ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ապակե աչքը»

Մի անգամ, մի բավականին հարուստ ու փառասեր երիտասարդ ջենտլմենի հետ սարսափելի դժբախտություն տեղի ունեցավ՝ որսի ժամանակ նա զրկվեց աչքից: Այդ տխուր իրադարձությունից շատ չանցած նա որոշում ընդունեց ձեռք բերել աշխարհի ամենալավ աչքի պրոթեզը: Այդ արհեստական աչքը, ինչպես նա հույս ուներ, պետք է դառնար ամեն առումներով իրեն արժանի — իր հարստությանը, իր գեղեցկությանը և իր պանծալի անունին:

Եվ այսպես, մաքուր բյուրեղապակուց և չքնաղագույն էմալից գլուխ-գործոցը պատրաստված էր: Ակնաբիբի մշուշե խորությունը թավշյա էր թվում, իսկ ծիածանաթաղանթի մուգ կանաչի վրա փայլփլում էին ոսկե կայծերը։ Երիտասարդ հարուստը զննում էր իր արհեստական աչքը, իր բազմաթիվ հայելիներից մեկ մեկի, մեկ էլ մյուսի մեջ, ու աչքն այնքան էր իրան դուր գալիս, որ նա պատրաստ էր կրկին իր վրա սիրահարվել։

Դրանից հետո նա փորձեց հասկանալ մարդկանց տպավորությունը ու իր մոտ կանչեց  իր ամենամոտ ընկերոջը՝ հետկեսօրյա թեյի։ Նրա հետ զրուցելով, երիտասարդը առանց կասկածի սպասում էր, գովեստների ու հաճոյախոսությունների տարափ ստանալմիր նոր ձեռքբերման պատրվակով, բայց հասկանալով, որ այդ առիթով իր ընկերը չի շտապում, նրա ճակատին հարցրեց, թե ինչպիսին է իր նոր աչքը։ Բայց ավաղ, մանրակրկիտ զննումից հետո, իր ընկերը ոչ մի ոգևորություն չարտահայտեց՝

— Դե, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, — տատանվելով ասաց նա, — լավ տեսք ունի, բարեկամս։ Կարելի է խիզախորեն պնդել, որ իրը գեղեցիկ է ու ամենայն հավանականության իր տիպի մեջ լավագույնը։

— Աստված իմ, — բացականչեց հարուստը։ — Մի՞թե բացի դրանից ասելու բան չունես։ Երևում է այս տիպի գործերում դու լիակատար տգետ ես։ Մի՞թե քեզ չի ցնցում նրա բնականությունը։ Ինչ վերաբերվում է ինձ, ապա Աստված վկա, ես այն համարում եմ ուղղակի չքնաղ — կատարված այնքան նուրբ, որ դժվար է տարբերել այն՝ իրականից։ Դե, մի ծուլացիր, խնդրում եմ, մեկ անգամ էլ նայր, համեմատիր իմ երկու աչքն ու ասա ազնվորեն, կարո՞ղ ես հասկանալ, թե որն է երկուսից արհեստական։

Բայց ի լիակատար զարմանքի երիտասարդ հարուստի, նրա ընկերը հեշտությամբ ու առանց փոքր տատանման, վայկենական գտավ արհեստական աչքը։ Հարցին, թե ինչպես նա կարողացավ այդքան արագ հասկանալ, ընկերը ոչ առանց միամտության պատասխանեց՝

— Նրանից, որ համեմատած իրականի հետ, արհեստականը շատ ավելի գեղեցիկ է։

— Հա, — սրտնեղած բացականչեց երիտասարդը։ — Միգուցե դու ճիշտ ես, բայց իրական պատճառը դրանում չէ։ Դու տարբերակեցիր մեկը նյուսից, ուղղակի այն պատճառով, որ նախապես գիտեիր թե հենց որ աչքն եմ ես կորցրել այն անիծված որսի ժամանակ։ Իսկ որպեսզի վերջնականորեն քեզ համոզեմ, ես առաջարկում եմ իմ հետ միասին քայլել փողոցներով ու մի փոքրիկ փորձ կատարել։ Ինչպե՞ս ես վերաբերվում այսպիսի գաղափարին։ Մենք կկանգնեցնենք առաջին հանդիպածին ու կխնդրենք ցույց տալ, թե իմ երկու աչքերից որն է ապակյա։

Այդ ջենտլմենական գրազը կնքելուց հետո, ընկերները դուրս եկան փողոց։ Մոտակա պատին թինկ էր տվել մի ցնցոտիավոր աղքատ — այն խեղճերից, ովքեր այնքան են հիասթափված են իրենց մեջ, որ հարուստ մարդ տեսնելուց նույնիսկ չեն խիազխում նրանից ողորմություն խնդրել։ Աղքատի տեսքն այնքան խղճուկ էր, որ հարուստի ընկերը նրա նկատմամբ կարեկցանք զգաց։

Երիտասարդ հարուստը ալարկոտ քայլով ուղղվեց այնտեղ, որտեղ կանգնած էր աղքատը ու չափազանց ողորմածությամբ հարցրեց նրան, թե արդյո՞ք չի ուզում նա մեկ կրոն վաստակել։

— Մեկ կրո՞ն սըր, — կրկնեց հարցը աղքատը։ — Ինձ այն շատ պետք կգար, քանի որ, եթե ճիշտն ասեմ, ես արդեն չեմ հիշում թե երբ եմ կերել։

Բացատրելով աղքատին թե ինչ է նրան սպասվում անել, հարուստ երիտասարդ ջենտլմենը, կիպ մոտեցավ նրան, անփութորեն նրա ձեռքը մտցրեց մեկ կրոնը ու զգուշացրեց՝

— Կարող ես չշտապել, նայիր այնքան, որքան անհրաժեշտ է։ Իսկ երբ հանելուկը կլուծես, կասես ինձ, թե իմ որ աչքն է ապակե։

Բայց աղքատը երկար չմտածեց։ Մի երկու վայրկյան դանդաղելով նա ցույց տվեց պրոթեզը։ Հարուստը, ապշած ընկրկելով հարցրեց աղքատին, թե ինչպես նա այսպես արագ հաղթահարեց հանելուկը։

— Հանդգնություն չհամարեք, սըր, բայց ձեր հանելուկը շատ հեշտ է, — պատասխանեց աղքատը։ — Միայն ձեր ապակե աչքի մեջ ես նկատեցի մի բան, որը խղճահարության է նման։

Օսկար Ուայլդ

 
 

Այժմ կայքը դիտում են 297 հյուր