Խուլ անտառում մի ծեր ճգնավոր էր ապրում: Նա սիրում էր լռություն, մենություն և ընկերություն էր անում անտառային արտույտի հետ: Մի անգամ նրա մոտ հարևան ամրոցից երկու զինակիրներ եկան և խնդրեցին, որ նա օգնի իրենց հիվանդ տիրոջը, ով, չնայած բժիշկների ջանքերի, ժամ ժամի հետ ավելի վատ էր լինում:
Իր ընկեր արտույտի ուղեկցությամբ, ծերունին անմիջապես զինակիրների ետևից ճանապարհ ընկավ, և շուտով նրան ամրոց բերեցին:
Հիվանդի գլխավերևում չորս բժիշկ էին հավաքված: Նրանք անշտապ զրույցի էին բռնված և մերթ ընդ մերթ գլուխներն էին տարուբերում:
- Այլևս ոչնչով օգնել հնարավոր չէ, - ցածրաձայն ասաց նրանցից մեկը, տեսքից՝ ամենակարևորը:
Իսկ ճգնավորը, ով կանգ էր առել շեմին, աչքը չէր կտրում իր փետրավոր ընկերոջից: Արտույտը մի քանի շրջան կատարեց առաստաղի տակ, իսկ հետո նստեց բարձր պատուհանագոգի վրա և աչքերը սևեռած նայեց հիվանդի վրա:
- Կառողջանա, - հաստատողական ասաց ծերունին, հետևելով թռչունին:
- Ինչպե՞ս կարող է այս անգրագետը իր քիթը խոթել ուրիշի գործերի մեջ, - միահամուռ բացականչեցին բորբոքված բժիշկները:
Իսկ մահացողն այդ ընթացքում բաց արեց աչքերը և տեսնելով իր աչքի առաջ, պատուհանագոգին նստած թռչունին, փորձեց ժպտալ:
Նրա այտերը սկսեցին վարդագունել, ուժերը՝ վերականգնվել, և ի զարմանս բոլորի, ամրոցի տերը թույլ ձայնով արտաբերեց՝
- Ես ինձ շատ ավելի լավ եմ զգում:
Անցավ մի քանի օր: Վերջնականորեն ապաքինվելով ծանր հիվանդությունից, ճանաչված ասպետը եկավ ճգնավորի մոտ անտառ, ցանկանալով իր երախտագիտությունը հայտնել իրեն դարմանողին:
- Ինձ շնորհակալ մի եղիր, - ասաց նրան ծերունին - Այդ թռչունը քեզ բուժեց: Արտույտը շատ զգայուն է ցանկացած հիվանդության նկատմամբ: Երբ նա գտնվելով հիվանդի կողքին մի կողմ է նայում՝ բուժման հույսերը շատ քիչ են, և այլևս շատ դժվար է ինչ-որ բանով օգնել: Իսկ երբ նա սևեռուն հայացքով նայում է հիվանդին, ապա վերջինիս ամենայն հավանականության կհաջողվի հաղթահարել իր հիվանդությունը: Իր բարի և կարեկցող հայացքով, արտույտը ապաքինում է բերում:
Մեր կյանքում նույնպես, բարին, զգայուն արտույտի պես, իրեն հեռու է պահում ամեն անառողջ, այլանդակ և վատ բաներից, գերադասելով կողք կողքի ապրել ազնիվ և վեհ մտքերի ու արարքների հետ: Թռչունների նման, որոնք բույն են հյուսում ստվերոտ անտառներում և ծաղկաշատ դաշտերում, բարությունն էլ միշտ ապրում է նուրբ, զգայուն և արձագանքող սրտում:
Ճշմարիտ սերն երևում է դժբախտության ժամանակ: Ճրագի պես նա այնքան ավելի վառ է լուսավորում, որքան մութ է գիշերվա շղարշը:
Լեոնարդո դա Վինչի