Հարց՝
Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ:
Ես X-ն եմ: Ապրում եմ Z շրջանի Y քաղաքում: Մեր քաղաքը շատ փոքր է և բոլորովին հնարավորություն չկա լավ հոգեբանի հետ զրուցելու: Այնպես որ հոգեբանի վիրտուալ խորհրդատվությունը՝
իմ միակ տարբերակն է: Ես 22 տարեկան եմ: Ապրում եմ իմ քաղաքացիական ամուսնու՝ Դենիսի հետ: Երեխաներ չունենք: Բնույթով ես մելանխոլիկ եմ, ցիկլի մեջ եմ մտնում իմ խնդիրների կապակցությամբ: Նոր մարդկանց նկատմամբ անվստահություն եմ ցուցաբերում, սակայն շատ գնահատում և սիրում եմ մտերիմներիս: Իմ հասցեին հնչած քննադատությունը շատ վատ եմ տանում: Համարում եմ, որ կամքի ուժի և ուժեղ բնավորության թերացում ունեմ: Եվ որ հենց դրանից էլ իմ բոլոր խնդիրները ծագում են: Կարծում եմ, որ շրջապատս ընկալում է ինձ որպես բարի և փափուկ մարդ:
Ես սիրած մարդ ունեմ, որի հետ ենք արդեն 3 տարի (քաղաքացիական ամուսնությամբ ապրում ենք արդեն 1.5 տարի): Խնդիրը նրանում է, որ նա չափից դուրս շատ ժամանակ է անց կացնում ընկերների հետ՝ ուշադրություն չդարձնելով ինձ վրա, այն բանի վրա, որ ես ամբողջ ժամանակ միայնակ տանը նստած՝ իրեն եմ սպասում: Եվ ահա այսօր, երեկոյան ժամը 8-ին, գնաց մեքենան կանգնեցնելու ավտոտնակում, և մինչև հիմա չի վերադարձել: Ավտոտնակում չի, բջջային հեռախոսին չի պատասխանում: Իսկ վաղը, ինձ խոսք է տալու, որ այսպիսի բան այլևս չի կրկնվի: Բայց մի 2-3 օրից ամեն ինչ նույնը կլինի: Ես չեմ հասկանում, թե ինչը նրան չի հերիքում մեր հարաբերությունների մեջ:
Ինձ դուր չի գալիս իմ ընկերոջ վերաբերմունքը իմ նկատմամբ, մեր ֆինանսական վիճակը:
Մեր հարաբերությունների մեջ եղած հիմնական խնդիրը նրանում է, որ նա բավարար չափով հաշվի չի նստում իմ հետաքրքրությունների և զգացմունքների հետ։ Միշտ անում է այն, ինչ ինքն է ուզում։ Եվ դա չի արտահայտվում միայն այնտեղ, որ նա շատ ժամանակ է անց կացնում ընկերների հետ, այն նաև այնտեղ, թե ինչով զբաղվենք երեկոյան, կամ ինչ դիտենք հեռուստացույցով։ Հիմնականում նա անում է այնպես, ինչպես ինքն է ուզում և կոմպրոմիսի չի գնում։
Նա կարող է ամբողջ օրը, ինչ-որ տեղ կորել, չզգուշացնելով, և չզանգելով։
Այսօր, նա երեկոյան ժամը 8-ին գնաց մեքենան ավտոտնակում կանգնեցնելու, և դեռ չի վերադարձել։ Արդեն ժամը 02.10-ն է։ Հեռախոսին չի պատասխանում։ Ավտոտնակում չի։ Նա պատրաստվում էր ավտոտնակում փոխել անիվը։ Երեկոյան ժամը 11-ին ես գնացի այնտեղ, տեսնեմ հո իմ օգնությունը պետք չի։ Նա այնտեղ չէր։ Ինձ համար շատ վիրավորական է այն, որ հիմա ես ուզում եմ նրա հետ լինել, գրկել նրան, իսկ նա չկա։ Ես նստած նրան եմ սպասում, և չեմ քնի, մինչև նա չգա։ Ես լաց եմ լինում և արդեն հարյուրերորդ անգամ կրկնում, որ վաղը կթողնեմ նրան և կմեկնեմ ծնողներիս տուն, որ այլևս չեմ կարող դիմանալ։ Բայց միևնույն է գիտակցում եմ, որ չեմ կարող բաժանվել նրանից, չեմ կարող առանց նրա ապրել։
Խնդիրը ձգվում է արդեն 2 տարի։ Փորձել եմ խոսել նրա հետ՝ բացատրել իմ զգացողությունները։ Նա խոսք է տալիս, որ ամեն ինչ կփոխվի, բայց մեկ երկու շաբաթից ամեն ինչ կրկնվում է։
Ինչպե՞ս խոսեմ նրա հետ, որ նրան հասկացնեմ իմ զգացմունքների մասին։ Արժե՞, որ թողնեմ նրան։ Ինչու՞ է նա իրեն այդպես պահում։ Ինչու՞մն է խնդիրը։ Ինչպե՞ս կարողանամ գնալ բաժանման քայլին։ Հնարավո՞ր է, որ նա փոխվի։ Ի՞նչ անեմ։ ................................
