ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Օրվա առակ՝ «Նայելով օվկիանոսի վրայի աստղին» Ավա Արդո

Ինչից այս ամենը սկսեց։ Այն բանից, որ ես հասկացա՝ իմ կյանքը ավարտվեց, այդպես էլ չսկսված։ Այն, նախկին իմ կյանքը, որտեղ ամեն բան կար՝ աշխատանք, ընկերներ, սիրած կին։ Այդ ամենը կար… Դեռ երեկ… Իսկ այսօր…

Այսօր մնաց միայն մի տուն ափին։ Փոքրիկ մի տուն, մի ննջասենյակով ու խոհանոցով։ Բայց մի՞թե դա գործ է։ Դա միակ բանն էր, որ մնացել էր իմ նախկին կյանքից։

«Նա սիրում էր այս տունը, - հիշում էի ես։ - Սիրում էր այս ափը։ Սիրում էր այս օվկիանոսը։ Նա սիրում էր ինձ… Ոչ, նա երբեք ինձ չի սիրել։ Նա ուղղակի հեռացավ, իր հետ տանելով իմ սրտի մի մասը։ Դե ինչ, թող գնա ու թող տանի։ Տանում է այն ամենը, ինչ ունեի ես նրա հետ…»

Ես քայլում էի ափով, քամին փչում էր դեմքիս ու դրանից ինձ ավելի թեթև էր։ Քամին դարձավ ինձ համար միակ փրկիչը՝ ուրիշ փրկություններ այլևս չկար։

Չեմ հիշում թե ինչքան ես այդպես թափառեցի, հիշում եմ միայն, որ ուշքի եկա, երբ շուրջ բոլորս խավարի մեջ էր ընկղմվել, կարծես թե մի վայրկյանում արևը վերցրեց ու հանգեց։ Ես մոտեցա ափի ամենածայրին, նստեցի ավազին ու նայեցի երկնքին։ Երկինքը այնքան հեռու էր, խորը, գրավիչ։ Այդ մեծությունից ու խորությունից գլուխս պտտվեց ու թվաց, թե ընկնում եմ։ Բայց այլևս տեղ չկար ընկնելու։

Մի աստղ գրավեց իմ ուշադությունը։ Այն այնքան վառ էր։ Ամենավառ աստղն էր երկնակամարի վրա։ Եվ ինչպե՞ս ես դա չեմ նկատել։ Այն կարծես թե կանչում էր ինձ իր հետևից, ես լսում էի նրան, զգում։ Ինձ թվում էր, որ նա ինձ էր նայում։ Միգուցե ինձ որ մեկին դա հիմարություն կթվա, բայց ես երջանիկ էի նրանից, որ այդ աստղը լուսավորում էր միայն ինձ, նա այդ վայրկյանին իմն էր։ Եվ կրկին այդ անտանելի, այրող թախիծը խոցեց սիրտս, թունավորեց հոգիս, հյուծելով արդեն հոգնած բանականությունս։ «Մի՞թե ինձ ոչ ոք չի լսում, - իմ գլխով միտք անցավ։ - Մի՞թե ոչ ոք ինձ չի լսում…»։

Ես ընկա ավազի վրա ու փակեցի աչքերս։

Ես ուշքի եկա օվկիանոսի աղմուկից ու արևից, որը անողոք այրում էր իմ մաշկը իր տաք ճառագայթներով։ Բաց անելով կիսաքնած աչքերս, ես տեսա նրան, մի աղջկա, ավելի ճիշտ միայ մի կորեուհու։ Կռանալով իմ վրա նա խորամանկ ժպտում էր։ Աղջիկը քնքուշ էր՝ նրա խիտ սև մազերը այնքան գեղեցիկ էին ծածանվում քամուց, նրա, ինչը զարմանալի էր, գունատ մաշկը ու այդ փոքրիկ քիթիկը, կարծես թե խոսում էին այն մասին, որ իմ առջև, ինքը՝ կատարելությունն էր։

- Դու ո՞վ ես, - հարցրեցի ես, վերջնականորեն արթնանալով։

Բայց աղջիկը լռում էր ու շարունակում հանելուկային ժպտալ։

- Ինչպե՞ս ես հայտնվել այստեղ։

Պատասխան չկա։

- Դու ինձ լսու՞մ ես։

Աղջիկը համաձայնաբար գլխով արեց ի պատասխան։

- Իսկ դու խոսել գիտե՞ս։

Աղջիկը կրկին գլխով արեց։

-Բա ինչու՞ ես դու լռում։

Բայց նա ուղղակի ժպտում էր։

«Տարօրինակ է ինչ-որ, - մտածեցի ես»։

- Դու կորե՞լ ես։ Որտեղի՞ց ես։

Աղջիկը բազմանշանակ հայացքը բարձրացրեց դեպի երկինք։ Ես չհասկացա նրա պատասխանը։ Իսկ եթե հասկանայի, ապա իհարկե կմտածեի թե խելագար է։ Ես ուզում էի արագ հրաժեշտ տալ աղջկան բայց մի ինչ որ խղճալի ու միաժամանակ հարազատ բան կար այդ կորեուհու մեջ։ Այդ պատճառով էլ, ինքս ինձ համար անսպասելի ես հարցրեցի՝

- Դու սովա՞ծ ես։ Ուտել ուզու՞մ ես։

Նա արդեն որերորդ անգամ համաձայնությամբ թափահարեց գլուխը։

- Գնանք, - կանչեցի ես նրան իմ հետևից։

Աղջիկը վեր կացավ ու եկավ իմ հետևից։ Նա թեթև էր հագնված, մի թափանցիկ վերնաշապիկ, որի միջով արևի տակ լավ երևում էր նրա ոչ մեծ բայց խնամված կուրծքը, շրջազգեստը նրա վրա մեծ էր, ու այդ պատճառով անընդհատ պտտվում էր ու աղջիկը անընդհատ ուղղում էր այն, կորեացի աղջկա ոտքերը բոբիկ էին։

«Տարօրինակ է, - կրկին առկայծեց իմ գլխում։ - Առանց ոտնամանների։ Կիսահագած։ Միգուցե նրա հետ ինչ-որ սարսափելի բան է պատահել»։

Ես նրան բերեցի խոհանոց։

- Նստիր, - ցույց տվեցի նրան ճաշասեղանի կողքի աթոռին։ - Ձվածեղ կուտե՞ս։

Նա համաձայնվելով գլխով արեց ու շարունակեց ժպտալ։ Նրա ժպիտից կարծես թե շփոթվում էի։ Թվում էր, թե նա ուսումնասիրում է ինձ, իսկ այդ ժպիտով ասում է՝ «Ինչքան հիմար ես դու, ես գիտեմ քո յուրաքանչյուր միտքը։ Ես քո մասին ամեն ինչ գիտեմ»։

