ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՕՁ-ԹԱԳԸ

Հեռավոր կղզիներում, որոնց ափերը ողողում են անծայրածիր օվկիանոսի աղի ջրերը, շատ վաղուց գոյություն ուներ մի մեծ երկիր։ Նրա մեծությունը ոչ թե իր չափերի մեջ էր, այլ իմաստության, որը դարեդար թագավորում էր այդ երկրի արևի շոյած պտղաբեր հողերում։ Եվ խորհրդանիշ կար, որը այդ անմահ իմաստության մասին էր խոսում։ Այդ խորհրդանիշը – թագն էր։ Այն ձուլած էր ոսկուց, և նրա վրա պատկերված էր գունդուկծիկ եղած օձ։ Եվ այդ թագին արժանանում էր միայն ընտրյալը, ով այն դնելով իր գլխին կարող էր հպարտությամբ անվանվել՝ իմաստուն։

Շատ գլուխներ է պսակազարդել այդ թագը։ Շատ իմաստուններ է նա տեսել իր գոյության ընթացքում։ Բայց չի եղել դեռ որևէ այդ թագի տեր, որ չզոհվի կենդանացած Օձ-Թագի խայթոցից։ Բոլորը այդ մեծ թագի մեջ իրենց մահն են գտել։

Եկավ օրը և Օձ թագը բաժին հասավ գեղեցկուհի Աիդային։ Վաղ մանկությունից Աիդան հայտնի էր իր խոսքերի ուժով և իմաստությամբ, ազատամտությամբ, արարքների ճշտությամբ։ Ուրախությամբ և հպարտությամբ նա ընդունեց այդ մեծագույն ընծան։

- Բայց հիշիր, - զգուշացրեց նրան հայրը, - թագը գլխիդ դնելուց պատրաստ եղիր այն բանին, որ մահն է քեզ սպասում դրանից, քանզի չի ներում թագը ոչ իմաստուն արարքներ։

Միայն թե չվախեցրեց աղջկան դա։ Իր գլխին դրեց աղջիկը Օձ-թագը և սկսեց ապրել իմաստուն օրենքներով։ Եվ ժողովուրդը գալիս էր նրա մոտ, որ այդ իմաստությունը ճանաչի, իր արարքներում կիրառի։Եվ իմաստուն էր Աիդան։ Եվ միայն նա գիտեր, թե ինչ էր դա իր համար արժենում։ Իր յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր որոշում նա ստուգում էր իմաստությամբ։

«Արդյո՞ք իմաստուն է իմ միտքը, - ինքն իրեն հարցնում էր Աիդան։ - Արդյո՞ք իմաստուն է խոսքս։ Իմաստու՞ն է արդյոք որոշումս»։

Եվ վախենում էր Աիդան թագից։ Վախենում էր ինչպես կրակից, հիշելով, որ յուրաքանչյուր պահի կարող է կենդանաձած օձը նրան սպանել։ Բայց ոսկե օձը խոր քնած էր դեռևս իր տիրուհու գլխի վրա։ Եվ Աիդային թվում էր, որ այլևս երբեք այդ նենգը չի արթնանա։

Բայց եկավ Աիդայի ժամը, այն պահին, երբ դադարելով օձից վտանգ զգալ, մոռացավ թագուհին ինքն իրեն հարցնել իր արածի իմաստության մասին։

- Ես միշտ իմաստուն եմ և դա ակնհայտ է, - որոշեց Աիդան։

Եվ այդ նույն պահին Աիդայի գլխին եղած թագը շարժվեց, ուղղվեց ոսկե օձը, ֆշշացրեց և առանց ափսոսանքի իր թունավոր ատամները մխրճեց իր տիրուհու մեջ։ Դեռ երկար նայեց օձը մահացող աղջկա աչքերի մեջ, ու վերջում ֆշշացրեց՝

- Իմաստուններ չկան – կա իմաստության հավերժ հասկացում։ Եվ հիմա մահացիր, հասկացիր իմ իմաստությունը վերջին անգամ։

Աիդան մահացավ։ Իսկ Օձ-թագը կրկին մնաց սպասելով իր նոր տիրոջը։

Ո՞վ դառավ ընտրյալ՝ երիտասարդ մի տղա թե աղջիկ։ Եվ արդյո՞ք նրանք իմաստուն էին։ Հաջողվե՞ց արդյոք նրանց հաղթահարել թագի նենգությունը։ Արդյո՞ք մահացան իրենց մահով, թե՞ սպանվեցին կենդանացած օձի խայթոցից։ Ցավոք ժամանակը այս հարցերի պատասխանը մեզանից թաքցնում է։ Ափսոս...

ԱՎԱ ԱՐԴՈ