց իմ ձեռքին և ասաց՝

- Ինձ մանրադրամներ պետք չեն:

Ես երբեք չէի պատկերացնի, որ վեց տարեկան երեխան կարող է այդպիսի ցավով և անհուսությամբ խոսել:

- Ի՞նչ է պատահել Իլյուշա, - հարցրեցի ես և գրկեցի նրա ուսերը, - ինչի՞ համար էին Քեզ պետք այդ մանրադրամները:

- Հայրիկիս համար: Ես հավաքում էի հայրիկիս համար, - փոքրիկի աչքերից արցունքներ թափվեցին:

Բերանս չորացավ, ես նստած չէի կարողանում ոչ մի բառ արտաբերել:

- Հայրիկիդ ինչի՞ն է պետք:

- Վերա հորաքույրն ասում էր, որ հայրիկս շատ է օղի խմում, իսկ մայրս ասեց, որ հայրիկին կարելի է բուժել, նա հիվանդ է, սակայն դա շատ թանկ արժե՝ շատ փող է պետք: Ես էլ հավաքում էի դրա համար: Ես արդեն շատ մանրադրամներ էի հավաքել, բայց չհասցրեցի, - նա լուռ լալիս էր:

- Հայրիկն արդեն չկա, նա մահացավ, նա աշխարհի ամենալավ հայրիկն էր, իսկ ես՝ չհասցրեցի, - փոքրիկը լաց էր լինում:

Փոքրիկը կտրուկ վեր կացավ, նայեց ինձ լացից ուռած աչքերով և ասաց՝

- Շնորհակալ եմ Քեզ մանրադրամների համար, Դու իմ ընկերն ես, - շրջվեց և աչքերը սրբելով վազեց այգու արահետով:

Ես նայում էի այդ տղամարդու հետևից, ում կյանքը այդպիսի փորձություն էր տվել իր կյանքի ճանապարհի ամենասկզբին և հասկանում, որ այլևս երբեք չեմ կարողանա նրան օգնել:

Ես նրան այլևս երբեք չտեսա այգում: Մեկ ամսվա ընթացքում, ամեն օր ես գալիս էի այդ նստարանի մոտ, սակայն նա չկար:

Հիմա ես այնտեղ ավելի ուշ ուշ եմ գնում: Ես նրան էլ երբեք չեմ հանդիպել, սակայն մինչև հիմա ես նստարանի տակ մանրադրամներ եմ գցում: Ախր ես նրա ընկերն եմ: Թող իմանա, որ ես իր կողքին եմ: