Ժամանակին, Բուխարեստում ապրում էր մի հարուստ և առատաձեռն մարդ: Նա Հոգևոր հիերարխիայի մեջ բավականին բարձր աստիճանի էր հասել, որի համար էլ նրան շնորհվել էր «Աշխարհի Նախագահ» տիտղոսը: Ամեն օր, բազմաթիվ մարդիկ էին գալիս նրա մոտ, և նա առատաձեռնորեն նրանց ոսկի էր շնորհում: Տարբեր դասի մարդկանց համար՝ այրիների, հիվանդների և այլն, նա ընդունելության առանձին օրեր էր նշանակում, երբ նրանք ստանում էին իրենց հասանելիք շնորհները: Սակայն իր առատաձեռնությունը, «Աշխարհի Նախագահը» սահմանափակում էր մի պայմանով՝ նա, ով իր տանը գետ մի բառ էր արտասանում՝ ոչինչ չեր ստանում:
Ոչ բոլորն էին կարողանում լռություն պահպանել:
Մի անգամ, երբ հերթը հասել էր իրավաբաններին, և նրանք եկել էին նրա մոտ նվերներ ստանալու, նրանցից մեկը, չդիմանալով իր մեջ լցված զգացմունքների հեղեղին, պերճախոսությամբ սկսեց գովերգել բարեգործին:
«Աշխարհի Նախագահը» նրան ոչինչ չտվեց:
Սակայն իրավաբանը որոշեց հասնել իր նպատակին: Մյուս օրը՝ հաշմանդամների օրն էր, և նա ձևացնելով թե հաշմանդամ է, նրանց հետ նորից եկավ «Աշխարհի Նախագահի» մոտ:
Նախագահը ճանաչեց նրան և նորից ոչինչ չտվեց: Այդ ժամանակ իրավաբանը նորից փոխեց իր կերպարը և հիմա էլ եկավ ուրիշների հետ՝ ձեռքերով ծածկելով երեսը: Այս անգամ էլ Աշխարհի Նախագահը նրան ճանաչեց և վռնդեց:
Իրավաբանը նորից ու նորից էր փորձեր անում, նա նույնիսկ կնոջ պես հագնվեց, բայց առատաձեռն մարդը միշտ ճանաչում էր նրան ու դատարկաձեռն վռնդում:
Օգտագործելով իր վերջին հնարավորությունը, այս մարդը գնաց թաղման բյուրոյի տիրոջ մոտ և խնդրեց, որ իրեն փաթաթեն սավանի մեջ ու դնեն դագաղը՝ մահացածի պես: «Երբ Աշխարհի Նախագահը կողքով անցնելուց լինի, – ասաց իրավաբանը, – նա, հավանաբար կմտածի, որ իր առջև դիակ է, և թաղման համար նվիրաբերություն կանի: Գումարը մենք հավասար կկիսենք»:
Գործարարն ամեն ինչ այնպես արեց, ինչպես խնդրել էր իրավաբանը և Աշխարհի Նախագահը, իր ձեռքով ոսկեդրամ դրեց սավանի վրա: Իրավաբանը մի անգամից վեր ցատկեց, և բռնեց նրա ձեռքը՝ վախենալով, որ ոսկին կարող է գործարարին հասնել: Դիմելով Նախագահին նա ասաց՝. «Դու զրկել էիր ինձ քո առատաձեռնությունից: Տեսա՞ր, թե ինչպես ես հասա դրան»:
Այնժամ, առատաձեռն մարդը այսպես պատասխանեց նրան՝.
«Դու ոչինչ չես կարողանա ստանալ ինձնից, մինչև չմահանաս»:
Հենց այստեղ է թաքնված՝ «մահացի՛ր մինչ քո մահը» հանելուկային ասույթի իմաստը: Պարգևները գալիս են մարդու մոտ միայն իր «մահից» հետո՝ և ոչ ավելի վաղ: Սակայն նույնիսկ հենց ինքը՝ «մահը», չի կարող գալ առանց կողմնակի օգնության:
Այս պատմությունը՝ Ռումիի «Մենսեվի» չորրորդ գրքից է:
Նրա օգնությամբ, դերվիշները ընդգծում են այն փաստը, որ չնայած որոշակի պարգևներ և հնարավոր է ձեռք գցել խորամանկությամբ, սակայն դժվար է արժևորել: