Աղջիկը վախենում էր արևի լույսից։ Շատ շատ էր վախենում։ Նրա մահացու թշնամին՝ արևն էր, որը այդնպես էր ձգտում հիմնովի այրել խեղճի մաշկը միչև ոսկորները, որ այլևս այսպիսի չքնաղ գեղեցկության աղջիկ աշխարհի երեսին չլինի։
Աղջկան ոչինչ չէր մնում անել, քան ուղղակի ապրել մթի քողի տակ, այստեղ, այս մոխրագույն, տխուր ամրոցում, ծովի ափին, որը իր ալիքներով լիզում էր ամրոցի մուտքի կիսաքանդված կեղտոտ աստիճանները։
Եվ գիշեր էր, մի սովորական աստղալի գիշեր, ծովից հաճախ դուրս լողացող սպիտակ լուսնով։ Դա գեղեցիկ էր ու գրավիչ։ Եվ նա, խեղճ Վյենը, կանգնած էր դիտակետային աշտարակի գագաթին, նայում էր այնտեղ, հորիզոնից այն կողմ, որտեղից հաճախ լողում գալիս էին մեծ նավերը, որոնք բարձված էին զարմանահրաշ ապրանքներով։ Նրանց մոտ հաճախ էին լողում առևտրականներ ու վաճառականներ, նավաստիներ և նույնիսկ փախստական բանդիտներ։ Այդ ամրոցում բոլորին ընդունում էին։ Ու բոլոր հյուրերից, միայնակ աղջիկը, ով վախենում էր արևի լույսից, սպասում էր պատմություններ այն մասին, թե ինչ է կատարվում այնտեղ, հորիզոնից այն կողմում։ «Ախր այնտեղ անպայման չքնաղ է», - ռոմանտիկորեն արտասանում էր նա, լսելով հերթական պատմությունը։
Մի անգամ գիշերով, ամրոցի մոտ կառանվեց զարմանահրաշ գեղեցկության մի նավ, ինչպիսի Վյենը նախկինում չէր տեսել՝ այն փայլում էր մայրամուտի արևի նման, որին աղջիկը հաճախ էր հետևում մի փոքրիկ անցքից։ Նավի յուրաքանչյուր ոսկյա նախշը փայլփլում էր աստղերի կայծերով։ Վյենը նայում էր կառանվող նավին չկարողանալով հայացքը կտրել։ նավից ափ իջան սովորական նավաստիներ, իսկ նրանց հետևից, թռչունի պես, նավամբարից դուրս թռավ մի չքնաղ կին։ Նա այնքան գեղեցիկ էր ու անսովոր, որ Վյենը մտածեց, թե խորհրդավոր աստվածուհի է իջել երկնքից՝ երկիր։ Իսկ որքան զարմանահրաշ պատմություններ էր պատմում նա՝ մեկը մյուսից հետաքրքիր։ «Անհավանական է», - ոգևորությամբ կրկնում էր Վյենը, ականջ դնելով պատմության յուրաքանչյուր բառին, յուրաքանչյուր հնչյունին։ «Այդ ինչ գեղեցիկ է կյանքը հորիզոնից այն կողմում», - բացականչում էր նա։ «Որքան եմ ես ուզում տեսնել այն։ Որքան եմ ուզում»։ Եվ արտասովոր կնոջ հետ շփման օրերը Վյենի համար դարձան նրա կյանքի ամենաերջանիկ օրերը՝ նախկինում երբեք նա չէր իմացել, որ կյանքը կարող է լինել այդքան վառ ու գունագեղ։
Բայց մի քանի օրից կինը շարունակեց իր ճանապարհը, գնալով իր գործերով։ Իսկ Վյենը, այդ օրվանից ի վեր, ամեն գիշեր ուշադիր նայում էր հորիզոնից այն կողմ, անհաղթահարելի ցանկությամբ տեսնել այն զարմանահրաշ նավը, որը իր հետ կբերի նրան, ով նրա առջև բաց արեց այն չքնաղ ու գունագեղ աշխարհը։
Բայց այնպես պատահեց, որ ծովը ցամաքեց։ Հարյուր տարի այդպիսի բան չէր եղել։ Դե ինչ, նավերն այլևս չէին կարող կառանվել ափին։ Օրեցոր ամրոցն ընկղմվում էր թախծի մեջ։ Լռությունն ու ծակող քամիներն էին այլևս զբոսնում նրա դահլիճներով։ Նույնիսկ սպիտակ լուսինը, յուրաքանչյուր գիշեր դժվարությամբ էր բարձրանում չոր հողի ճաքերի միջով։ Խեղճ Վյոնի բոլոր սպասումներն ու հույսերը կոտրված էին։
