Դու իմ առջև բացում ես աշխարհը,
կարծես առաջին անգամ,
և այդ աշխարհը ահռելի մեծ է թվում,
իսկ երկինքը անծայրածիր։
Եվ ես կորում եմ ամպերի մեջ,
լուծվում եմ օդում,
լուծվում եմ քամու մեջ,
այրվում եմ արևի շողերում։
Եվ այս կյանքում կաս միայն դու,
Իսկ աշխարհն առաջվա պես ահռելի մեծ է...
Շատ վաղուց, դեռևս մեծ և իմաստուն վիշապների ժամանակաշրջանում է տեղի ունեցել այս պատմությունը։
Մի անգամ անցնում էր պատանի Կատսուրոն հովտով։ Մեկ էլ հանկարծ տեսավ՝ Վիշապը արևի տակ տաքանում է։ Վախեցավ Կատսուրոն, որոշեց Վիշապին աննկատ շրջանցել։ Սակայն չստացվեց։ Նկատեց նրան Վիշապը։
- Արի այստեղ, - կանչեց նա պատանուն։
Խեղճին ոչինչ չէր մնում անել, քան մոտենալ։ Կանգնել է, ու վախից դողում։
- Էհ, փաստորեն դու զորական չես, որքան տեսնում եմ, - քմծիծաղ տվեց Վիշապը։ - Ու՞ր ես գնում։
- Ինքս չգիտեմ ուր, - պատասխանեց պատանին։ - Գնում եմ, որտեղ ոտքերս են տանում։ Ուզում եմ ուղղակի աշխարհ տեսնեմ։
- Օ, - աշխուժացավ Վիշապը։ - Այսինքն դու ազատ ես։ Ուրեմն մենք պետք է ընկերանանք։ Ես այստեղ արդեն որերորդ տարին է անգործ պառկած եմ։ Ողջ աշխարհը ես հասցրել եմ թռչել անցնել, ու այլևս անելիք չի մնացել։ Բայց հիմա ես ունեմ քեզ – ընկեր, ում ես կկարողանամ ցույց տալ իրական ազատությունը իր ողջ գեղեցկությամբ և մեծությամբ և իմ երջանկությունը կլինի դրա մեջ։
Այսպես սկսեցին ընկերություն անել Կատսուրոն և Վիշապը։ Թռչում էին նրանք միասին ողջ երկրով։ Եվ երջանիկ էր Կատսուրոն նրանից, որ աշխարհն էր իր համար բացահայտում։ Ու ուրախ էր Վիշապը՝ Կատսուրոյի համար ահռելի մեծ աշխարհը բացահայտել, որն ինքն արդեն ճանաչել էր։
Մի անգամ կանգ առան ընկերները մի դաշտում՝ գիշերակացի։ Երկնքից արծաթե լուսինն էր հեղում, իսկ խոտը թեթև քամուց խոնարհվում էր հողին։ Լռություն էր ու երանելիություն։ Իսկ հեռվում բոցկլտում եին մոտակայքում ընկած գյուղակի տների պատուհանների լույսերը։ Երկար նայեց այդ լույսերին Կատսուրոն, և չդիմացավ։
- Գնամ գյուղ։ Տեսնեմ, թե մարդիկ ոնց են ապրում։ Համ էլ ուտելիք կգտնեմ։
- Լավ, - չհակաճառեց Վիշապը։ - Ես կսպասեմ քեզ այստեղ։ Կսպասեմ այնքան, մինչև վերադառնաս։
Եկավ Կատսուրոն գյուղ։ Տնետուն էր գնում, դռները ծեծում, միայն թե ոչ-ոք չի շտապում նրա առջև դուռը բաց անել։ Եվ միայն մի տանը կարեկցեցին ճամփորդին։ Դուռը նրա առջև բաց արեց մի չքնաց գեղեցկուհի։ Նայեց Կատսուրոն գեղեցկուհուն և խելքը կորցրեց։ Անմիջապես մոռացավ նա և ազատության մասին, և Վիշապի մասին, ով հավատարիմ սպասում էր նրա վերադարձին – նա սեր ճանաչեց։
Շատ թե քիչ ժամանակ անցավ, որից հետո միայն հիշեց պատանին իր ընկեր Վիշապի մասին, ով հավատարիմ սպասում էր իր վերադարձին։ Դաշտ վազեց Կատսուրոն։
- Վերադարձա՞ր, - ուրախացավ Վիշապը։ - Դե արի ճանապարհ ընկնենք։ Դու դեռ շատ բաներ չես տեսել, իմ պատանի ընկեր։
- Չեմ կարող ես քեզ հետ թռչել, - մեղավոր աչքերը իջեցրեց կատսուրոն։ - Աղջկա նկատմամբ ունեցածս սերը, ինձ չի թողնում քեզ հետ թռչել։ Սիրում եմ ես աղջկան և նրա հետ եմ ուզում լինել։ Բայց քեզանից էլ չեմ ուզում հեռանալ։
- Մի հեռացիր ինձանից, - աղերսեց Վիշապը։ - Դու առաջինն ես, ում հետ ես այսպես կապվել եմ։
Շփոթվեց Կատսուրոն, չէր իմանում թե ինչ աներ։ Եվ որոշեց նա դիմել Ուսուցիչ Խիկարիին։
- Երիտասարդ, դու ստիպված ես միայն մեկ բան ընտրել՝ սերը կամ ազատությունը։ Եթե որոշես ընտրել սերը՝ վերցրու այս սուրը։ Կտրիր դրանով Վիշապի գլուխը, այլապես նա քեզ բաց չի թողնի։
Երկար տանջվեց Կատսուրոն։ Եվ, վերջապես, որոշեց։ Վերցրեց նա սուրն իր ձեռքը և գիշերվա մթության քողի տակ կտրեց քնած Վիշապի գլուխը։ Այսպես Կատսուրոն կորցրեց իր հավատարիմ և նվիրված ընկերոջը, ով նրա համար աշխարհն էր բացահայտում։
Վերադարձավ Կատսուրոն տուն, իր սիրելիի մոտ, պառկեց քնելու, իսկ առավոտյան մի անասելի կարոտ զգաց Վիշապի նկատմամբ։ Սարսափից գոռաց պատանին, և օգնության համար վազեց Խիկարի Ուսուցչի մոտ։
- Այս ի՞նչ արեցի ես, Ուսուցիչ։ Ի՞նչ արեցի։ Սեփական ձեռքով ես սպանեցի իմ հավատարիմ ընկերոջը։ Ի՞նչ անեմ հիմա, երբ հոգիս գոռում է կորստի ցավից։
Խիկարին, ի պատասխան, միայն թախծոտ հոգոց հանեց։ Եվ ի՞նչ կարող էր նա ասել, եթե ընտրությունը պատանունն էր եղել – Կատսուրոն ընտրել էր սերը։
Եվ մինչև կյանքի վերջը, Կատսուրոն այլևս չզգաց իրական երջանկությունը, որը երբեմնի սգացել էր, իր հավատարիմ ընկերոջ՝ Վիշապի հետ, աշխարհե՝ աշխարհ թռչելով։ Հավերժ կորցրեց իր ազատությունը պատանին։ Բայց փոխարենը՝ երկրային սեր ճանաչեց։
ԱՎԱ ԱՐԴՈ
