ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
ԵՍ ՎԱԽԵՆՈւՄ ԵՄ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ։

Իմ անունն է X, ես 21 տարեկան եմ։ Ապրում եմ մորս հետ՝ Y քաղաքում։ Ամուսնացած չեմ, մտերիմ հարաբերություններ տղամարդու հետ Չունեմ։

 

Ես երբեք, ոչ-ոքի չեմ պատմում իմ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ խնդիրների մասին, նամանավանդ ինձ դժվար կլիներ դա անել օտար մարդու (հոգեբանի)՝ իսկ եթե նա մտածի, որ ես հոգեկան հիվանդ եմ։ Վիրտուալ իրականության մեջ դա ավելի հեշտ է անել, քանի որ Դուք ինձ չեք տեսնում և գտնվում եք ինձանից շատ հեռու։ Եվ հետո ինձ ավելի հեշտ է շարադրել մտքերս գրավոր ձևով, իսկ կյանքում, մարդկանց հետ խոսելն էլ դժվար է՝ եթե դա հնարավոր լիներ, ես ամբողջ ժամանակ կլռեի։

Ես երազկոտ, ռոմանտիկ, իմ մասնագիտությունով տարված (ես դաշնակահարուհի եմ) մարդ եմ։ Բայց ցավոք սրտի, առօրյա կյանքի կամայական դժվարություն և տհաճություն, ինձ հանում է իմ բնականոն հունից։ Ես հաճախ վատ տրամադրություն եմ ունենում և ինձ դժվար է շփվել մարդկանց հետ՝ միայնություն եմ սիրում։ Ես թույլ մարդ եմ, իսկ թույլ մարդիք այս կյանքում տեղ չունեն։ Այս կյանքից իմ «բացակայությունը» համարում եմ լիարժեք և արդար պատիճ իմ թուլության համար։ Իմ մտերիմները ինձ ընկալում են որպես ուրախ և էմոցիոնալ մարդ, իսկ ուղղակի ծանոթներս՝ լրիվ ընդհակառակը, որպես պարփակ և մռայլ։

Խնդիրը սկսեց արտահայտվել մեկ տարի առաջ՝ ես սկսեցի վախենալ մարդկանցից։ Այս վիճակը միշտ չի լինում, լինում են օրեր, երբ ես ինձ շատ լավ եմ զգում, իսկ լինում է՝ որ ուղղակի վախենում եմ տնից դուրս գալ։ Բայց եթե ամեն դեպքում անհրաժեշտություն է լինում դուրս գալ, ինչ-որ տեղ գնալ, ապա ես ձգտում եմ չհանդիպել մարդկանց, մայթս փոխում եմ, եթե ինչ-որ մեկին եմ հանդիպելու, աշխատում եմ գնալ անմարդ փողոցներով։ Այդ օրերին մետրո նստելը՝ ուղղակի անտանելի է։ Ինձ թվում է, որ ես չափազանց անշնորք եմ, ոտքերս օրորվում են, երբ ինչ-որ մեկը ինձ է նայում, միանգամից ինչ-որ բանից բռնվում եմ, որ չընկնեմ, ձեռքիցս ինչ-որ բան է ընկնում։ Թվում է թե բոլոր մարդիք, ինչ-որ բանի համար ինձ ատում են։ Նույնիսկ խուսափում եմ խանութ գնալուց, որովհետև թվում է թե գործակատարը ինձ վրա այնպես չի նայում և ինչ-որ բան է պետք ասել, իսկ ձայն չունեմ և մթերքներն էլ զամբյուղի մեջ շատ դանդաղ և անշնորք եմ տեղավորում։

Ես շատ կուզեի սեփական տուն ունենալ, որ դաշնամուրի վրա նվագեի երբ ուզեմ և ինչքան ուզեմ: Ես այդ հնարավորությունը չունեմ՝ տանը, հարևաններս են անիծում, կոնսերվատորիայում ստիպված եմ լինում 3 ժամ հերթ կանգնել, որ 2 ժամ պարապեմ, իսկ հետո տուն եմ վերադառնում 11:30-ին... Վազվոցը շատ է, իսկ հանգիստ ստեղծագործ աշխատանքը, որ ոչինչ չխանգարի և չշեղի՝ քիչ: Ինձ ուղղակի պարապելու հնարավորություն է պետք, առանց խանգարիչների, որ լիարժեք միայնության և լռության հնարավորություն ունենամ (չլսեմ ամեն կողմից, թե հարևանները ինչպես են գոռգռում):

Այսօր արթնացա և հասկացա, որ փողոց դուրս գալ չեմ կարողանա։ Ես չգիտեմ, թե որտեղից է դա գալիս, ուղղակի ինչ որ բան է իջնում վրաս։ Երեկ ես ինձ հոյակապ էի զգում։ Փորձեցի ինչ որ կերպ այս վիճակիս հետ պայքարել՝ սուրճ եփեցի, իմ սիրած երաժշտությունը միացրեցի, մտածեցի, որ հիմա մի փոքր կցրվեմ և կգնամ կոնսերվատորիա։ Բայց միանգամից պատկերացրեցի ինձ մետրոյի մոտ կանգնած և հասկացա, որ ոչ մի գնով այսօր չեմ գնա։ Զանգահարեցի բոլորին, տեղափոխեցի բոլոր հանդիպումներս և փորձերս վաղվա՝ հաստատ որոշելով, որ այսօր դուրս չեմ գալու։ Բայց զանգահարեց մորս գործընկերը և ասաց, որ պետք է մորս աշխատավայր գնալ (նա հավելյալ աշխատում է հարևան փողոցում՝ կոնսյերժ) և նրան տեղյակ պահել, որ վաղը պետք է հիմնական աշխատանքի դուրս գա։ Մոտ երկու ժամ ես միայն մտքերս էի հավաքում՝ երաժշտություն լսելով և մի երեք գավաթ սուրճ խմելով։ Վերջապես գնացի։ Ինչպես ես քայլեցի փողոցում և հետո ինչպես մտա խանութ՝ նկարագրել եմ վերևում։ Ես դա գրում էի հիշելով այսօրվա տպավորությունները։ Մեկ էլ կարող եմ ավելացնել թուլության սարսափելի զգցողությունս՝ գլուխս պտտվում էր և ցանկություն կար արագ տուն գալ և ոչ-ոքի չհանդիպել։

