Քարբի խայթոցի դեմ չկա այլ միջոց, քան անմիջապես վնասված հատվածը մսով կտրել հանելը: Ահա թե ինչու է ողջ կենդանական աշխարհը հեռու մնում այդ վտանգավոր օձից, և նրան տեսնելով առանց հետ նայելու փախչում հեռու:
Դուրս ընկած աչքերով քարբը, ահռելի ականջներ ունի, կարծես գլխի վրայի առագաստներ լինեն: Նա այնքան չի վստահում տեսողությանը, որքան իր սուր լսողությանը, իսկ հոտառության շնորհիվ ընդունակ է զոհին նկատել մեծ հեռավորությունների վրա:
Քարբերի արյունարբույությունը սահման չունի: Բարկության պահին էգը դաժանորեն սպանում է որձին: Սակայն շուտով նրան էլ է նույն ճակատագիրը սպասում: Շտապելով լույս աշխարհը տեսնել, նրա ձագերը կրծոտում են մայրական արգանդը, դուրս պրծնում այնտեղից ու անմիջապես վրա հասնում ամեն կենդանի էակի վրա, իսկ երբեմն էլ իրար խժռում:
Սակայն քարբերն էլ ունեն ահարկու հակառակորդ: Դա մանգուստն է՝ մի մեծ մուկ, որն ապրում է Նեղոս գետի ափին եղած եղեգե մացառուտներում:
Նկատելով քարբին, մանգուստը վազում է գետի մոտ և սկսում թավալ տալ առափնյա ցեխի մեջ, իսկ հետո չորանալ արևի կիզիչ ճառագայթների տակ: Այսպես նա անում է մի քանի անգամ, մինչև նրա մաշկը չի կարծրանում, դառնալով թրծված կավից խեցու նման:
Հիմա արդեն կենդանուն այլևս սարսափելի չեն թունավոր գիշատիչի ոչ մի խայթոց:
Պահը բաց չթողնելով, մանգուստը խիզախորեն թռչում է քարբի բաց երախի մեջ և հասցնում կրծել նրա կոկորդը:
Լեոնարդո դա Վինչի