ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Երիտասարդ Արքան»

Թագադրման օրվան նախորդող երեկոյան, երիտասարդ Արքան մենակ նստած էր իր հոյակապ ննջարանում։ Պալատականներն արդեն հեռացել էին, համաձայն այն ժամանակների խստաբարո սովորույթների, ցածր խոնարհվելով, ու վերադարձել էին Մեծ Պալատական Դահլիճ, որպեսզի վերջին հանձնարարությունները ստանան Պրոֆեսոր Էթիկետից՝ ախր նրանցից որոշները դեռ չէին կորցրել շարժուձևերի բնականությունը, իսկ հիշացնելու կարիք չկա, որ պալատականների մոտ դա լուրջ արատ է։

Պատանուն — իսկ Արքան պատանի էր, ում տասնվեց տարեկանը նոր էր լրացել — չէր տխրեցրել պալատականների հեռանալը՝ թեթևացած հոգոց քաշելով նա թինկ ընկավ շքեղ մահճակալի փափուկ բարձերի վրա, բերանը կիսաբաց արեց ու վախվորած աչքերով իր առջև նայեց, թխադեմ անտառային ֆավնի կամ երիտասարդ գազանի նման ով ընկել է որսորդների լարած թակարդը։

Իրականում նրան որսորդներն էին գտել, պատահաբար հանդիպելով պատանուն, երբ նա բոբիկ ու սրինգը ձեռքին, այն աղքատ հովվի հոտն էր քշում, ով իրեն մեծացրել էր ու ում որդին նա միշտ իրեն համարել էր։ Ծեր Արքայի միակ դստեր որդին, ով ծնվել էր իրենից շատ ցածր մակարդակի մարդու՝ օտարերկրացու հետ կապից, ով, ինչպես ասում էին որոշ մարդիկ, իր ջնարի կախարդական հմայքներով արժանացել էր երիտասարդ Արքայադստեր սիրուն, կամ ինչպես ասում էին մյուսները, ով նկարիչ էր Ռիմինիից, ում Արքայադուստրը շատ, միգուցե չափից ավելի շատ ուշադրություն էր հատկացրել և ով անսպասելիորեն անհետացել էր քաղաքից այդպես էլ չավարտելով Տաճարի որմնանկարները — նա, երբ մի շաբաթական էր, առևանգվել էր մորից, երբ նա քնած էր ու տրվել էր մի հասարակ գյուղացու և իր կնոջ խնամքին, ովքեր իրենց երեխաները չունեին ու ապրում էին խուլ անտառում, քաղաքից ավելի քան մեկ օր անցնելու հեռավորության վրա։ Արթնանալուց մեկ ժամ հետո, նրան ծնող սպիտակամազ աղջիկը մահացավ վշտից, կամ ժանտախտից, ինչպես պնդում էր պալատական բժիշկը կամ էլ կայծակնային իտալական թույնից, որը խառնած էր համեմունքներով գինու մեջ, ինչպես խոսում էին մարդիկ ու մինչ հավատարիմ սուրհանդակը, ով տարել էր մանկիկին իր թամբին դրած իջավ իր փրփապատ ձիուց ու ծեծեց հովվի խրճիթի կոպտորեն մեխած դուռը, Արքայադստեր մարմինը իջեցրեցին գերեզման, որը փորվել էր քաղաքի դարպասներից դուրս գտնվող լքված գերեզմանոցում, գերեզման, որտեղ, ինչպես պատմում են արդեն հանգչում էր մի պատանու մարմին, ով օժտված էր հարաշգեղ օտարերկրյա գեղեցկությամբ, մեջքի հետևում կապված թևերով ու գունազարդած ալ դաշույնային վերքերով կրծքով։

Այդպես էին, ամեն դեպքում, պատմում ասեկոսները։ Իսկ իրականությունը այն է, որ մահվան մահճի մեջ, ծեր Արքան կամ խոստովանել էր իր մեծ մեղքը կամ էլ ուղղակի ուզեցել էր թագավորությունը թողնել իր ժառանգներին ու ուղարկել էր պատանու հետևից ու Խորհրդի ներկայությամբ նրան հայտարարել իր ժառանգորդ։

Ու թվում էր, թե առաջին ակնթարթից էլ պատանին ցուցաբերել էր գեղեցիկի նկատմամբ հենց այն կրքի նշանները, որին էլ նախասահմանված էր այդքան ուժեղ ազդել նրա կյանքի վրա։ Նրանք, ովքեր ուղեկցում էին պատանուն նրա համար հատկացված հանգիստ, բազմաթիվ անգամներ պատմել էին այն մասին, թե ինչպես նրա շուրթերից պոկվեց ուրախության գոռոցը, երբ նա տեսավ իր համար պատրաստված նրբագեղ հագուստները ու թանկարժեք քարերը և այն մասին, թե ինչպիսի, համարյա կատաղի բավականությամբ նա իր վրայից նետեց կոպիտ կաշվե պատմուճանն ու բւդյա թիկնոցը։ Ճիշտ է, երբեմն նա կարոտում էր անտառի կյանքի ազատությանը, և նա, լինում էր, որ նյարդայնանում էր տաղտկալի պալատական արարողություններից, որոնք ամեն օր նրանից այդքան ժամանակ էին խլում, բայց հոյակապ պալատը — կամ, ինչպես այն անվանում էին՝ «Joyeuse»-ը (ֆրանսերեն՝ ուրախ, երջանիկ), — որի տերը դարձել էր պատանին, իրեն ներկայանում էր որպես նոր աշխարհ, կարծես հատուկ ստեղծված բավականության համար ու հենց նա փախչում էր Խորհուրդի նիստից կամընդունելությունից, նա վազում էր վառ ծիրանաքարերից ու կողքերին բրոնզե առյուծներով լայն աստիճաններով սանդուխքով ու թափառում սենյակների ու պատկերասրահների սենեկաշրքերով, կարծես թե փորձելով գեղեցկությամբ փոքրացնել ցավն ու բուժել հիվանդությունները։

