Հարց՝
Բարև Ձեզ։ Իմ անունը X է։ Ապրում եմ Y քաղաքում։ 23 տարեկան եմ։ Ես ընկերուհուս հետ բնակարան եմ վարձում։ Ես բաց և շփվող մարդ եմ և ընկերներիս և անծանոթ մարդկանց հետ։ Փակվում եմ այն երիտասարդի հետ, ով ինձ դուր է գալիս։ Տարված եմ հոգեբանությամբ և փորձում եմ սովորել սիրել ինձ այնպիսին, ինչպիսին կամ։ Հաճախ ծնողներիս նկատմամբ մեղքի զգացողություն եմ ունենում (չնայած, որ նրանք ինձ համարում են հոյակապ երեխա), այն բանի համար, որ
միշտ չի հաջողվում ժամանակ և ուշադրություն հատկացնել այն տղաներին, ովքեր ինձ սիրահարված են և ում չեմ կարողանում փոխադարձությամբ պատասխանել։ Շրջապատս ինձ ընկալում է, որպես բաց և բարի անձնավորություն, ով միշտ պատրաստ է օգնության հասնել և սատար լինել դժվար պահերին՝ «երկրորդ մայր»։
Ես դժվարություններ ունեմ այն երիտասարդների հետ շփվելուց, ովքեր ինձ դուր են գալիս։ Ինչ-որ նոր, անսովոր իրավիճակներում անվստահություն եմ ունենում։ Վախենում եմ շփվել իմ սիրած մարդու հետ, ում սիրում եմ արդեն 6 տարուց ավելի, բայց ով այդ մասին նույնիսկ գլխի չի ընկնում։
Վեց ու կես տարի առաջ, ես առաջին հայացքից սիրահարվեցի իմ համակուրսեցուն։ Ուսման բոլոր տարիների ընթացքում մենք երբեք չենք շփվել։ Ես փորձում էի նրանից հեռու մնալ, որպեսզի Աստված չտա, իմ զգացմունքները չարտահայտեմ։ Ես նրան այսօր էլ եմ սիրում, սակայն մենք շատ հազվադեպ ենք հանդիպում, չնայած որ ապրում ենք նույն քաղաքում։ Միջինով հանդիպում ենք տարին երկու անգամ՝ համակուրսեցիների ընդհանուր հանդիպման ժամանակ, որը ինքս էլ կազմակերպում եմ։ Երբ ես երկրորդ անգամ էի դա ուզում կազմակերպել, նա իմ համար շատ անսպասելիորեն զանգահարեց և օգնություն առաջարկեց՝ հանդիպումը անց կացնելու համար հանգստյան տուն փնտրելու հարցում։ Այդ բոլոր օրերը մենք հեռախոսով էինք շփվում և քննարկում էինք բացարձակապես կազմակերպչական հարցեր։ Հանգստյան տանը անձնական հանդիպման ժամանակ, մենք նույնիսկ երկու խոսք չփոխանակեցինք։ Հանդիպումից մի որոշ ժամանակ անց նա զանգահարեց ինձ և առաջարկեց փոխանակվել լուսանկարներով։ Ես ասացի, որ մենք դա կարող ենք անել մեր մի համակուրսեցի աղջկա միջոցով։ Ամեն նրա զանգելուց ես հուզում և ուրախություն էի զգում, բայց հեռախոսային խոսակցության ընթացքում դա հաջողվում էր թաքցնել և ես խոսում էի բավականին չոր ու գործնական։ Հանդիպման ժամանակ նա շփվում էր իր ընկերների հետ, իսկ ես գնում էի իմ ընկերուհիների մոտ։ Ես լավ հումորի զգացում ունեմ և մարդիք հեշտությամբ և ուրախությամբ են ինձ հետ շփվում։ Բայց միայն ոչ այն տղաները, որ ինձ դուր են գալիս։ Նրանց հետ ես դառնում եմ պարփակված փոքրիկ մկնիկ, իմ բոլոր հումորի զգացումը ցնդում է ինչ-որ տեղ և ես սկսում եմ ամեն ինչ շատ լուրջ ընդունել՝ ես ինձ անբնական եմ պահում։
Խնդիրը առաջացավ 8-10 տարեկան հասակում։ Ես միշտ եղել եմ շփվող և գործող երեխա՝ կազմակերպչական ընդունակություններով և իմ ընկերները միշտ հաճույքով եկել են իմ հետևից, նամանավանդ որ ես ոչ մի վտանգավոր կամ էքստրեմալ բան չեմ կազմակերպել։ Այդ տարիքում իմ ընկերներից մեկը ինձ շատ դուր էր գալիս։ Մենք նրա հետ ընկերություն էինք անում դեռևս մանկապարտեզից և մեզ միշտ հաճելի ու ուրախ էր իրար հետ։ Եվ ահա ես մի տեղ կարդացի, որ ժպիտը՝ սիրո առաջին նշանն է ու սկսեցի նրան հանդիպելուց ժպտալ։ Սակայն ես չափերն անցնում էի (չնայած որ այն ժամանակ դա չէի հասկանում) և նա, մի անգամ, մեր բոլոր ընկերների առջև ինձ ծաղրեց։ Դա ինձ համար լուրջ հարված էր։ Այդ ժամանակից սկսած, մեր հարաբերությունները դադարեցին նույնքան ջերմ լինել՝ ինչքան առաջ էին։ Մենք շարունակեցինք շփվել, սակայն իմ կողմից այլևս վստահություն չկար։
