Նա այնքան երկար էր բազմած գահին, որ ուժե չէր էլ հիշում, թե երբ էր իր կյանքը այլ եղել։ Ե՞րբ է վերջին անգամ քնել, չզգալով գլուխը սեղմող թագի անասելի ու ծանր ցավը։ Մի՞թե իր կյանքը երբևէ եղել է թեթև և անբռնազբոս։ Իսկ տարեցտարի թագն ավելի ու ավելի էր ծանրանում, ու ավելի հուսահատ ու ուժեղ էր այն մխրճվում իր ոսկյա օղակապով նրա գանգի մեջ, անասելի ցավ պատճառելով նրան։ Ինչպես էր նա հոգնել այդ ցավից։ Բայց դրա փոխարեն նա արքա էր։ Չէ, այդպես չէ – նա ՀԱՎԵՐԺ արքա էր։ «Միայն թե ինչու՞ ոչ-ոք չի ուզում իմ իշխանությանը տիրանալ, - վերջին ժամանակներում ավելի ու ավելի հաճախ էր մտորում նա։ - Մի՞թե ոչ-ոք չի ուզում իմ տեղը զբաղեցնել։ Զարմանալի է...»։
Առաջին անգամ, երկար ժամանակվա ընթացքում նա վեր կացավ գահից։ Գլուխը մղկտում էր, կարծես թե երկու կես էր եղած։ Վիզը՝ ուսերի վրա չէր մնում, իսկ ոտքերը՝ թուլությունից ծալվում էին։ Բայց նա մեծ ճիգեր գործադրելով մի քանի քայլ արեց, հաղթահարելով ցավն ու գլխապտույտը։ Եվս մի քայլ, հետո ևս մեկը... Եվ ահա նա արդեն անցնում է իր շքեղ պալատային դահլիճներով, որոնցում, ի զարմանս իրեն ոչ-ոք չկա՝ ոչ սպասուհիներ, ոչ ծանոթներ, ոչ խորհրդականներ։ «Զարմանալի է, - տարակուսեց նա, - որտե՞ղ են բոլորը։ Իմ երկրի վրա ժանտամահ ե վրա հասել իսկ ես դրա մասին չեմ էլ իմացե՞լ։ Իսկ ի՞նչ եմ ես կերել, դանդաղ նրա գիտակցությանն էր հասնում։ - Ի՞նչ եմ խմել։ Ինչպե՞ս եմ ապրել այս բոլոր տարիները։ Տարինե՞ր էին արդյոք։ Որքա՞ն ժամանակ է, որ ես նստած եմ իմ գահին»։
Վերջապես, բացելով արքայական պալատի շքամուտքի դռները նա դուրս եկավ փողոց ու լույս տեսավ։ Լույսն այնքան պայծառ էր, որ մի որոշ ժամանակ կուրացրեց մոռացված արքային։ Իսկ երբ տեսողությունը վերականգնվեց, արքան նայեց արևին այնպես, կարծես դա ամենագեղեցիկ հրաշքն է հնարավոր հրաշքներից։ Նա նույնիսկ լաց եղավ անսպասելի իրեն համակած երջանկությունից։ Սակայն շուրջը, առաջվա պես անմարդաբնակ էր։ «Ի՞նչ է կատարվում», - տարակուսում էր արքան։
Գլուխն այնքան ուժեղ էր մղկտում, կարծես թե մի վայրկյանում վեր էր ածվել մի հսկա զանգի։ Խիզախորեն գլխից հանելով թագը, արքան կկոցեց աչքերը՝ հաճույքից և թեթևությունից, որն իրեն բերեց այդ, իրեն ընկճող իշխանությունից ազատվելը։ Նա ամբողջ կրծքով ներս շնչեց ազատության օդը և ժպտաց։ բայց երբ աչքերը բաց արեց, սարսափելի զարմացավ՝ իր շուրջը չկար իր համար սովորական քաղաքը, ծանոթ այգին, փողոցները և նրբանցքները, այլ միայն ավազներով քայքայիչ փսփսում էր միօրինակ անապատը, և գլխավերևում սևանում էր մահացած երկինքը։ «Ախր ինչպես», - տարակուսում էր արքան, ընկճվելով իրեն վրա հասած վախից ու սարսափից։ Նա հապճեպ թագը կրկին դրեց գլխին, և նույն րոպեին իր սովորական աշխարհը փայլփլեց կեսօրեի արևի ճառագայթների տակ։