Այդ, ինչպես հենց ինքը ասում էր, խորհրդավոր դեգերումներում — քանի որ իրականում նրա համար դրանք ճանապարհորդություններ էին կախարդական աշխարհում — նրան երբեմն ուղեկցում էին սլացիկ ու շիկահեր պալատական մանկլավիկները իրենց ծածանվող թիկնոցներով ու գունագեղ ծածանվող ժապավեններով, բայց ավելի հաճախ, նա թափառում էր մենակ, մի ինչ-որ սուր բնազդով, համարյա լուսավորվածությամբ հասկանալով, որ արվեստի գաղտնիքները պետք է ճանաչել գաղտնի և որ Գեղեցկությունը՝ Իմաստության նման, սիրում է, երբ իրեն խոնարհվում են մենության մեջ։

Շատ հանելուկային բաներ էին պատմում նրա մասին այն ժամանակ։ Ասում էին, որ քաջակորով Քաղաքագլուխը, ով եկել էր նրա մոտ, որպեսզի բարձրաձայնի քաղաքացիների կողմից բյուզանդական ողջունը, պատանուն տեսել է Վենետիկից հենց նոր ուղարկած մի նկարի դիմաց, իսկական հիացմունքով ծունկի իջած և դա թվում էր թե ազդարարում էր նոր աստվածների երկրպագություն։ Մի ուրիշ անգամ նա մի քանի ժամով անհետացավ ու տևական փնտրտուքից հետո նրան գտան ամրոցի հյուսիսային աշտարակներից մեկի սենյակներից մեկում, որտեղ նա քարացած հմայվում էր Ադոնիսի պատկերով հունական քանդակաքարով։ Խոսակցությունները պատմում էին, որ տեսել են թե ինչպես է նա տաք շուրթերով հպվել անտիկ արձանի մարմարե ճակատին, որի վրա գծագրված էր Վիֆինյան ստրուկի անունը, որը պատկանում էր Ադրիանին և որը գտել էին գետի հատակին, քարե կամրջի շինարարության ժամանակ։ Մի ամբողջ գիշեր նա անցկացրեց հետևելով թե ինչպես է լուսնի լույսը խաղում Էնդիմիոնի արծաթե դեմքի վրա։

Այն ամենը, ինչ հազվադեպ էր ու թանկարժեք, մշտապես գրավում էր պատանուն ու հազվադեպ բաների փնտրտուքով նա ճանապարհ էր ուղարկում բազմաթիվ վաճառականների՝ մեկին — հյուսիսային ծովերի կոպիտ ձկնորսների հետ սաթի առևտուր անելու, մյուսներին — Եգիպտոս, փնտրելու այն արտասովոր կանաչ փիրուզը, որը գտնվում է միայն փարավոնների գերեզմաններում ու ասում են թե ունի հարաշագործ հատկություններ, երրորդներին — Պարսկաստան, մետաքսե խալիների ու նկարազարդ սպասքի հետևից, մյուսներին էլ — Հնդկաստան, շղարշ ու նկարազարդ փղոսկրի, լուսնաքարերի ու նեֆրիտե ապարանջանների, սանդալի, լազուրե արծնապակու ու բարակ բրդե շալերի հետևից։

Բայց ամենաշատը նրան հետաքրքրում էր իր հագուստը, գործած ոսկուց, որը նախատեսցած էր թագադրման համար, սուտակներով զարդարած թագն ու գայիսոնը, պատված մարգարիտների շերտերով ու շրջանակներով։ Հենց այդ մասին էր նա մտածում այդ երեկո, պառկած իր շքեղ մահճակալի մեջ ու նայելով թե ինչպես է բուխարու մեջ այրվելով ավարտվում սոճու ծղանը։ Շատ ասմիսներ առաջ էին նրան հանձնել այն ժամանակների հանրահայտ նկարիչների կատարած էսքիզները և նա կարգադրել էր, որ արհեստավորները, գիշեր-ցերեկ աշխատեն իր հանդերձանքի վրա ու որ ամբողջ աշխարհից փնտրեն իր աշխատանքին համապատասխան թանկարժեք քարեր։ Նա պատկերացնում էր իրեն Տաճարի բարձր զոհարանի առջև, չքնաղ արքայական հանդերձանքով ու նրա մանկական շրթունքներին երկար խաղում էր ժպիտը, լուսավորելով վառ փայլով նրա մուգ անտառային աչքերը։

Մի փոքր անց նա վեր կացավ, հենվելով բուխարու վերևի փորագրած դարակի վրա, հայցքն անցկացրեց կիսամութի մեջ ընկղմված ննջարանով։ պատերին կախված էին թանկ գոբելեններ, որոնք պատկերում էին Գեղեցկության Հանդեսը։ Անկյունում մի մեծ պահարան էր կանգնած, դրվագազարդած ագաթով և դժոխաքար-լազուրով իսկ պատուհանի դիմաց գտնվում էր հազվագյուտ աշխատանքի ցածր պահարանը, լաքե պաննոյով, զարդարված ոսկե փայլերով ու մոզաիկայով, որի վրա տեղադրված էին վենետիկե ապակուց փխրուն գավաթները ու մուգ երակներով եղեգնաքարե գավաթը։ Մահճակալի վրայի մետաքսե ծածկոցը ասեղնագործված էր գունատ կակաչներով, որոնք կարծես թե չէին կարողացել պահել քնի թուլացող ձեռքերը և փորագրած փղոսկրի սլացիկ եղեգնափայտերը պահում էին թավշե ամպհովանին իսկ նրա վերևում, սպիտակ փրփուրի նման բարձրանում էին ջայլամի փետուրները, հասնելով գունատ-արծաթե ծեփած առաստաղին։ Կանաչավուն բրոնզից ծիծաղող Նարցիսը իր գլխավերևում պահում էր փայլեցված հայելին։ Սեղանի վրա դրված էր հարթ մեղեսիկե գավաթը։

Պատուհանից բացվում էր տեսարան Տաճարի ահռելի գմբեթի վրա, որը հսկայական գնդի պես կախված էր ուրվականակերպ տների, ու տեռասով առաջ ու հետ քայլող հոգնած ժամապահների վրա, որոնք հազիվ նկատելի էին գետի մշուշի մեջ։ Պատանին ճակատից ետ տարավ մուգ մազաբունջը, վերցրեց ջնարն ու դիպավ մատերով լարերին։ Նրա ծանրացած կոպերը փակվեցին ու նրան տիրեց տարօրինակ հոգնությունը։ Նախկինում երբեք նա չէր զգացել այսպիսի սուր ու ուրախությամբ նրբացած՝ չքնաղ իրերի խորհրդավորություն ու կախարդություն։

Երբ աշտարակի ժամացույցը կեսգիշերը խփեց, նա ձեռքով դիպավ զանգակին ու ներս մտան իր մանկլավիկներն ու արարողության համաձայն, հանեցին նրա հագուստները ու նրա ձեռքերը ցողեցին վարդաջրով ու բարձի վրա ծաղիկներ փռեցին։ Հետո նրանք դուրս եկան ննջարանից ու մի քանի վայրկյան անց, պատանին քնեց։

Նա քնեց ու երազ տեսավ և ահա թե ինչ տեսավ նա երազում։

Նա երազում տեսավ, որ ինքը — տոթ արհեստանոցի տանիքի տակ է ու շուրջ բոլորը աղմկում և շխկշխկացնում են բազմաթիվ ջուլհակի հաստոցներ։ Վտիտ լույսը թափանցում էր վանդակապատ պատուհաններից ներս, ու դրա փայլի տակ Արքան տեսնում էր հաստոցների վրա կռացած հյուծված ջուլհակների։ Գունատ, տեսքից հիվանդ երեխաները, կուչ եկած նստած էին հաստոցների հաստ դարձեկի վրա։ Երբ մաքոքը տեղից դուրս էր թռչում, երեխաները բարձրացնում էին ծանր ձողաքանոնները ու երբ մաքոքները կանգ էին առնում, նրանք իջեցնում էին ձողաքանոններն ու ուղղում թելերը։ Սովից, երեխաների այտերը ներս էին քաշված իսկ նիհարած ձեռքերը ցնցվում էին ու դողում։ Սեղանի առջև նստած էին մի քանի հյուծված կին ու կար էին անում։ Հրեշավոր հոտ էր կանգնած արհեստանոցում։ Օդը ծանր էր ու անառողջ, իսկ բորբոսնած պատերից խոնավություն էր ներծծվում։

Երիտասարդ Արքան մոտեցավ ջուլհակներից մեկին, ու կողքին կանգնելով նայեց նրա վրա։

Եվ ջուլհակը զայրացած նայեց պատանուն ու ասաց՝

— Ինչու՞ ես հետևում ինձ։ Հո լրտե՞ս չես, տիրոջ կողմից մեզ կցված։

— Ո՞վ է քո տերը, — հարցրեց երիտասարդ Արքան։

— Տե՞րը, — բորբոքված բացականչեց ջուլհակը։ — Նա այնպիսի մարդ է ինչպես ես։ Իրականում մեր միջև տարբերությունը միայն նրանում է, որ նա լավ հագուստ է կրում, իսկ ես ցնցոտիներով եմ ման գալիս, որ ես սովից թուլացած եմ, իսկ նա արդեն տառապում է շատակերությամբ։

— Մեր երկրում բոլորն ազատ են, — ասաց երիտասարդ Արքան, — ու դու ստրուկ չես։

— Պատերազմում, — պատասխանեց ջուլհակը, — ուժեղը ստրկացնում է թույլին բայց երբ խաղաղություն է տիրում, հարուստը ստրկացնում է աղքատին։ Մենք աշխատում ենք, որ գոյատևենք, բայց մեզ այնքան քիչ են վճարում, որ մենք մահանում ենք։ Օրերով մենք աշխատում ենք հարուստների համար, և նրանք իրենց սունդուկները ոսկով են լցնում ու մեր երեխաները թոռոմում են ժամանակից շուտ ու սիրելիների դեմքերը դաժանանում են ու խստանում։ Մենք խաղող ենք ճմռում, բայց գինին խմում են ուրիշները։ Մենք հաց ենք ցանում, բայց մեր սեղանները դատարկ են։ Մեր վրա շղթաներ կան, բայց ոչ ոք դրանք չի տեսնում։ Մենք ստրուկներ ենք, բայց կոչվում ենք ազատ։

— Բոլո՞րն են այդպես ապրում, — հարցրեց երիտասարդ Արքան։

— Բոլորն են այդպես ապրում, — պատասխանեց ջուլհակը, — երիտասարդներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ, փոքրիկ երեխաներն ու ծերունիները։ Մեզ թալանում են վաճառականները, բայց մենք ստիպված համաձայնվում ենք նրանց գներին։ Քահանան մեր կողքով է անցնում, համրիչը ձեռքում պտտացնելով ու ոչ մեկը մեզանով չի հետաքրքրվում։ Մեր, արև չտեսնող նրբանցքները, իրենց սոված աչքերը չռած անցնում է Աղքատությունն ու հարբածությունից անզգամ դեմքով Մեղքը հետևում է նրան։ Բայց դե քեզ ի՞նչ։ Դու մեզանից մեկը չես։ Քո դեմքը շատ ուրախ է։

Եվ ջուլհակը շուռ եկավ ու մաքոքն անցկացրեց հիմքով ու երիտասարդ Արքան տեսավ, որ նրա թեզան — ոսկեթել է։ Ու մեծ վախը համակեց իրեն ու ասաց նա ջուլհակին՝

— Ի՞նչ հանդերձանք ես դու գործում։

— Սա երիտասարդ Արքայի թագադրման հանդերձանքն է, — պատասխանեց ջուլհակը։ — Քեզ դրանից ի՞նչ։

Ու երիտասարդ Արքան բարձր գոռոց արձակեց ու արթնացավ։ Ու ահա նա կրկին պառկած է իր ննջարանում ու նայելով պատուհանից տեսավ մեղրաբույր լուսնին որը կախված էր մռայլ երկնքում։

Ու նա կրկին քնեց ու երազ տեսավ և ահա թե ինչ նա տեսավ իր երազում։

Երազում նա տեսավ, որ պառկած է մի ահռելի գալերայի տախտակամածին, որը շարժման մեջ է մտնում հարյուրավոր ստրուկ-թիավարների շնորհիվ։ Նրա կողքին, խալու վրա նստած էր գալերայի կապիտանը։ Նա եբենոսափայտի պես սև էր ու նրա չալման ալ մետաքսից էր։ Մեծ արծաթե ականջողերը ներքև էին ձգում նրա ականջների բլթակները ու նրա ձեռքում փղոսկրե կշեռք էր։

Ստրուկների վրա միայն հնամաշ ազդրերը ծածկող փաթաթաշոր էր ու նրանցից յուրաքանչյուրը շղթայված էր իր հարևանին։ Գալերայի վրա այրում էր շոգ արևը իսկ ստրուկների միջև վազվզում էին նեգրերն ու մտրակում նրանց հումամշակ գոտիներով։ Ստրուկները լարում էին իրենց տկար ձեռքերը ու ծանր թիակները ընկղմում ջրի մեջ։ Թիակներից ցայտում էին աղի ցայտեր։

Վերջապես հասնելով փոքրիկ ծովախորշի, նրանք սկսեցին խորությունը չափել։ Թեթև քամին փչում էր ծովի կողմ ու ծածկում տախտակամածն ու մեծ լատինական առագաստը մանր կարմիր փոշով։ Սրարշավ մոտեցան երեք արաբ, վայրի ավանակներով ու նիզակներ նետեցին նրանց վրա։ Գալերի կապիտանը բարձրացրեց գույնզգույն աղեղը ու նրա նետը խոցեց արաբներից մեկի կոկորդը։ Վերջինս երեսնիվայր ընկավ ալիքների վրա, իսկ նրա ընկերները սրարշավ հեռացան։ Դեղին չադրայով կինը, ուղտի վրա նստած, դանդաղ գնաց նրանց հետևից, անընդհատ հետ նայելով մեռած մարմնի վրա։

Հենց խարիսխը գցվեց ու առագաստը իջեցվեց, նեգրերը իջան նավամբար ու այնտեղից հանեցին երկար պարանե սանդուղքը, ծանր արճճե ծանրոցներով։ Գալերայի կապիտանը սանդուղքը նետեց նավակողից ներքև ու նրա ծայրը ամրացրեց երկու երկաթե կանգնակներից։ Հետո նեգրերը բռնեցին ամենաերիտասարդ ստրուկին ու նրա ոտքերից հանեցին շղթաները ու նրա քթանցքներն ու ականջները ամուր փակեցին մոմով ու նրա գոտուն ծանր քար կապեցին։ Ստրուկը դանդաղ իջավ սանդուղքով ու անհետացավ ծովի մեջ։ Այն վայրում, որտեղ նա ընկղմվել էր ջրի մեջ, օդի պղպջակներ բարձրացան։ Մյուս ստրուկները հետաքրքրասիրությամբ նայում էին նավակողից դուրս։ Գալերի քթին նստել էր շնաձկների կախարդն ու միալար խփում էր իր թմբուկը։

Մի որոշ ժամանակ անց, սուզորդը երևաց ջրից, ծանր շնչելով կառչեց սանդուղքից ու աջ ձեռքում նա մարգարիտ էր պահում։ Նեգրերը խլեցին այն ու ստրուկին հրեցին կրկին ջուրը։ Մյուս ստրուկները ննջում էին թիակների մոտ։

Սուզորդը կրկին ու կրկին հայտնվում էր ու ամեն անգամ նա չքնաղ մարգարիտ էր բերում։ Գալերի կապիտանը կշռում էր մարգարտահատիկներն ու թաքցնում այն կանաչ կաշվից դրամապանակում։

Երիտասարդ Արքան ուզում էր խոսել, բայց նրա շրթունքները իրեն չէին ենթարկվում իսկ լեզուն թվում էր, թե կպած է քիմքին։ Նեգրերը շաղակրատում էին միմյանց հետ, վիճում էին գույնզգույն ուլունքների շարի համար։ Երկու կտունկ շրջապտույտ թռչում էին նավակի վրայով։

Հետո սուզորդը հայտնվեց վերջին անգամ ու նրա բերած մարգարիտը ավելի գեղեցիկ էր, քան Օրմուզի բոլոր մարգարիտները, քանի որ այն նման էր լուսնի ու թվում էր առավոտյան աստղից ավելի սպիտակ։ Բայց սուզորդի դեմքը տարօրինակության աստիճանի սպիտակ էր ու երբ նա ընկավ տախտակամածի վրա, արյունը հոսեց նրա ականջներից ու քթանցքներից։ Նա ցնցվեց ու մահացավ։ Նեգրերը թոթովեցին իրենց ուսերն ու մարմինը նետեցին նավակողից դուրս։

Եվ գալերի կապիտանը ծիծաղաց ու ձեռքը մեկնելով վերցրեց մարգարիտն ու նայել դրան նա այն սեղմեց ճակատին ու խոնարհվեց։

— Այս մարգարտահատիկը, — ասաց նա, — կզարդարի երիտասարդ Արքայի գայիսոնը։ — Ու նեգրերին նշան տվեց, որ խարիսխը բարձրացնեն։

Եվ լսելով դա, երիտասարդ Արքան սուր ճչաց ու արթնացավ, և պատուհանից դուրս նա տեսավ երկար խամրած արշալույսի նախորոշումը, որը կառչել էր գունատ աստղերից։

Եվ նա կրկին քնեց ու երազ տեսավ ու ահա թե ինչ տեսավ նա երազում։

Երազում նա տեսավ, թե թափառում է կիսամութ անտառում իսկ շուրջն աճում են տարօրինակ պտուղներ ու չքնաղ թունավոր ծաղիկներ։ Նրա հետևից ֆշշացնում էին օձերն ու գույնզգույն թութակները գոռալով թռչում էին ճյուղից ճյուղ։ Ծանրամարմին կրիաները քնած էին տաք լոռատիղմի մեջ։ Ծառերի վրա նստած էին բազմաթիվ կապիկներ ու սիրամարգեր։

Նա գնաց ու գնաց, մինչև չհասավ անտառեզրին ու այնտեղ տեսավ նա բազմաթիվ մարդկանց, որոնք աշխատում էին ցամաքած գետի հունի մեջ։ Նրանք խմբերով բարձրանում էին ժայռերի վրա, մրջունների պես։ Նրանք խոր խորատանցքեր էին փորում հողի մեջ ու իջնում այնտեղ։ Նրանցից որոշները մեծ կացիններով քարերն էին կոտրում, մյուսները ավազն էին փորում։ Նրան արմատախիլ արեցին կակտուսը ու տրորեցին ալ ծաղիկները։ Նրանք շտապում էին, իրար ձայն էին տալիս ու նրանց և ոչ մեկը առանց գործ չէր մնում։

Մութ քարանձավից նրանց վրա էր նայում Մահն ու Շահախնդրությունը, և Մահը ասաց՝

— Ես հոգնել եմ։ Տուր ինձ այս մարդկանց մեկ երրորդին ու ես կհեռանամ։

Բայց Շահախնդրությունը գլուխը տարուբերեց։

— Ոչ, նրանք իմ ծառաներն են, — ասաց նա։ 

Եվ Մահը ասաց՝

— Ի՞նչ է քո ձեռքում։

— Երեք ցորենի հատիկ, — պատասխանեց Շահախնդրությունը։ — Քե՞զ ինչ դրանից։

— Տուր ինձ դրանցից մեկը, — բացականչեց Մահը։ — Ես այն կցանեմ իմ այգում։ Միայն մի ցորենի հատիկ ու ես այնժամ կգնամ։

— Ես քեզ ոչինչ չեմ տա, — ասաց Շահախնդրությունը ու ձեռքը թաքցրեց հագուստի ծալքերի մեջ։

Եվ Մահը ծիծաղեց ու վերցնելով գավաթը այն ընկղմեց ջրափոսի մեջ ու գավաթից հառնեց Տենդը։ Տենդը իր հետ տարավ շատ մարդկանց և ամեն երրորդը մեռած ընկավ։ Նրա հետևից ձգվում էր սառը մշուշը ու ջրային օձերը սողում էին նրա կողքերից։

Ու այդ ժամանակ Շահախնդրությունը տեսավ, որ մարդկանց մեկ երրորդը մեռած է, ու սկսեց կուրծքը ծեծել ու լաց լինել։ Նա խփում էր իր չորացած կրծքին ու գոռում։

— Դու սպանեցիր իմ ծառաների մեկ երրորդին, —ոռնաց նա: — Կորիր այստեղից: Թաթարստանի լեռներում պատերազմ է, և պատերազմող ցեղերի արքաները կանչում են քեզ մոտ: Աղվանացիները մորթել են սև ցուլին ու արշավի են դուրս եկել: Նրանք հագել են երկաթե սաղավարտները և թմկահարում են նիզակներով վահաններին: Ինչի՞դ է պետք իմ հովիտը, ինչու՞ ես դու այստեղ ժամանակ կորցնում: Կորիր այստեղից ու այլևս մի վերադարձիր:

— Ոչ, — պատասխանեց Մահը, — մինչև ինձ ցորենի հատիկ չտաս, ես չեմ հեռանա:

Բայց Շահախնդրությունը ափը սեղմեց ու ատամները կրճտացրեց:

— Ոչինչ էլ չեմ տա ես քեզ, — մրթմրթաց նա: Եվ Մահը ծիծաղեց ու բարձրացրեց սև քարն ու նետեց անտառ, և վայրի գինազոխի մացառուտից, հրե հագուստով հայտնվեց Լեռնականուհին: Նա անցավ մարդկանց ողջ բազմության կողքով ու ձեռքով դիպավ նրանցից յուրաքանչյուրին, ու ում նա դիպչում էր — նա մահանում էր: Ու նրա ոտքերի տակ խոտը թոռոմում էր:

Ու դողդղաց Շահախնդրությունը ու մոխիր լցրեց իր գլխին:

— Դու անխիղճ ես, — ոռնաց նա, — դու անխիղճ ես: Հնդկաստանի լեռներում սով է և Սամարղանդի ջրհորները հատել են: Եգիպտոսի քաղաքներում սով է ու մորեխն է եկել անապատից։ Նեղոսը դուրս է եկել իր ափերից, ու քուրմերը աղոթք են բարձրացնում Իսիդային ու Օսիրիսին։ Գնա քեզ սպասողների մոտ ու ինձ թող իմ ծառաներին։

— Ոչ, — պատասխանեց Մահը, — մինչև դու ինձ ցորենի հատիկ չտաս, ես չեմ գնա։

— Ես քեզ ոչինչ չեմ տա, — ասաց Շահախնդրությունը։

Ու կրկին ծիծաղեց Մահը, ու մատերը բերանը մտցնելով սուլեց, ու սուլոցի վրա օդով եկավ մի կին։ «Ժանտախտ» էր գրված նրա ճակատին, ու հյուծված անգղներ էին պտտվում նրա շուրջը։ Նրանք իրենց թևերը տարածեցին լեռնահովտի վրա և բոլոր մարդիկ մահացած ընկան։

Եվ Շահախնդրությունը ճչալով վազեց անտառ, իսկ Մահը թռավ իր կարմիր ձիու վրա ու սլացավ, ու սլանում էր նա քամուց արագ։

Եվ լեռնահովտի հատակում կուտակված լորձից դուրս սողացին վիշապներ ու թեփուկավոր հրեշներ, և շնագայլերը վազ տվեցին ավազի վրայով, քթանցքներով շոշափելով օդը։

Եվ երիտասարդ Արքան լաց եղավ ու ասաց՝

— Ովքե՞ր էին այն մարդիկ ու ի՞նչ էին նրանք փնտրում։

— Նրանք սուտակներ էին փնտրում արքայական թագի համար, — պատասխանեց նա, ով կանգնած էր նրա մեջքի հետևում։

Եվ երիտասարդ Արքան ցնցվեց ու պտտվելով տեսավ ուխտագնացի շորերով մի մարդու՝ արծաթե հայլին ձեռքին։

Եվ երիտասարդ Արքան գունատվեց ու հարցրեց՝

— Այդ ու՞մ թագն է։

Եվ ուխտագնացը պատասխանեց՝

— Նայիր այս հայելու մեջ ու կտեսնես թե ումն է։

Եվ պատանին նայեց հայելու մեջ ու տեսնելով այնտեղ իր դեմքը, բարձր ճչաց ու արթնացավ, ու վառ արևի լույսն էր լցված նրա ննջասենյակում ու այգու ծառերի վրա երգում էին թռչունները։

Եվ եկան Հոֆմեյստերն ու Պետության գլխավոր այրերը ու խոնարհվեցին նրան ու մանկլավիկները բերեցին նրան ոսկեկար հանդերձանքն ու նրա առջև դրեցին թագն ու գայիսոնը։

Եվ երիտասարդ Արքան նայեց այդ հանդերձանքի վրա ու այն չքնաղ էր։ Այն գեղեցիկ էր այն ամենից, ինչ նա նախկինում տեսել էր։ Բայց նա հիշեց, թե ինչ էր տեսել երազում ու ասաց ազնավականներին՝

— Տարեք սա, քանի որ ես սա չեմ ընդունի։

Եվ պալատականները զարմացան ու որոշները նույնիսկ ծիծաղեցին, որոշելով թե նա կատակում է։

Բայց նա մնաց անկոտրում ու կրկին ասաց՝

— Տարեք սա ու թաքցրեք ինձանից։ Չնայած, որ այսօր իմ թագադրման օրն է, ես դա չեմ ընդունի։ Քանի որ այս հանդերձանքը գործած է Վշտի ջուլհակային մեծահաստոցների վրա, Ցավի սպիտակ ձեռքերով։ Սուտակի սրտում — Արյուն է, իսկ մարգարիտի սրտում — Մահ։

Եվ նա պատմեց նրանց իր երեք երազների մասին։ Ու լսելով դրանք, պալատականները, իրար նայեցին ու իրար հետ քչփչալով ասացին՝

— Իրականում նա խելքը թռցրել է, քանի որ երազը՝ դա ուղղակի երազ չէ՞, իսկ տեսիլքը — ուղղակի տեսիլք։ Մի՞թե դրանք իրականություն են, որպեսզի դրանցից զգուշանան։ Եվ մեր ի՞նչ գործն է նրանց կյանքը, ովքեր մեր համար են աշխատում։ Ու մի՞թե պետք է հրաժարվես հացից, մինչև չտեսնես հողագործին, ու գինուց, մինչև չխոսես խաղողագործի հետ։

Եվ Հոֆմայստերը դիմեց երիտասարդ Արքային ու ասաց՝

— Իմ Տիրակալ, խնդրում եմ քեզ՝ թող այդ սև մտքերը ու հագիր այս չքնաղ հանդերձանքը ու դիր գլխիդ թագը։ Որովհետև ինչպե՞ս պետք է ժողովուրդն իմանա, որ դու արքա ես, եթե թագավորական հանդերձանքով չլինես։

Ու նայեց նրա վրա երիտասարդ Արքան։

— Իրականու՞մ այդպես է, — հարցրեց նա։ — Եվ չե՞ն ճանաչի իմ մեջ արքային եթե ես թագավորական հանդերձանք չունենամ։

— Չեն ճանաչի, իմ տիրակալ, — բացականչեց Հոֆնեյստրը։

— Ես նախկինում մտածում էի, որ որոշներին թագավորական կերպար է տրված, — պատասխանեց երիտասարդ Արքան։ — Բայց միգուցե այնպես է, ինչպես ասում ես։ Սակայն ես չեմ ուզում ոչ այդ հանդերձանքը, ոչ այդ թագը, բայց ինչպիսին ես մտել եմ պալատ, այնպիսին էլ դուրս կգամ այնտեղից։

