ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՔԱՅԼ 3: ՁՄԵՌ

Անհետանում են զարմանալու և զգալու ընդունակությունները: Դեռևս որոշ բաներ զարմացնում են: Զարմացնում է այն, որ մարդիկ կարող են իրար հետ ինչ-որ բանի մասին խոսել: Նրանց հետաքրքիր է ապրելը, նրանք ինչ-որ բաներ են ուզում իմանալ, ինչ-որ բաներ են փոխում, ձգտումներ ունեն և անում են հարյուրավոր ուրիշ տարբեր բաներ: Նրանք շարժվում են բռնկված կյանքի հոսքով նույնիսկ չմտածելով այդ մասին: Նրանք գիտեն ինչ անել, ինչպես ապրել, ուր շարժվել:

Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում:

Երբ ես նայում եմ նրանց առաջանում է թերիության զգացողություն և ափսոսանք, որ ես էլ այդպիսին չեմ ինչպես նրանք: Նախանձ եմ զգում: Սև-սև իմ հոգու պես: Շրջապատից ոմանք փորձում են ներթափանցել իմ կյանք և ինձ օգնության ձեռք մեկնել, սակայն ես ուժ չունեմ պատասխան ձեռք մեկնելու: Ուժ չկա:

Ուժ չկա: Հասկանում ես, որ ցանկացած, նույնիսկ ամենահասարակ շարժման մեջ մարդը ուժ է ներդնում: Ոգու: Հոգու: Կամքի: Որտեղի՞ց վերցնել այդ ուժը: Կարծես լինեմ կյանք տվող հողից կտրված Ատլանտը, զգում եմ ինձ անօգնական և դատարկ:

Եվ գիտես այդ քածը արդեն լուրջ վերափոխումներ է կատարել ամենուր՝ տանը, փողոցում, նույնիսկ ներսումս: Նա ամեն ինչը ներկել է իր գույներով: Պատերը՝ սև, երկինքը՝ մոխրագույն, սիրտդ՝ խամրած: Իսկ հոգին փտած ձվի պես գցել է հատակին և երբ քայլում եմ նրա կեղևը միշտ ճռճռում է ոտքերիս տակ: Իսկ միգուցե դա իսկապես փտած ձու է: Ով գիտե, չէ որ գիշերը մութ է, իսկ ցերեկը ավելի մութ:

Ժամացույցի մեխանիկական սիրտը անտարբեր ծամծմում է ժամանակը: Քունքերում արյունը բարձր-բարձր բաբախում է: Թըխկ-թըխկ: Դա քո քայլերն են: Դու միշտ թափառում ես կողքիս այ քած: Թըխկ-թըխկ՝ դու հերթական մեխն ես խփում իմ կափարիչի մեջ: Ես գիտեմ, որ այլևս չեմ փրկվի:

Ամենամեծ պրոբլեմը՝ սեփական ժամանակը ինչ-որ բանով լցնելն է: Շատ բաներ դառնում են անիմաստ և անհասանելի: Եվ նրանից հետո երբ ես ստիպված էի թողնել հերթական աշխատանքս, ժամանակս չափից շատ է: Թվում է թե զբաղվիր ինչով ուզում ես՝ կարդա, հեռուստացույց դիտիր, զբոսնիր, հոգեպես կատարելագործվիր: Դա իրոք այդպես է և կոմֆորտի վիճակում թվում է, որ միշտ կարելի է լրացնել այդ ժամանակը: Ինչո՞վ: Ախր ինչով ասես: Չկա ոչ մի պրոբլեմ: Բայց այնտեղ: Այնտեղ ամեն ինչ այլ կերպ է: Այնտեղ ուրիշ իրականություն է, ուրիշ օրենքներ և ստիպված ես ապրել այդ օրենքներով: Եվ նորից ժամանակը ձգվում է անվերջ: Նա կանգ է առել: Հիմա և միշտ մշտենջենական ձմեռ է: