Կար չկար մի բարի արքա կար, սակայն թշնամիներ ուներ՝ անհամար: Նրա հավատարիմ և հնազանդ կռունկները շատ էին անհանգստանում նրա ճակատագրի համար: Վտանգները հետևում էին արքային ամեն օր և ամեն քայլափոխի, հատկապես գիշերը, երբ չար թշնամիները կարող էին շրջապատել պալատը:
- Ի՞նչ ձեռնարկենք, - մտածեցին կռունկները՝ խորհրդի նստելով: - Ախր զինվորներից ոչ մի օգուտ չկա: Փոխանակ նրանք ազնիվ ծառայություն տանեն և արքային պաշտպանեն, նրանք քնում են գիշերը խորը քնով: Իսկ շները, օրվա ընթացքում այնքան են վազվզում և հոգնում որսի ժամանակ, որ նրանց վրա հույս դնել չի լինի: Մնում է միայն, որ մենք պահպանենք պալատը, որպեսզի մեր բարի արքան կարողանա հանգիստ քնել:
Եվ ահա կռունկները բաժանվեցին երեք երամի, յուրաքանչյուրին մի պահակակետ հանձնելով և պակախմբի խիստ կարգ հաստատեցին:
Կռունկների ամենաբազմանդամ երամը տեղավորվեց այն մարգագետնում, որը փռված էր պալատի շուրջ բոլորը: Մյուս երամը սկսեց հսկել պալատի բոլոր ելքերն ու մուտքերը, իսկ մնացած ժամապահները տեղավորվեցին հենց արքայական ննջարանում, որպեսզի ոչ մի րոպեով աչքից բաց չթողնեն քնած տիրակալին:
- Իսկ ի՞նչ կլինի, եթե որևե մեկը իր պահակակետում քնի, - հարցրեց մի երիտասարդ կռունկ:
- Այդ փորձանքից նույնպես կա մի ստույգ միջոց, - հանգստացրեց նրան կյանքի փորձով իմաստացած առաջնորդը: - Թող ձեզանից յուրաքանչյուրը, պահակակետում կանգնած ժամանակ, իր թաթի մեջ քար պահի: Եթե հանկարծ որևե մեկը քնի, քարը անմիջապես կընկնի թաթից և իր աղմուկով իմաց կտա մնացածներին:
Այդ պահից ի վեր, կռունկները արթուն են գիշերը, կանգնած մի թաթի վրա և փոխելով ամեն երկու ժամը մեկ: Եվ նրանցից և ոչ մեկը դեռ չի գցել քարն իր թաթից, հավատարիմ մնալով ընդունած պայմանին:
Հոգու ազնվության և պարտքի հավատարմության պատճառով, իզուր չեն այդ կռունկներին անվանում արքայական կամ արքայապսակ:
Լեոնարդո դա Վինչի