Տաք մոխրի մեջ հազիվհազ այրվում էր մի հազիվ նշմարելի ածուխ: Մեծ զգուշությամբ և հաշվենկատությամբ նա ծախսում էր իր վերջին ուժերը, որպեսզի վերջում չհանգի և չխեղդվի թխագորշ մոխրի մեջ:
Ընթրիքի ժամանակն էր և սառչող վառարանի մեջ մի գիրկ ցախ նետեցին: Կարծես թե բոլորովին հանգած ածուխը կենդանացավ, և շուտով ցախի արանքներից, որոնց վրա կախված էր ճաշով լի չուգունե կաթսան, բարձրացան կրակի լեզվակները:
Ուրախանալով չոր ցախով, կրակը սկսեց հետզհետե բորբոքվել, վառարանից դուրս մղելով լճացած օդը: Խաղալով փայտերի հետ և չարաճճիաբար դուրս պրծնելով մեկ վերևից, մեկ էլ ներքևից, կրակը ավելի ու ավելի էր բորբոքվում:
Համառորեն դուրս պրծնելով փայտերի արանքից, կրակի լեզվակները ճրթճրթոցով կայծերի հրավառություն էին արձակում: Խոհանոցը լցնող մուգ ստվերները, ուրախ պար բռնեցին և վազելով կորան անկյուններում, իսկ անհնազանդ կրակը չարաճճիաբար և ուրախ ֆշշացրեց, ցանկանալով դուրս պրծնել վառարանի դռնակից: Շուտով վառարանը սկսեց գվվալ և երգեր ամենատարբեր տոնայնությունների մեջ, մեկ սահուն սուլելով, մեկ էլ սրտաճմլիկ ոռնալով: Խոհանոցը ջերմացավ և լայնարձակ դառավ:
Տեսնելով, որ ցախն ամբողջովին իր տիրապետության տակ է, կրակը դառավ կամակոր և լկտի: Նրան համակեց ամբարտավանությունն ու մեծամտությունը, և վառարանը նրա համար արդեն նեղ թվաց:
Կրակը սկսեց սպառնալի ֆշշացնել, ճրթճրթալ և ամբողջ վառարանով մեկ կրակել կայծերով: Վեր ուղղելով իր բոցի լեզվակը նա որոշեց հասնել երկնակամարին, սակայն հասավ... կաթսայի մրից սևացած հատակին:
Լեոնարդո դա Վինչի