Նա ուտում էր ախորժակով։ Դա ինձ ուրախացնում էր։ Ու ամեն դեպքում, ինչ-որ երեխայական բան կար այդ կորեական հրաշքի մեջ։ Նա ծամում էր, երբեմն ճպճպացնելով, բայց դա զզվելի չէր, նրա մոտ դա շատ նուրբ էր ստացվում, ու տաք թեյով բաժակն էլ նա ոչ թե պոչից էր բռնել այլ գրկել էր երկու ձեռքով։ Ես նայում էի նրան ու իմ սիրտը լցվում էր միաժամանակ և կարեկցանքով և քնքշությամբ։ Բայց ինձ տանջում էին կասկածները, ոչ ես ուղղակի վախենում էի։ Ես վախեցա, որ կարող եմ նեղացնել նրան։ Արդեն այն ժամանակ, այդ միտքը ներս սողաց իմ գլխի մեջ, ստիպելով տագնապեմ։

Մենք նախաճաշեցինք և ես որոշեցի նրան առաջարկել զբոսնել ափին։ Եթե ազնիվ լինել, ես չգիտեի թե ինչ անեի անծանոթուհու հետ հետո։ Ի երջանկություն ինձ, աղջիկը համաձայնվեց։

- Դու բոբիկ ես, - ասեցի ես նրան։ - Չգիտեմ թե ինչ առաջարկեմ քեզ։

Ես փորփրեցի զգեստապահարանի մեջ։ Այնտեղից ես դժվարությամբ գտա իմ նախկինի հին չստերը։ Չստերը, պարզվեց, որ մի չափ մեծ էին, բայց դե ավելի լավ էր դա քան ոչինչ։

Մենք լուռ քայլում էինք ափով։ Եվ այդ ամբողջ ժամանակ, աղջիկը թաքուն նայում էր իմ վրա։ Ես կարմրում էի ու գլուխս շուռ տալիս։ Իսկ նա հանելուկային ժպտում էր։ Չգիտեմ, բայց ես ինձ նրա հետ լավ էի զգում։ Մենք քայլում էինք, քայլում, ես մտածում էի իմ հոգսերի մասին, նա, միգուցե, մտորում էր ինչ-որ իր պրոբլեմների մասին։ Երբեք նախկինում չգիտեի, որ կարելի է այսպես, ուղղակի լուռ թափառել ափով, ականջ դնելով օվկիանոսի ձայնին, ճայերի կանչին, բավականություն ստանալով արևի ջերմությունից, բավականություն ստանալով օրից։ Ես զգում էի, թե ինչպես է իմ ցավը հեռանում, դանդաղ դուրս հոսում ու լուծվում օդում, որը ներծծված էր օվկիանոսային թարմությամբ։ Մի պահ ինձ թվաց, որ ես տուն եմ վերադարձել։ Թափառումների ու չարչարանքների երկար տարիների ընթացքում, ես վերջապես ձեռք բերեցի իմ պարգևը՝ այ այս աղջկա դեմքով։

Մենք այդպես թափառեցինք մինչ գիշեր։ Զարմանալի է, բայց այդ ամբողջ ընթացքում, ես ոչ մի անգամ չուզեցա վերադառնալ ափին գտնվող իմ տունը, ես չհոգնեցի։ Մենք անցանք ափը երկայնությամբ և լայնությամբ, բայց այդ ամբողջ ժամանակ ես երջանիկ էի նրանից, որ իմ մենությունը փախել է ինձանից, կամ, միգուցե այն լվացվել էր եկող ալիքների հետ։

Իսկ երկնքում կրկին խորհրդավոր փայլում էին համաստեղությունները։ Մենք նստեցինք անմիջապես ջրի մոտ։ Եվ լուռ սկսեցինք նայել այնտեղ, ինչը մեզնից հեռու էր, բայց այնքան մոտ էր թափառող մտքերի համար։ Ահա և «իմ» աստղը։ Այն առաջվա պես փայլում էր մնացած բոլորից վառ՝ կապույտ, սառը, գրավող, գրավիչ առկայծող։ Իմ հայացքը կառչում էր այդ աստղից, ինձ ձգում էր դեպի նա անտեսանելի թելերով։ Ես թաքուն նայեցի թե ինչ է անում իմ լռակյաց ծանոթը։ նա, իմ նման, մտազբաղ նայում էր երկինք և ինչպես ինձ թվաց, հենց այդ նույն աստղին, «իմ» աստղին։ Չնայած, որ աստղեր շատ շատ կային… Ես հայացքս ուղղեցի երկինք։ Ու անսպասելի, օվկիանոսի աղմուկի միջից լսեցի՝

- Այդ աստղը՝ իմ արևն է։

Ես անսպասելիությունից ցնցվեցի ու հարցական նայեցի աղջկան, կարծես թե հարցնելով նրան՝ այդ խոսքերը նրա կողմից ասվեցին, թե այդպես անսպասելի հնչեց տիեզերքի ձայնը։ Բայց աղջիկը լռում էր։ Իսկ ես այլևս լռել չէի կարող։

- Քո՞ արևը, - որոծեցի ես հարցնել։

Աղջիկը հանելուկային ժպտաց։

- Այո։ Այն լուսավորում է իմ մոլորակը, - կրկին ասաց նա մի բան, որը ես պետք է հավանաբար հասկանայի այնպես, ինչպես ինքնաբերաբար ենթադրվող։

- Եվ հեռու՞ է քո մոլորակը, - հազիվ զսպեցի ես ծիծաղս։

- Շատ հեռու, - տխրությամբ հոգոց հանեց նա։

- Այո՞։ Իսկ ինչպե՞ս ես դու հայտնվել այստեղ, Երկրի վրա, - ես նախկինի պես չէի խիզախում ժպտալ, իսկ ծիծաղել զարմանալի կորեացի աղջկա խոսքերի վրա ընդհանրապես չէի կարող։

- Ես եկա նավով։ Մեծ, այսպիսի նավով

- Քո նավն անուն ունի՞։

- Ունի։ Տայտոֆֆ-15։ Դա մեծ նավ է, լայնարձակ։ Ես նրանով ճանապարհորդում եմ դեռ մանկությունից։

- Իսկ որտե՞ղ ես դու եղել բացի ԵՐկրից, - հարցուփորձ էի անում ես, չհավատալով նրա պատասխաններին, բայց ուրախանալով այն բանի վրա, թե որքան հարուստ երևակայություն ունի այդ փխրուն կորեացի աղջիկը։

- Շատ տեղեր, - պատասխանում էր նա սահուն։ - Եղել եմ Սոֆիրի վրա, մի ձյունապատ սառը մոլորակ է։ Այնտեղ լուսավորում է սպիտակ արևը։ Եթե այդ արևին նայես առանց հատուկ ակնոցների կարող ես կուրանալ։ Սոֆիրի վրա մենք հաճախ ռադարներն ենք վերանորոգում։ Ցրտից, դրանք շարքից դուրս են գալիս։

- Իսկ ինչի՞ է նման քո հարազատ մոլորակը։ Ինչպիսի՞ն է այն։ Եվ ինչպե՞ս է այն անվանվում։

Ինքս էլ չնկատեցի թե ինչպես սկսեցի հավատալ իմ նոր ծանոթին։

- Իմ մոլորակը արտասովոր է, - մտորելով ասաց նա։ - Լայնարձակ դաշտեր, որտեղ մանուշակագույն խոտ է աճում։ Մանուշակագույն անտռառներն են աղմկում հեռվում։ Ապակյա տներ, որոնց մեջ արտացոլվում են արևն ու վարդագույն ցերեկային ամպերը։ Իսկ երկնքում, նույնիսկ ցերեկը երևում է լուսնի ահռելի սկավառակը։ Ցերեկը, վարդագույն ամպերից վեր թռչում են նավերը։ Դրանց փայլուն թևերից արտացոլվում է արևը։ Դյութիչ տեսարան է։ Այնտեղ իմ տունն է, - նա իր մտազբաղ հայացքը գցեց աստղին։ - Յուրաքանչյուր այսպիսի աստղի տակ ինչ-որ մեկի տունն է։

Նա կարճատև լռեց, իսկ հետո շարունակեց։

- Փակիր աչքերդ, - ասաց նա։

Ես չկարողացա դիմադրել նրան։ Ես հնազանդորեն փակեցի աչքերս։ Նույնպահին ես իմ այտի մոտ զգացի նրա ջերմ շնչառությունը։ Աղջիկն իր շուրթերը մոտեցրեց իմ ականջին ու շշնջաց՝

- Աստղերն այնքան հեռավոր են թվում։ Դրանց հասնելը հնարավոր չէ։ Բայց նրանք այնքան մոտ են։ Նրանց լույսը դիպչում է քո մաշկին, այն չի այրում քո մարմինը, այլ ջերմացնում է սառը սիրտը, արթնացնում հոգիտ։ Աստղերը խոսում են քո հետ։ Դու կլսես դրանց ձայնը։ Աստղերը մտածում են քո մասին։ Դու կկարդաս նրանց մտքերը։ Աստղերը ջերմացնում են քեզ իրենց ջերմ շնչառությամբ։ Դու դա կզգաս։

Նա սկսեց համբուրել ինձ։ Նրա շնչառությունն իրոք շատ տաք էր։

Ես զգացի որ ի վիճակի չեմ ինձ զսպել։ մարմնովս դող անցավ, ես զգացի թե ինչպես դողացին ձեռքերս, մարմինս, իմ ներսը շփվեց տարօրինակ, վախեցնող և միաժամանակ վաղուց սպասված ջերմությամբ։ Գլուխս սարսափելի պտտվեց։ Ես փորձում էի ինչ-որ բան ասել, ինչ-որ բան անել, բայց ես արդեն լուծվել էի նրա հպումների մեջ, այդ ջերմ ու փխրուն ափերի մեջ, այդ համբույրների մեջ։ Ես հասկանում էի, որ ինչ-որ տարօրինակ բան եմ անում, անբացատրելի, ֆիզիոլագիապես անհասկանալի, բայց մի ինչ-որ այլ հարթությունում՝ խճճված, վախեցնող։ Ես հիշում եմ, որ ինձ լավ էի զգում, հիշում եմ, որ զգում էի այդ խելահեղությունը յուրաքանչյուր շարժումի, յուրաքանչյուր համբույրի մեջ։ Ես ուզում էի նայել աղջկան, նրան, ով ինձ այդպիսի աննկարագրելի բավականություն էր պատճառում, բայց նրա փոխարեն տեսնում էի աստղեր, Տիեզերք, որը կարծես թե գրկել էր ինձ, ծածկել, ու տանում էր իր հետ։ Ես լսում էի Տիեզերքի ձայները, նրա երաժշտությունը։ Այդ երաժշտությունը այնքան թովիչ էր, շշուկներով, աղմուկներով, տարօրինակ գոչյուններով։ Արդյո՞ք այդ գոչյունները նրանն էին, թե՞ իմը… կամ հենց Տիեզերքինը։

Ես տեսնում էի, թե ինչպես են աստղերը մոտենում ինձ։ Տեսնում էի, թե ինչպես են նրանք փայլում իմ համար, ինչպես են կուրացնում աչքերս։ Եվ ես տեսա մանուշակագույն խոտը, որը ծածանվում էր քամուց ու վարդագույն. Ամպերը, որոնք դանդաղ լողում էին անծանոթ երկնքում, և նավերի թևերը, որոնցում իրոք արտացոլվում էր արևը։ Այդ ամենը շարժվում էր, ապրում։ Ապրում էր այնտեղ, անծայչածիր Տիեզերում, միգուցե միլիարդավոր լուսային տարիներ հեռու, բայց ապրում էր, նույնպես, ինչպես ես էի ապրում ու այդ տարօրինակ աղջիկը։ Ախ այդ ջերմ շնչառությունը։ Նրա ջերմ շնչառությունը, իմ, իսկ միգուցե հենց աստղերի… Իսկ հետո ցավագին գոռոց… և ես ընկղմվեցի քնի մեջ, լուծվելով տիեզերական անվերջության մեջ, կորելով առհավետ։

Ես աչքերս բաց արեցի լուսաբացին։ Եվ դեռ երկար չէի կարողանում հասկանալ թե որտեղ եմ գտնվում։

Ես պառկած էի ափին։ բայց թե ինչ էր եղել ինձ հետ գիշերվա ընթացքում, ես աղոտ էի հիշում։ Հիշում էի աստղերը, Տիեզերքն ու նրան, աղջկան։ Ես աչքի անցկացրեցի ափը, բայց ափը դատարկ էր։ Ես ոտքի ցատկեցի, ոտքերս ինձ չէին լսում։ «Ոչ։ Ահա նա։ Տեղում է»։

Աղջիկը նստած էր ափի մոտ և շոյում էր ալիքները։ Ի՞նչ էր նա անում։ Զրուցում էր օվկիանոսի հե՞տ։ Լսում էր նրա երաժշտությու՞նը։ Երգու՞մ էր նրա հետ։

Ես անուժ ընկա ավազի վրա, իմ մարմինը ինձ չէր լսում, իսկ թուլությունս ուղղակի անտանելի էր։

- Ի՞նչ է քո անունը, - գոռացի ես նրան։

Չշրջվելով, նա ուղղակի անորոշ թոթվեց ուսերը ի պատասխան։

- Ես քեզ կանվանեմ Սաո։

Աղջիկը համաձայնությամբ գլխով արեց։ Երևում է, որ իր համար մեկ էր թե ինչպես կանվանվի։

- Ի՞նչ ես այդտեղ անում։

- Այստեղ արի, - կանչեց նա ինձ։

Ես չէի ուզում շարժվել, ես ինձ վատ էի զգում, բայց հավաքելով ուժերից մնացորդները ես վեր կացա ու օրորվելով ուղղվեցի դեպի նա։ Ես նստեցի ավազին նրա կողքին։

- Ձեռքդ տուր, - խնդրեց նա։

Ես ծունկի իջա, այդպես ինձ ավելի հարմար էր ու տվեցի նրան իմ ձեռքը։

- Իջեցրու այն ջուրը։

Դեռ ոչինչ չհասկանալով, ես ձեռքս իջեցրեցի ջուրը։ Աստված իմ, այդ ինչ զգացողություններ էին։ Օվկիանոսի ջրերը սառնորակ էին, թեթև ու հանգիստ, կարծես թե մի քանի վայրկյանով ես ընտելացրեցի նրան, ահռելիին, հզորին, վայրիին ու ազատին։ Ես զգում էի, թե ինչպես է ընտելացված օվկիանոսի հզորությունը լցնում իմ մարմինը։ Ուժերս, մի կախարդությամբ վերադարձան ինձ։ Եվ ես երջանիկ էի զգալ, այդ հզորությունը, այդ ազատությունը, այդ նոր, դեռ ոչ ոքի կողմից չընտելացրած ու-ն իմ մեջ։

