ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԸՆՏԵԼԱՑՎԱԾ ՄԵՆՈւԹՅՈւՆ

Սպասում եմ Քեզ, իմ սիրտ։

Սպասում եմ Քեզ, իմ վառ լույս։

Սպասում եմ Քեզ, ջերմանամ։

Սպասում եմ Քեզ, հարյուր տարի։

Սպասում եմ Քեզ լուսաբացին։

Սպասում եմ Քեզ, աստղազարդ գիշերով։

Սպասում եմ, որ պատասխանես...

Աշխարհ, առանց նրա՝ լռիր։

 

Շատ վաղուց, սև ժայռի վրա մի ամրոց էր բարձրանում։ Այդ ամրոցում ապրում էր Կեիկո արքայադուստրը։ Ապրում էր մենակ։ Սակայն արդյո՞ք միայնությունը նրան չարչարում էր, նա չգիտեր։ Ամեն օր, արքայադուստրը մոտենում էր ժայռի ամենածայրին ու ժամերով նայում երկրնքին։ Ի՞նչ էր տեսնում նա լազուրե խորքերում։ «Հավերժություն», - նրան շշնջում էր երկինքը։

Եկան մի անգամ արքայադուստրի մոտ զինվորները։

- Ձերդ գերազանցություն, - հարգանքով խոնարհվեցին նրանք, - բոլոր վիշապներին մենք արդեն հաղթել ենք, բոլորի հարցերը լուծել ենք և միայն մի Վիշապի չենք կարողանում հաղթել՝ խորամանկ է նա։ Նույնիսկ չգիտենք թե ինչ անենք։

Ի պատասխան Կեիկոն ժպտաց, և ասաց՝

- Վստահեք ինձ, մեծ զորականներ։ Ես կօգնեմ Ձեզ հաղթել վերջին Վիշապին։ Միայնակ է նա այս աշխարհի վրա։ Վերջինն է մնացել։ Կընտելացնեմ ես նրան։

Խոնարհվեցին զինվորները Կեիկո արքայադստերը և գնացին սպասելու։

Իսկ Արքայադուստրը այդ ընթացքում մոտեցավ ժայռի ամենածայրին, բաց արեց թևերը և արդեն պատրաստվում էր նետվել անդունդը, սակայն օգնության հասած Վիշապը հասցրեց աղջկան հրել անդունդի ծայրից։

- Ինչու՞ ես այդպես անում, - հարցրեց նա արքայադստերը։

- Բա ինչ անեմ, - թախծոտ Վիշապի վրա նայեց Կեիկոն։ - Իմ մենությունը, ինձ համար անտանելի է դարձել։

- Մենակ չեք Դուք Ձերդ գերազանցություն, - հակաճառեց Վիշապը։ - Դուք ինձ ունեք։ Ես կթռչեմ կգամ Ձեզ մոտ ամեն օր և կպատմեմ Ձեզ իմ ճանապարհորդությունների մասին։ Դուք միայն սպասեք ինձ և Ձեր այդ սպասումով, Ձեր մենությունը կգեղեցկանա։

Այդպես էլ սկսեց Վիշապը ամեն օր թռչել գալ Կեիկո արքայադստեր մոտ։ Արքայադուստրը սպասում էր նրան և ինքն էլ չնկատեց, թե ինչպես սկսեց ավելի հաճախ ծիծաղել։ Դեռևս հեռվից նկատելով Վիշապին, նա ձեռքով էր անում և բարձր-բարձր գոռում, այնպես, որ նրա ձայնի արձագանքը լսվում էր ամեն քարի մեջ, ամեն խոտի մեջ, ամեն ցողի կաթիլի մեջ։

- Իմ Վիշապ, - գոռում էր նա։ - Ես սպասում եմ քեզ։ Թռչիր արի արագ։

Շատ ժամանակ անցավ դրանից թե քիչ, միայն թե մի անգամ, մոտենալով ժայռին, արդեն հեռվից Վիշապը վտանգ զգաց։ Բայց արքայադստեր չքնաղ ձայնը կանչեց նրան՝

- Իմ Վիշապ, թռչիր արագ իմ մոտ։

«Ոչ, - որոշեց նա։ - Իմ արքայադուստրը սպասում է ինձ։ Ես ոչնչից չեմ վախենում»։

Նա երջանիկ վայէջք կատարեց իր արքայադստեր ոտքերի մոտ և միայն այդ ժամանակ նկատեց պալատի պատերի տակ կանգնած սրերով զինված զինվորներին։ Հույսով նայեց նա Կեիկոի աչքերի մեջ, սակայն ոչ կարեկցանք տեսավ, ոչ էլ խղճահարություն նա սիրո գեղեցկուհու աչքերում։

Չփորձեց փրկվել Վիշապը, այլ միայն հնազանդությամբ նայեց զինվորներին։ Եվ արդյո՞ք կարող էր մահը՝ դավաճանությունից սարսափելի լինել։

Այսպես պարտվեց վերջին վիշապը։

- Մենք հաղթեցինք խորամանկին, - ցնծում էին զորականները։

- Ես ասում էի, - ժպտում էր արքայադուստրը, - որ կկարողանամ ընտելացնել մենությունը։ Միայնակ սրտի հետ միշտ ավելի հեշտ է հաշվահարդար տեսնել սիրո միջոցով։

Իսկ մյուս օրը, արքայադուստրը իր սովորության համաձայն վազեց ժայռի եզրի մոտ։ Սևեռուն հայացքով նա նայեց անծայրածիր մշուշոտ հեռուն։

- Իմ Վիշապ։ Ես սպասում եմ քեզ, - իր համար անսպասելի գոռաց արքայադուստրը։

Բայց միայն արձագանքը պատասխանեց նրա կանչին։ Եվ նույնիսկ նա, անդրադառնալով ժայռերից, հավերժ լռեց։ Իսկ նրա գլխավերևում, լազուրով տարածվում էր հավերժ երկինքը...

 

Թռչիր իմ հետևից, հարավային քամուց այն կողմ,

օվկյանոսից այն կողմ, ծովերից այն կողմ

հեռու հեռուներից այն կողմ, կպտտի

մեզ այս հավերժության մեջ երկիրը։ 

Թռչիր իմ հետ, մի վախեցիր ցավից,

Մի վախեցիր սարսափներից, վերցրու

իմ սերը... Ծաղկի պես ազատության մեջ,

իմ սիրելի, ծաղկիր։

ԱՎԱ ԱՐԴՈ