ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՄՇՈւՇԸ

Մառախուղ է իջնում հովիտների վրա,

Օդն արցունքով է ներծծված,

Թևերն առաջ պարզած նա թռչում է

ուրվականի պես,

որը սիրող սրտերը մահից է փրկում,

լույսի պես, որը ջերմացնում է

կորած հոգիները,

կոտրված սրտերը

սպանված սերը...

 

Պատերազմ էր, դաժան և կոշտ պատերազմ։ Արյան ծովը ծածկել էր երկիրը։ Տղան մեծ ռազմիկ էր, իսկ աղջիկը՝ ուղղակի սովորական աղջիկ։ Տղան թշնամի էր։ Նրա անունն էր Դաիշի։ Իսկ աղջկա անունը՝ Կումիկո էր։ Հանդիպել էին նրանք մի սարսափելի ժամանակ, ուղղակի իրենց ուժեղ, մաքուր սիրո հետ ոչինչ անել չէին կարողանում՝ ախր սերը ժամանակ չի ընտրում։

Ոչնչից չվախենալով սիրում էր Կումիկոն՝ Դաիշիին, չնայած նրա, որ թշնամի էր։ Տեսնում էր նա, թե ինչպես է իր սիրեցյալը իր ծանոթների ու մտերիմ մարդկանց արյունը հեղում, սակայն ինքն իր հետ ոչինչ անել չէր կարող, քանի որ գիտեր, որ այլ ընտրություն չուներ Դաիշին։

Բայց իմացան մարդիկ Կումիկոյի դավաճանության մասին։ Բռնեցին նրան ու տարան մի բարձր ժայռի վրա։ Պատռեցին նրանք ողջ հագուստը նրա միայն մի սպիտակ վերնաշապիկ թողեցին։ Սառը քամին խեղճի մարմինը կեղեքում էր։

- Դու դավաճանել ես քո ժողովրդին, - գոռացին մարդիկ։ - Եվ դրա համար պետք է սարսափելի մահի ենթարկվես։

Ոչինչ չպատասխանեց Կումիկոն մարդկանց։ Միայն հպարտ բարձրացրեց գլուխն ու գոչյունով իրեն ցած նետեց ժայռից։ Իսկ ներքևում դաժան մարտեր էին ընթանում։ Ոչ թե կյանքի համար էին կռվում, այլ մահու։ Զինվորների մեջ էր նաև Դաիշին։ Լսեց նա սիրեցյալի գոռոցը, մոռացավ աշխարհում ամեն ինչի մասին, ու հենց այդ պահին կարող էր թշնամու սրից զոհվել, սակայն հենց այդ պահին Կումիկոյի մարմինը լուծվեց օդում ու վերածվելով մշուշի պարուրեց շուրջբոլորը։ Շփոթվեցին զինվորները։ Մշուշի մեջ սկսեցին ոչինչ չտարբերել՝ որտեղ են դրակիցները, որտեղ թշնամիները – ոչինչ չէին տարբերակում։ Եվ պայքարը կանգ առավ։

Այդ ժամանակից ի վեր առասպել կա, որ երբ ճակատամարտերի ժամանակ զորքի վրա խիտ, անանցանելի մշուշ է իջնում, դա նշանակում է, որ մարտնչողների մեջ շատ սիրող սրտեր կան, որոնց զոհված Կումիկոն փորձում է պաշտպանել։

ԱՎԱ ԱՐԴՈ