- Աչքերդ փակիր, - կրկին ասաց Սաոն։

Ես փակեցի աչքերս։

- Լսիր օվկիանոսը, - թովիչ ասաց նա։ - Օվկիանոսն իր մեջ այնքան հանելուկներ է թաքցնում։ Այնտեղ, նրա խորքերում, ջրի թանձր հաստության տակ հանգչում են քաղաքներ։ Այնտեղ, մութ խորքերում, մոռացված պատմություն կա, լքվել են գիտելիքներ… Գիտելիքներ, որոնք պատկանում էին մոռացված քաղաքակրթությանը։

Եվ կրկին ինձ մտրակեց այդ շշմեցնող զգացմունքը։ Քաղրն ու տաքը միաժամանակ։ Այդքան օրգանիզմի կողմից պահանջված, բայց միևնույն ժամանակ սարսափելի, խելահեղության աստիճանի վտանգավոր։ Ինձ քաշում էր այդ խելահեղության մեջ ինչպես ճահիճը։ Եվ ես չէի կարող դիմադրել դրան։

Ես զգում էի Սաոյի հպումներն ու ուզում էի բաց անել աչքերս, բայց չէի կարողանում, ուժերս չէր հերիքում։ Օվկիանոսը խփում էր իմ ձեռքերին, իմ ծնկներին, գերի վերցնելով իմ մարմինը, իսկ հոգիս բաց թոնելով ազատություն։ Ես հասկացա, որ ամեն բան ճիշտ եմ անում, ես Սաոյի հետ ամեն բան ճիշտ էի անում, միգուցե, ավտոմատի վրա, միգուցե մեքենայաբար, բայց հենց ճիշտ էի անում, ու եթե նույնիսկ ինչ-որ բանը այնպես չէր, ապա դա կյանքումս առաջին անգամ՝ աղջիկների հետ ունեցած իմ բոլոր հարաբերություններում առաջին անգամ ես անտարբեր էի։ Ես ուղղակի բավականություն էի ստանում այդ սիրուց, բավականություն էի ստանում այդ ջերմությունից, այդ կրակից։ Ու խեղդվում եի, խեղդվում ջրերում՝ սառը, աղմկոտ, դեմքը, մարմինը խուտուտ ածող։

Ես տեսա արևը։ Այն այնքան մոտ էր ու այլ։ Ոչ այն արևը, որ ես սովոր էի տեսնել երկնագույն երկնքում ամեն աստծո օր։ Դա ուրիշ արև էր, որը ուրիշ քաղաքակրթությանն էր պատկանում։

Բլուրի վրա բարձրանում էր մի տաճար։ Նրա ձյունասպիտակ պատերը զարմանալիորեն անդրադաձնում էին արևը։ Արևի փայլերն ընկնու էին լայնարձակ բարձրահարթի վրա, որը շարված էր սպիտակ սալերով։ Տաճարը թաղված էր արտասովոր տրոպիակական ծառերի կանաչի մեջ։ Հեռվում լսվում էր օվկիանոսի աղմուկը։ Օվկիանոսը ինչ-որ տարօրինակ էր աղմկում, միգուցե հանելուկային, իսկ միգուցե նա ինչ-որ բանի մասին խոսում էր։ Ի՞նչ է նա շշնջում։ Ինչի՞ մասին է երգում։ Անցած ժամանակների մասին, անցած օրերի, հազարամյակների… «Ատլանտիդա, - շշնջում է նա։ - Ատլանտիդա»։

Տաճարի մոտ կանգնած էին չորս քրմեր, երկար լիմոնագույն բալախոններով։ Նրանցից յուրաքանչյուրի վզին փայլում էին արծաթե հմայիլներ շուռ տված եռանկյունու տեսքով։ Տղամարդիկ ինչ-որ բանի մասին էին խոսում։ Ես լսում էի միայն կտորներ նրանց արտահայտություններից։

- Դե ինչ, նշանակում է պետք է ծեսը կատարել։

- Ամեն ինչ խոսում է այդ մասին։

- Այդ դեպքում եկեք գնանք տաճար։

Ես շարժվեցի քրմերի հետևից ու հետևում էի նրանց յուրաքանչյուր շարժմանը։ Տաճարը ընկղմված էր խավարի մեջ։ Ես կարողացա միայն զոհասեղանը տեսնել։ Որպես զոհասեղան ծառայում էր մի սովորական քար։ «Որտեղի՞ց է զոհասեղանի վրա լույս ընկնում, - մտածեցի ես։ - Հավանաբար իմչ-որ տեղ տաճարի պատերի մեջ անցքեր են արված»։

Քուրմերից մեկը հանեց իր ծիսական հագուստի գրպանից մի նեղ խողովակ։ Մյուս քուրմը զոհասեղանի վրա դրեց պապիրուսի մի ոչ մեծ թերթ։ Պապիրուսի վրա նշմարվում էին ինչ-որ բառեր։ Ես չգիտեի, թե ինչպես, բայց ես հասկացա, թե ինչ էր գրված։ Դա հարց էր՝ «Ի՞նչ է մեզ սպասում ապագայում»։ պապիրուսը ոլորեցին ու մտցրեցին խողովակի մեջ իսկ հետ այն այրեցին։ Առաջացած մոխիրը, քուրմերից մեկը լցրեց զոհասեղանի վրա։

- Ես տեսնում եմ վրան գիծ քաշած շրջան, - ասաց քուրմերից մեկը։

Ես նայեցի ու տեսա, որ դա շրջան էր, որը երկու մասի էր կիսված մի յուղոտ գծով։

- Նշանակում է կործանում ու բաժանում, - տխրությամբ ասաց երկրորդ քուրմը։

- Նշանակում է այդպես։ Տեսնում եմ, - շարունակեց առաջինը, որ այդ բաժանումը վերաբերվում է յուրաքանչյուր քաղաքակրթությանը, որը կլնի մեզանից հետո։ Այդպիսին է այս մոլորակի ճակատագիրը՝ կործանում ու բաժանում, իսկ հետո նորից սկիզբ։ Եվ ոչինչ չի կարող փոխել իրադարձությունների ընթացքը։

Քուրմերը դեռ երկար ինչ-որ բանի մասին խոսում էին, բայց ես համարյա թե նրանց ձայները չէի լսում։ Նրանց ձայները խլացնում էր օվկիանոսի համաչափ աղմուկը ու տերների շոշափյունը։ Ախ, ինչքան լավ էի ես զգում ինձ այդ վայրկյաններին։ Ինչքան խաղաղված էի։ Ինձ թվում էր, թե ողջ կյանքս այստեղ եմ անցկացրել, այս կղզու վրա, այս օվկիանոսի կողքին։ Եվ այդ սպիտակ սալերը, որոնք տաքացել էին արևից, և այդ վսեմ տաճարը, որը բարձրանում էր, թվում է թե ողջ աշխարհի վրա և այդ անծանոթ քուրմերի խլացված ձայները, - այդ ամենը հիմա իմն էր, ապրում էր իմ մեջ, իմ հետ, իմ ժամանակի մեջ, իմ հասկացման մեջ, իմ գլխում, իմ բանականության մեջ։ Ես ուզում էի այստեղ մնալ՝ հավերժ։ Սակայն տեսիլքը հեռանում էր ինձանից, կղզին հեռանում էր ու ես հավերժ լքում էի այն, այդպես էլ նկատված չլինելով անցյալի կողմից։

