Ալենը պատրաստվում էր մի կտոր շաքար էլ նետել սուրճի գավաթի մեջ, երբ հանկարծ հայրիկ Գրանդեի ուրվականը բռնեց նրա ձեռքն ու ասաց՝
- Կարիք չկա՝ դու կարող ես չափից ավելի քաղցրացնել։
- Այո, բայց հիմա սուրճն ակնհայտ դառն է, - հակաճառեց Ալենը։
- Մի մեծ բան կկատարվի, լեզվի համար մի փոքր դառը կլինի, - պատասխանեց ուրվականը։ - Երբ դու կսովորես համակցել հաճույքը՝ զրկանքների հետ, որոնց նրանք արժեն։
- Լսեք հայրիկ Գրանդե, ախր ժամանակները փոխվել են այն ժամանակներից, երբ դուք ապրում էիք այս աշխարհում։ Հիմա շաքարը թանկ չի, - ասաց Ալենը։
Ուրվականը պատասխանեց՝
- Իսկ դու փողով մի հաշվիր, դու հավիր մարդկային տանջանքներով։ Աշնանը, ֆլամանդացի աղքատները՝ նրանց «կամբերլո» են անվանում, հավաքվում են կոլտնտեսություններում, որպեսզի ճակընդեղ հավաքեն։ Եթե գիշերն անձրև է եկել կամ առավոտյան ցող է իջել, նրանք մինչև գոտկատեղը թրջվում են, կարծես թե ջրի մեջ են աշխատում։ Նրանք ապրում են ցախանոցներում, քնում են ծղոտի վրա։ Հիմա տես թե ինչպես են գործարանում շաքարը եփում և մաքրում, - կտեսնես թե ինչպես են կիսամերկ մարդիկ, պարկերը սապատների վրա դրած վազվզում այս ու այն կողմ, այրվելով կաթսաների շոգից, մրսելով միջանցիկ քամիներից։ Չմոռանաս նաև կանանց, ովքեր տեղավորում են կոտրած շաքարը փաթեթների մեջ։ Մտածում ես թե դա նուրբ ձեռքերի համար նախատեսած հաճելի զբաղմու՞նք է։ Այսպիսի հաճելի զբաղմունքի շնորհիվ նրանք մինչև արնահոսությունը կոտրում են իրենց եղունգներն ու մատերի ծայրերը։ Դու հիմա է՞լ կասես, թե շաքարը թանկ չարժե։ Եվ ուրեմն հաշվի առ, որ դա միայն նշանակում է, որ նրանց այդ ողջ տաժանակիր աշխատանքի համար դու տալիս ես բոլորովին աննշան քո ժամանակից և աշխատանքից։ Այ քեզ արդարացում։
Նա մտորեց։ Նրա անողոք աչքերը սարսափելի փայլ էին ճառագում։
- Գիտես, - շարունակեց նա, - այն ժամանակներում, երբ ես հաշվում էի յուրաքանչյուր ոսկեդրամ ու շաքարը պահում էի կողպեքի տակ, ես զգում էի, որ ինձ ատելու առիթ չկա, միայն թե ինքս չգիտեի թե ինչու։ Այժմ ես հաշվում են արդեն ոչ թե իմ, այլ ուրիշի ունեցվածքը և գիտեմ, թե ինչու այն ժամանակ չէի կարմրում իմ ժլատության համար։ Ես ինքս էի ինձ սպասարկում։ Երբ նկատում էի որ տախտակը փտել է, ես հաճույքով նրա տեղը ուրիշն էի ամրացնում։ Եթե ես մի քիչ ոսկի վճարեի, իմ տրամադրության տակ կլինեին մի հարյուր ատաղձագործ։ Բայց ես չէի ուզում ստրուկներ ունենալ։ Ոսկու մեջ արտահայտվում էր ուրիշի աշխատանքի նկատմամբ ունեցած իմ իրավունքը – բայց ես այդ իրավունքից չեմ օգտվել։ Եվ ամեն անգամ, իմ արկղիկի մեջ հերթական ոսկեդրամների սյունյակը տեղավորելով ես ազատություն էի տալիս ևս մեկ ստրուկի։ Իհարկե ինքս այդ մասին չէի էլ կասկածում – ինձ ուղղակի դուր էր գալիս ոսկու փայլը։ Երևում է, որպեսզի մարդիկ սիրեն առաքինությունը, այն պետք է իրեն արատ ձևացնի։ Բայց դու գոնե, եթե դու երբեմն փորձում ես մտածել ուրիշի բարօրության մասին, պատկերացրու, որ յուրաքանչյուր ոսկեդրամի մեջ պարփակված է արքայական իշխանություն քեզ համար և ստրկություն՝ ուրիշների։ Այդ ժամանակ քեզ հայտնի կդառնա թե ինչու ավելի լավ է ոսկին պահել, քան ծախսել։
Ուրվականն անհետացավ։
Ալենը իր սուճն առանց շաքար խմեց և այն իրեն շատ համեղ թվաց։
Էմիլ-Օգյուստ Շարտյե