P.S. Նա քույր և մայր ունի և սովոր է, որ միշտ հոգ տանեն իր մասին, համբերեն իր հավաքույթները ընկերների հետ։ Ես մտածում եմ, որ նա համարում է, որ ես էլ պետք է այդ ամեն ինչը տանեմ։ Բայց նրանք իր ընտանիքն են, իսկ ես կարող եմ թողնել։ Նա բացարձակապես ինձանից ոչինչ չի հարցնում, չի գնահատում իմ զգացմունքները։
Պատասխան՝
Հարգելի X։
Ես մի բանը այնքան էլ լավ չհասկացա՝ իսկ Դուք նրա ընտանիքը չե՞ք։ Քանի Դուք այդպես չեք համարում, Ձեր մոտ ոչինչ չի ստացվի։ Ինձ թվում է, որ ամեն ինչը գալիս է նրանից, որ Ձեր հետաքրքրությունները ընդհանուր չեն, և նա գնում է նրանց մոտ, ում հետ ունի ընդհանուր հետաքրքրություններ։ Երկուսից մեկը՝ ամենախելոքը, պետք է ինչ-որ ձևի մտածի ընդհանուր հետաքրքրություններ ստեղծելու մասին։ Փորձեք նրա համար տանը հետաքրքիր մթնոլորտ ստեղծել, կամ էլ ինքներդ մասնակցել այն բաներին, ինչը նրան հետաքրքիր է։ Խորանալով Ձեր զգացմունքների մեջ, Դուք մոռացել եք, որ նա անձ է, և ունի իր պահանջների և հետաքրքրությունների շրջանակները։ Փորձեք պարզել այն և ակտիվ մասնակցություն ունենալ նրա կյանքում այնպես, որ նա ձգտի տուն գալ և Ձեզ հետ անց կացնել իր բոլոր ազատ ժամանակը։ Եթե Դուք շարունակեք սպասել և ուղղակի խոսել նրա հետ՝ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, և Դուք կսկսեք նմանվել այն տնային տնտեսուհիներին, որոնք իրենց կյանքը ձևակերպում են իրենց ամուսնուց առանձին։ Թողեք Ձեր արժանապատվության մասին հակաճառությունները՝ Դուք ընտանիք եք կառուցում, իսկ ընտանիքը հիմնականում կառուցում է կինը։ Եղեք իմաստուն, և ամեն ինչ Ձեզ մոտ կստացվի։ Մի ընկճվեք՝ չեմ կարծում, որ Դուք շատ եք ուշացել։ Համենայն դեպս, հիմա էլ ուշ չէ։ Փոխանակ նրա, որ երբ հիմա նա տուն կգա, Դուք սկանդալ սարքեք, կամ էլ լաց ու կոցով դիմավորեք, հաշվի առեք նրա անձը, և փորձեք ճշտել Ձեզ համար, թե ինչով էր նա զբաղված։ Միգուցե Դուք էլ կկարողանաք նրան ընկերակցել նրա ժամանցի ժամանակ։ Ես համոզված եմ, որ Դուք շատ կանացի և իմաստուն կին եք ու Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Մի ընկճվեք։ Բաժանությունը՝ վերջին տարբերակ է։ Քանի դեռ կա սեր, պետք է փորձել վերականգնել այն, ինչ կորցրել եք Ձեր անուշադրության պատճառով։
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: