ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Փոքրիկ Անվիկը»

Մի փոքրիկ Անիվ ահռելի քաղաքային Ժամացույցի մաս էր կազմում։ Ժամացույցը փայլում էր իր ապակով և ոսկե սլաքներով բարձր աշտարակից քաղաքի հրապարակում և այն տեսանելի էր բոլոր տեղերից։ Նրա Թվատախտակը ցույց էր տալիս ոչ միայն ժամը, րոպեն և վայրկյանները, այլև օրերը, ամիսներն ու նույնիսկ տարիները։

Անվիկը ուրախ էր, որ ապրում է այդպիսի ահռելի և կարևոր մեխանիզմի մեջ, սակայն մի հանգամանք մշտապես նրան տխրեցնում էր։

Շուրջ բոլորն ամեն բան կտկտում էր, պտտվում, բզզում էր ու շրխկում, ինչ-որ կերպ շարժվում էր, իսկ նա, Անվակը անշարժ էր։ Ացնում էին ժամեր՝ ժամերի ետևից, օրեր՝ օրերի ետևից, և նույնիսկ տարիներ՝ տարիների ետևից, իսկ Անվակը այդպես էլ անշարժ էր այդ ժամանակի շարժման մեջ։ Անվակը սկսեց մտածել, որ նա այստեղ պատահաբար է հայտնվել։ Ուղղակի Ժամագործ-Վարպետը, հավանաբար, պատահաբար մոռացել է իրեն այստեղ։ Կամ, միգուցե, ինչ-որ մի բան փչացե՞լ է այս չքնաղ մեխանիզմում։ Սակայն ժամացույցը, անսխալ, վայրկյան՝ վայրկյանի ցույց էր տալիս ճիշտ ժամանակը։

Նոր տարի էր գալիս։ Ու ոչ թե հասարակ նոր տարի, այլ նոր դար էր սկսում։ Ժամացույցի բոլոր մեխանիկական բնակիչները պատրաստվում էին այդ տոնին հատուկ մանրակրկտությամբ, նրանք մաքրվում էին, յուղվում, փայլում էին ու շողում։ Փոքրիկ Անվակը տխրությամբ նայում էր համընդհանուր ուրախությանն ու խժդժոցին – նա իրեն ավելորդ էր զգում այդ նախատոնական շարժումների մեջ։ Եվ Անվակը որոշեց՝ հենց որ ամանորի գիշերը ժամացույցը կազդարարի կեսգիշերը և բոլորը կսկսեն իրար շնորհավորել, նա լռությամբ դուրս կգլորվի Ժամացույցից։ Կգնա աշխարհով գլորվելու, միգուցե իր ճակատագիրը գտնի…

Եվ ահա եկան վերջին րոպեները նախորդող աշտարակի վրայի Ժամացույցի ամանորյա զարկերին։ Ժամացույցի բոլոր մեխանիկական բնակիչները պատրաստվեցին հանդիսավորությամբ իրականացնել իրենց առօրեական աշխատանքը։ Իսկ Անվակւ պատրաստվեց իջնել իր առանցքից, որպեսզի իրականացնի իր նախագծածը։ Եվ այստեղ… Առանցքը, որի վրա նստած էր Անվակը ճռճռաց անսովորությունից ու դողդղաց։ Իսկ հետո սկսեց պտտվել։ Անվակը կտածեց թե քնած է ու կսմթեց իրեն։ Բայց ոչ, նա իրականում շարժվում էր։ Այ քեզ հրաշք։ Հնչեցին տասներկու կեսգիշերային զարկերը, և հենց միայն վերջին զարկի ձայնը լռեց, Ժամացույցի մեխանիկական բնակիչները նետվեցին միմյանց շնորհավորել։ Եվ ամենաշատը նրանք շնորհավորում էին Անվակին ու շնորհակալություն հայտնում նրան իր կարևոր և պատասխանատու աշխատանքի համար։ Պարզվեց, որ Անվակը պատասխանատու էր Գլխավոր Թվատախտակի վրայի այն թվերի համար, որը հարյուրամյակն էր ցույց տալիս։ Ու եթե չլիներ փոքրիկ անվակը, ապա ամանորից հետո, Ժամացույցը սխալ ամսաթիվ կցուցադրեր։ Բայց ամոթալի աղետը տեղի չունեցավ – Անվակը կատարեց այն, ինչի համար ստեղծված էր Ժամագործի կողմից։

Առջևում սպասվում էր սպասումի հարյուր տարի։ Բայց Անվակը հաստատ գիտեր – ինքն իր տեղում է, և ինքն էլ ունի իր առօրեական աշխատանքը՝ չփոշոտվել, չժանգոտվել, չկորել։ Եվ անհրաժեշտ ժամանակին կատարել սեփական առաքելությունը։                                                                                  

Նաթալի Բելան