Ես աչքերս բաց արեցի ու սարսափեցի։ Ես մինչև գոտկատեղս կանգնած էի ջրի մեջ, հեռավոր ժայռի մոտ։ «Աստված իմ, ինչպես ես այստեղ հայտնվեցի»։ Սաոն կանգնած էր մի փոքր հեռու ու նայում էր ինձ, իրենից գոհ ժպտալով։ Ես դեռ չէի կարողանում ուշքի գալ։ Ասեմ ավելին, ես չէի կարողանում հավատալ, որ հենց նոր, մի ինչ-որ հինգ-վեց րոպե առաջ, տեսել եմ այն, ինչը ոչ ոքի տրված չի տեսնել, գոնե այն բանի համար, որ այն այլևս գոյություն չունի, այդ քաղաքակրթությունն այլևս չկա։

- Անհավանական է, - գոռացի ես։ - Սաո, դա անհավանական է, - խեղդվում էի ես հուզմունքից։ - Ես տեսա այն, ինչը ոչ ոք երբեք չի տեսնի։ Սաո։ Դա ֆանտաստիկ է։ Դա հրաշք է։

Ես այնպես էի գոռում, որ ինձ լսեին Տիեզերքի մյուս ծայրին, ցանկանալով կիսվել իմ տպավորություններով, իմ հոգեվարքով, այդ խելահեղությամբ ամբողջ աշխարհի հետ, ոչ, յուրաքանչյուր մարդւո հետ այս աշխարհում։ Այո ես գոռում էի։ Եվ ինձ պահում էի պատանու պես, չնայած նրան, որ իմ գլուխն ուղղակի ճաքում էր, իսկ իմ օրգանիզմը միայն մի բան էր պահանջում՝ քուն ու հանգիստ։

Այդպես անցավ երկու օր։ Մենք Սաոյի հետ, մի տանիքի տակ ապրեցին մի ամբողջ երկու օր։ Երկու օր, որոնք փոխեցին իմ կյանքում ամեն բան, իմ աշխարհընկալման մեջ, իմ աշխարհազգացողության մեջ։ Ինձ թվում էր, որ այդ երկու օրը ես ապրեցի, բայց ուրիշ կյանք, ոչ իմ կյանքը, որովհետև ես չէի կարող այդպիսի խելահեղ կյանք ապրել, լի սիրով, սեքսով և այն բաներով, որը ես տեսա, զգացի։ Ոչ, ես չեմ կարող դա անվանել ուղղակի սեքս կամ ուղղակի սեր։ Դա մաքուր խելագարություն էր։ Հյուծող խելագարություն։ Այդ երկու օրերի ընթացքում իմ օրգանիզմը, թվում էր թե հասցրեց վերապրել, վերաձևել, վերազգալ այնքան շատ բան, որ դարերով նա չէր կարող անել։ Ես հասցրեցի երիտասարդանալ, ծերանալ ու հետ կրկին պատանի դառնալ։ Միևնույն ժամանակ ես հասկանում էի, որ այսպես շարունակվել չի կարող։ Ես այլևս չէի կարող իմ ուսերին քարշ տալ սիրո այդ ծանրությունը, ջերմ, հրե սիրո, բայց արդեն ծանրությունը՝ ոչ ֆիզիկապես էի կարողանում, ոչ բարոյապես, ոչ հոգեպես ոչ էլ զգացմունքայնորեն։ Ես ուզում էի այդ մասին խոսել Սաոյի հետ, բայց ամեն անգամ տեսնելով նրա ժպիտը, չէի կարողանում խիզախել դա անել։ Ես չէի կարողանում հրաժարվել այդ կորեացի աղջկանից, բայց միևնույն ժամանակ չէի էլ կարողանում թողնել ամեն բան այնպես, ինչպես կար։ Ես կործանվում էի այդ անելանելիությունից։ Եվ ես սկսում էի հունից դուրս գալ։ Բայց զսպում էի ինձ։ Ամեն կերպ ես փորձում էի չվնասել Սաոյին։ Միայն ոչ նրան։ Բայց նաև մի որոշ ժամանակով բաժանվելու ցանկությունը նույնպես անխուսափելի էր։

Ես նստած էի բազմոցին ու անմիտ նայում էի պատուհանին։ Ես ուզում էի շարժվել, գործել, խոսել, լսել։ Ես ուղղակի նայում էի պատուհանին ու վերջ։

- Գնանք զբոսնենք, - առաջարկեց նա։

Ես տեղիցս չէի ուզում շարժվել, բայց զիջեցի իրեն։ Չգիտեմ թե ինչու, բայց ես նրան մերժել չէի կարողանում։ Չէր ստացվում։

Մենք քայլում էինք ափով ու կրկին լռել էինք, ինչպես առաջին անգամ։ Միայն թե այս անգամ այդ լռությունը ինձ ծանրացնում էր։ Ես ուզում էի հեռանալ Սաոից, այ այսպես, շրջվելով, ոչ մի բառ չասելով, լուռ։

Նա նստեց ավազին, ափերով իր կողմ քաշեց այն և աննկարագրելի բավականությամբ սկսեց բաց թողնել ավազն իր մատերի արանքով։ Նրա դեմքին երանություն էր արտացոլված։ Թվում էր, թե նա ինչ-որ բան է լսում կամ ինչ-որ բանի մասին գիտե, ինչի մասին նրա հետ խոսում է ավազը։ Ինձ դա բարկացնում էր, ես շրջվեցի, որ չտեսնեմ դա։

- Դու ի՞նչ է երբեք ավազ չե՞ս տեսել, - դժվարությամբ զսպելով նայրայնացածությունս հարցրեցի ես։

- Տեսել եմ, - ծիծաղելով պատասխանեց նա։ - Օյ, - թռչկոտելով ինձ մոտ եկավ նա։ - Գնանք, ես քեզ այնպիսի բան ցույց կտամ։

Սաոն հափշտակեց իմ ձեռքը ու մենք ճանապարհվեցինք հեռվում կանաչող ձարխոտերի մոտ։

- Գնանք, գնանք, - քաշում էր նա իմ ձեռքը, բարձր ու զրնգուն ծիծաղելով։

Մենք մտանք կանաչ «պրերիաների» խորքերը։ Այստեղ սառն էր ու անհարմար։ Միգուցե նրանից, որ ես արդեն սովորել էի չոր ավազին ու այրող արևին։ Սաոն ինձ բերեց առվակի մոտ։ Մի սովորական առվակ, որից ես հաճախ ջուր էի վերցնում։ Ոչ մի յուրահատուկ բան։ Ճիշտ է, ինչ-որ մեկը մտածված այն քարերով էր լցրել, փակելով առվակի ճանապարհը։ Բայց առվակին դա չէր կանգնեցրել։ Նա շարունակում էր աշխույժ թռչկոտել քարերի միջով։ Սաոն պպզեց առվակի մոտ, ձեռքերով շոյեց թաց քարերը, ականջը հպեց դրանց ու անշարժացավ, կենտրոնացած լսելով դրանց ձայները։ «Նա լսում է քարերի ձայնը, - անցավ իմ գլխով։ - Սա ինչ զառանցանք է»։

Չարությունից ու բարկությունից ես լարվեցի ու խոր շնչեցի օվկիանոսի թարմությամբ ներծծված աղի օդը։ Ես փորձեցի զսպել ինձ, բայց իմ մոտ դա վատ էր ստացվում։ Վերջ ի վերջո, ես պետք է հասկանայի, խելագար է այդ աղջիկը, թե նա միայն խելագար է խաղում։ «Ո՞վ է նա, գրողը տանի»։ Այդ հարցը ինձ հանգիստ չէր տալիս։ Ես չէի կարողանում նրան հասկանալ, չէի կարողանում հասկանալ իմ վերաբերմունքը նրա նկատմամբ։ Ես այլևս ոչինչ չէի հասկանում ու դրանից ավելի էի բարկանում։

- Միգուցե ավելի ճիշտ կլիներ հավաքե՞լ այդ քարերը առվակի ճանապարհից։ Դրանք խանգարում են, - ասացի ես հենց այնպես, որպեսզի չպայթեմ։

- Ոչ, - աչքերը չբացելով, ժպտալով ասաց Սաոն։ - Դրանք չեն խանգարում։ Այ լսիր, - ասում է նա։

«Բարձր լեռներում հոսում է աղմկոտ առվակը։ Իսկ առվակի ճանապարհին խոչընդոտ կա՝ մեծ ու ծանր քարեր։ բայց առվակը միևնույն է հոսում է։ Քարերի միջև եղած արանքներով է անցնում, ուժեղ ջրերով, փրփրելով քարերի վրայով է թռչկոտում ու իր համար շարունակում է ազատ հոսել։

Եվ մի անգամ պետք է այդ առվակն անցներ Ճամփորդը։ Միայն թե Ճամփորդի հետ, որպես ուղեկցորդ գնում էր մի տեղացի Ծերունի։ Տեսավ Ճամփորդը առվակը, որը ստիպված էր խոչընդոտի դեմ պայքարել ու ասաց Ծերունուն՝

- Արի օգնենք խեղճ առվակին՝ հեռացնենք բոլոր քարերը նրա ճանապարհից, ախր մեզ համար դա ոչինչ է, իսկ այ առվակի համար՝ ճանապարհ կբացենք։ Կհոսի նա ազատ ու ուրախ։

Մի րոպե լռեց Ծերունին ու ասաց՝

- Իսկ արժե՞ արդյոք քարերը հավաքել։ Միգուցե քարերը հենց այստե՞ղ էլ պետք է ընկած լինեն, որպեսզի առվակի ճանապարհը փակեն։ Միգուցե հենց դրանում է առվակի նշանակությունը, որ պայքարի իրեն բաժին ընկած դժվարությունների դեմ։ Մի օր էլ իր ուժով առվակը այդ քարերը կկոտրի, կվերածի դրանց ավազի, ու դրանից ինքն իր աչքերում ավելի ուժեղ կթվա։ Հավաքելով այդ քարերը, Ճամփորդ, դու առվակին կզրկես իր մեծ ուժից, որը նրան է սպասում որպես պարգև այդ բոլոր դժվարությունները հաղթահարելուց հետո։ Ճիշտ չէ՞։

Ոչինչ չպատասխանեց Ճամփորդը՝ Ծերունուն, բայց քարերը չհավաքեց։ Չնայած, որ մինչև կյանքի վերջը, այդպես էլ չկարողացավ Ճամփորդն իր համար որոշել՝ ճի՞շտ վարվեց նա առվակի հետ թե՞ ոչ»։

- Այ այպես, - իր պատմությունը ավարտեց Սաոն

Եվ այ հենց այդ պահին ես հասկացա, որ այլևս չեմ կարող կանգ առնել։ Չեմ կարող այլևս ինքս ինձ զսպել։ Չեմ կարող, որովհետև այդ խելագար աղջկա հորինվածքների նկատմամբ ատելությունը արդեն անտանելի էր դարձել։

- Որտեղի՞ց ես դու այդ ամենը վերցնում, - բարկացած, չարությամբ հարցրեցի ես։

Նա բաց արեց աչքերը, ու չթաքցնելով իր դեմքի ժպիտը պատասխանեց, մաքուր, երեխայի պես, դյուրահավատորեն՝

- Ես երբեմնի ապրել եմ Տիոնա մոլորակի վրա։ Այտեղ շատ քարեր կան։ Ինձ ուսուցիչը ստիպում էր նրանց լսել։

- Ուսուցի՞չը, - ես արդեն սկսեցի գոռալ։ - Ի՞նչ ուսուցիչ։

- Իմ ուսուցիչը։ Բարի ու լավ։ Նա ինձ սովորեցրեց լսել, թե ինչ են խոսում ջուրն ու քարերը։

- Իսկ ինչու՞ ես դու հեռացել քո ուսուցչից։

Նա միայն ուսերը թոթվեց ի պատասխան՝

- Նա մահացավ։

Նույն պահին ես տեսա, թե ինչպես նրա շուրթերը դոդղացին, իսկ աչքերին արցունքներ նկատվեցին։ Ոչ, նա որոշակիորեն երեխա է։ Հենց նոր ծիծաղում էր, ուրախանում էր ու մեկ էլ հանկարծ այպիսի փոփոխություն, ու նա արդեն համարյա լաց է լինում։ Նրա արցունքներից ես վախենում էի։ Այո, հիմա արդեն ես գիտեի, որ նրա արցունքներից վախենում էի։ Դրանց տեսքից ես դառնում էի անօգնական, իմ ոտքերը դողում էին ու ծալվում, լեզուս ինձ դադարում էր ենթարկվել։ Նա ոտքի կանգնեց, մոտեցավ ինձ ու երեխայի պես սեղմվեց կրծքիս։ Արցունքները հոսում էին նրա այտերի վրայով։

- Դու ինձ չես հավատում, չէ՞, - հեկեկանքի միջից հարցնում էր նա։ - Դու ինձ չե՞ս հավատում։