Ես նույնիսկ նրան ներելու համար մեդիտացիաներ էի անում։ Ինձ դուր եկած տղաներին հանդիպելուց, ես աշխատում էի լինել բաց և բարյացակամ՝ այնպիսին, ինչպիսին որ կամ իրականում, բայց մի որոշ ժամանակ անց, ես նորից փակվում էի ինքս իմ մեջ։
Եթե ես ինձ դուր եկած տղայի հետ մենակ եմ մնում՝ մենք կարող ենք շփվել ամենատարբեր թեմաներով։ Բայց եթե մեր ծանոթներից մեկն էլ է այնտեղ, ապա ես չեմ կարողանում այդ տղայի հետ ազատ շփվել՝ ամաչում եմ։ Համոզված եմ, որ եթե մենք կարողանայինք իմ սիրած մարդու հետ, հենց այնպես խոսել՝ երբ մեզ ոչ-ոք և ոչինչ չի շեղում, ապա նա կտեսներ թե ինչ ուշադիր և հետաքրքիր զրուցակից կարող եմ լինել ես։ Բայց բանը նրանում է, որ մենք հանդիպում ենք տարին երկու անգամ, իսկ երբ հանդիպում ենք՝ հնարավորություն չի լինում մենակ մնալ և ուղղակի զրուցել։
Ես երբեք ընկեր չեմ ունեցել հենց այն պատճառով, որ վախենում եմ շփվել ինձ դուր եկած երիտասարդի հետ, իսկ տղաներին, ովքեր սիրահարվում են ինձ՝ չեմ սիրում և չեմ ուզում խաբել ոչ իրենց, ոչ էլ ինձ։ Այդ պատճառով էլ միանգամից ասում եմ, որ ոչինչ չեմ կարող նրանց առաջարկել ընկերությունից բացի։ Իսկ երբ տղան, ամեն դեպքում պնդում է, որ դառնա իմ երիտասարդը, ապա տեղի է ունենում հակառակ էֆեկտ՝ նա ինձ ուղղակի տհաճ է դառնում։ Տհաճ են դառնում նրա հպումները, բառերը, մտերմությունը նրա հետ։ Եվ միակ միտքը, որ պտտվում է գլխումս այդ պահին՝ փախչել, փախչել, փախչել։
Շուտով համակուրսեցիներիս հերթական հավաքն է լինելու։ Ի՞նչ անեմ, որ սկսեմ նորմալ շփվել այն մարդու հետ, ում սիրում եմ արդեն 6 տարուց ավելի։
Պատասխան՝
Հարգելի X:
Ամեն մարդ իր դժբախտություններն կերտողն է։ Ձեր նամակը շատ գեղեցիկ է ստացվել, սակայն կա որոշակի անհամապատասխանություն հետաքրքրությունների մեջ (հոգեբանություն) և անձնային աճի հետ մնալը։ Դուք դեռ գլխի չեք ընկնում, որ պահում եք Ձեզ 8 տարեկան աղջնակի նման։ Ընդ որում, ամենայն հավանականության դա նկատում են Ձեր բոլոր շրջապատում։ Որովհետև երբ մարդը փորձում է ինչ-որ բան թաքցնել, սովորաբար դա անում է շատ կապիտ, ջայլամի ստրատեգիայով՝ գլուխը թաքցնելով ավազի մեջ և մտածելով, որ իրեն ոչ-ոք չի տեսնում։ Իմ կարծիքով, Ձեր մտադրությունների մասին գիտեն ոչ միայն Ձեր շրջապատի ամենախորաթափանցները, այլև... Եվ ինչպե՞ս եք կարծում, արժանի է արդյոք հարգանքի 23 տարեկան գեղեցկուհին, ով մանկական թաքնվոցի է խաղում։
Անելով նույն բանը, Դուք կստանաք նույն արդյունքը։ Եթե ուզում եք ուրիշ արդյունք ստանալ՝ արեք ուրիշ բան։ Այս իրավիճակից երկու ելք կա՝ կամ Ձեզ կմերժեն, որը քիչ հավանական է, կամ ամեն ինչ բարեհաջող կվերջանա։ Երկրորդ դեպքի համար ինքներդ կարող եք պատկերացնել, թե ինչ գեղեցիկ կլինի։ Իսկ առաջին դեպքի համար՝ համենայն դեպս տարիներով չեք տանջվի կասկածների մեջ։ Մի որոշ ժամանակ անց կմոռանաք և կգտնեք մի ուրիշ երիտասարդ հետաքրքրություն Ձեր կյանքում։ Ես կարծում եմ, որ ինքներդ պետք է զանգահարեք Ձեր երիտասարդին և խնդրեք, որ նա օգնի Ձեզ կազմակերպել այդ հանդիպումը։ Մի փորձեք այլևս խուսափել՝ 6 տարի առաջ, Դուք 17 տարեկան էիք, և եթե թերարժեքությունների զոհ չդառնաիք, ապա արդեն 6,5 տարի կվայելեիք Ձեր սիրո պտուղը։ Փորձեք անկեղծ լինել նրա հետ։ Դրանով Դուք կցուցադրեք Ձեր ուժը և հասունությունը։
Ես կարծում եմ, որ Դուք խելացի, գեղեցիկ և ուժեղ աղջիկ եք, ով մոտ ապագայում կլուծի իր բոլոր մանկական խնդիրները և ես, երևի թե, կիմանամ այդ մասին առաջինը։
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: