ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԲԱՑ ՆԱՄԱԿ

Խոնարհ ակնածանքով, նվիրում եմ իմ բոլոր ընկերներին:

Այս տողերը բոլոր նրանց համար է, ում ճանաչում եմ: Առաջին հերթին ծանոթների, հետո մարդկանց, որոնք կարծես թե դեռ ընկերներ չեն, բայց արդեն օտար էլ չեն, և վերջին հերթին միայն ընկերներիս համար: Նրանք առանց իմ խոսելու էլ ամեն ինչ գիտեն: Իսկ եթե նույնիսկ չգիտեն՝ կհասկանան: Ես հուսով եմ, որ կհասկանան: Ինչի՞ց սկսեմ: Ինձ հետ կապի արտաքին միջոցներից:

Եվ այսպես՝ ես ունեմ հեռախոս, փեյջեր, էլեկտրոնային փոստ, սովորական փոստ, ICQ, գրանցված եմ ամենատարբեր սոցիալական ցանցերում և իհարկե ունեմ կապի ամենալավ միջոցը - անմիջական անձնային շփումը՝ խոսակցություն տաք մթնոլորտում կամ տետ-ա-տետ, երբ մարդը կարող է շփվել օգտագործելով բոլոր հինգ միգուցե նույնիսկ վեց զգացողությունները: Չեմ թաքցնում ես բազմաթիվ ծանոթներ ունեմ: Երբ ուժեղ եմ, էներգիայով և կյանքով լեցուն, ես ցանկություն եմ ունենում շփվել և կիսվել նրանց հետ: Տալ և վերցնել: Փոխվել: Ինձ դա իրոք դուր է գալիս:

Երբ ինձ այցելում է այդ ՔԱԾԸ (բժշ. էնդոգեն դեպրեսիան), ամեն ինչ փոխվում է՝ առաջվա պես, կապի վերը նշված բոլոր միջոցները լիարժեք ծանրաբեռնված են, սակայն իմ տան հեռախոսը չի պատասխանում (անջատված է), դռան զանգից վեր եմ թռչում, գողեգող մոտենում դիտանցքին և… հեռանում: Փեյջերի վրա եկած հաղորդագրությանը պատասխանում բավականին ծուլորեն, չնայած որ դա իմ գերադասած կապի միջոցն է, նամակ պրակտիկորեն չեմ գրում, սոցիալական ցանցեր չեմ էլ մտնում:

Եվ այդ ժամանակ ես մտածում եմ մոտավորապես հետևյալը: Սատանան տանի, ժամանակակից կապի և տելեկոմունիկացիայի միջոցների շնորհիվ, մենք ավելի ու ավելի հասանելի ենք դառնում: Ես բոլորովին չեմ զարմանա, եթե մի քանի տարի անց, հենց այն պահին, երբ ես դեպրեսիայի մեջ խեղդված կփորձեմ թաքնվել բնակարանումս, հանկարծ դաստակիս վրա ծղրտա մի պլաստիկե գարշանք իր դիսփլեյով և մի զզվելի մեխանիկական ձայն ասի՝. «Աբոնենտ համար 136587655, համակարգը հետազոտում է ձեր զարկերակի զարկերը և նշում, որ դուք դեռ կենդանի եք՝ չեք մահացել: Պատասխանե՛ք: Ձեր լռության դեպքում կանչը կշարունակվի: Պատասխանե՛ք…»:

Հիմա մենք ներկայում ենք այլ ոչ ապագայում: Ես գրում եմ այս տողերը և արդեն ինձ լավ եմ զգում: Ես իսկապես ապրում եմ: Բայց համոզված ասել, որ միշտ այսպես կլինի՝ նշանակում է ստել: Կարող է պատահել, որ ես բավական երկար ժամանակով անհետանամ նույնիսկ՝. չասելով «Ցտեսություն»: Իսկ եթե երբևիցե ԴՈւ հավաքես իմ հեռախոսի համարը և այն ծայրում քեզ չպատասխանեն, դու մի ջերմ հաղորդագրություն ուղարկես, որին հնարավոր չէ չպատասխանել և ես ի պատասխան չզանգահարեմ, ապա...

Ներիր ինձ: Փորձիր հասկանալ: Դա թուլություն չէ: Դա դեպրեսիա է: Բանը նրանում չէ, որ ինձ այդ պահերին հաճելի է մենակ մնալ: Ոչ: Վատ է: Շատ վատ է: Բայց ավելի լավ է, քան աղմկոտ (կամ հանգիստ) շրջապատում, կամ էլ ինչ-որ մի ուրիշի հետ: Չնայած իհարկե բացառություններ լինում են:

Եվ այդ ամիսներին ես սեր չեմ զգում ոչ մարդկանց, ոչ իմ, ոչ էլ աշխարհի նկատմամբ: Ես չեմ ատում, ես չեմ… Չեմ զգում ոչինչ: Ինչպես կարելի է զգալ կամ էլ սիրել զգալով հոգու կորստի վիճակ: Չե՞ որ սիրում և զգում են հոգով:

Լավ, բավական է խրատականներ կարդալ: Սա խոստովանություն չէ: Եվ այսպես՝ երբ ես նորից իմ մեջ ուժ զգամ, կգտնվեմ և կզանգահարեմ: Երբ ամեն ինչ կվերջանա մենք կխոսենք, գարեջուր կխմենք, կզբոսնենք, կպարենք և կերգենք միասին: Մենք կտոնենք կյանքը: Կյանքը, այնպիսինս՝ ինչպիսինս որ այն կա:

Այդ պահին ես կմտածեմ մոտավորապես հետևյալը... Ես բոլորովին չեմ զարմանա, եթե մի քանի տարի հետո, այն պահին, երբ ես կքայլեմ արևով լցված փողոցով, իմ դաստակին ծղրտա մի պլաստիկե դիսփլեյով գարշանք և մեխանիկական ձայնը ասի՝. «Գեթսբի՛, քեզ կանչում է քո ընկերը», և ես սեղմելով կոճակը մոտեցնեմ այդ սարքը շուրթերիս և ասեմ՝.

«Բարև, իմ ընկեր: Ինչ լավ է, որ ես քեզ ունեմ: ԸՆԿԵՐ...»: