Տաք ավազներ, կիզիչ արև և անխուսափելի կործանում, ահա թե ինչ էր սպասվում Ճամփորդին, ով անցնում էր անապատով: Ոչ մի կաթիլ ջուր, ոչ մի փշուր հաց, ոչ մի հույսի կայծ: Մահ - այն կար ամեն ինչի մեջ՝ յուրաքանչյուր ավազահատիկի, յուրաքանչյուր շիկացած ճառագայթի, և այս հեռավոր ու արդեն բացարձակ անօգուտ երկնքի մեջ: Համակերպվելով իր ճակատագրի հետ, Ճամփորդն ընկավ տաք ավազների վրա: Սա ճանապարհի վերջն էր: Սակայն այդ պահին Ճամփորդի առջև հայտնվեց աննկարագրելի գեղեցկության մի կին: Նա կանգնել էր Ճամփորդի առջև վեհ և մերկ, միայն թանկարժեք քարերն էին զարդարում նրա ոսկեգույն մաշկը, իսկ նրա սպիտակ մազերի մեջ գործված էր մի ալ կարմիր ժապավեն:
— Դու ո՞վ ես, — անհնազանդ շուրթերով մրմնջաց Ճամփորդը:
— Թագուհի-Անապատը, — պատասխանեց գեղեցկուհին: — Տուր ինձ քո ձեռքը և ես կփրկեմ քեզ:
Վերջին ճիգերով Ճամփորդը ոտքի կանգնեց և բռնելով Թագուհի — Անապատի ձեռքը, ճանապարհ ընկավ դեպի իր անսպասելի փրկությունը: Եվ առջևում նա օազիս տեսավ: Այստեղ կար ամեն ինչ՝ մրգատու ծառեր, թափանցիկ ջրով լի գետեր, այստեղ մի կյանքի կղզի էր անծայրածիր ավազների անխուսափելի մահվան մեջ:
— Ապրիր այստեղ, — ասաց Թագուհի-Անապատը Ճամփորդին: — Այս օազիսում ամեն ինչը քո համար է: Ամեն ինչը քոնն է: Ապրիր ու հիշիր մի բան՝ երբեք չկասկածես այն բանում, որ այս ամենը գոյություն ունի: Քո կասկածը կկործանի օազիսը, իսկ օազիսի հետ նաև քեզ, քանզի անմիջապես Դու կհայտնվես մեռած անապատի շիկացած ավազների մեջ:
Եվ Թագուհին անհետացավ:
Եվ երկար դեռ չկարողացավ հավատալ Ճամփորդը իր հրաշքով փրկությանը: Եվ ամեն նոր օրվա մեջ նա իր երախտագիտությունն էր հայտնում իր վեհ հյուրին իրեն նվիրած կյանքի համար:
Սակայն մի անգամ, նայելով երբեք չթոռոմող օազիսի ծառերին, և նրանց վրա եղած միշտ հասած պտուղներին, Ճամփորդն անսպասելի մտածեց, որ այս ամենը կարող է միրաժ լինել:
— Ախր հրաշքներ չեն լինում, — մտածեց Ճամփորդը: — Իսկ անապատում միրաժը՝ սովորական գործ է:
Եվ այդ պահին, ինչպես էլ զգուշացրել էր Թագուհին, օազիսը անհետացավ: Իսկ Ճամփորդը նորից հայտնվեց մեռած, տաք ավազների մեջ: Եվ այս անգամ, անուժ ընկնելով ավազների վրա, Ճամփորդը մտածում էր միայն մեկ բանի մասին՝ ինչու՞ օազիսի գոյության փաստը նա կասկածի տակ առավ, իսկ անապատի գոյության մասին նա չկասկածեց երբեք…
Ավա Արդո