Եվ երիտասարդ Արքան բոլորին դուրս արեց, բացի մի մանկլավիկից, մի պատանուց, ով իրենից մեկ տարով էր փոքր ու նա վերջինիս ընկերակցելու էր թողնում։ Նա թողեց նրան ծառայի իրեն, ու պարզ ջրով լվացվելուց հետո բաց արեց մեծ ներկած սունդուկն ու այնտեղից հանեց կաշվե պատմուճանն ու կոպիտ ոչխարի բրդից թիկնոցը, որը նա հագնում էր, երբ բլուրների լանջերին պահում էր հովիվի երկարամազ այծերին։ Նա հագավ պատմուճանն ու թիկնոցը ու վերցրեց կոպիտ հովվի գավազանը։

Ու փոքրիկ մանկլավիկը, զարմանալով, լայն բաց անելով երկնագույն աչքերն ու ժպտալով ասաց նրան՝

Իմ տիրակալ, տեսնում եմ քո հանդերձանքն ու գայիսոնը, բայց չեմ տեսնում քո թագը։

Եվ երիտասարդ Արքան քաղեց վայրի հավամրգի մի ճյուղ, որը կախված էր պատշգամբից ու դրանից իրեն պսակ պատրաստեց ու դրեց գլխին։

— Ահա թագը, — պատասխանեց նա։

Եվ այս հանդերձանքով նա դուրս եկավ իր ննջարանից Պալատական Մեծ Դահլիճ, որտեղ նրան սպասում էին պալատականները։

Եվ ուրախացան պալատականները, որոշները նույնիսկ գոռացին նրան՝

— Տիրակալ, ժողովուրդը արքայի է սպասում, իսկ դու նրա առջև կկանգնեց որպես աղքատ։

Եվ բարկացան մյուսներն ու ասացին՝

— Նա մեծ փորձանք կբերի մեր թագավորության վրա ու արժանի չէ մեզ կառավարել։

Եվ նա ոչ մի բառ նրանց չասեց ու շարունակեց իր ճանապարհը, ու իջավ նա փայլող ծիրանաքարից պատրաստված աստիճաններով ու դուրս եկավ բրոնզե դարպասներից ու նստեց ձիու վրա ու սլացավ դեպի Տաճար, իսկ փոքրիկ մանկլավիկը վազում էր նրա հետևից։

Եվ ժողովուրդը ծիծաղում էր ու ասում՝

— Ահա գալիս է արքայական խեղկատակը, — ու ծաղրեց նրան։

Եվ նա ձգեց սանձերն ու ասաց՝

— Խեղկատակ չեմ ես, բայց Արքա եմ։

Եվ նա պատմեց նրանց իր երեք երազները։ Եվ ամբոխի միջից դուրս եկավ մի մարդ ու դիմեց նրան, ու ոգևորված ասաց՝

— Տիրակալ, արդյո՞ք չի հիմնվում աղքատի կյանքը՝ հարուստի շքեղության վրա։ Ձեր հոյակապությունը կերակրում է մեզ ու ձեր արատները մեզ հաց են տալիս։ Տիրոջ վրա աշխատելը՝ դառն է, բայց երբ չկա մեկը, ում վրա աշխատես — շատ ավելի դառն է։ Դու կարծում ես ագռավնե՞րն են մեզ կերակրում։ Ու արդյո՞ք դու ունես դրա բուժումը։ Կարո՞ղ ես դու գնողին հրամայել, որ գնի այսքանով և վաճառողին, որ վաճառի այնքանով։ Չի կարող այդպես դառնալ։ Դրա համար էլ վերադարձիր դու Պալատ ու ծիրանի ու նուրբ գործվածքներ հագիր։ Քեզ ի՞նչ մենք ու մեր տանջանքները։

— Արդյո՞ք եղբայրներ չեն հարուստն ու աղքատը, — հարցրեց երիտասարդ Արքան։

— Եղբայրներ են, — պատասխանեց նա, — եվ հարուստի անունն է — Կայեն։

Եվ երիտասարդ Արքայի աչքերը արցունքով լցվեցին ու նա շարունակեց ճանապարհը ամբողխի աղմուկի տակ, ու փոքրիկ մանկլավիկը վախեցավ ու նրան մենակ թողեց։

Եվ երբ նա հասավ տաճարի դարպասների մոտ, պահապանները ի ցույց դրեցին իրենց սակրատեգերն ու ասացին՝

— Ի՞նչ է քեզ այստեղ պետք։ Ոչ ոք, բացի Արքային չի մտնի այս դռնից ներս։

Եվ նրա դեմքը զայրույթից կարմրատակեց ու նա ասաց նրանց՝

— Ես եմ Արքան, — ու մի կողմ տարավ նրանց սակրատեգերն ու ներս մտավ։

Եվ երբ ծեր եպիսկոպոսը տեսավ նրան, հովվի հանդերձանքով, ապա զարմանքից իր տեղից վեր կացավ ու գնաց նրան ընդառաջ, ու ասաց՝

— Որդիս, արդյո՞ք դու արքայական հանդերձանքով ես։ Եվ ի՞նչ թագով եմ ես քեզ թագադրելու ու ի՞նչ գայիսոն եմ ես դնելու քո ձեռքը։ Իրականում սա քո ուրախության օրն է այլ ոչ նվաստացման։

— Պե՞տք է Ուրախությունը հանդերձված լինի Վշտով գործվածի մեջ, — հարցրեց երիտասարդ Արքան։

Եվ նա պատմեց նրան իր երեք երազները։ Իսկ եպիսկոպոսը լսելով դրանք, ունքերը խոժոռեց ու ասաց՝

— Որդիս, ես ծեր եմ ու կյանքի մայրամուտին ես գիտեմ, որ շատ չարիք է տեղի ունենում աշխարհում։ Անողոք ավազակները իջնում են սարերից ու առևանգում փոքրիկ երեխաների ու վաճառում դրանց մավրերին։ Առյուծները դարանակալում են քարավաններն ու վրա հասնում ուղտերի վրա։ Վայրի վարազները տրորում են ցանքը հարթավայրերում ու աղվեսները կրծոտում են խաղողի վազերը, սարի կանջերին։ Ծովահենները ամայացնում են ծովափերն ու այրում են ձկնորսների նավակներն ու խլում են նրանցից ցանցերը։ Բորոտները ապրում են աղուտներում ու այնտեղ գործում են եղեգից հյուղակներ ու ոչ ոք չի խիզախում նրանց մոտենալ։ Աղքատները թափառում են քաղաքներով ու կերակրվում են շների հետ։ Կարո՞ղ ես դու այնպես անել, որ դա չլինի։ Քո անկողին կտողնե՞ս բորոտին, կնստեցնե՞ս աղքատին քեզ հետ սեղանի շուրջ։ Կլսի՞ արդյոք առյուծը քո խնդրանքն ու կենթարկվի՞ քեզ վարազը։ Մի՞թե Նա, ով ստեղծել է աղքատությունը, քեզանից իմաստուն չէ։ Այդ պատճառով չեմ գովում քեզ այն բանի համար, որ դու արել ես, բայց խնդրում եմ՝ գնա Պալատ, և թող քո դեմքին ուրախություն լինի իսկ քո հագին — հագուստ, որը վայել է արքային ու ես քո գլխին կդնեմ ոսկե թագն ու քո ձեռքը կտամ մարգարտե գայիսոնը։ Ինչ վերաբերվում է քո երազներին, ապա մի մտածիր այլևս դրանց մասին։ Այս աշխարհի հոգսը մի մարդ չի կարող կրել ու այս աշխարհի վիշտը՝ մի սիրտ չի կարող կրել։

— Ու՞մ տանն ես դու այս ամենն ասում, — ասաց երիտասարդ Արքան ու անցավ եպիսկոպոսի կողքով ու բարձրացավ զոհարանի աստիճաններով ու կանգնեց Քրիստոսի դիմապատկերի առջև։

Նա կանգնած էր Քրիստոսի դիմապատկերի առջև և դիմապատկերի ձախից ու աջից դրված էին հրաշալի ոսկե անոթներ — սաթե գինով սկիհը ու զմուռսով գավաթը։ Նա ծունկի իջավ Քրիստոսի դիմապատկերի առջև ու վառ լուսավորում էին բարձր մոմերը, թանկարժեք քարերով շրջապատած սրբություններն ու անուշահոտ ծուխը արվելով, բարձրանում էր դեպի գմբեթը բարակ երկնագույն պսակով։ Գլուխը խոնարհելով նա աղոթում էր և եկեղեցականները լուռ հեռացան զոհարանից իրենց անհարմար ոսկեթել պատմուճաններով։

Եվ հանկարծ դռների մոտ տարօրինակ աղմուկ լսվեց ու տաճար մտան մերկացրած թրերով պալատականները ու փետուրները տատանվում էին նրանց գլխարկների վրա իսկ պողպատե վահանները փայլում էին։

— Որտե՞զ է այդ երազատեսը, — գոռում էին նրանք։ — Որտե՞ղ է այդ Արքան, ով աղքատի հանդերձանքով է, այդ պատանին, ով խայտառակությամբ ծածկեց մեր թագավորությունը։ Իրականում մենք կսպանենք նրան, քանի որ նա արժանի չէ մեզ կառավարել։

Եվ երիտասարդ Արքան կրկին իջեցրեց գլուխն ու աղոթեց, ու ավարտելով աղոթքը վեր կացավ ու շրջվելով, վշտացած նայեց նրանց։

Եվ ահա պատուհանների վիտրաժների միջով նրա վրա արևի լույս իջավ ու արևի ճառագայթները նրա շուրջ գործեցին հանդերձանք, շատ ավելի գեղեցիկ նրանից, որը արված էր շքեղության համար։ Մահացած գավազանը ծաղկեց ու նրա վրա շուշաններ բացվեցին, որոնք մարգարիտից ավելի սպիտակ էին։ Չոր փուշը ծաղկեց ու նրա վրա վարդեր բացվեցին որոնք շատ ավելի կարմիր էին սուտակներից։ Շուշաններն ավլի սպիտակ էին հատընտիր մարգարիտներից ու նրանց ցողունները մաքուր արծատից էին։ Արյունագույն սուտակներից կարմիր էին վարդերը ու նրանց տերևները դրոշմված ոսկուց էր։

Նա կանգնած էր թագավորական հանդերձանքով ու թանկարժեք քարերով զարդարված զոհարանի դարպասները բացվեցին ու մասնատուփի բյուրեղապակե կողերից հոսեց խորհրդավոր, դյութիչ լույս։ Նա կանգնած էր թագավորական ահնդերձանքով ու սրբերը, թվում էր թե կենդանացել են խոր խորշերի մեջ։ Չքնաղ թագավորական հանդերձանքով նա կանգնեց նրանց առջև ու ղողանջեց երգեհոնը, ու իրենց փողերը փչեցին փողահարները ու երգեցին երգիչները։

Եվ ժողովուրդը վախեցած ծնկի իջավ ու պալատականները իրենց սրերը դրեցին պատյանների մեջ ու երդվեցին նրան հավատարիմ լինել ու եպիսկոպոսի դեմքը գունատվեց ու ձեռքերը դողացին։

— Նա ով ինձանից բարձր է թագադրել է քեզ, — բացականչեց նա ու ծունկի իջավ նրա առջև։

Եվ երիտասարդ Արքան իջավ զոհարանի աստիճաններով ու անցնելով ամբողխի միջով գնաց Պալատ։ Բայց ոչ ոք չխիզախեց նայել նրա դեմքին, քանի որ այն նման էր հրեշտակային դիմապատկերի։

Օսկար Ուայլդ

 
 

Այժմ կայքը դիտում են 2139 հյուր