ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՆՈՒՌ - ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆ

Քարտյե, Շանել, Շոպարդ,...,Նուռ: Այո, ես չեմ սխալվում, այդ մետրի անունն է Արման Դավթյան, սակայն նա ավելի շատ հայտնի է «Նուռ» մականունով: Այս անունը Ձեզ թվում է անծանո՞թ: Դա նշանակում է, որ Դուք մոդայից լուրջ հետ եք մնացել: Ամբողջ աշխարհը վաղուց արդեն ճանաչում է այս հայ ոսկերիչ-դիզայներին, որի ստեղծագործությունները հպարտությամբ են կրում այնպիսի հանրահայտ մարդիք, ինչպիսիք են՝ ԱՄՆ նախքին պետ.քարտուղար Մադլեն Օլբրայթը, մեծ բալերինա Մայա Պլիսեցկայան, ջազ-ռոքի արքա Էլ Ջեռռոն, երգիչ և դերասան Շերը, հայտնի թենիսիստ Անդրե Աղասսին և այլն:

Նա նաև «Միսս Հայաստան» և «Միսս Անդրկովկաս» թագերի հեղինակն է, իսկ Մադլեն Օլբրայթը նրա էսքիզներով պատվիրել է 20 ոսկյա ճարմանդ, ձևավորված ադամանդներով, զմրուխտներով, մարգարիտներով և սապֆիրներով: Այս ցուցակը դեռ երկար կարելի է շարունակել, սակայն ես ավելի շատ ուզում եմ ներկայացնել այս անսովոր մականուն ունեցքղ զարմանահրաշ մարդուն այնպիսին, ինչպիսին ես նրան տեսա առաջին անգամ:

«Առաջին անգամ ինձ Նուռ են անվանել մանկությունում, այն բանից հետո, երբ մի մանկական ներկայացման մեջ խաղացի այդ մրգի դերը: Տարիներ անց այդ մականունը վերադարձավ ինձ մոտ՝ մի կատակ-խաղի ժամանակ իմ ընկերներին հարցրել էին թե ինչի հետ են ինձ ասսոցացնում, որին տրվել էր միանշանակ պատասխան՝ Նուռի: Հետաքրքիրը այն է, որ ես նուռ ուտել չեմ սիրում, նուռն ինձ համար գաստրոնոմիական հետաքրքրությունների շրջանակից դուրս է գտնվում: Նուռի հետ ինձ կապում է ավելի շատ ինչ-որ անտեսանելի ներքին կապ: Ես ինձ զգում եմ նուռի պես: Երբ ես մտածում եմ իմ մասին, առաջինը ինչ գալիս է մտքիս՝ դա նուռն է: Ինչ-որ մեկը մի անգամ նկատեց, որ նռենին, որ ես պատրաստել եմ, իրականին այդքան էլ նման չէ: Ես փորձել եմ ոչ թե ստանալ արտաքին նմանություն, այլ պատկերել նռան հոգին: Եվ այն հին մարդու նման, ով մի անգամ երկնքում, համաստեղությունների ուրվագծերում, սկսեց նկատել ամենատարբեր կենդանիների, հուսով եմ, որ մարդիք ամեն իմ աշխատանքի մեջ կկարողանան նուռ տեսնել»։

Արվեստանոցում, որտեղ նա մեզ սրտաբաց ընդունեց, կանգնած էր մարդ-արարչի բարի և անկաշկանդ մթնոլորտ: Այս ժպտերես և մանկական անկեղծությամբ լեցուն մարդը, ով իր բոլոր բջիջներով փորձում է հասկանալ և զգալ կյանքը, հաճույքով ցուցադրում էր իր էքսկլյուզիվ աշխատանքները և պատմում նրանցից յուրաքանչյուրի ստեղծման հետաքրքրաշարժ պատմությունը: Այդ պատմությունները նման էին հեքիաթների, և նա պատմում էր այդ ամենը հեքիաթասացի վարպետությամբ՝ ոգևորված և շատ հետաքրքիր: Արվեստանոցում կանգնած էր նրա սիրած բայկը, անկյունում ֆոտոխցիկը, որով նա արհեստավարժ ձևով նկարում էր այն ամենը՝ ինչ ստեղծում էր, ընտրելով նրանց համար զարմանալի համապատսխան միջավայր:

