Հին առասպելը պատմում է այն մասին, թե ինչպես խիզախ զորական Չան-Խու Բինը իր ճանապարհին հանդիպեց Հրե Վիշապին։
Դա տեղի է ունեցել շատ վաղուց։ Հազարավոր տարիներ առաջ։
Մեծ զորական Չան-Խու Բինը, երկար արշավից վերադառնում էր տուն։ Քայլում էր զորականը սարերով, վաղուց մոռացված կածաններով, շրջանցելով մութ քարանձավները, խոր կիրճերը, կախ ժայռերը։
Մեկ էլ տեսնում է՝ ժայռերից մեկին Հրե Վիշապն է շղթայված։ Շատ առասպելներ էր Չան-Խու Բինը լսել այդ վիշապի մասին, սակայն առաջին անգամ էր տեսնում։
- Ազատիր ինձ, զորական, - ազաչեց Հրե Վիշապը։ - Ինձ ժայռին գամել է չար կախարդը։ Ոչ մի վատ բան ես չեմ արել։ Ազատի ինձ և ես դրա դիմաց քեզ հավատարմությամբ ու անկեղծությամբ, երկար տարիներ կծառայեմ, մինչև կտեսնեմ, որ այլևս պետք չեմ քեզ։
Մտածեց Չան-Խու Բինը և ազատեց վիշապին՝ սրով նա կոտրեց շղթաները, որով գամված էր հզոր գազանը։
- Շնորհակալ եմ, - իր երախտագիտությունը հայտնեց զորականին Հրե Վիշապը։ - Իսկ հիմա գնա քո ճանապարհով և հիշիր՝ ես հետևելու եմ քեզ և պաշտպանեմ քեզ դժբախտություններից։
Իր խոսքը պահեց վիշապը՝ հավատով ու ճշմարտությամբ ծառայեց նա Չան-Խու Բինում։ Բոլոր դժբախտություններից պաշտպանում էր նա մեծ զորականին։ Շուտով զորականը նույնիսկ չէր էլ կարող պատկերացնել իր կյանքը առանց վիշապի։
- Ի՞նչ եմ անելու առանց քեզ իմ պահապան, - տխրում էր Չան-Խու Բինը։ - Ոնց եմ ես ապրելու երբ Դու որոշես հեռանալ ինձանից։
- Ուզու՞մ ես որ միշտ քո կողքին լինեմ, - պատասխանեց վիշապը, - թույլ տուր, որ իմ կրակը քեզ կուլ տա։ Մեծ զորականից դու կվերածվես Հրե Վիշապի։
- Արդյո՞ք դա նշանակում է, որ կործանել ես ուզում ինձ, - վախեցավ Չան-Խու Բինը։
- Կործանել նրան, ում պաշտպանու՞մ եմ, - քմծիծաղ տվեց վիշապը։ - Ոչ։ Ես միայն կկիսվեմ քո հետ իմ գիտելիքներով, ուժով և անմահությամբ։ Այդ ամենը քոնը կդառնա։ Եվ մենք միշտ կլինենք միասին։ Մի՞թե դու դա չես ուզում։ Ի՞նչ ես ընտրում դու՝ կյանքն առանց ինձ, թե՞ կյանքն ինձ հետ։ Թե՞ դու այն կախարդի նման կվախենաս իմ առաջարկից և շղթաների մեջ կգամես ինձ։
Երկար մտածեց Չան-Խու Բինը, որոշեց։ Վախենում էր նա։ նա նույնիսկ չէր էլ կարող պատկերացնել, որ վիշապն իրեն այրի իր կրակով։ Բայց առանց Հրե Վիշապի այլևս, մեծ զորականը ապրել չէր կարող։ Դրա համար էլ համաձայնվեց։ Վայրկյանի ընթացքում, վիշապն իր կրակով կուլ տվեց անվախ զորականին։ Վիշապն ավելի ուժեղ ալ կրակով սկսեց այրվել, իսկ Չան-Խու Բին զորականն այլևս երկրի վրա գոյություն չունեցավ։
Մեծ իմաստունները, լսելով այս առասպելը, առ այսօր չեն կարողանում որոշել, թե որն է ճիշտ՝ մեռնել որպես զորական, մնալով ինքդ քո պես, թե՞ անմահություն ստանալ, դառնալով Հրե Վիշապ։
Իսկ որոշ խիզախներ պնդում են, որ վիշապի խորամանկությունը սահմաններ չունի, դրանից էլ նա անմահ է։
ԱՎԱ ԱՐԴՈ
