Ժայռերից ոչ հեռու, որոնք բարձրանում էին օվկիանոսի փոթորկվող ջրերի վրա, մի տուն էր կանգնած։ Ապրում էր այդ տանը մի սովորական տղա՝ Արխուն։ Նա ապրում էր միայնության մեջ ու չուներ ոչ ընտանիք, ոչ էլ ընկերներ։ Միայն մի ծառ էր պատուհանի տակ բարյացակամ թափահարում իր երկար ճյուղերով, կարծես թե փորձելով ինչ-որ բան խոստովանել։ Բայց որքան շատ էր նայում այդ միայնակ ծառին Արխուն, այնքան ավելի էր տխրում։ «Միգուցե ծա՞ռն է մեղավոր իմ թախծի մեջ», - մտածեց Արխուն։ Վերցրեց կացինը ու գնաց դատաստան տեսնի՝ առանց ափսոսանքի նա մտցրեց կացնի սայրը ամուր ու հզոր ծառի բնի մեջ։ Հարված, էլի հարված՝ ծառը ճրթաց ու հրաժեշտի տնքոցով ընկավ գետին։
Իսկ գիշերը արթնացավ Արխուն այն բանից, որ լսեց, թե ինչպես է ծառը, իր ճյուղերով ծեծում պատուհանը։ Վեր թռավ նա, մոտ վազեց պատուհանին, ու տեսնում է՝ կանգնած է թափանցող քամու տակ մի երիտասարդ աղջիկ, սպիտակ շրջազգեստով, իսկ նրա դաստակներին քամուց ծածանվում են ալ կարմիր ժապավեններ։ Աղջիկը թախծոտ ժպտում էր ու իր ետևից կանչում։
Տնից դուրս գալով, Արխուն տեսավ անծանոթուհուն, նստած կտրված ծառի բնի վրա։ Նա քնքշորեն բունն էր շոյում ու ինչ-որ բան շշնջում, կարծես թե ցածրաձայն երգ էր երգում։
- Դու ո՞վ ես, - հարցրեց նրան Արխուն։
Իսկ աղջիկը, արցունքների միջից հարցնում է՝
- Ինչու՞ դու ինձ կործանեցիր։ Ինչու՞ իմ կյանքը խլեցիր։ Մի՞թե ես քեզ խանգարում էի։ Մի՞թե քիչ եմ ես քո մասին հոգ տարել։ Մի՞թե տերևներիս շրշյունի տակ դու չես լսել քո նկատմամբ ունեցած իմ սիրո երգը։ Ինչու՞ իմ հետ այդպես վարվեցիր։
Նայեց Արխուն աղջկա դժբախտ աչքերի մեջ ու չէր կարողանում հավատալ, որ հենց ծառի ոգու հետ է խոսում։
- Ներիր ինձ, - մեղավոր խոստովանեց նա, - չէի ուզում ես քեզ կյանքից զրկել։ Չգիտեի ես քո մասին ոչինչ։ Եվ քո սիրո մասին իմ նկատմամբ գլխի չէի ընկնում։
Ժպտաց ի պատասխան աղջիկն ու համբուրեց Արխուի շուրթերը։
- Սիրում եմ ես քեզ, - շշնջաց նա։ - Ոչ ոք քեզ այնպես չի սիրել, ինչպես ես։ Սիրելու եմ քեզ մինչև իմ վերջին օրը, չնայած, որ քիչ է ինձ մնացել՝ միայն երեք օր։ Բայց խոստանում եմ քեզ, որ այդ երեք օրվա ընթացքում, դու էլ կհասցնես ինձ այնպես սիրել, որ առանց ինձ չես կարողանա ապրել։
Այդպես էլ տեղի ունեցավ։ Հայտնի չէր, թե արդյոք դա հանելուկային աղջկա կախարդանքն էր, թե ոչ, միայն թե Արխուն սիրահարվեց աղջկան առանց հիշողության, ու բոլորովին, երջանիկը մոռացավ, որ իր սիրեցյալի օրերը հաշված են։
Այդ առավոտը ցուրտ էր ու մռայլ։ Փտած քամին արկնքով քշում էր գորշակապույտ ամպերին ու ալիքները ոռնոցով փշրվում էին խփվելով ժայռերին։ Ու յուրաքանչյուր այդպիսի ալիքի մեջ լսվում էին ինչ-որ մեկի ոռնոցները, ինչ-որ մեկի ցավը արձագանքով տարածվում էր ծովի վրայով։
- Դու որտե՞ղ ես սիրելիս, - գոռում էր Արխուն։