Ես սեղմեցի նրան ինձ այնպես, ինչպես կարող էի սեղմել աշխարհում ամենաթանկ մարդուն, ում ես երբեք չեմ ունեցել։ Ես ուզում էի լաց լինել նրա հետ, բայց ես, իհարկե ինձ չէի կարող թույլ տալ։ Ես ինձ վերջին սրիկա, տականք էի զգում։ Ես ցավ էի պատճառում նրան, ով ինձ համար, վերջին մի քանի օրերի ընթացքում դարձել էր ամեն ինչ։ Ես համբուրում էի նրա խոնավ դեմքը, նրա շուրթերը, ես չէի կարողանում կանգ առնել։ Նա սեղմվեց ինձ իր դողդղացող փոքրիկ մարնով, նրա ուսերը ցնցվում էին, նա տրվում էր ինձ ամբողջությամբ, առանց մնացորդի, նա հիմա ուղղակի իմն էր։ Ու ինչ տարբերություն թե ով էր նա ու որտեղից, ինչ էր նրա անունը իրականում ու որ աստղից էր նա թռչելով եկել։ նա իմն էր, նա համբուրում էր ինձ, նա շոյում էր իմ դեմքը իր սառը, մրսած, խոնավ ձեռքի ափերով, դրանցից աղբյուրի ջրի հոտ էր գալիս։ Եվ կրկին վրա հասավ ինձ վրա այդ տաք ու միաժամանակ վախեցնող խելագարությունը։ Ոտքերս ծալվեցին, ես նստեցի, իսկ նա համբուրում էր ինձ ու համբուրում։ Իսկ ես ընկնում էի մի ինչ որ անէության մեջ։ Ես կրկին ոչինչ չէի ըմբռնում, միայն մի բան, որ իմ մարմինն ամեն բան ճիշտ է անում, որ իմ մարմինը նրան հասկանում է ու հասկանում է ճիշտ, իսկ իմ հոգին այլևս այստեղ չէ, այն հեռու է։ Այնտեղ, որտեղ արևն է դուրս գալիս սարարեի ետևից, որտեղ կլանում է նա իր ճառագայթները գետերում ու լճերում, որտեղ սահում է նա ժայռերի խորդուբորդ ելուստներով, քարերի անհարթ մակերևույթներով, չոր ճաքճքած հողով։

Քարերը ընկած են ննջեցյալների պես, բայց դիպչիր նրանց, ու նրանք կխոսեն։ Դրանք խոսում են նրանց ձայներով, ով արդեն չկա, բայց ով այստեղով անցել է շատ միլիարդավոր տարիներ առաջ։ Նրանք պատմում են պատմություններ մեծ զորականների մասին, զահվածների ու կենդանի մնացածների մասին, նրանց մեջ դողում են ձայները, սրտաճմլիկ տնքոցները, լացը, ծիծաղը։ Այդ ամենը զրնգում է, գոռում, շշնջում, խոսում, խելքահան անում, բայց չլսելու ուժ չկա, հնարավորություն չկա հեռանալու այդ ամենից, փակելու ականջները, փակելու բանականությունը ներխուժող գիտելիքների առջև, որոնք արդեն ոչ թե սովորեցնում էն, այլ հյուծում, սպանում հենց այդ բանականությունը, քայքայում այն, որպեսզի կրկին վերաստեղխեն բայց արդեն փոփոխված։ Ու ինչ-որ մեկի ծերունական ձայնը խոսում է, խոսում, խոսում՝

- Քարերն ապրում են իրենց կյանքով։ Նրանք հիշում են ձայներ, խոսքեր, ձեռքի հպումներ, արևի շողերի հպումներ։ Դրանք՝ հիշողությունների ակունք են։ Պետք է միայն դիպչել այդ քարերին ձեռքի ափով, փակել աչքերը ու լսել։ Լսել թե ինչի մասին են նրանք խոսում։ Պետք է միայն լսել։ Պետք է լսել։ Լսել…

Ուշ երեկո էր։ Ես նստած էի անկողնու վրա, ննջարանում։ Սաոն խոհանոցում էր տնօրինում։ Նա իր քթի տակ ինչ-որ բան էր երգում։ Նրա ձայնը գեղեցիկ էր, բայց այն սարսափելի բարկացնում էր ինձ։ Ես ուզում էի վեր կենալ ու դուռը փակել, բայց ուժ չունեի անկողնուց վեր կենալու։ Ես վերցրեցի հեռակառավարման վահանակն ու միացրեցի հեռուստացույցը։ Չեմ հիշում թե ինչ էին այնտեղ ցուցադրում։ Ես չէի նայում։ Ես ոչինչ չէի տեսնում։ Ես ուղղակի ուզում էի, որ ողջ այս մղձավանջը ավարտվի։ Ես ուզում էի քնել։ Քնել մինչև խելագարություն։ Իմ օրգանիզմը այլևս կարծես թե ինձ չէր պատկանում, իսկ այն ամենին, ինչը տեղի էր ունենում, ես նայում էի կողքից։

- Արի ուտենք, - կանչեց ինձ Սաոն, բայց ես տեղիցս չշարժվեցի։

- Արի ուտենք, - կրկին կանչեց նա։

Ես լսեցի նրա քայլերը։ Նա սենյակ մտավ, ինչպես միշտ ժպտերես ու քնքուշ։ Դրանից ես բոլորովին ինձ վատ զգացի։ Բանականությունս մշուշվեց, ու ես հասկացա, որ այսօր արդեն ոչինչը չի կարող կանգնեցնել ինձ բաժանումից։

- Գնանք, - նա նստեց իմ կողքին ու չարաճճիորեն անցկացրեց ձեռքը մազերի վրայով։

Ես ընկրկեցի նրանից։

- Սոված չեմ, - չոր, սառը, ասացի ես, որովհետև ոչ մի այլ բան չէի կարող ասել, չէի խիզախում, դեռ վախենում էի, բայց արդեն պատրաստ էի։

- Այդ դեպքում արի գնանք աստղերին նայենք։

«Հետաքրքիր է, - անցավ իմ գլխում, - նա իրականու՞մ ոչինչ չի նկատում։ Մի՞թե նա այդքան հիմար է»։ Այդ միտքը վերջինն էր։ Ես հասկացա, որ արդեն ուժ չունեմ ինձ զսպելու։ Դա ատոմային պայթյուն էր, դա քաղաքակրթության կործանում էր, փոթորիկ, հեղեղ, համաշխարհային ջրհեղեղ։ Իմ մտքերն այլևս ինձ չէին ենթարկվում։ Ես դարձա անկառավարելի։ Ես անուժ էի իմ սեփական խելահեղության դեմ։

- Դու բացի աստղերից ևս ինչ-որ բանի մասին կարո՞ղ ես մտածել, - վեր թռա ես ատելությամբ նայելով Սաոին։

Սաոն տեղից չշարվեց, այլ միայն լուռ իջեցրեց աչքերը։ Նա կարծես թե չէր էլ մտածում պաշտպանվել իմ խոսքերով հարվածներից։ Ու այդ հնազանդությունից, կարծես թե իմ մեջ սատանա մտավ, ես դարձա մոլագար։ Ես խոսում էի ու չէի կարողանում կանգ առնել։ Ասեմ ավելին, ես չէի ուզում կանգ առնել։ Ինձ դուր էր գալիս այն ամենը, ինչ ասում էի։ Ինձ դուր էր գալիս նրան ցավ պատճառել։ Կարծես այն ամենը, ինչ ես ստիված էի եղել վերապրել նրանից առաջ, իմ բոլոր նախկին հիասթափությունները, կորուստները, պատուհասները, նեղացածությունները հիմա լցվեցին այդ խոսքերի մեջ, այդ աննկարագրելի, անհասանելի ատելության մեջ։

- Ախր դու նորմալ աղջիկ ես։ Մի՞թե դու իրականում հավատում ես այդ աստղերին, այլ մոլորակներին, նավերին, խոսող քարերին։ Ախր դա զառանցանք է։ Դա խելագարություն է։ Դու խելագար ես։ Քեզ բուժվել է պետք։ Ո՞վ ես դու ընդհանրապես, - գոռում էի ես։

Բայց Սաոն լռում էր։ Ես չէի կարողանում դիմանալ այդ լռությանը։ Չէի կարող այն այլևս տանել։ նա պետք է խոսի ինձ հետ։ Նա պարտավոր է դա անել, որովհետև ես խոսում եմ։ Ես բռնեցի նրա ուսերից, նա ցավից գոռաց, բայց չհեռացավ, նույնիսկ չվախեցավ, նա ուղղակի լռում էր, աչքերը չբարձրացնելով։

- Ո՞վ ես դու, - ես զգում էի, որ հիմա նրան մասերի, մանր կտորների կպատռեմ։

- Ո՞վ ես դու, - գոռում էի ես։

Կատաղության մեջ ես նրան հրեցի։ Սաոն ընկավ անկողնու վրա։ Նա լուռ էր։ Ինձ չէր նայում։ Ես անդրավարտիքիս գրպանում շոշափեցի ծխախոտի տուփը, ծխեցի, ձեռքերս դողում էին, ես ամբողջ մարմնով ցնցվում էի։ Ես մեքենայաբար մոտեցա հեռուստացույցին ու անջատեցի այն։ Սենյակն ընկղմվեց լռության մեջ։ Ես նստեցի անկողնուն, Սաոից հեռու ու ծխեցի։ Ես այլևս ես չէի։

Սաոն ոտքի կանգնեց ու լուռ գնաց դեպի ելքը։ Ես մտածում էի, որ նա կհեռանա այ այսպես, լուռ։ Ու ես վախենում էի, որ նա կլռի, որ նա ինձանից լավը կլինի, ինձանից ուժեղ, իմաստուն։ Բայց նա կանգ առավ։ Նա մի քանի վայրկյան լռտեց, կարծես թե բառեր փնտրելով։ Իսկ հետո ես լսեցի մի այլ ձայն, բոլորովին տարբեր այն քնքուշ ու նուրբ ձայնից, որին ես այդպես սովորել էի։ Նա խոսում էր հանգիստ, հպարտությամբ ու առաջին անգամ այս ամբողջ ընթացքում լուրջ, այնպես՝ ինչպես հավանաբար խոսում են սովորական մարդիկ, ովքեր խելագարությամբ չեն տառապում, այլ տարբերվում են նախանձելի առողջ մտածողությամբ։

- Այնտեղ, ափին նստած, աստղին նայելուց դու մտածեցիր՝ «Լսու՞մ է արդյոք ինձ որևէ մեկը»։ Ես քեզ լսեցի։

Եվ Սաոն հեռացավ։ Կամաց, համարյա անաղմուկ։ Ես լսում էի նրա հեռացող քայլերի ձայնը։ Նա հեռանում էր ընդմիշտ։ Ես դա գիտեի։ Բայց կանգնեցնել չէի ուզում, չէի կարող, ես հոգնել էի։ Ես ուղղակի ընկա անկողնու վրա ու քնեցի։

Արթնացա ես սարսափեցնող ձայնից, կարծես թե լար է կտրվել։ Զնգ, - լսեցի ես։ Ու վեր թռա։ Աչքերս բաց արեցի ու տեսա, որ պառկած եմ մթության մեջ անկողնու վրա։ Ցուրտը սահում էր մարմնովս։ Իսկ շուրջս լցված էր լռությամբ։ Մահացու լռությամբ։ Օվկիանոսը չի աղմկում։ Այն լռե՞լ է։ Շուրջ բոլորս ընկղմվել է սառցե լռության մե՞ջ։ Ոչ, ինչ-որ բան ճռճռում է։ Այնպես սրտաճմլիկ, հոնեցնող։ Իսկ հետո ես տրաքոց ձայն լսեցի։ Ինչ-որ բա՞ն պայթեց։ Ոչ դա հարված է։ Դմփ։ Լսում եմ ես։ Դմփ։ Այնքան բարձր ու այնքան սարսափելի։

Ես ոտքի կանգնեցի, իմ մարմինը դողում էր։ Բոբիկ, արձակած վերնաշապիկով ես դուրս եկա ննջասենյակից։ Ներքևում ուժեղ քամուց խփվում էր բաց մուտքի դուռը։ Տանը ոչ ոք չկար։ Ես դուրս եկա փողոց, անցա սառը ավազի վրայով։ Ոտքերս իրենք ինձ տարան փոթորկվող օվկիանոսի մոտ։ Սառը քամին ինձ քշում էր, խփում դեմքիս։ Երկնքում կուտակվել էին ամպերը։ Դրանք այնքան ցածր էին, սև ու կատաղած օվկիանոսի ալիքները թվում էր թե դիպչում էին դրանց։ Ու այդ բոլոր ամպերի ետևում փայլփլում էր մի միայնակ աստղ։ Այն նույն ձևի վառ էր, ձգող, բայց արդեն իմը չէր։ Ես մոտեցա ջրին, ահռելի ծանր ալիքները որոտյունով ու ցայտյուններով ընկնում էին ներքև, կարծես թե ամեն անգամ ուզելով կործանել ինձ։ Ես ուզում էի հեռու գնալ փոթորկվող օվկիանոսից, որին ժամանակին ինձ հաջողվել էր ընտելացնել։ Բայց ես չէի կարողանում տեղիցս շարժվել։ Ես նայում էի այդ սև ջրերին ու հասկանում, որ տեղի է ունեցել անուղղելի, սարսափելի, վախենալու մի բան, որը կարող էր կատարվել այս կյանքում, այս աշխարհում, ամբողջ Տիեզերքում։ Ալիքները ինձ լուր էին տալիս մահվան մասին։ Նրա մահվան, ով ինձ համար կյանք դարձավ։ Սիրտս սկսեց հաճախ խփել ու հետո հանկարծ կանգ առավ։

«Չի խփում… Այն այլևս չի խփում։ Այն կանգ է առել»։

Վախից ես նստեցի ավազի վրա։

«Ես մահացե՞լ եմ։ Ես արդեն մահացա՞ծ եմ։ Ավելի լավ կլիներ, որ մահանայի»։

Ուղեղս արդեն դժվարությամբ էր գործում, նա բաժանվում էր ատոմների, ես կորցնում էի այն ու չէի փորձում ինչ-որ կերպ կանգնեցնել այդ սարսափելի ոչնչացումը։ Ես չէի նկատում բարձրացող ալիքները, որոնք փորձում էին ինձ քարշ տալ իրենց հետևից։ Ես տեսնում էի միայն այն աստղը, փայլող, միակ, մեկը, որը անընդհատ թաքնվում էր ամպերի ետևում։

«Ոչ, - մտածեցի ես։ - Նա չի մահացել։ Չի խեղդվել։ Նա թռել է։ Իր մոլորակ։ Որտեղ մանուշակագույն խոտն է ծածանվում տաք քամուց, որտեղ աղմկում են մանուշակագույն անտառները և որտեղ նավերի թևերից արտացոլվում են արևի ճառագայթները»։

Դմփ։ Լսեցի ես։ Դմփ։ Դմփ։ «Դռները։ Ես մոռացել եմ փակել դռները։ Այն կպոկի…»։

Աստղը դեռ փայլում էր ևս մի քանի րոպե, որից հետո թաքնվեց ամպերի ետևում։ Եվ ամեն բան ընկղմվեց խավարի մեջ… Մնաց միայն քամին…

ԱՎԱ ԱՐԴՈ