Բայց թագն այնքան ծանր էր, իսկ դրա ճնշման ցավն այնքան անտանելի, որ արքան ստիպված էր կրկին այն հանել։ «Ի՞նչ անեմ, - շփոթված կրկնում էր նա։ - Միգուցե դե՞ն նետեմ, - պտտում էր նա անընդհատ ծանրացող թագը։ - Դեն նետե՞մ, - վախեցավ նա իր սեփական մտքից։ - Բայց այդ ժամանակ ես հավերժ կմնամ այն սարսափելի վայրում և ոչ-ոքի պետք չլինելով կփտեմ այստեղ, մոռացված բոլորի կողմից։ Միգուցե ինչ-որ մեկը կցանկանա՞ վերցնել ինձանից այն, կիսել նրա ծանրությունը ինձ հետ։ Ինչ-որ մեկը, ով կկարողա պահպանել իմ սովորական աշխարհը»։ Եվ նա դժկամությամբ քարշ եկավ միօրինակ անապատով, ձեռքում պահելով ծանրաքարշ թագը։ Նա քայլում էր խրվելով ավազների մեջ, գոռում ու օգնության էր կանչում, խնդրում էր, որ գոնե որևէ մեկը արձագանքի, թող դա լինի ուրվական, սատանա կամ աստված։ Սակայն անապատը դավաճանաբար լռում էր։ «Ես ստեղծված չեմ անապատի համար։ Ես չեմ կարող այսպես ապրել», - հուսահատությունից լաց եղավ նա։ Նա դժվարությամբ բարձրացրեց թագը և մի կերպ այն դրեց գլխին։ Բայց օ, զարմանք, թագը գլխին փո՞քր էր։ Թե՞ գլուխն էր այնքան մեծ դառել, որ թագը այլևս նրա գլխին չէր հերիքում։ «Նախկինում այն ծածկում էր իմ ողջ գլուխը, - վշտում էր արքան։ - Իսկ հիմա, դրան էլ գումարած այն մի հարյուր անգամ էլ ծանրացել է։ Անհավանական է»։
Անապատը նախկինի պես ավազներով լիզում էր մոլորված արքայի ոտքերը։ Ցավոք սրտի, բայց թագի չափսը, այլևս թույլ չէր տալիս, որ դժբախտը վերադառնա աշխարհի իր նախկին տեսնելու հնարավորությանը։ Սայրի նման սուր օղագոտիով այն մխրճվում էր դժբախտի գանգի մեջ։ Ցավից գլուխը պայթում էր։ Դա էլ մի կողմ, արքայի ոտքերը, թագի ծանրության տակ սկսեցին դավաճանաբար խրվել սարսափելի անապատի սորուն ավազների մեջ։ «Դեն նետել թագը։ Արագ դեն նետել այն», - գլխի ընկավ արքան, սակայն արդեն ուշ էր՝ նա արդեն մինչև ուսերը խրված էր ավազների մեջ։ Արքան հուսահատ գլուխը թափ տվեց, փորձելով գլխից գցել անիծված թագը, որը անգթորեն նրան տանում էր կործանման։ Սակայն կառավարման այսքան տարիների ընթացքում նա սովորել էր այդ իշխանության ատրիբուտը կայուն պահել գլխի վրա։ Նա գոռում էր և լաց լինում, օգնություն էր խնդրում, սակայն ավազները կանիբալի ագահությամբ կուլ տվեցին արքային, վերևում թողնելով միայն բոլորին անպետք թագը։
...
Անապատը քնած էր։ Լուռ, համաչափ շնչելով և ոռնալով տանջված ավազահատիկներով, որոնցից յուրաքանչյուրում թաքնված էր ինչ-որ մեկի տառապած հոգին։ Ժամանակի ընթացքում, թագից սևացած ավազները մի ինչ-որ անհեթեթություն էին շշնջում քամու մասին, ով կարող էր նրանց ազատել իրենց վրա դարերով հանգրվանած ծանրությունից։ Սակայն այդ անապատում քամի չկար։
Հեռվում աղոտ փայլփլում էր ոսկյա մի արձան, որը մարմնավորում էր անհաղթելի զորականի – դրա տակ լսվում էր ինչ-որ մեկի խղճալի լացը։ Դրանից մի փոքր հեռու, հանգրավանծ էր մի ամուր թուր և ավազները, ցավից ոռնալով պատմում էին տխուր պատմություն։
Այստեղ շատ մեծ բաներ էին հանգչում, շատ բաներ նրանցից, որոնք իրենցով անձնավորում են իշխանություն, որն էլ ստացել էր իր տենչալի անմահությունը, մեռած անապատի ավազներում...
ԱՎԱ ԱՐԴՈ
