ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ֆարխը, Կարինիա քաղաքի ամենահարուստ և անտանելի ժլատ մարդն էր: Աննթիվ անհամար փող ուներ: Ապրում էր Ֆարխը քաղաքի կենտրոնում գտնվող իր ահռելի առանձնատանը և հարյուրավոր ծառաներ ուներ:

Տեղացիները Ֆարխին չէին սիրում և նրա ետևից նրան անվանում էին՝ "Վերջին խոսք": Եվ դա այն պատճառով, որ Ֆարխը մեկ օր էլ չեր կարող ապրել առանց իր սիրած արտահայտության՝ «Վերջին խոսքը միշտ էլ իմն է": Կարևոր չէ, թե դա ինչին էր վերաբերվում՝ նոր մահճակալի գնմանը, թե մի գավաթ գինուն, միշտ նույն բանն էր՝ "Վերջին խոսքը իմն է": Այդ "վերջին խոսքի" պատճառով Կարինիայի շատ վաճառականներ հաճախ մնում էին առանց վերջին գրոշի:

— Էխ, արդարություն չկա աշխարհում, — մեկմեկու բողոքում էին վաճառականները Ֆարխից: — Ամեն օր գալիս է առևտրի հրապարակ և ոչ մի կոպեկ չի վճարում ապրանքի համար: Միայն լսում ես իրենից՝ «Վերջին խոսքը իմն է": Իսկ այդ վերջին խոսքը սովորաբար հետևյալն էր՝ "Ինձ համար անվճար է":

Բայց մի անգամ անհավանական բան տեղի ունեցավ: Վեր կենալով սովորականի պես վաղ առավոտյան իր ոսկեջրած մահճակալից, Ֆարխը ուղղորդվեց առևտրի հրապարակ: Եվ ոչ թե որպեսզի ինչ-որ բան գնի, այլ որ մի անգամ էլ մի ինչ որ խեղճ վաճառականից անվճար ապրանք վերցնի:

Բարեպատշաճաբար անցնելով շարքերի արանքով, Ֆարխը աննկարագրելի բավականությամբ ընտրում էր իր "վերջին խոսքի" հերթական "զոհին": Անսպասելիորեն նրա աչքին ընկավ մի աղքատ ծերունի՝ կեղտոտ ցնցոտիներով: Ծերունին երևում է որ հեռվից էր եկել: Նա անհայտ տերևներ և արմատներ էր վաճառում:

— Հեյ, Դու, — ձայն տվեց նրան Ֆարխը: — Այդ ի՞նչ ես վաճառում:

— Մի՞թե կույր ես և ինքդ չես տեսնում, — հանդարտ պատասխանեց ծերունին:

— Ի՞նչ, — տեղից վեր թռավ Ֆարխը: — Այդ ու՞մ հետ ես այդպես խոսում, կեղտոտ ցնցոտիավոր թափառաշրջիկ: Դու մի՞թե չգիտես, թե ով եմ ես:

— Ես միայն իմ փոքրիկ գյուղի երեք մեծ իմաստուններին եմ ճանաչում և Դու նրանց թվին չես պատկանում, — նախկինի նման հանդարտ պատասխանեց ծերունին:

— Ինչպես ես համարձակվում, — օձի նման ֆշշացրեց բարկացած Ֆարխը, սակայն նկատելով, որ ծերունին նրանից բոլորովին էլ չի վախենում, արդեն ավելի հանդարտ հարցրեց: — Սա ի՞նչ բան է, — Ֆարխը մատը ցցեց իրեն անհայտ բույսերի և արմատների վրա, որը վաճառում էր ծերունին:

— Սա ճահճային բաղեղ է և նրա արմատները, — պատասխանեց ծերունին: — Այս բաղեղի տերևներից և արմատներից հարբուխի դեմ սքանչելի կաթիլներ են պատրաստում:

— Հարբուխի դեմ՝ դա լավ է, — ամբարտավան ծիծաղեց Ֆարխը: — Դե ինչ, ծերուկ, ես գնում եմ քո մոտ եղած բոլոր բուժական բույսերը: Ինչքա՞ն ես ուզում դրա դիմաց:

— Այնքան, ինչքան Դու կվճարեիր դեղի համար, որը քեզ կբուժեր, եթե Դու հիվանդ լինեիր, — պատասխանեց ծերունին:

— Հա-հա-հա, — ծիծաղից փորը բռնեց Ֆարխը: — Իմ թանկագին առողջության համար ես չէի ափսոսա իմ ողջ հարստությունը: Սակայն ես, փառք Աստծո, առողջ եմ, և այդ պատճառով էլ, հիմար ծերուկ, ես քեզ ոչ մի գրոշ էլ չեմ վճարի քո փտած խոտի համար: Եվ սա իմ վերջին խոսքն է:

— Ինչ արած, — հոգոց քաշեց ծերունին, — թող լինի այնպես, ինչպես ասում ես: Եվ թող Քո խոսքը վերջինը լինի: Վերցրու իմ խոտաբույսերը, — ասաց ծերունին և հենվելով ձեռնափայտի վրա դանդաղ քայլելով հեռացավ քաղաքից:

Ծերունու խոտաբույսերը հավաքելով, Ֆարխն արդեն ուզում էր ամբողջ առևտրի հրապարակով մեկ գոռալ, որ վերջին խոսքը միշտ էլ իրենն է, սակայն բերանը բացելով՝ քարացավ, քանզի նույնիսկ մի բառ չկարողացավ արտաբերել: Անօգնական ձեռքերը թափահարելով, Ֆարխը վազեց ծերունու հետևից, սակայն նրա հետքն անգամ արդեն չկար:

Քիչ թե շատ ժամանակ էր անցել առևտրի հրապարակում տեղի ունեցած այդ հանելուկային իրադարձությունից հետո, իսկ Ֆարխը ձկան նման լուռ էր: Բազմաթիվ բժիշկների մոտ նա գնաց, անհամար դեղեր և խոտաբույսեր ընդունեց, իր անհամար հարստությունը ծախսեց, սակայն անօգուտ: Աղքատ, հիվանդ և հոգնած Ֆարխը արդեն պատրաստ էր հրաժեշտ տալ իր կյանքին, սակայն տեղացի բանջարեղեն վաճառող Օրդինը կարեկցեց խեղճին և խորհուրդ տվեց՝

— Ճանապարհվիր "Երեք Իմաստունների" գյուղ, որն ընկնում է ջրաղացի ետևում: Հնարավոր է, որ այնտեղ Դու գտնես այն ծերունուն, ով քեզ կախարդել է:

Ուրախությունից իրեն կորցրած Ֆարխը երախտագիտությամբ խոնարհվեց Օրդինի առջև և առանց մտածելու ճանապարհ ընկավ:

"Երեք Իմաստունների" գյուղը, ինչպես պարզվեց բաղկացած էր միայն երեք ոչ հարուստ տներից: Այդ տներից մեկի կողքին գտնվող, հնությունից արդեն ծռված նստարանի վրա նստած էր Ֆարխին ծանոթ ծերունին: Մոտ վազելով ծերունուն, Ֆարխը ծունկի իջավ նրա առջև և դառն արտասուք թափեց, աղաչելով նրա ողորմածությունը:

— Վեր կաց, — Ֆարխին բարձրացրեց ծերունին: — Նստիր կողքիս: Դու եկել ես, որ ես Քեզ հե՞տ կախարդեմ:

Ֆարխը, ի պատասխան հաստատողական շարժեց գլուխը:

— Բայց քո հանկարծակի լալության մեջ ոչ մի կախարդություն չկա, — ասաց ծերունին: — Նրանում, որ Դու այլևս խոսել չես կարողանում, լիովին Քո մեղքն է: Դու ինքդ ես այդպես ցանկացել: Դու ասացիր "Դա իմ վերջին խոսքն է" և այն իրականում դարձավ Քեզ մոտ վերջինը: Ամեն ինչը հենց այդպես եղավ, այնպես չէ՞, — հարցական նայեց ծերունին Ֆարխի վրա:

Ամոթահար Ֆարխը, ի նշան համաձայնության նորից թափահարեց գլուխը:

— Դե ինչ, այժմ Դու գիտե՞ս, թե ինչ հզոր է Քո արտաբերած ամեն բառը:

Ֆարխը նորից հաստատողական թափ տվեց գլուխը:

— Դե ահա, Դու վճարեցիր քո հիվանդության դեղի համար ինձ, — ծիծաղեց ծերունին: — Եվ իրականում էլ չափսոսեցիր Քո ողջ հարստությունը:

— Բայց ես, — իր համար անսպասելիորեն խոսեց Ֆարխը: — Օ, ամենազոր աստվածներ, — նա իրեն կորցրեց ուրախությունից: — Ես նորից կարողանում եմ խոսել: Նորից կարողանում եմ բառեր արտաբերել: Ախ, ինչ բավականություն է դա: Ինչ երջանկություն: Շնորհակալ եմ Քեզ ծերունի, — նա նորից ծունկի իջավ ծերունու առջև: — Շնորհակալ եմ:

— Կարիք չկա ինձ շնորհակալություն հայտնել, — պատասխանեց ծերունին: — Քո բուժման համար դու վճարեցիր ինձ համար անհրաժեշտ գին:

— Բայց ես Քեզ ոչ մի կոպեկ էլ չեմ տվել, — շփոթվեց Ֆարխը: — Եվ ցավոք սրտի, ես այժմ Քեզ ոչինչ էլ չեմ կարող առաջարկել: Իմ ողջ հարստությունը ծախսվեց քաղաքային բժիշկների վրա:

— Այն ժամանակ, հրապարակում, — մտազբաղ ասաց ծերունին, — Դու չգիտեիր թե ինչ գնի մասին է գնում խոսքը: Այդ գինը՝ իմաստությունն է: Անգին հարստություն աշխարհիս երեսին բոլոր ապրողների համար: Իմաստությամբ Դու ինձ վճարեցիր:

— Ուրեմն հիմա ես իրական հարուստ եմ, — մտազբաղ ասաց Ֆարխը:

— Բայց մի մոռացիր, — զգուշացրեց Ֆարխին ծերունին, — որ քո ամեն ասած խոսք կարող է կամայական պահի վերջինը դառնալ: Խնայիր բառերդ: Մտածիր թե ինչ ես խոսում:

— Դա ես երբեք չեմ մոռանա, — երդվեց Ֆարխը:

Ասում են, որ նա պահեց իր խոսքը: Այն ամենից հետո, ինչ նրա հետ կատարվեց, Ֆարխը վաճառեց իր տունը և տեղափոխվեց ապրելու մի հեռու փոքրիկ գյուղ: Տեղացի բնակիչները Ֆարխին լռակյաց անվանեցին:

— Նա այնքան քիչ և ճիշտ է խոսում, կարծես թե վախենում է, որ իր ասված կամայական բառը կարող է իր համար վերջինը դառնալ… — ասում էին Ֆարխի մասին տեղացի բնակիչները, և իհարկե նրանք իրավացի էին:

Ավա Արդոյից