«Ես չեմ կարող ստեղծել որևե բան մինչև չծանոթանամ նրա ապագա տիրոջ հետ: Ամեն մարդ իմ մեջ արթնացնում է որոշակի էմոցիաներ, որոնք էլ ես արտապատկերում եմ իմ աշխատանքներում: Ի միջի այլոց, պատվիրատուի հետ զրուցելուց հետո, ես ինքս եմ որոշում, թե ինչ նրան կսազի, և հազվադեպ եմ սխալվում... Մարդը կարող է ասսոցացվել երաժշտության, արցունքի կամ ուրախության հետ՝ մի խոսքով ասած ինչի հետ ասես»:

Նա որոշակի պատվերներ չի ընդունում, թույլ չի տալիս, որ խառնվեն դիզայնի ընթացքին: Պատվիրատուները մեծամասամբ իրականում նկատում են զարդի և նրա անվանման մեջ իրենց բնավորության գծերը: Երևի հենց այդ պատճառով է, որ նրա հեղինակային աշխատանքների տերերը, կրում են այդ զարդերը միշտ, վերաբերվում են նրանց ինչպես թալիսմանի, և ձգտում, որ nurgallery.am կայքում, իրենց զարդի լուսանկարի տակ անպայման գրվի իրենց անունը: Նրա մտածելակերպի գլոբալությունը բերել է նրան, որ իր ստեղծագործություններում նա օգտագործում է ամենաանսպաելի նյութեր: Մատանիներ մորթուց, կրիայի պատյանից և ոսկուց, ապարանջաններ կաշվից զարդարած սև ադամանդներով, կախազարդեր փայտից և շափյուղաից: Նրա հեքիաթում այս համակցությունները կենդանանում են և լցվում հարմոնիայի հարուստ գույներով: Նրա դիզայններում չկան կարծրատիպեր՝ միայն հեղինակային մոտեցում, համեմված ինտելլեկտով և խիզախ ֆանտազիայով: Վարպետը սիրում է էքսպերիմենտներ անել ոչ միայն դիզայնի մեջ, այլ փորձում է նաև զարդերին տալ նոր հնարավորություններ: Օրինակ՝ մատանին, որը նախատեսված է երեք մատի համար, երկկողմանի կախազարդը կամ ճկուն մոմե արձանիկները, որոնք բարդ են, ոչ միայն իրենց տեխնիկական կատարման մեջ, այլև մտահաղացման:

Լինելով մի քիչ հոգեբան, մի քիչ էզոթերիկ և միստիկ, բավարար փիլիսոփա և բավարար տեղեկացված մարդ, նա իր ստեղծագործությունների մեջ ներդնում է այն, վաղուց կորցված հայկական միստիկան, որը գտնում է հին ձեռագրերում: Հա, չմոռանամ ասել, որ նա միստիկական գլուխկոտրուկների մեծ սիրահար է և ունի դրանց նվիրված ստեղծագործությունների շարք:

«Ես կարծում եմ, որ հանճարեղություն հասկացություն չկա: Մարդը ի վիճակի չէ որոշել հանճարեղության աստիճանը, չկա չափանիշ, որով կարելի է դա որոշել: Հենց այդ պատճառով էլ ես չեմ համարում իմ մտքերը հանճարեղ: Առանց կեղծ համեստության կասեմ՝ միգուցե նրանք մի փոքր ոչ ստանդարտ են, անսովոր,... բայց հանճարեղ նրանց չեմ անվանի՝ իրավունք չունեմ: Միայն ժամանակը իրավունք ունի որոշել, թե ինչ բան է հանճարեղություն: Նա էլ՝ «անսեռ ժամանակը», հենց հանդիսանում է այդ չափանիշը»:

Նա հանդիսանում է «քանդակի մեջ անիմացիայի» ստեղծողը: Իր բոլոր ստեղծագործությունները նա համարում է միանման թանկ, համարելով նրանց իր երեխաներ, սակայն կա մեկ ստեղծագործություն, որի մասին վարպետը սիրում է խոսել սովորականից ավելի շատ:

Դա անիմացված քանդակներն են՝ «Հանճարը» անվանումով փոքր պլաստիկայի շարքը, որը չորս միջազգային ցուցահանդեսներում ստացել է Գրան-պրի: Այս քանդակները պտտելով, նրանք նոր միտք ու ձև են ստանում:

««Հանճարը»՝ անիմացվող քանդակ է, հոգեռեալիզմի ոճի մեջ: Արձանիկներից յուրաքանչյուրը ունի 5-ից 7 հենման կետ, և իր յուրաքանչյուր դիրքում արտահայտում է անձի որոշակի հոգեբանական վիճակ: Հանդիսատեսին ես առաջարկում եմ իմ սցենարը, սակայն միևնույն ժամանակ հնարավորություն եմ տալիս փոխել արձանիկների և նրանց կեցվածքների հերթականությունը և պատմել իրենց պատմության տարբերակը»:

Լինելով հոգեբան, ուզում եմ ներկայացնել Նուռին մի քիչ այլ տեսանկյունից: Ես կարծում եմ, որ վարպետ-փիլիսոփան սիրում է մտորել, և պետք է ունենա շատ հետաքրքիր ներքին դիալոգ: Ուզում եմ ներկայացնել Նուռի, մի քիչ սյուռռեալիստական դիալոգը ինքն իր հետ: Ի սկզբանե ուզում եմ ներողություն խնդրել վարպետից այս խիզախության համար, և պատասխանատու հայտարարում եմ, որ այս դիալոգը իրական չէ, այլ նրա մասին իմ պատկերացման արգասիքը։

- Ի՞նչ է կատարվում ինձ հետ: Ես շատ խելո՞ք եմ դարձել:

- Ոչ, ուղղակի կաղ կյանքը ձեռնափայտով խփել է գլխիս:

- Իսկ գոյություն ունի՞ արդյոք ինձ համար կատարելություն:

- Կարծում եմ, որ դա կինն է, գունդը, իր նմանին ծնելու ընդունակությամբ օժտված ձևը: Տղամարդը կատարյալ չէ, և այդ պատճառով էլ գտնվում է, արդյունքների և պայքարի մշտական փնտրտուքի մեջ:

- Չեմ կարծում, որ կնոջը ընդհանուր առմամբ կարելի է համարել կատարելություն: Ցանկացած կնոջ մեջ կա մի բան, որը նյարդայնացնում է:

- Չե՞ս կարծում, որ նյարդայնացնել բառը այստեղ տեղին չէ: Երբ Աստված կավից ստեղծեց Ադամին, որպեսզի ամոքի նրա միայնությունը դրախտում, տաքացնի և լուսավորի նրա կյանքը, նա կրակի լեզուներից ստեղծում է հրե Լիլիթին: Սակայն Լիլիթը շատ տաք և կրքոտ կին դուրս եկավ: Նա իր հրով այրում էր Երկրային Ադամին: Եվ, որ վերջնականորեն չսպանի Ադամին, նա իրեն զոհաբերեց՝ գնաց երկրի ընդերքը, որ ներսից տաքացնի և կյանք տա Երկրին:

- Եվ երբ Աստված ստեղծեց Եվային Ադամի կողից ը կավից, նա արդեն օգտագործեց այն կավը (հողը), որի մեջ արդեն կար Լիլիթի մի փոքրիկ կայծ, և մինչ այսօր և դարեդար ամեն Եվայի մեջ ապրում է Լիլիթի մի կայծ, որը կարող է բռնկվել և վերածնվել, եթե զգա իսկական Ադամի ճշմարիտ սերը:

- Ես շատ բան եմ տեսել, սակայն չեմ դադարում զարմանալ: Այդ ամենը ինձ իրո՞ք չի հոգնեցրել:

- Ոչ, անհնար է սքանչանալ նրանով, թե ինչքան կատարյալ է ստեղծված աշխարհը և այն ամենը ինչ նրանում ապրում է, ծաղկում, բուրում, մահանում, փտում և գարշահոտում՝ այս ամենն այնքան հարմոնիկ և իրար լրացնող է, որ ուղղակի ուզում ես լռել և խոնարհվել այդ Մեծության առաջ: Կարծում եմ, որ մարդը չի կարող լռել, որովհետև ստեղծված է Արարչի տեսքով և նմանությամբ, և ինքն էլ համապատասխանաբար ինչ-որ չափով արարիչ է, ուղղակի ամեն մեկը իր ձևով՝ ինչ-որ մեկը գեղեցկության, մյուսները հարմարության, գիտա-տեղնիկական առաջընթացի, զենքի և պատերազմի, ամեն ինչ իրար լրացնող է և հարմոնիկ տվյալ ժամանակաշրջանի համար:

- Ինչքան քիչ պրոբլեմներ, այնքան շատանում են փոքր պրոբլեմները՞:

- Ոչ, այդ աֆորիզմը ինձ համար չէ, ես երբեք քիչ պրոբլեմներ չեմ ունեցել, նրանք միշտ ավելցուկով են, Հենց նրանք քչանում են, ես ինձ հորինում եմ նորերը, և ամեն նոր անգամ ես դա անում եմ ավելի հարուստ կենսափորձով:

- Դու չես մեծանում՝ շարունակում էս թռչել չհասկանալով, որ մարդ ես, ու չունես թևեր:

- Թռչելու համար թևեր պետք չեն...

ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