ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Մարդու իրավունքները»

Շան իրավունքների պաշտպանման Լիգայում, մի անգամ բռնկվեց վեճ մարդու իրավունքների մասին։

- Հարցը նրանում է, - ասաց պուդելը, - թե ինչով է պայմանավորված տնային կենդանու դերը, որը մեր աչքերի առջև արդեն քանի դար կատարում է մարդը։ Կամ նրա բնությունը ի սկզբանե թերի է, կամ անհիշելի ժամանակներից մի ինչ-որ անկում է կրել։ Իրականում, ոչ ոք չի տեսել, որ շունն ինքն իր համար բուն կառուցի, կամ ապուր եփի, կամ միս կտրատի ու տապակի։

Այդ ճորտի պարտականությունները միշտ եղել են մարդու բախտաբաժինը և կարելի է նույնիսկ ենթադրել, որ դրանց կատարումը նրանց հաճույք է պատճառում։ Ավելին, պետք է խոստովանել, որ շունը, եթե չլիներ նրա փոքր եղբոր զարմանահրաշ ինստինկտը, ինքը երբեք գլխի չէր ընկնի որպես կերակուր օգտագործել ցորենն ու բազուկը ու այդպես էլ անտեղյակ կլիներ թե ինչ բան է հացն ու շաքարը։ Դարեր ի վեր մենք մարդուց ստանում ենք այդ պարենի լավագույն մասը – ճիշտ այնպես, ինչպես վկայում են հետազոտողները, մարդը խլում է մեղրը՝ մեղուներից։ Սակայն անհրաժեշտ է նշել, որ իր հմտություններով, մարդը զգալիորեն գերազանցում է մեղվին։ Նա մեղր ու քաղցրավենիք է ստանում աշխարհում ամեն ինչից։ Եվ եթե բաներ ստեղծելու հմտությունը հավասարազոր լիներ գիտությանը, ապա մարդուն ստիպված կլինեինք համարել գիտնականագույն արարած։ Սակայն ճորտի վիճակը, որում մենք նրան պահում ենք առանց հատուկ չարչարանքի (այն դեպքում, որ նա զգալիորեն ուժեղ է), հանգեցնում է մտքի, որ նրա հնարամտության մեջ, բանականությունն ավելի մեծ ազդեցություն չունի, քան մեղուների մոտ, երբ նրանք մեղր են արտադրում։ Մեր միտքը կորում է ենթադրությունների մեջ, մարդու զարմանահրաշ ստեղծագործությունների մասին մտածելիս։ Այստեղ են և՛ ահռելի շենքեր, և՛ փրկարար կրակը, և՛ փափուկ խալիները, և՛ օրը երկարացնող լուսատուները – ամեն հնարավոր բարիքներ, որով մենք ալարկոտությամբ օգտվում ենք։ Ի՞նչ է սա – սեփական որոգայթներում մոլորված բանականության պտուղներ, թե՞ անհրաժեշտ է խոստովանել, ինչպես առաջարկում են որոշները, որ մարդու հմտությունները պայմանավորված են ուղղակի նրա ձեռքի անսովոր կառուցվածքով։ Փաստն այն է, որ մարդկային ցեղը չարչարվում է, իսկ շների ցեղը հանգստի, երազանքների և ինքնախոհության մեջ է։ Ընդունելի է սակայն ենթադրել, որ հոգսերի անընդհատ շղթան, որը հետևում է մեկը մեկի հետևից և պահանջում է անխոնջ ուշադրություն, լիարժեքորեն կուլ է տալիս մարդուն այնպես, որ նա ժամանակ չունի խորհելու և դատողություններ կառուցելու ինքն իր մասին և այն տարօրինակ դիրքի մասին, որ շունը, իր կողմից առանց որևէ հարկադրվածության, մարդուց կերակուր, տանիք, պաշտպանություն ու քնքշանք է ստանում։