Բայց գիշերներից մեկում նա դեռ հեռվից տեսավ, թե ինչպես էր ցամաքած ծովով, հազիվ ոտքերի վրա կանգնած, մոտենում մի երիտասարդ տղամարդ։ Հոգնած, տանջված, նա կերակուր ու գիշերակաց խնդրեց։ Նրա նավը խորտակվել էր՝ զոհվել էին բոլորը, իսկ նրան հաջողվել էր փրկվել։ «Իմ բախտից ծովը ցամաքել էր, այլապես ես կենդանի չէի մնա», - հաճախ կրկնում էր նա։
Այդ ամբողջ ժամանակ, մինչ նա ուշքի էր գալիս, Վյենը նրանից ոչ մի րոպե չէր հեռանում։ Նա հաճույքով պատմում էր դյուրահավատ աղջկան այն կյանքի մասին, որը մոլեգնում էր հորիզոնից այն կողմում։ Նրա պատմությունները պարզունակ էին ու հասարակ, բայց ոչ պակաս հետաքրքիր։ Նրանց ձգում էր միմյանց նկատմամբ՝ աղջիկը՝ անպաշտպան ու միամիտ, տղան՝ ոչնչից չվախեցող և բառերի գինն իմացող։
- Դու կմնա՞ս ինձ հետ, - հույսով նայում էր նա, հիմա արդեն իր կյանքի ամենակարևոր մարդու աչքերի մեջ։
- Ավելի լավ է, ես քեզ վերցնեմ ինձ հետ, - հաստատակամ կրկնում էր երիտասարդը, - այնտեղ, հորիզոնից այն կողմ։ ԵՎ դու կտեսնես իրական կյանքը։ Այն քեզ դուր կգա, խոստանում էմ։ Մարդիկ անպայման կընդունեն քեզ, նույնիսկ չնայած նրան, որ դու այդքան վախենում ես արևի լույսից։ Ամեն բան լավ կլինի, հավատա ինձ։
Եվ մթության քողի տակ, նրանք ձեռք ձեռքի տված ճանապարհվեցին այնտեղ, «հորիզոնից այն կողմ», որտեղ երկուսին էլ նոր կյանք էր սպասում։
Նրանք տեղավորվեցին մի կեղտոտ հյուղակում, ու սկզբում երջանիկ էին։ Բայց տղան կարոտում էր ծովը, տարածությունը, դեռ չհետազոտված ափերը՝ բոլորովին այլ կյանք, քան այն, որտեղ արևի լույսը հուսալի թաքցված է կեղտոտ պարկացու կտորի հետևում, և ամեն օրը վեր է ածվում նախկին կատարվածի համատարած հիշողության։
- Մարդիկ նեղացնում են ինձ, սիրելիս, - հիմա արդեն հաճախ լաց էր լինում հուսահատությունից Վյենը։ - Երբ նրանք մթության մեջ հանդիպում են ինձ, նրանք ինձ կախարդ են անվանում ու անհամար անեծքներ են թափում իմ գլխին։ Մի՞թե ես դրան եմ արժանի։
- Նրանք մարդիկ են, ու վերջ, - միայն ձեռքերն էր տարածում երիտասարդն ի պատասխան։
- Բայց դու ասում էիր, որ նրանք ինձ կընդունեն։
- Մարդկանց հետ ոչինչ հնարավոր չէ իմանալ կանխավ, երևի սխալվել եմ։ Բայց դրա փոխարեն հիմա դու գիտես «հորիզոնից այն կողմում» կյանքի մասին ոչ միայն լսելով։ Հիմա դու գիտես ճշմարտությունը, իսկ դա, հավատա ինձ, թանկ բան է։
Այսպես, օրեցոր Վյենն իր համար բացահայտում էր «հորիզոնից այն կողմում» իրական կյանքը։ Եվ այդ կյանքը այդքան գեղեցիկ ու վառ չէր, այդքան հյուրընկալ ու բարի չէր, որքան այն նկարագրում էին։ Այն պարզվեց մռայլ էր ու սև ինչպես անլուսին գիշերը։ Մռայլ ու չար, կորացած այլանդակ պառավի նման։ Իսկ շուտով նրա սիրեցյալը բոլորովին գնաց նավարկության նույնիսկ հրաժեշտ չտալով իրեն։ Իսկ Վյենին այլ բան չէր մնում անել, քան վերդառնալ ամրոց։
Որոշ ժամանակ անց ջուրը վերադարձավ իր հունը, լցնելով լճերը, դրանց հետևից և ծովերը։ Եվ կրկին նավեր սկսեցին մոտենալ հին, խունացած ամրոցին, գալով փարոսի անմար լույսի վրա։ Եվ նախկինի պես, Վյենը դիմավորում էր յուրաքանչյուր նավի, կանգնած աշտարակի գագաթին։ Հյուրերը ներս էին գալիս, շարում իրենց ապրանքները, սեղան էին նստում և անշտապ պատմություններ պատմում՝ այնտեղ, «հորիզոնից այն կողմ» գտնվող հետաքրքրաշարժ կյանքի մասին։