Այս խնդիրը առաջին անգամ ի հայտ եկավ անցած գարնանը։ Սա վախ է մարդկանցից։

Ինձ հետ առաջ էլ ինչ-որ իրադարձություններ կատարվել էին, ուղղակի այս խնդիրը հավանաբար ամփոփեց այդ ամենը՝ առաջացավ հոգնածությունից։ Իրադարձություններ արդեն չկան, բայց ուժ էլ չկա։

Երեք տարի առաջ, օնկոլոգիական հիվանդությունից մահացավ հայրս։ Նույն տարում ես ընդունվեցի կոնսերվատորիա և մենք՝ մորս հետ միասին տեղափոխվեցինք ապրելու այս սարսափելի քաղաքը։ Հորս չլինելու հետ առաջացավ անօգնականության զգացողություն, որը ավելի սրացրեցին հարևանների և տանտերերի հարբած ծանոթների գիշերային զանգերը, ովքեր սպառնում էին սպանել ինձ (ես գիշերները մենակ եմ լինում, քանի որ մայրս գիշերային հերթափոխով է աշխատում)։ Հարևանների զանգերը սկսում էին հենց որ ես նստում էի դաշնամուրի առաջ։ Առաջ, երբ ես Չերնիգովում էի ապրում, ինձ շրջապատում էին բարի մարդիք, մենք լավ մուտք ունեինք և ես գիտեի, որ կարիքի դեպքում հայրս ինձ հաստատ կպաշտպանի։ Այստեղ մարդիք իրենք իրենցով չար են։ Վերջերս հարևաններից երկու եղբայրներ իրար դանակահարեցին։ Այդ նույն հարևանները խոսք էին տվել թաղել ինձ և կոտրեցին իմ պատուհանը (դա աշնանն էր, երբ ես դեռ փորձում էի տանը պարապել)։ Հորս կորուստը, իմ կողքը հավաքված չարության ահռելի քանակը իմ մեջ ճնշվածության զգացողություն առաջացրեցին։ Բայց իմ բախտը բերեց՝ ես առաջին անգամ ծանոթացա ռոք երաժշտության հետ և իմ այդ նոր տարվածությունը օգնում էր ինձ դժվարությունները հաղթահարել։ Բայց հետո, ռոք երաժշտությունը սկսեց չօգնել։ Սկսեց առաջանալ հակառակ էֆեկտ՝ ես այլևս չէի կիրառում ռոք երաժշտությունը կյանքում և չէի փորձում պայքարել, այլ ընդհակառակը՝ ռոք երաժշտությունը դառավ իմ իրականությունը և ուղղակի չէի ուզում ոչինչ անել՝ չէի ուզում բնակարանից դուրս գալ։ Ուղղակի ուզում էի միշտ մնալ այդ հորինված իրականության մեջ՝ նստել ու երաժշտություն լսել։ Այդ ժամանակ էլ առաջացավ այս պրոբլեմը։

Ես փորձում եմ ինչ-որ ձևով անջատվել մարդկանցից, սկսել ուրիշ բաների մասին մտածել, մտքումս ինչ-որ երաժշտություն եմ երգում։ Իսկ եթե ազնիվ լինեմ՝ կասեմ, որ եթե «հրդեհային» կարիք չլինի տնից դուրս գալու, ես ուղղակի կնստեմ տանը և կսպասեմ, մինչև այդ իրավիճակը անցնի։ Ես ընդհանրապես իներտ մարդ եմ։ Իմ համարյա բոլոր խնդիրները լուծում եմ այդ կերպով։

Պատասխան՝

Հարգելի X։

Ձեր ամբողջ պատմության մեջ ինձ անհանգստացնում է այն փաստը, որ դուք ոչ մի բառ չեք ասում Ձեր ընկերների և ընկերուհիների մասին։ Դուք այն տարիքում եք, որ Ձեր կյանքի մեծ մասը պետք է զբաղված լինի ընկերներով։

Էվոլյուցիայի կանոններից ելնելով, բոլոր աղջիկները, իրենց կյանքի ինչ-որ մի շրջանում, կորցնում են իրենց առաջին պաշտպանին (հորը) և Ձեռք են բերում նոր պաշտպան՝ ԸՆԿԵՐՈՋԸ, ով հետագայում դառնում է նրանց ամուսինը։

Իսկ Դուք փորձե՞լ եք գտնել։

Ես կարծում եմ, որ Դուք սովորում եք Կիևի ամենացիվիլ ԲՈւՀերից մեկում, որտեղ գտնել Ձեզ նման մտածող մարդիք՝ դժվարություն չի ներկայացնի։ Փորձեք գտնել նրանց և կիսվել Ձեր ընկերոջ հետ Ձեր խնդրով։ Ազատ եղեք։

Ես խորհուրդ կտայի, որ դիմեիք հոգեբանի խորհրդատվությանը՝ տետ-ա-տետ։ Կարծում եմ, որ բազմաթիվ նրբություններ կլինեն, որը Դուք չեք հասցրել նկարագրել նամակում ու դրանց քննարկումը ավելի բացահայտ ու դյուրին կդարձնի Ձեր խնդրի լուծումը։

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: