ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱԼԳՈւԼԼԱ – ՄԵՆԱՎՈՐ ՃԱՄՓՈՐԴԻ ԱՍՏՂ

Այս առասպելը շատ հարյուրամյակների պատմություն ունի։ Այն պատմում է  մենավոր Ճամփորդի մասին, ով մի օր իջել է իր հեռավոր, սառը Ալգուլլա աստղից՝ Բոլոր Իմաստունների երկիր։

Երկար տարիներ էր անցկացրել Ճամփորդը մենության մեջ, իր հարազատ աստղի սառույցների ու ձյուների մեջ։

- Էհ, - հաճախ նա ասում էր ինքն իրեն, հայացքը սևեռելով դեպի հեռավոր բազմագույն աստղերը,

- ես մենավոր եմ ինչպես աշխարհում ոչ ոք։ Նույնիսկ աստղերը ինձ չեն լսում։

- Որտեղի՞ց գիտես թե ինչ բան է մենությունը, - իրեն հասավ երկնային ձայնը։ - Որտեղի՞ց գիտես, որ դու մենավոր ես։

- Ախր շուրջ բոլորս ոչ ոք չկա բացի ինձանից, - շփոթվեց Ճամփորդը։

- Հիմար։ Դու գաղափար չունես, թե ինչ բան է մենությունը, - անհողդող էր ձայնը։ - Ճանապարհվիր Բոլոր Իմաստունների երկիր ու նրանցից պարզիր, թե ինչ բան է մենությունը և արդյո՞ք դու մենավոր ես իրականում։

Կախարդական աստղային միջանցքով Ճամփորդը վայրկյանական տեղափոխվեց Բոլոր Իմաստունների երկիր։

Ահ, որքան չքնաղ երկիր էր դա։ Այնտեղ այնքան կանաչ կար, այնքան ծաղիկներ, այնտեղ կարկաչում էին առվակները, որոտում էին ջրվեժներն ու երկնագույն երկնքից լուսավորում էր այնքան անսովոր ջերմ ու վառ արևը։

Զբոսնելով անծանոթ երկրի ծաղկած այգիներով, ճամփորդը պատահաբար հանդիպեց մի իմաստունի, ով նստած էր լայնասաղարթ ծառի ստվերում։

- Բարև ձեզ, - բարևեց իմաստունին Ճամփորդը։

- Բարև, - պատասխանեց իմաստունը։

- Ես եկել եմ ձեր երկիր, որպեսզի ձեզանից, մեծագույն իմաստուններից իմանամ թե ինչ բան է մենությունը և վերջապես հասկանամ թե արդյոք մենավոր եմ ես ինքս։

- Իսկ դու նստիր կողքիս, - առաջարկեց իմաստունը, - ու նայիր այս հզոր, հաստաբուն ծառերի կանաչ տերևներին։ Լսու՞մ ես թե ինչպես են սվսվում նրանց կանաչ տերևները, ինչպես է քամին անհամարձակ իրենց տատանում։ Լսու՞մ ես թե ինչպես է այդ սվսվոցից ծնվում մի լուռ, քնեցնող մեղեդի։ Զգու՞մ ես թե ինչպես է քո սիրտը սերտաճում այդ մեղեդու ու հանդարտության հետ։

Նստելով իմաստունի կողքին, Ճամփորդը ականջ դրեց տերևների համաչափ սվսվոցին, ու այնքան լավ զգաց իրեն, որ բոլորովին մոռացավ, թե ինչի համար էր եկել այս չքնաղ երկիր։ Իսկ երբ հիշեց, կողքին արդեն ոչ ոք չկար։

Եվ Ճամփորդը շարունակեց իր ճանապարհը։

Անցնելով ծաղկող ու բուրող այգիները նա դուրս եկավ փոթորկվող օվկիանոսի մոտ։ Օվկիանոսի ափին նա նկատեց տաք, դեղին ավազի վրա նստած ևս մեկ իմաստունի, ով անթարթ հետևում էր ափ եկող փրփրոտ ալիքներին։

- Բարև ձեզ, - բարևեց Ճամփորդը։

- Բարև, - պատասխանեց իմաստունը աչքը չկտրելով ջրից։

- Ես եկել եմ ձեր երկիր, որպեսզի իմանամ, թե ինչ բան է մենությունը ու արդյո՞ք ես մենավոր եմ։

- Նստիր կողքիս, - ասաց իմաստունը։ - Ու նայիր այս անծայրածիր, փոթորկվող օվկիանոսին։ Շնչիր նրա աղի ջրերի հոտը։ Դեմքիդ վրա զգա նրա շունչն ու հպումը։ Լսիր ափին զարնվող ալիքների երաժշտությունը։ Այդ երաժշտությունը վեհ է ու հզոր։ Այն կլցնի քո սիրտն ու հոգին ազատությամբ։

Նստելով արևի տաքացրած ավազի վրա, Ճամփորդը իր հայացքն ուղղեց երկնագույն օվկիանոսի փրփրող ջրերին։ Նա շնչեց ջրերի թունդ հոտը, զգաց օվկիանոսի թարմ շունչը ու քարացավ փոթորկվող տարերքիվեհ երաժշտությունը լսելուց։ Ճամփորդի սիրտը թրթռաց, երգեց, հոգին ազատվեց ու թեթևացավ, ու կրկին նա մոռացավ թե ինչի է եկել Բոլոր Իմաստունների երկիր, իսկ երբ ուշքի եկավ, ապա կրկին մենակ էր։

Եվ Ճամփորդը շարունակեց իր ուղին։ Հիմա նա գնում էր սարերի ու բարձր ժայռերի միջով։ Ժայռերից մեկի գագաթին նա տեսավ նստած իմաստունի, ով իր դեմքը պարզել էր կեսօրյա արևի տաք ճառագայթներին ու ինչ-որ բանի մտազբաղ ժպտում էր։

- Բարև ձեզ, - բարևեց Ճամփորդը։

- Բարև, - պատասխանեց իմաստունը։

- Ես իջել եմ ձեզ մոտ հեռավոր Ալգուլլա աստղից, որպեսզի իմանամ թե ինչ բան է մենությունը ու արդյո՞ք ես մենավոր եմ։

- Նստիր կողքիս, - ասաց իմաստունը։ - Փակիր աչքերդ ու պարզիր դեմքդ մեծն արևի ճառագայթներին։ Զգա նրա ճառագայթների հպման նրբությունը քո մաշկին, քո շուրթերին, քո փնտրող սրտին, քո խռով հոգուն։ Ու կլսես դու լույսի, բարու, սիրո, հանգստության ու ներդաշնակության երաժշտությունը։

Նստելով իմաստունի կողքին, Ճամփորդը դեմքը պարզեց արևի տաք ճառագայթներին։ Մեծ լուսատույի ջերմությունը նրբորեն հպվեց դեմքին, ջերմացրեց սիրտը, լցրեց հոգին աննկարագրելի ուրախությամբ, հանգստությամբ ու սիրով։ Ու հանգիստ, դանդաղ երաժշտությունը հնչեց ուղիղ սրտում։ Ու Ճամփորդը այնքան իրան լավ զգաց, որ նա կարծես թե բոլորովին մոռացավ իր աստղի մասին, ու այն մասին, որ ժամանակն է եկել որ վերադառնա տուն։

Աչքերը բաց անելով, Ճամփորդը տեսավ, որ իմաստունն այլևս կողքին չէ։

Ստիպված եղավ Ճամփորդը ոչնչով վերադառնալ իր աստղ։

Իսկ Ալգուլլայի վրա, սովորականի պես մութ էր ու սառը։ Հայացքով անցկացնելով քնած սառույցները, Ճամփորդը զգաց, թե որքան միայնակ հանկարծ դարձավ իր համար, որքան դատարկ, որքան անտանելի լուռ ու անմարդ։

- Ահա թե ինչ բան է մենությունը, - վերջապես հասկացավ Ճամփորդը։ - Դա այն բանի կորուստն է, որը ժամանակին գտել էիր։ Դա ջերմության, քնքշության, սիրո ու այն արտասովոր երաժշտության կորուստն է, որը նվագվել է ինձ համար բնության կողմից։ Նշանակում է, որ հենց հիմա ես դարձա միայնա՞կ։

Եվ Ճամփորդը դառը արտասուք թափեց։

- Աչքերդ փակիր, - լսեց նա երկնային ձայնը։ - Ու հիշիր տերևների սվսվոցը, օվկիանոսային ալիքների աղմուկը, արևի ջերմությունը։ Նորից լսիր այդ իրական կյանքի երաժշտությունը։ Այսուհետև դու երբեք միայնակ չես լինի։ Այդ կախարդական երաժշտությունը միշտ քո հետ կլինի։ Այն կհնչի քո սրտում, քո հոգում։ Ու այդ երաժշտությունը կլսեն նաև այդ սառը սառույցները, որոնք քեզ շրջապատում են, և հեռավոր աստղերը, որոնք այդպես խորհրդավոր առկայծում են բարձրունքում։ Եվ մենությունը, այդ չքնաղ երաժշտության մեջ այլևս երբեք գոյություն չի ունենա։

Այդ պահից ի վեր, Ալգուլլա հեռավոր աստղին սկսեցին անվանել «Միայնակ ճամփորդի աստղ, ով հաղթեց մենությունը»։ Իմաստուններն ասում են, որ Ալգուլլա աստղին երկնքում կարող են գտնել միայն նրանք, ով կարողանում է լսել իրական կյանքի վեհ երաժշտությունը՝ սրտով ու հոգով…

ԱՎԱ ԱՐԴՈ