ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Խանդի կրակը»

Երիտասարդ ամուսինները նոր-նոր էին սկսել կահավորել իրենց ընտանեկան օջախը, որ իրենց հարաբերություններում սկսեցին պրոբլեմները։ Իսկ բանը միայն նրանում էր, որ կինը յուրահատուկ գեղեցիկ էր ու նուրբ, իսկ նրա ամուսինը, սարսափելի խանդոտ բնավորություն ուներ, որը ոչ իրեն, ոչ էլ կնոջը հանգիստ չէր տալիս։ Նա մշտապես տանջվում էր կնոջ դավաճանության մեջ կասկածներից, սակայն անհերքելի փաստեր այդպես էլ չէր կարողանում գտնել։

Այդպես էլ նրանք ապրում էին շփոթության մեջ - ամուսինը չգիտեր թե ինչին մանրախնդրությամբ դիպչի, իսկ կինը շարունակաբար մտածում էր սիրած մարդու տարօրինակ վարքի մասին։

Բայց մի անգամ ամուսինը չդիմացավ և որոշեց ցրել բոլոր կասկածները։ Նա մի յուրահատուկ ֆիզիկոս-ընկեր ուներ, ով վստահում էր բացառապես փաստերին և շատ մանրախույզ կյանքով էր ապրում, որը հաճախ բնորոշ է ճշգրիտ գիտությունների հետևորդներին։ Այ նրան էլ որոշեց դիմել խանդոտ ամուսինը։ Ընկերոջ խորհուրդները միշտ աշխատում էին, սակայն հաճախ ունենում էին իրենց բացասական կողմը նույնպես, քանի որ կյանքը միշտ չէ որ ճշգրիտ գիտություն է։

- Ինչպե՞ս ես ստուգեմ իմ կնոջը, - հարցրեց խանդոտը։ - Ինձ թվում է, որ նա ինչ-որ մեկին ունի, բայց նա շատ լավ դա թաքցնում է։

- Իսկ դու ինքդ մի՞թե ոչինչ չես տեսնում, - հակընդեմ հարց տվեց գիտնականը։ - Չե՞ս նկատել ոչ մի արտասովոր բան նրա վարքում։ Միգուցե ինչ-որ փոփոխություննե՞ր վարքում։

- Ոչ ոչ… Նա ինձ շատ լավ է վերաբերվում, բայց ես չեմ կարողանում չնկատել, որ նա երբեմն ուշանում է աշխատավայրից, իմ ներկայությամբ հեռախոսով չի խոսում… Ու էլի շատ այլ բաներ։

- Լավ, ես կփորձեմ քեզ օգնել։ Գիտես, որպեսզի ստուգվի ադամանդի իսկությունը, անհրաժեշտ է միայն նայել նրա մեջ ու տեսնել նրա արտասովոր փայլն ու լույսի խաղը։ Սակայն կա նաև այլ ճանապարհ։ Եթե դու չես կարող նայել քո կնոջ հոգու մեջ, ապա փորձիր աչք գցել նրա գիտակցություն՝ գիտության օգնությամբ։

- Բայց ես ինչպե՞ս դա անեմ։

- Քեզ անհրաժեշտ է մի փորձ անել, որը նման է նրան, ինչ արել է ադամանդների հետ ֆրանսիացի ֆիզիկոս Անտուան Լավուազյեն, 1772 թվականին։ Մի ահռելի երկկողմանի ուռուցիկ ոսպնյակի օգնությամբ, նա ֆոկուսացրել է արևի ճառագայթներն ու այդպիսով ստեղծել լույսի մի չափազանց վառ հոսք։ Այդ լուսային հոսքը նա ուղղել է դժվարահալ ապակուց մի փակ անոթի վրա, որի մեջ էլ գտնվում էր ադամանդը…

- Ես քեզ ինչ-որ չեմ հասկանում, - գիտնականին ընդհատեց երիտասարդը։ - Հապա մի պատմիր ինձ ուղղակի այն փորձի մասին, որը դու ինձ ուզում ես առաջարկել։ Պարտադիր չէ դրա համար խորանալ երկար նախապատմության մեջ։

- Լավ, - համաձայնեց գիտնականը, - քեզ ուղղակի անհրաժեշտ է ստուգել քո կնոջը, ստի դետեկտորի վրա։ Դու կկարողանաս նրան ցանկացած հարց տալ, իսկ սարքը ճշգրիտ քեզ ցույց կտա, թե արդյոք նա սուտ է ասում։ Այդ փորձը նման է Լավուազյեի փորձին…

- Ոչ մի նման բան չեմ տեսնում։ Բայց ընդհանուր առմամբ, այդ գաղափարը ինձ դուր է գալիս։ Այդպես էլ կանեմ։

Երիտասարդ խանդոտը բոլոր հնարավոր տարբերակներով համոզեց իր կնոջը գնալ այդ նվաստացուցիչ փորձությանը։

Փորձի վերջանալուց հետո, չվստահող ամուսինը կրկին եկավ ֆիզիկոս-ընկերոջ մոտ։

- Փորձը հաջող անցավ, - պատմեց նա գիտնականին։ - Նա ինձ չի դավաճանում և երբեք էլ չի դավաճանել։

- Ես շատ ուրախ եմ, որ դու ցրեցիր քո բոլոր կասկածները, - պատասխանեց գիտնականը։ - Բայց ինչու՞ ես դու այդ դեպքում այսպես տխուր։

- Որովհետև ես հիմա այլ պրոբլեմ ունեմ - նա այլևս ինձ չի վստահում և կարծես թե նույնիսկ չի սիրում առաջվա պես։

- Եթե դու համբերություն ունենայիր լսել ինձ մինչև վերջ այն օրը, ապա հավանաբար երեք անգամ կմտածեիր նախկան նման փորձ անցկացնելը։ Երբ ես ասում էի, որ այն նման է փորձին, որը անց է կացրել Լավուազյեն՝ ադամանդի հետ, ապա ես ի նկատի ունեի, ոչ թե հենց պրոցեսը, այլ դրա արդյունքը… Տեսնում ես, ադամանդը, որը ֆիզիկոսը դրել էր ոսպնյակի ֆոկուսում, բոցավառվեց յուրահատուկ վառ շողերով, ապացուցելով դրանով իր իսկությունը։ Բայց արդյունքում ադամանդն այրվեց, վերածվելով ածխի…

Դենիս Խարլամով

 
 

Այժմ կայքը դիտում են 132 հյուր