Մի շքեղ, ծաղկող այգիներով շրջապատված քաղաքում ապրում էր Անդեմ Դատավորը։ Եվ այնքան արդար էին նրա դատերը, որ նրան իրավմամբ անվանում էին մարդկային խղճի մարմնացում։ Ամեն օր նա իր դատերն էր անցկացնում քաղաքի գլխավոր հրապարակում, այդ կողմերի կառավարչի շքեղ պալատի դիմաց, ոչ մեկին չմերժելով իմաստուն խորհուրդ տալ և միշտ իր վճիռները կայացնում էր անաչառ, չնայելով հասարակության մեջ մարդկանց դիրքին։
Եվ մի անգամ նրան դիմեց ինքը՝ տարեց Կառավարիչը՝
- Դու միշտ դատում ես քաղաքացիներին ելնելով արդար սկզբունքներից, բայց ախր արդարություն կա և՛ հեղինակության մեջ, և՛ հասկացումների։ Որպես այս քաղաքի կառավարիչ, ես քեզ հրամայում եմ այսուհետև քո որոշումների մեջ հաշվի առնես յուրաքանչյուր մարդու արժեքները այլ ոչ միայն քո սեփական արժեքները։
- Լավ, - պատասխանեց Դատավորը, - թող քո ասածով լինի։
- Եթե այդպես է, - շարունակեց Կառավարիչը, - ապա քաղաքի առջև իմ ոչ քիչ վաստակների համար, ես ուզում եմ քաղաքում անսահմանափակ իշխանություն ունենալ։ Օգտագործիր դրա համար քո հեղինակությունը ժողովրդի առջև, և կարող ես ինձանից պահանջել ցանկացած պարգև՝ մեր հասկացությունների համաձայն, իհարկե։
- Եթե դա այն է, ինչ դու ուզում ես, - պատասխանեց Դատավորը, - ապա մենք ստիպված կլինենք արդարության մեկ պարտիա խաղալ։ Եթե դու հաղթես – կդառնաս միապետ, սակայն եթե պարտվես, ապա ստիպված կլինես գործով հաստատել քո պատասխանատվությունը, որից ժամանակին, քո կառավարման ընթացքում դու խուսափել ես։
Կառավարիչը խելացի էր և խորաթափանց, սակայն ծերությունն իրենն արեց և այն պարտիայում հաղթեց Դատավորը։ Ի՞նչ էր մնում անել Կառավարչին։ Դատավորին վնասելը՝ անիմաստ էր, ախր նա մարդկային խղճի մարմնացումն էր… Եվ ստիպված եղավ Կառավարիչը կանգնել քավության ճանապարհին։ Սկզբից նա փակեց իր տեղակալի բիզնեսը, հետո սկսեց պաշտոնյաներին ազատել աշխատանքից կաշառք վերցնելու համար, ոստիկանության կոմիսարին բանտարկեց սառը սանձարձակության համար։
Եվ տրտնջաց քաղաքի երևելիները՝ «Լրիվ խելքը թռցրել է ծերուկը։ Օր ծերության որոշել է արդար ձևանալ – շատ արագ նա իր սեփական մեղքերը ներեց»։ Եվ սկսեցին նրանք դրդել հասարակ քաղաքացիներին խռովության։ Իսկ կուշտ մարդկանց հեշտ է մոլորության մեջ գցել…
Եկավ Դատավորի մոտ քաղաքի դիվանագետը միջնորդությամբ՝
- Օ, իմաստունագույն, - ասաց նա, - այս ծանր ժամանակներում, միայն ձեր միջամտությունը կարող է վերականգնել արդարությունը քաղաքում, քանզի մեր բարքերին հավատարիմ մարդկանց ձեռքերը կապած են խելագարված Կառավարչի անօրինության առջև։ Հանուն հանրային իդեալների և քաղաքացիների բարօրության խնդրում ենք հեռացնել նրան իր զբաղեցրած պաշտոնից։
- Եթե դա այն է, ինչ դու ուզում ես, - պատասխանեց Դատավորը, - ապա մենք պետք է արդարության մեկ պարտիա խաղալ։ Եթե դու հաղթես, ապա նոր կառավարիչ կնշանակես քո հայացողությամբ սակայն եթե պարտվես – անձամբ ստիպված կլինես պատիժ կրել այն մարդկանց մեղքերի համար, ովքեր քեզ ուղարկել են։
Դիվանագետը սփրթնեց թղթի թերթի պես, սակայն այլ ընտրություն չուներ, քանի որ կատաղած երևելիներն էլ էին նման ճակատագիր իր համար խոստացել, եթե նա խուսափեր իրենց հանձնարարությունը կատարել։ Հուսահատության մեջ մարդիկ շատ բանի են ընդունակ, և այն պարտիայում հաղթեց Դիվանագետը։ Եվ ապստամբեց ժողովուրդը Կառավարչի դեմ իսկ վերջինս փախավ քաղաքից։
Ծանր ժամանակներ եկան քաղաքացիների համար։ Անպատժելիությունից հարբած, նոր իշխանությունը ստիպում էր մարդկանց մինչ ուշ գիշեր վաստակել իրենց մի կտոր հացը։ Պարտքերի դիմաց նրանցից խլում էր ամեն ինչ, ինչը մեխերով ամրացրած չէր։ Եվ գրված կանոնների ոչ մի օրենք էլ չէր առաջարկում նրանց վիճակի լավացում։ Եվ տրտնջաց հասարակ ժողովուրդը – բոլորը զարմանում էին Դատավորի, ժամանակին հարգարժան մարդու դաժանության վրա։ Սակայն Դատավորին վնասելը անիմաստ էր – ախր նա իրենից ներկայացնում էր միայն մարդկային խղճի մարմնացում…
Եվ մարդկանց մոտ փրկության պլան հայտնվեց՝ «Մենք ախր շատ շատ ենք, - մտածում էին նրանք, - կխաղանք Դատավորի հետ հերթով, մինչև մեզանից և ինչ-որ մեկը նրան հաղթի։ Եվ արդարությունը կվերականգնվի»։ Եվ եկավ ժողովուրդը Դատավորի մոտ։
- Ի՞նչ եք ուզում, - հարցրեց Դատավորը։
- Մենք արդարություն ենք ուզում, - պատասխանեցին մարդիկ։
- Ի՞նչ եք դուք ուզում, - կրկնեց իր հարցը Դատավորը։
- Մենք ուզում ենք կախաղան հանել բոլոր տերերին, այրել նրանց տները և գնդակահարության պատին կանգնացնել բոլոր բյուրոկրատներին, ովքեր ծառայում են նրանց։
- Եթե դա նա է, ինչ դուք ուզում եք, - պատասխանեց Դատավորը, - ապա մենք պետք է արդարության պարտիա խաղանք։ Եթե կհաղթեք, թող լինի ինչպես ուզում եք, սակայն եթե պարտվեք – ձեզ կդատեն նույն կերպով։
Միայն մի քանի պարտիա էին հասցրել խաղալ Դատավորի հետ քաղաքացիները, երբ շքեղ պալատները և տները սկսեցին այրվել վառոդի պես։ Մարդկանց հարուստ բերքը չորացավ, ջրհորները թունավորվեցին։ Բոլոր այն բնակիչները, որոնք չհասցրեցին փախչել քաղաքից, զոհվեցին քաղաքի փողոցներում։
Միայն Դատավորին ոչ ոք այդպես էլ չկարողացավ վնասել – ախր նա մարդկային խղճի մարմնացումն էր… Լեգենդի համաձայն, մամռով պատված հրապարակում, պալատի անմարդ փլատակների մոտ նա հիմա էլ է խաղում արդարության հերթական պարտիան։
Էլդար Շարբատով