Իսկ ժայռի կատարին կանգնած էր նա, գեղեցիկ ու թախծոտ, ձեռքերը կողք պարզած, նա դեմքը պարզել էր քամուն, իսկ դեմքի վրայով հոսում էին արցունքները կամ էլ դա սկսվող քամու կաթիլներն էին, կամ աղի օվկիանոսի ցայտերը։
- Ու՞ր ես գնում, - մոտ վազեց նրան Արխուն։ - Ինչու՞ ես հեռանում։ Ես սիրում եմ քեզ, - գոռաց նա։ - Մնա ինձ հետ։
- Մնաս բարով, սիրելիս, - շշնջաց աղջիկն ի պատասխան։ - Ես չքնաղ ծառ էի, իմ կանաչ սաղարթի մեջ սիրում էին թռչունները բույն դնել։ Հիշում ես, թե ինչպես էին նրանք ծլվլում օրեր շարունակ։ Իմ ճյուղերը սիրում էր օրորել քամին։ Իմ բունը սիրում էր ջերմացնել արևը։ Բայց այդ ամենը ես չէի նկատում՝ ես տեսնում էի միայն քեզ, այնտեղ, ապակու հետևում։ Ես նայում էի, թե ինչպես ես դու քնում, ես արթնացնում էի քեզ լուսաբացին, թրխկացնելով իմ ճյուղերով քո պատուհանը, ես խոսում էի քեզ հետ, երբ դու երկար նայում էիր ինձ։ Ես երջանիկ էի։ Իսկ հիմա ես ուզում եմ իմ մեջ զգամ օվկիանոսի ուժը, ուզում եմ փրփուրով սահել հարթ քարերի վրայով ու լսել ճայերի գոռոցը։ Ես միշտ երազել եմ դրա մասին։ Դու չնայած որ իմ կյանքը խլեցիր, բայց ինձ սեր ընծայեցիր։ Իսկ ինձ դրանից բացի ոչինչ պետք էլ չէր։ Մնաս բարով։
Այդ խոսքերով աղջիկը թռավ բարձր ժայռից փոթորկվող ջրերի մեջ։
Վերադառնալով տուն, Արխուն շուրթերով հպվեց կտրված ծառին ու լաց եղավ։ Գիշերը լսում էր Արխուի հեկեկոցը, աստղերը տեսնում էին նրա արցունքները։ Իսկ լուսաբացին, վերցրեց Արխուն գործիքներն ու գործի անցավ՝ որոշեց նա իր կտրած ծառի բնից նավակ տաշել ու այդ նավակով դուրս գալ օվկիանոսի փոթորկոտ ջրերի մեջ։
- Այդպես ես իմ սիրեցյալին մոտ կլինեմ, - կրկնում էր նա ինքն իրեն։
Երկար նա չարչարվեց, ու վերջապես նավակը պատրաստ էր։ Նստեց նա նավակն ու բաց ծով դուրս եկավ։ Ծովի փրփուրը, նրան ֆշշոցով ճանապարհ էր դնում, ալիքները խնայողաբար նավակը տանում էին հեռու հեռուներ, ուրիշ երկրներ։ Ու լսեց այդ ալիքների ճողփյունի մեջ Արխուն իր սիրեցյալի ձայնը։ Իսկ նա խոսում էր Արխուի հետ, խոսում էր, աղաչելով միայն մի բանի մասին՝
- Փրկվիր, սիրելիս, վերադարձիր տուն, լողա դեպի ափը։ Չեն խնայի քեզ ծովի ալիքները։ Կկործանեն։ Ես կկործանեմ, չնայած, որ չեմ ուզում դա անել։ Մի ստիպիր որ քո կյանքը խլեմ։
- Առանց քեզ, սիրելիս, - պատասխանեց Արխուն, - ես կյանք չունեմ։ Թող ամեն բան այնպես լինի, ինչպես ճակատագիրը որոշել է։ Ես քո կյանքը խլեցի, բայց իմն էլ կտամ, որպեսզի քեզ հետ միասին լինեմ։
Ոռնաց օվկիանոսը, ալիքներով փրփրեց, ուռեց ու փշուր-փշուր արեց Արխուի նավակը, կործանելով նաև նրան։ Միայն թե կործանվելուց, երջանիկ էր Արխուն նրանից, որ այլևս ոչ մի բան չի կարող բաժանել իրեն իր սիրեցյալից ու որ իրական սիրո առջև իր պարտքը փակված է։
Ու հանգիստ սկսեց սիրահարված հոգիների համար։
ԱՎԱ ԱՐԴՈ