ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Օրվա առակ՝ «Հանգցնելով լապտերները։ Մոռանալով տան ճանապարհը» Ավա Արդո

Լուսին իմ, լուսավորիր ինձ

այնպես վառ,

որպեսզի գիշերը

լուսավոր դառնա,

որպեսզի հոգին իմ

գտնի տան ճանապարհը,

իսկ իմ սիրտը մնա

այնտեղ, որտեղ իմ սիրեցյալն է... 

Լուսին իմ, լուսավորիր ինձ

այնպես վառ,

որ վերադարձի ճանապարհը

տեսնեմ ես,

որ չհեռանամ ես

առհավետ, դավաճանելով

իմ հիշողությունը... 

 

Այս պատմությունը այնքան էլ վաղուց չի պատահել, կամ էլ այնքան վաղուց է պատահել, որ այն հիշենք։

Նարիկոն սպասում էր նրան, ով կարթնացնի նրա սիրտը սիրո համար այնքան երկար, որքան որ կարող էր սպասել իրական սերը՝ իր ընտրյալին։

Բայց ժամանակն անցնում էր, իսկ աղջիկը, առաջվա պես մնում էր տանը։ Թախծով ու տրտմությամբ էր նա նայում ճանապարհին, որը բերում էր իր տուն։ Բայց ճանապարհը դատարկ էր։

Եվ այդժամ Նարիկոն որոշեց ինքը ճանապարհվի իր սիրեցյալին փնտրելու։

- Եվ այս լույս աշխարհում ինչ-որ մեկը, ում ինձ համար ճակատագիրն է ընտրել։ Եվ թող ես չգտնեմ նրան, բայց հույսն իմ սրտում չի հանգչի։

Եվ աղջիկը գնում էր ճանապարհով, չիմանալով, թե ուր կտանի իրեն ճանապարհը։

- Որտե՞ղ գտնեմ քեզ, իմ սիրեցյալ, - լուռ շշնջում էր Նարիկոն։ - Որտե՞ղ ես դու, իմ սիրելի, ով կփրկի ինձ սարսափելի մենությունից։

Երկար գնաց նա, մինչև իր ճանապարհին չհանդիպեց մի տարօրինակ կնոջ։ Այդ կինը ալեհեր էր, իսկ դեմքով՝ երիտասարդ ու գեղեցիկ։ Քամուց ծածանվում էին նրա սպիտակ հագուստները, իսկ ձեռքում, այդ կինը, վառված լապտեր ուներ։ Նա առաջինը խոնարհվեց աղջկան, ու ժպիտով հարցրեց՝

- Ուզում ես գտնե՞լ նրան։

- Շատ եմ ուզում, - պատասխանեց Նարիկոն։

- Վերցրու իմ լապտերը, - ասաց կինը, - ու գնա այս ճանապարհով։ Ոչ մի կողմ չթեքվես, ուղղակի գնա։ Ճանապարհը այս, քեզ կբերի նրա մոտ, ում դու այսքան երկար փնտրում ես ու ով, միգուցե դեռ քեզ սպասում է։ Միայն թե զգույշ եղիր՝ ճանապարհի երկայնքով լապտերներ կտեսնես՝ դրանք բոլորը վառիր, ոչ մեկը բաց չթողնես։

Նարիկոն կնոջ ձեռքից վերցրեց այրվող լապտերը ու ճանապարհվեց իր երջանկությանն ընդառաջ։ Շուտով նա տեսավ այն լապտերները, որոնց մասին զգուշացնում էր այն տարօրինակ կինը։ Լապտերներից մեկը վառված է, երկրորդը, երրորդը՝ դրանք բոլորը վառվում են, իրենց լույսով ճանապարհ հարթելով դեպի մի անծանոթ տուն, որը բարձրանում էր հեռվում։ Տան դռները բացվեցին, ու տնից դուրս եկավ մի շատ գեղեցիկ երիտասարդ։

- Այդ դու ես, - շշնջաց Նարիկոն, նայելով երիտասարդին։

- Այդ դու ես, - քնքուշ ժպտաց վերջինս ի պատասխան։

Երկու սրտեր գտան իրար համր մենության մեջ։

Շատ թե քիչ ժամանակ անցավ, այգիները ծաղկաթափ եղան, հետո կրկին ծաղկեցին իսկ սիրահարները առաջվա պես միասին էին։ Միայն թե ավելի հաճախ սկսեց նկատել Նարիկոն, որ իր սիրելին թախծում է, որ գնում է նա վաղ առավոտյան ինչ-որ տեղ ու վերադառնում է միայն ուշ գիշերով, կարծես թե ինչ-որ բան է կորցրել ու ոչ մի կերպ չի կարողանում գտնել։

- Ի՞նչ ես փնտրում, սիրելիս, - հարցրեց նրան Նարիկոն։

- Սիրելիս, - պատասխանեց նա, - ես ոչինչ էլ չեմ կորցրել, բացի իմ ազատությունից։ Ես իմ կյանքում ոչինչ չեմ տեսել, չեմ հասցրել։ Ոչ ոքի չեմ փնտրել, ում շատ կուզենայի գտնել։ Ոչ մի տեղ չեմ եղել։ Սիրում եմ քեզ իմ ծաղիկ, բայց չգիտեմ, թե արդյո՞ք իմ սիրտը այդքան ուժեղ սիրել կարող է։ Ու արդյո՞ք դու ես իմ ճակատագիրը։ Դու ինձ փնտրում էիր, բայց ես քեզ չէի փնտրում։ Նշանակում է, որ ինչ-որ տեղ կարող է ապրում է իմ ճակատագիրը, իմ իրական սերը, որից ավելի ամուր արդեն ամբողջ աշխարհում չկա։

- Բայց ես սիրում եմ քեզ, - լաց եղավ Նարիկոն։

Միայն թե ինչ կարող էր պատասխանել նրա այդ խոսքերին իր սիրեցյալը։

Ամպերի ետևից դանդաղ դուրս էր լողում լուսինը, ու հեռավոր երկնքում կայծկլտում էին աստղերը։ Ու դրանք սառն էին ու օտար, ինչպես և այդ, սառը լուսնից լցվող սպիտակ լույսը։

Հանկարծ տեսավ Նարիկոն, որ լուսնի լույսի տակ կանգնած է նա, այն նույն կինը, որը ժամանակին իրեն ճանապարհն է ցույց տվել դեպի իր սիրեցյալը։ Կինը մոտեցավ Նարիկոյին ու նրբորեն սեղմեց նրան իր կրծքին։

- Լաց մի եղիր, - հանգստացնում էր նա աղջկան։ - Վերցրու քո լապտերը, որ ես քեզ նվիրել էի՝ հանգել է այն, ու հեռացիր։ հեռացիր այն նույն ճանապարհով, որով և եկել ես այստեղ։ Միայն թե հեռանալուց, հետևիցդ հանգցրու բոլոր լապտերները, որը այն ժամանակ վառել ես։ Միայն թե հանգցրու, հիշելով այն երջանիկ պահերը, որը վերապրել ես քո սիրեցյալի հետ։ Ու եթե հիշողություններդ չբավականացնեն, որ հանգցնես բոլոր լապտերների կրակները՝ մի հեռացիր, այլ վերադարձիր հետ, քո սիրեցյալի մոտ, քանի որ նա է քո ճակատագիրը ու միասին կլինեք դուք։ Հանգցնելով վերջին լապտերը, հիշիր՝ սիրեցյալիդ մասին հիշողությունները նույն պահին, այրվող կրակից կվերածվեն ծխի ու կլուծվեն քամու անլսելի ձայնի մեջ։

Վերցնելով հանգած լապտերը, Նարիկոն ճանապարհ ընկավ կրկին իրեն ծանոթ ճանապարհով, լքելով նրան, ով իր սրտի համար թանկ էր։ Նա հիշեց, թե ինչպես էր իր սիրեցյալն իրեն համբուրում առաջին անգամ, ինչպես էր հաճախ խփում իր սիրտը ՝ կրծքավանդակում, ինչպես էր նրա հոգում ծնվում հույսը ու արթնանում երջանկությունը։ Հիշում էր Նարիկոն ու փչելով հանգցնում առաջին լապտերը, հետո երկրորդը, երրորդը։ Ախ, որքան շատ լապտերներ էր նա վառել, ու ինչքան հիշողություններ էին մնացել նրա գլխում։

Նարիկոն հանգցնում էր լապտերներն ու միայն լուսինն էր լուսավորում գիշերվա մեջ կորող ճանապարհը… վերադարձի ճանապարհը։

Եվ ահա այն՝ վերջին լապտերը։ Նարիկոն մտքերի մեջ ընկավ, նա փորձում էր էլի ինչ-որ բան հիշել այն երջանիկ պահերից, որ ունեցել էր իր սիրեցյալի հետ։ Բայց հիշողությունը կարծես թե փակվել էր աղջկանից, ինքն իրեն փրկելով։

- Ուրեմն նա՞ է իմ ճակատագիրը, - հույսով նայեց նա լուսնին։

Նայելով իր ձեռքին, որի վրայով սահում էր լուսնի լույսը, Նարիկոն հիշեց, թե ինչքան նուրբ, հոգատարությամբ էր նա վերցնում իր ձեռքը՝ իր ամուր ձեռքերի մեջ ու ճիշտ այդպիսի լիալուսնի լույսի տակ երկար ուսումնասիրում իր նուրբ ձեռքի ափի մեջ եղած գծերը։

- Այսպես ես տեսնում եմ քո ողջ կյանքը, - ասում էր սիրեցյալն ու ծիծաղում։

- Նշանակում է իմ ճակատագիրը չի, - թախծով հոգոց հանեց Նարիկոն։

Նա ուզում էր հանգցնել լապտերը, բայց այդ պահին լուսինը թաքնվեց սև ամպի ետևում, ու շուրջ բոլորը ընկղմվեց խավարի մեջ, ու անհամարձակ լուսավորվեց վերջին վառվող լապտերով։ Նարիկոն այդ աղոտ կրակին մոտեցրեց իր լապտերը։ Լապտերը վառ բռնկվեց, և աղջիկը առանց ափսոսանքի փչելով հանգցրեց վերջին լապտերի կրակը։

- Ես վերցրեցի իմ հիշողությունը ինձ հետ, - շշնջաց նարիկոն։ - Թույլ չտվեցի ես հանգչել իմ հիշողությունների կրակին, իմ սիրուն թույլ չտվեցի որ վերածվի ծխի, նշանակում է, սիրեցյալիս էլ երբեք չեմ մոռանա, ու իմ սրտում չի հանգչի հետ վերադառնալու հույսը, նրա մոտ, ով ամեն դեպքում իմ ճակատագիրն է։

Նարիկոն հեռացավ։ Ինչ եղավ նրա հետ՝ հայտնի չէ։ Գտավ արդյոք նրա ընտրյալը իր իրական սերը, նույնպես մնաց գաղտնիք։ Ու արդյո՞ք դրա մեջ է այս պատմության իմաստը։ Իհարկե, ոչ…

ԱՎԱ ԱՐԴՈ