- Իհարկե, դատելու ընդունակությունը քիչ բան չի նշանակում, - շարունակեց պուդելը։ - Բայդ թույլ տվեք հարց տալ՝ արդյո՞ք հնարավոր կլիներ հոգու այս բարենպաստ ազատությունը առանց նրանց, ով բանականությունից աղքատ է։ Ինչի՞ կվերածվեր մեր կյանքը, հատկապես գիշերներով, եթե անանցանելի թավուտների խուլ մասերում մեզ առաջվա պես դարանակալեին հին առասպելների հրեշները – առյուծները, բորենիները, չախկալները, վարազները։ Հավանաբար մենք ստիպված կլինեինք կռվել, թաքնվել, փախչել եթե չլիներ ցանկապատերի, պարիսպների, պատերի և դռների գովարժան հայտնագործությունը։ Եվ պետք է խոստովանենք, որ նույնիսկ դրանց պաշտպանության ներքո մենք գիշերները չենք քնում, հավանաբար տանջվելով ժառանգական վախից։ Առաջին իսկ կանչով, շները, կարծես թե պահակի և պահապանի մի որոշակի ինտինկտի շնորհիվ արթնացնում է մարդուն քնից, ստիպում է նրան տագնապալի ականջ դնել։ Պարոնայք, ես այս ամենի մեջ զարմանալի ներդաշնակություն եմ տեսնում, քանզի մտածող արարածին բնորոշ է աննշան նախանշաններով կանխատեսել և նույնիսկ պատկերացնել ամեն հնարավոր վտանգները, իսկ ինստինկտը ամեն անգամ աշխատում է բութ անխափանությամբ։ Այպես են ճանապարհներին բաժանվում բնույթները, յուրաքանչյուրը կատարելագործվելով առանձին-առանձին, շրջահայեցությունն ու ուժը, ընդ որում ուժը ենթարկվում է շրչջահայեցությանը։ Մտածող ոգին, որը վախեր է ծնում, իր մոտ է պահում անվախ պահակների։ Այս ամենը պատահականորեն չի համակցվում։ Այստեղ երևակվում է բարձրագույն նախախնամությունը։ Մարդկային փեթակի ունայնությունը անհրաժեշտ է այն բանի համար, որ կյանքը, վերջ ի վերջո կանգնի սեփական հայացքի առջև, և տեղի ունենա դա հոգսերից ազատ պուդելի գիտակցության մեջ, ով վզափոկով առաջնորդում է իր մարդուն և կանխատեսում այդ պաճուճական արարածի յուրաքանչյուր քայլը, չփորձելով դրա վրա ներգործություն ունենալ։

- Շատ լավ, - ասաց այդ ամենին ամենամեծ շունը, - սակայն չի կարելի մոռանալ, որ դատելով մարդու մասին, ընդհանրապես սխալ կլիներ ենթադրել նրա մոտ որևէ մտքի առկայությունը։ Իմ կարծիքով նրա բոլոր գործերի ակունքը – նրա ձեռքերի կառուցվածքն է, դրանց աննպատակ խաղը, այնպես որ ամրացնելով իրենց շանը, նա ինքն էլ չի հասկանում, թե ինչ է անում։ Անձամբ ինձ դուր է գալիս այդպիսի միամտությունը, ես այն միայն կարող եմ ողջունել։ Աշխատանքում տեղի է ունենում արժեքների կուտակում։ Ավելի ուշ, երբ այն արդեն իրականացվել է, առաջանում է նաև միտք։ Մարդն ու շունը իրենցից ներկայացնում են հինավուրձ միասնություն։ Եկեք չմոռանանք, որ փաստացի այն հիմնված է շատ թե քիչ ընդունված ընկերական հիմքի վրա։ Հենց այդ իմաստի մեջ էլ գոյություն ունեն մարդու իրավունքները։

Էմիլ-Օգյուստ Շարտյե

 
 

Այժմ կայքը դիտում են 401 հյուր