«Ջան՜: Ինչ հիասքանչ բառ: Այսպես միայն արևելքում են մարդիք իրար դիմում: Մի՞թե ես կարող եմ Բերգմանին ասել «ջան»: Ցավոք ոչ: Կամ «Միտտերան ջան», «Թեյլոր ջան», «Բելմոնդո ջան», «Կլաուդիա Ջան»: Իսկ այ Ազնավուրին կարող եմ՝ Շարլ ջա՜ան...»
Անրի Վերնեյ, իսկական անունը՝ Աշոտ Մալաքյան, ծնվել է 1920թվականի հոկտեմբերի 15 ին, Թուրքիայի Ռոդոստո վայրում: Անրիի կյանքի ճակատագիրը կրկնել է Արևմտյան Հայաստանի հարյուր հազարավոր հայերի ճակատագիրը՝ Օսմանական կայսրությունում հայերի եղեռնից հետո, 1924 թվականին,
...Մալաքյանների ընտանիքը սկսզբում փախչում է Հունաստան, հետո հիմնավորվում Մարսելում, իսկ 1930 թվականից՝ ֆրանսիայի մայրաքաղաքում:
Սկզբից նա տարված էր գեղանկարչությամբ, հետո լրագրողությամբ և ռադիոյով: Էկուան-Պրովանսի ֆրանսիական լիցեյը վերջացնելուց հետո «Մարսելյեզ» թերթում հրատարակում է հայերի եղեռնին նվիրված հոդվածների շարք:
Կինոյում նրա դեբյուտը եղել է որպես բազում կարճամետրաժների ասիստենտ և բեմադրող: Առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը նկարահանել է 1951 թվականին Ֆերնանդելի օգնությամբ: Հետո «Արգելված պտուղը» (Le fruit defendu, 1952), «Հրուշակագործը Վալորգից» (Le boulanger de Valorgue, 1952), «Հասարակության №1 թշնամին» (1953), որում դերասանը հնարավորություն ստացավ ոչ միայն ուրախացնել, այլ նաև հուզել: Իսկ 1959 թվականին, նույն ֆերնանդելի հետ նա նկարահանեց «Ռազմագերին և կովը» (Cow And I) կատագերգությունը՝ գերությունից փախած ռազմագերու մասին, որը գյուղացու տեսքով կով էր քշում: Ֆիլմը վերջանում է նրանց հրաժեշտի էպիկական տեսարանով... Վերնեյը երբեք չի թաքցրել, հանդիսատեսին ուրախացնելու իր ցանկությունը: Նա հպարտանում է նրանով, որ իր ֆիլմերը դիտելու են գալիս միլլիոնավոր հանդիսատեսներ: Այդպիսի հաջողությունների թվին են պատկանում՝ «Աննշան մարդիք» (Des gens sans importance, 1955), «Պրեզիդենտը» (Le president, 1961) - երկուսն էլ Ժան Գաբենի մասնակցությամբ, ում հետագայում նկարահանում է ևս երկու գանգստերական ֆիլմերում՝ «Մեղեդի նկուղից» (Melodie En Sous-Sol, 1963) և «Սիցիլիական կլանը» (Le Clan Des Siciliens, 1969): Նա հաջող աշխատել է Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ, «Կապիկը ձմեռը» (1962), «Ուիկ-էնդը Զյուդկոտում» (Weekend A Zuydcoote, 1964), «Սարսափը քաղաքի» (Peur Sur La Ville, 1975), «100.000 դոլլարը արևի տակ»: Այս ռեժիսյորի մասնագիտական ունակությունները այնպիսին են, որ նրա ֆիլմերում նկարահանվել են այնպիսի արտասահմանյան աստղեր, ինչպիսիք են՝ Հենրի Ֆոնդան և Յուլ Բրինները «Օձը» (1973): Այդ նա էր, որ տվեց Միշել Սիմոնին, կոմիսար Մեգրեի լավագույն դերերից մեկը «Երեք տուզ» (1951): Ժան-Պոլ Բելմոնդոյի մասնակցությամբ «Ժլատները» (1984) ֆիլմի անհաջողությունից հետո, մի քանի տարի չաշխատեց:
Վերնեյին անվանում են «ֆրանսիացի ռեժիսյորներից ամենաամերիկյանը», սակայն նա երբեք Հոլլիվուդ չի ձգտել՝ գերադասում էր աշխատել Ֆրանսիայում:
1991 թվականին նա պատմեց իր ընտանիքի պատմությունը երկու ֆիլմ-ֆրեսկաներում՝ «Մայրիկ» և «Պարադիի փողոց, տուն 588» (սա Մարսելում Մալաքյանների ընտանիքի հասցեն էր), որտեղ կարողացավ այնպես պատկերավոր և ճշմարտացի նկարագրել եղեռնից մազապուրծ եղած հայ փախստականների վիճակը, ովքեր ապաստան էին գտել Մարսելում, որ իր էպոպեյայով հուզեց ամբողջ աշխարհը: Այս երկու ֆիլմերը դարձան նրա վերջին աշխատանքը կինեմատոգրաֆում: Մինչ այդ պահը, Վերնեյը, իր աշխատանքներում երբեք չէր անդրադարձել հայկական թեմտիկային, եթե չհաշվենք նրա ֆիլմերից մի քանիսում Շարլ Ազնավուրի մասնակցությունը և վերջինիս հետ միասին՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար՝ Հայաստան» երգի հանրահայտ տեսահոլովակի նկարահանումը, որը կատարում էին 90 ֆրանսիացի երգիչներ և դերասաններ: (Երգի տեքստը Շարլ Ազնավուրինն է, երաժշտության հեղինակն է նրա փեսան՝ կոմպոզիտոր Գարվարենցը, իսկ տեսահոլովակի ռեժիսյորն է՝ Անրի Վերնեյը):
Անրի Վրնեյը պարգևատրվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևատրությամբ՝ Պատվավոր լեգիոնի շքանշանով, ընտրվել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ: 1964 թվականին, «100.000 դոլլարը արևի տակ» ֆիլմի համար պարգևատրվել է «Ոսկե արմավի ճյուղով» Կաննի կինոփառատոնում: 1956 թվականին «Օսկար» է ստացել «Այսպիսի տարբեր ճակատագրեր» ֆիլմով, խաղարկային ֆիլմի լավագույն սցենար նոմինացիայում: 1996 թվականին ստացել է «Սեզար» մրցանակ:
Ականավոր Ֆրանսիացի ռեժիսյորը մահացավ 2002 թվականի հունվարի 11-ին, 81 տարեկան հասակում, Փարիզի հիվանդանոցներից մեկում: Որպեսզի ընդգծենք այս մարդու մեծությունը, բավարար է ասել, որ Ֆրանսիայի Նախագահ Ժակ Շիրակը, առաջիններից մեկը հայտնեց իր ցավակցությունները, համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսյորի մահվան կապակցությամբ: Ֆրանսիայի պրեմյեր-մինիստրը այդ առիթով ասեց, որ Վերնեյը՝. «ֆրանսիական ավանդի ֆիլմի վարպետ էր», իսկ Ֆրանսիայի Նախագահը ավելացրեց՝. «Վերնեյը, ֆրանսիական կինոյի լեգենդի մասն է»:
- Ինչպիսի՞ն են Անրի Վերնեյի և Աշոտ Մալաքյանի փոխհարաբերությունները:
- Է-է՜, բարեկամս, Աշոտը Անրիի հետ ուշ մտերմացան: Ավելի ուշ, Վերնեյը դուրս մղեց Մալաքյանին, և հիմա անկախ է: Անկախ է, այո, սակայն հնարավո՞ր է արդյոք մոռանալ այն կուլտուրան, որը ներ է ծծվել մայրական կաթի հետ: Ես կարդում և գրում եմ հայերեն, եթե հաջողվում է 2-3 օր իրար հետևից հայերեն խոսել, ապա իմ հայերենը դառնում է վարժ և հասկանալի: Հրաժարվել արմատներից, նշանակում է հրաժարվել ինքդ քեզնից: Օտար է: 5 տարեկանից մոմ եմ բռնել հայկական եկեղեցիներում: Իսկ եկեղեցին միայն հավատ չէ, դա կուլտուրա է: Երգել եմ մեր մեծ Կոմիտասի լիթուրգիան: Իսկ եթե ես եկեղեցու որդին եմ, հետևաբար ես հայկական կուլտուրայի որդին եմ:
Լինելով Ակադեմիայի անդամ, Անրի Վերնեյը չմտավ ժամանակակից «անմահների» օրինական ցուցակի մեջ (նրանք հիմա 38-ն են), սակայն նրա ֆիլմերը՝ արդեն առասպելներ են...
ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