Ափի մոտ կառանվեց նաև այն չքնաղ կնոջ նավը։ Նա փայլող թռչունի պես ներս թռչեց ամրոցի խունացած պատերի մեջ ու նստելով սեղանի շուրջ՝ մտազբաղ Վյենի կողքին, սկսեց անշտապ կիսվել նրա հետ զարմանահրաշ պատմություններով։ Վյենը այդ պատմություններն ուշադիր լսում էր, առանց ընդհատելու, կրկնելով յուրաքանչյուր լսած խոսքը։ Եվ ահա թե ինչն էր տարօրինակ, նրա բերանում, այդ չքնաղ բառերը սարսափելի, մռայլ, թախծալի էին հնչում կարծես դրանց մեջ եղած ողջ գույները չքացել են մի վայրկյանում, իրենցից հետո թողնելով միայն սև ու սպիտակ, մեռած, որևէ զգացմունքից զուրկ պատկեր։ Եվ կինը, լսելով իր պատմությունների կրկնությունը, փոխվում էր ու հեռանում «հորիզոնից այն կողմ» արդեն որպես ուրիշ մարդ՝ առանց զգացմունքների, դատարկված, չորացած, անգույն։ Եվ այսպես այսուհետ եղավ յուրաքանչյուրի հետ։
Եվ անսովոր աղջկա ընդունակությունների մասին լուրերը, ով կարողանում է ամեն չքնաղ, գունագեղ բան վերածել սև ու սպիտակի իսկ ամեն զգացական՝ անզգայության, հասավ բոլոր անկյուններ, մտավ ամեն ճեղքի մեջ։ Ու դեպի ամրոց ճանապարհվեցին զորականներ։ «Չենք ուզում մենք այլևս տարբերակել այս աշխարհի գույները։ Չենք ուզում որևէ բան զգալ, երբ խաչում ենք մեր սրերը մեր որդիների և հայրերի հետ։ Անհրաժեշտություն չկա տարբերակել ընկերներին՝ թշնամիներից»։
Վյենի թեթև ձեռքով, բանակները դառնում էին անխաղթելի, իսկ զորականներից յուրաքանչյուրը համարյա թե անմահություն էր ձեռք բերում, քանի որ ոչ վախ էր զգում, ոչ ցավ, ոչ կարեկցանք, ոչ էլ գթություն։ Եվ սարսափելի անեծքը պատեց երկիրը՝ չդադարող, տևական պատերազմների տեսքով։
- Պետք է դա կանգնեցնել, - իրար մեջ փսփսում էին այն զորականները, ովքեր չէին ցանկանում վերածվել անգույն աչքերով անզգամ անձանիկների։ - Միայն թե ո՞վ կարող է դիմակայել այդպիսի սարսափելի ուժին, այդպիսի անեծքին։
- Ես կփորձեմ, - ցանկություն հայտնեց նրանցից մեկը։ Նա, ով ավելի քաջ էր։ - Ես լսել եմ բոլոր մռայլ պատմությունները, որը պատմում են իրար պարապ ժամանակ մեռած աչքերով զորականները։ Ես գիտեմ թե ինչ է պետք անել։ Իսկ եթե չստացվեց, ապա դուք կսպանեք ինձ, եղբայրներ։
Եվ հասարակ նավաստու տեսքով, հուսահատ զորականը նավարկեց ամրոց։ Առանց մի վայրկյան անգամ ընդհատվելու նա պատմում էր պատմություն՝ պատմության հետևից։ Դրանցից յուրաքանչյուրը նախորդից մռայլ էր։ Որքան անգամ էր նա լսել դրանք, եվ երբեք դրանք նրա մոտ ոչ մի զգացմունք չէին առաջացրել։ Իսկ հիմա նա հափշտակությամբ էր պատմում, ցանկանալով բոլոր հնարավոր միջոցներով այն հասցնել այդ տարօրինակ աղջկան, ով օժտված էր այդպիսի սառը գեղեցկությամբ ու ձեռքբերովի անզգայությամբ։
Վյենը ագահությամբ, առանց կտրվելու լսում էր այդ պատմությունները, կրկնելով բառը բառի ետևից, ու առաջին անգամ, յուրաքանչյուր այդ բառը գալիս էր նրա մոտ սարսափի գիտակցումով և այն բանի թերարժեքությամբ, որ լսում է դա վախով ու անգույնության և սառնության մղձավանջով։ Նա առաջին անգամ էր լսում պատմությունները այնպես, ինչպես ինքն էր դարձնում։ Եվ յուրաքանչյուր կրկնված խոսքի հետ նրա մարմինը, կաշկանդող վախից ու սարսափից վեր էր ածվում քարի, իսկ վերջին պատմության ավարտին ընդհանրապես նա փշրվեց ավազի։
Եվ նույն պահին բոլոր անզգա զորականները ողջ աշխարհում կուրացան։ Հնձվածի պես ընկնում էին նրանք ծունկի, սեղմելով ձեռքի ափերը իրենց դեմքին, ոռնալով ներքին ցավից։
Արդեն ուզում եր ուրախանալ զորականը իր հաղթանակի համար, բայց չկարողացավ, քանի որ ինքն էլ կորցրել էր իր բոլոր զգացմունքները։ Եվ թվում էր իրեն, թե ինքն էլ է կուրացել։ Եվ հասկացավ նա, որ իրեն պարտված աղջկա անեծքն այսուհետ ապրելու է նաև իր մեջ, ու որ հավատարիմ ընկերները չեն հանձնվի մինչև չխլեն իր կյանքը։ Միայն թե մահանալ, զորականը, բոլորովին չէր ցանկանում։
Իսկ հետո նրա կյանքը վեր ածվեց փախուստների անվերջ շարքի։ Նա թաքնվում էր բոլորից, թաքնվում անկյուններում, մտնում էր ամեն ծակուծուկ և վերջապես, հոգնելով, նա բացահայտ եկավ շուկայի հրապարակ, ու նստելով առևտրական վրաններից մեկի մոտ սկսեց սպասել իր ընկերներին։ Նրա կողքով մի կին էր անցնում երեխայի հետ։ Փոքրիկ տղան անընդհատ մատնացույց էր անում ամեն ինչին, ինչ նրա հատքրքրասեր հայացքին էր ընկնում, հարցնելով՝
- Մայրիկ, նայիր, իսկ այն ծաղիկը, որ մեր ոտքերի տակ է, նարնջագույն է թե՞ դեղին։
- Դեղին, իմ քաղցր, - գործի իմացությամբ պատասխանում էր մայրը։
- Իսկ երկինքը, ինչպիսի՞ն է երկինքը՝ մեծ կանաչ, թե՞ կապույտ, կամ նույնիսկ սպիտակ։
- Երկնագույն, որդիս։
Եվ զորականն առաջին անգամ հայացքը բարձրացրեց առ երկինք ու նայելով դրան ինքն իրեն նույն հարցը տվեց՝ ի՞նչ գույնի է այն։ Եվ երկինքը նրան թվաց կաթի պես ճերմակ։ Եվ ծաղիկը, որն անօգնական օրորվում էր քամուց իր ոտքերի առջև, պարզվեց, որ ոչ դեղին է, ոչ նարնջագույն, այլ ավելի կարմիր։ Նա առաջին անգամ բացահայտում էր իր համար աշխարհը, փշուրներով, երեխայի պես, և կորսված զգացմունքները վերադառնում էին նրան, բայց այդ զգացմունքներն այլ էին, նոր ու պատկանում էին միայն իրեն, իսկ գույները, որ տարբերակում էին այսուհետ նրա աչքերը, հագեցած վառություն էին ձեռք բերել։ Ախր այսուհետ նա նայում էր աշխարհին միայն իր աչքերով։
Այսպես զորականը ձերբազատվեց սարսափելի անեծքից։ Նա աշխարհը անցավ լայնությամբ ու երկայնությամբ, քայլ առ քայլ բացահայտելով աշխարհը, որն իր աչքերում ու զգացմունքներում շատ ավելի վառ էր, շատ ավելի գեղեցիկ ու արտասովոր, քան բոլոր այլ մարդկանց համար։
Եվ լուրերը նրա մասին տարածվեցին ամենատարբեր ծայրեր։ Ու այլևս չէր սպառնում նրան կործանումը ընկերների սուր սայրերից։ Ու դեպի նրան ձգվեցին կուրացած զինվորները, աղաչելով իրենց փրկություն ընծայել։ Բայց բոլորին մերժում էր զորականը։
- Յուրաքանչյուրը պետք է իր համար ինքը բացահայտի աշխարհը, - կրկնում էր նա, - ըմբռնելով նրա ողջ բազմազանությունը։ Այլապես կրկին մենք կսկսենք նայել աշխարհին միմյանց աչքերով։
ԱՎԱ ԱՐԴՈ